Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Շվեդիայից իմ վաղեմի ծանոթներից մեկին խոստացել էի, որ երբ Հայաստան գա, այնպիսի ձուկ պատրաստեմ իր համար, որ մոռանա «շվեդական ձկան օրերը»: Ծանոթս ինձ հյուրասիրել էր իրենց «Թարթառով» (tartar). սիգը, առանց պոչ ու գլխի, խոշոր աղով ու սպիտակ պղպեղով լավ համեմում են, փաթաթում փայլաթիթեղի մեջ, թողնում մեկ օր, այնուհետեւ շատ բարակ շերտով կտրատում եւ մատուցում խաշած կարտոֆիլով եւ մանանեխի խյուսով: Ի դեպ, Ֆինլանդիայում էլ են դրան «Թարթառ» կոչում, բայց ստուգաբանությունը ոչ ոք չգիտի (սա առանձին թեմա է, որին հիմա չեմ անդրադառնա): Երբ Հայաստան եկավ, պատասխանը տվեցի՝ հյուրասիրելով նրան դարձյալ սիգով՝ թոնրում խորովված եւ համեմված ուրցով:

Երբ ուրցը տեսավ, բացականչեց. «Ու՜րցը, ու՜րցը» եւ անընդհատ հոտ էր քաշում ու կրկին կանչում՝ «Ու՜րցը, ու՜րցը»: Ես նրան մեր Սահյանից տողեր ասացի՝ «…ուրցի բույրից մեղվի ուշքն  է գնում»՝ իմ իմացած անգլերենի չափով մոտավորապես թարգմանելով: Հանկարծ կանգ առավ. «Այդ մարդն էլ է (Սահյանը,- Ա.Մ.) իմ պես խելագարվել, ես գժվում եմ ձեր ուրցի համար: Բայց ձեզ համար այն սովորական է»: «Սովորական չէ, մենք էլ ենք շատ սիրում»,-ասացի: «Սովորական չլիներ, աշխարհին կզարմացնեիք, թեյը կլցնեիք շուկաները, եթերայուղը…»: «Շուկաները լցնելու համար նախ ճանապարհներ ենք պետք»:

«Բրենդ է պետք, բրենդ,-ընդհատեց,-ճանապարհը ինքն իրեն կգտնվի, դուք բրենդ ստեղծել չգիտեք»: Ապա շարունակեց. «Բա ձեր դաղձը, գժվում եմ, վայրի մասրենին, գժվում եմ, իսկ ձեզ համար սովորական է»…  

Հետո երկար զրուցեցինք Շեդիայի բույսերի, Հայաստանի բույսերի եւ դրանց օգտագործելիության հայկական ու շվեդական տարբերակների մասին: Եվ իսկապես, ինչու՞ մենք եթերայուղերի արտադրության ոլորտում խոսք չենք ասում (փոքրածավալ արտադրություններ կան, բայց դրանք եղանակ չեն ստեղծում՝ հայկական ապրանքանիշի ձեւավորման առումով):

Նախ փորձենք հասկանալ, թե ինչ ենք ունեցել այս ոլորտում, ինչ ունենք եւ ինչ կարող ենք ունենալ:

Գրավոր աղբյուրներ կան այն մասին, որ Հին Հայաստանում, օրինակ, մեր բույսերն ու դրանից պատրաստված եթերայուղերն այնքան հարգի են եղել, որ հաճախ պաշտամունքի առարկա են դարձել: Մ.թ.ա. Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել է տալիս հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սեւ գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը) պաշտամունքի առարկա էին դարձել, քանզի բուժական շատ հատկություններ ունեին: Հայաստանի բույսերի ու դրանցից պատրաստված թուրմերի մասին վկայություններ է հաղորդում Եզնիկ Կողբացին: Մխիթար Հերացին եւ Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել են բույսերից պատրաստված շատ դեղամիջոցներ եւ բժշկել մարդկանց: Ամիրդովլաթը վկայում է, որ, ասենք, նույն ուրցը, առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելիս օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր եւ տափակ որդերը։ Կամ՝ նույն ուրցի եթերայուղը, հին աշխարհում, գործածվել է ոչ միայն որպես օծանելիք, այլեւ՝ օրգանիզմի վնասակար գոյացությունները վերացնելու միջոց:

Նոր աշխարհում էլ չեն մոռացել այդ մասին, ինչպես ներկայացնում է Healthy Living House-ը, ուրցը հզոր հակաօքսիդանտ է, որը օգնում է շնչառական, մարսողական, նյարդային եւ իմունային համակարգերի աշխատանքի բարելավմանը: Ուրցի եթերայուղը պարունակում  է մեծ քանակությամբ թիմոլ (հենց սա է վերացնում վնասակար գոյացությունները): Healthy Living House-ն անգամ գրում է, որ ուրցը կարող է հզոր դեղամիջոց լինել նաեւ քաղցկեղի դեմ պայքարում (ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը): Արդի հետազոտությունները վկայում են, որ ուրցի եթերայուղը օգտակար է նաեւ բերանի խոռոչի քաղցկեղի բուժման ժամանակ:

Ինչեւէ, եթե խնդիրը ոչ միայն տնտեսական, այլեւ բուժական ոլորտում դիտարկենք, ապա այո, մենք չենք օգտագործում մեզ ի բնե տրված շռայլությունը: Մենք հարցը կքննարկենք տնտեսական տիրույթում՝ ինչպես վերը նշվեց եթերայուղերի արտադրության մասով: Այս ամենը դեռ միայն ուրցի մասով ասվեց, բայց չէ որ մեր երկիրը հարուստ է արժեքավոր շատ բույսերով, որոնցից մենք կարող ենք բազմակի օգուտներ քաղել:

Խորհրդային տարիներին, օրինակ, մենք ունեցել ենք եթերայուղի արտադրություն (կրկին ասեմ, հիմա էլ ունենք, բայց խոսքը ծավալայինի մասին է): Խորհրդային Հայաստանում վարդագույն խորդենին, որպես եթերա-ձիթատու մշակաբույս, մշակվել է 1938 թ.-ից Հոկտեմբերյանի եւ Էջմիածնի շրջաններում: ՀԽՍՀ-ն նույնիսկ խորդենու մշակման գործարան է ունեցել: Ներկայիս Արմավիրի մարզի Բագարան (1935-68թթ.՝ Բախչալար) գյուղն, օրինակ, առավելապես զբաղվել է պտղաբուծությամբ եւ խորդենու մշակությամբ: Երբ խորհրդային Հայաստանում խնդիր է դրվել լուծելու լեռնային եւ նախալեