Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչ գլխարկ է կրում Մաշտոցը 1753թ. նկարում – Ջիովաննի Դիեբոլոն հայերեն գիտե՞ր… Լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի…

Հոդվածի նկարները դիտել «Լուսանցք»-ի այս թողարկման PDFտարբերակում (4-5 էջեր) – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/33-423.pdf

Գերմանա-հայկական պատմական եւ մշակութային կապերը բավականին հին են, սակայն նախաքրիստոնեական կապերի մասին կարող ենք միայն դատել այն մշակութային պատառիկներից, որոնք պահպանված են գերմաներեն լեզվի մեջ, մասնավորապես բուրգ, հայմ, Հայկէ, Գուհար, ավանդապատումների մեջ, Արմենիոս, Հայիմդալ, Տիվաց, Իստվաց, Վան եւ այլ դիցանունների մեջ։

Գերմանա-հայկական մշակութային կապերը ավելի տեսանելի են հետքրիստոնեական շրջանում, սկսած արդեն մ.թ. 4-6 դդ., երբ քրիստոնեության առաջին հայ քարոզիչները հայտնվեցին Գերմանիայում։

Առաջին կայսերական ընտանիքի մայր, հայ իշխանական տան ներկայացուցիչ, Գերմանիայի կայսր Օտտո 2-րդի կինը՝ Թեոֆանուն  (959-991թթ.), ընդունվել է որպես «Ամենագերմանացի կայսրուհին՝ գերմանական կայսրուհիների մեջ»։

957թ-ին Ռուսական պետության առաջին կառավարիչ դարձավ Հայոց իշխանական տան ներկայացուցիչ իշխանուհի Օլգան:

Նա 959թ-ին դեսպաններ ուղարկեց Գերմանիայի կայսր Օտտոն I-ի մոտ՝ եպիսկոպոսներ եւ քահանաներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի Ռուսաստանում եկեղեցի հիմնեն, հավանաբար իր քրոջ կամ հորեղբոր դստեր միջամտությամբ, ով այդ ժամանակ Օտտո 2-րդի կինն էր։

Նշանավոր դեպքերից է Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ  Վիթելսբախի (Konrad von Wittelsbach) կողմից Լեւոնի թագադրումը՝ որպես Հայկական Կիլիկիայի թագավոր։

Այս շարքի մեջ առանձնակի տեղ ունի Հայերեն առաջին տպագիր տեքստը՝ արված 1475-ին Մայնցում, լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրությունների» մեջ զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է:  

1486-ին Մայնցում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է:

Այս շարքի մեջ շատ եմ կարեւորում  Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքի Արքեպիսկոպոսական դղյակը։

Այն կառուցվել է 1720-44 թթ. Բավարիայի արքեպիսկոպոս Հովհաննես Ֆիլիպ Ֆրանց ֆոն Շյոնբյորնի հրամանով: Դղյակի կենտրոնական մուտքի առաստաղի վրա վենետիկցի նկարիչ Ջիովաննի Դիեբոլոն 1752-1753 թթ., 677 քառակուսի մետր մակերես ունեցող առաստաղի վրա նկարել է աշխարհի պատմությունը, որը, համապատասխանաբար, բաժանված է ըստ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա եւ Ամերիկա աշխարհամասերի:

Կոմպոզիցիան այլաբանորեն ներկայացնում է չորս աշխարհամասերում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները, որոնք աշխարհի զարգացման մեջ հիմնաքարային ու առանձնակի նշանակություն ունեին։

Ասիան ներկայացնող մասը. հետեւի ֆոնին պատկերված է բրգաձեւ սյուն, որի աջ կողմում կանգնած է հայացքը դեպի ձախ ուղղած մի կին, նրա կողքին կանգնած է հովանոցով մի տղամարդ, իսկ ավելի աջ օձ՝ փաթաթված ցուպին: Կնոջ եւ հովանոցով տղամարդու դիմաց, գետնի վրա՝ կիսաթիկնած եւ մեջքով դեպի դիտողը նստած է մի տղամարդ: Կնոջից ձախ՝ նստած է լայնեզր գլխարկով, պատկառելի մորուքով մի անձնավորություն, նա նայում է ձախ եւ իր ձախ ձեռքում պահում է ջահը: Տղամարդը նստած է հղկված սալաքարի ետեւում, որի վրա փորագրված են հայկական տառեր, սալաքարը ավարտվում է բարձրաքանդակով:

Ասիան այլաբանորեն ներկայացնող պատկերը շատ ընդգրկուն է, նրա մեջ պատկերված է Քրիստոսի խաչելությունը, հեթանոսական աստվածներ եւ այլն: Ենթադրվում է, որ Ասիան ներկայացվող մասը նկարիչ Դիեբոլոն կատարել է ամենավերջում, նրա ստորագրությունը գտնվում է Հայկական այբուբենի աջ կողմում եւ թվագրված է 1753 թվականով:

1963թ. մարտի 13 -ին Վյուրցբուրգում հրատարակվող «Mein Post-Մայն փոստ» օրաթերթում տպագրում է մի հոդված՝ «Դիեբոլոն հայերեն գիտե՞ր» վերնագրով, որի մեջ հոդվածագիրը պատմում է, որ իրանցի զբոսաշրջիկները հաստատում են, որ պատկերված են հայկական տառերը:

1965-ին որոշ ուսումնասիրողներ հայտարարեցին, որ պատկերված են մեհյանագրեր, իսկ 1988թ-ին  Վյուրցբուրգի Արքեպիսկոպոսարանը պաշտոնապես հայտարարում է, որ տառերը հայկական են:

Հարցին վերջնական պատասխան տվեց Շմիդտը, ով, ուսումնասիրելով տառերը, հանգեց այն եզրակացության, որ Ասիան ներկայացվել է հայերի միջոցով, քանի որ հայերն առաջինն էին Ասիայում ու ամբողջ աշխարհում, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ տառերի հետեւում պատկերված մարդը անշուշտ Մաշտոցն է, քանի որ նա առաջինը թարգմանեց Աստվածաշունչը:

Մաշտոցի ձախ ձեռքի ջահը խորհրդանշում է հեթանոս եւ խավար աշխարհի լուսավորումը: Կնոջից ձախ նստած է լայնեզր գլխարկով, պատկառելի մորուքով անձնավորություն, ում գլխարկը հաճախ հայկական միջավայրում անըմբռնելի է, ուստի եւ այս հոդվածում ամփոփ, բայց հիմնավոր կներկայացնեմ այս խնդիրը՝ կապված գլխարկի հետ:

Պետք է հիշենք, որ գլխարկը բացի գործնական օգտագործումից, մշտապես մատնանշել Է կրողի էթնիկական, սոցիալական, կաստային, ինչպես նաեւ կրոնական եւ զինվորական պատկանելությունը, ավելին՝ այն կրում է բավարար տեղեկատվություն կրողի սոցիալական, էթնիկական եւ կրոնական պատկանելության մասին։

Գլխարկը ավանդական տարազի մաս է կազմում եւ ունի որոշակի գաղափարական իմաստ, գլխարկի ամենաբարձրագույն դրսեւորումը պայմանականորեն անվանում ենք թագ։

Հին կտակարանը հագուստի՝ տարազի, գլխակապի եւ գլխարկի մասին հաղորդում է որոշակի տեղեկություններ:

– Ադամն ու Եվան դրախտում շրջում էին մերկ:

– Երբ իմասության ծառի միրգը ճաշակեցին եւ զգացին, թե ինչ բան է ամոթը, մերկությունը ծածկելու համար Ադամը  իր ու Եվայի համար պատրաստեց ծածկոց  (էզոր կամ իզար):

– Արարիչը Ադամին ու Եվային տվեց կաշվե հագուստ։

Ըստ Հին կտակարանի՝ հրեա հավատացյալը գլխարկ՝ մասնավորապես թասակ է կրում աղոթքի ժամանակ։

Գլխարկ կրելու սովորությունը տարբեր ժողովուրդների մոտ ձեւավորվել է տարբեր հանգամանքներում, հրեաների մոտ ամենօրյա գլխարկ կրելու սովորույթը պարտադրված է։

Հրեաներին համընդհանուր գլխարկ կրելու պարտադրանքը առաջին անգամ կիրառվեց արեւելքում Ալ-Մութաֆակի խալիֆի ժամանակ: 850թ. սկսված, ըստ խալիֆի հրովարտակի, խալիֆաթի հրեա ազգաբնակչությունը պարտավոր էր գլխին դեղին թասակ, դեղին թիկնոց եւ պարանաձեւ գոտի կրել: Իսլամական աշխարհում այս սովորույթը շարունակեց Օսմանյան Կայսրությունը։

Հրեաների նկատամամբ համընդհանուր տարբերվող հագուստ եւ գլխարկ կրելու պարտադրանքը ձեւավորվում է նաեւ Արեւմտյան Եվրոպայում:

XII -րդ Տիեզերական կամ 1215թ. IV -րդ Լաթերանական Ժողովը որոշում կայացրեց հետեւյալի մասին. «Հրեաները պարտավոր են կրել այնպիսի հագուստ, որով հնարավոր կլինի նրանց առանձնացնել մյուսներից, նրանց հագուստը պետք է ունենար որոշակ գույն եւ պետք է կրեին որեւէ նշան, օրինակ աստղիկ կամ օղակ կամ մանժետ թեւին, կրծքին, ուսին, թիկունքին։ Գլխարկները պետք է ունենային որոշակի ձեւ եւ գույն»։

Գերմանական միջնադարում պահպանվել են մանրանկարներ, որոնք թվագրվում են XII-XIII դարերով։ Այդ ժամանակաշրջանի գերմանական մանրանկարչության մեջ պատկերված են հրեաներ՝ քաղաքային միջավայրում, որոնք կրում են սուր ծայրով կոնաձեւ գլխարկ։

Շատ առանձնահատուկ է I -ին մանրանկարը, որի գերմանացի պոետ Վոլֆրամ ֆոն Էշենբախը առանց գլխարկի փորձում է երկխոսություն իրականացնել քիստոնյա՝ խաչակիր, հրեա եւ արաբ մահմեդականի միջեւ։

II-րդ նկարի մեջ պատկերված է հրեա վաճառականը, ով ինչ-որ բան է վաճառում  գերմանացուն։

Հրեական քաղաքացիական հագուստը լուրջ փոփոխություններ կրեց եւ արդեն  XVII – XVIII դդ -ում Արեւմտյան Եվրոպայի հրեաները փոխառում են քաղաքային հագուստի այն ձեւերը, որոնք տեղացիները այլեւս չէին օգտագործում, այսինքն դուրս էին եկել նորաձեւությունից։ Սակայն, ավանդական աղոթքի արարողության մասնակցող հրեաների գլխի ծածկոցների եւ գլխարկի պարագաները մնացին անփոփոխ՝ հասնելով XVII-րդ դար, այսինքն՝ մինչեւ այն ժամանակաշրջանը, երբ Ուկրանիայի Խասիդները հրեա հանրությանը պարտադրեցին նոր գլխարկի տեսակ Շտրայմել անունով։

Հրեաների մոտ հաջորդ արմատական փոփոխությունը հագուստի եւ գլխարկ կրելու հետ կապված սկսվեցին  XIX-րդ դարում, աստիճանաբար հաստատվեցին  եւ ընդունվեց հրեաների կողմից ցիլինդրատիպ գլխարկներ, որոնցից երեքը՝ պլուշը, համբուրգը եւ լիտովկան իրենց տարատեսակներով դարձան որպես կրոնական բաղկացուցիչ։

Այսպիսով՝ ըստ հրեական կրոնական պատմագրության, Մովսեսից սկսված՝ ներառյալ XVII-դարը, այսինքն մինչեւ ուկրաինական Խասիդների ինքնահաստատումը, հրեաները իրենց ազգային գլխարկ էին ճանաչում Երմոլկան՝ թասակը կամ կիպը։

Երկրոդ գլխակը կոչվում էր Շտրայմել, թարգմանաբար՝ գլխարկ, սա խասիդ հրեանեի տոնական գլխարկն է, որը դարձել է հրեական մշակույթի մաս XVII-րդ դարում, ստեղծվել է Ուկրաինայում։

Երրորդ գլխարկը կոչվում է պլուշ: Սա Երուսաղեմում ապրող տոհմական հրեաների ավանդական գլխարկն է, որպես հրեական ազգային տարազմի մաս է դարձել XVIII-րդ դարում:

Չորորդ գլխարկը կոչվում է համբուրգ եւ օգտագործվում էր Գերմանիայում եւ որպես հրեական ազգային տարազմի մաս է դարձել XIX-րդ դարի կեսերին:

Հինգերորդ գլխարկը կոչվում է լիտվակ՝ ի պատիվ լիտվացի հրեաների եւ ազգային տարազի մաս է դարձել XIX-րդ  դարի կեսերից հետո:

Բերված փաստերը շատ պարզորոշ ցույց են տալիս, որ հրեական կրոնական մշակույթում հստակ ամրագրված են հրեական պատկանելության գլխարկները, ինչը հիմք է տալիս վստահաբար ասելու, որ վենետիկցի նկարիչ Ջիովաննի Դիեբոլոյի կողմից պատկերված անձը կրում է այլ մշակույթի պատկանելության գլխարկ։

Մի քանի տարվա ընթացքում Արեւմտյան Եվրոպայի քաղաքային մշակույթի մեջ ձեւավորվեց գլխարկ կրելու մշակույթ, որն ամրագրված է հենց այդպես՝ որպես քաղաքային մշակույթի դրսրորում։

Այս կոնտեքստում ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղաքային մշակույթի մեջ հրեաների կողմից օգտագործված 39 գլխարկի ձեւ։

Այս ցուցակում առանձնանում է՝ ա) 23 համարի գլխարկը, որը կրել են Մայնի Ֆրանկֆուրտի հրեաները 1630թ-ին, որը շատ նման է Դիեբոլոյի կողմից պատկերված անձի կրած գլխարկին։ բ) 1, 3, 4, 11, 13,17 համարի գլխարկները, որոնք հրեաները կրել են պարտադրանքով։ գ) 5, 9,16 համարի գլխարկները, որոնք պատկանում են հայկական մշակույթին։

Ներկայացնում եմ ցուցակի գլխարկները:

1, 2. Անգլիա (XIII դար): 3-5. Գերմանիա (XIII դար): 6-8. Ֆրանսիա (XIII դար): 9. Ռայնի երկրամաս (XIII դար): 10. Constance (1417): 11. Հոլանդիա (XV դար): 12. Իտալիա (XV դար): 13, 14. Գերմանիա (XV դար): 15-17. Ռայնի երկրամաս (XV դար): 18, 19. Վորմս, Գերմանիա (XV դար): 20. Գերմանիա  (XVI  դար). 21. Վորմս: Րաբբի (XVII դար): 22. Շվաբ (XVII դար): 23. Մայնի Ֆրանկֆուրտ (1630): 24, 25. Լեհաստան (1765): 26, 27. Վարշավա (1825): 28. Կրակով (XVII -XVIII դդ): 29. Պոդոլիա (1750): 30. Թունիս (1800): 31. Մարոկո (1800): 32. Մորավիա (1800): 33. Ռուսիա (XIX դար): 34. Կովկաս (XIX դար): 35. Ռուսիա: Քարաիմներ (XIX դար): 36, 37. Թունիս (XIX դար): 38. Ռուսիա: Երմոլկա (XIX դար): 39. Անգլիա: Րաբբին (XIX դար):

Ուշադրություն դարձնենք, որ այս ցուցակի մեջ բացակայում են հրեական մշակույթի կողմից ընդունված կրոնական գլխարկները՝ թասակը, պլուշը, համբուրգերը, շտրայմելը, լիտվակը։ Հետեւաբար, այս ցուցակում ներառված եւ ընդանրապես որեւէ այլ գլխարկ կապ չի կարող ունենալ հրեական ավանդական մշակույթի հետ, եւ հրեաների կողմից չեն ընդունվում որպես հրեական գլխարկներ: Ուստի՝ համաձայն ընդունված կարգի, չունեն կրոնական պատկանելություն։

Որպես ամփոփում: Վստահաբար շեշտենք, որ ցուցակում ներկայացված գլխարկները, ըստ էության, տաբեր ժամանակներում, տարբեր միջավայրերում եւ մշակույթների կողմից ստեղծված գլխարկներ են, որոնք նաեւ օգտագործել են հրեաները, բայց որպես տվյալ քաղաքային մշակույթի կրողներ: Եվ այս լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի, ինչը նկարիչ Ջիովաննի Դիեբոլոն ներկայացրել է իր պատկերացումների եւ ընկալումների համաձայն։

Արամ Մկրտչյան (Գերմանիա, Մայֆց)

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։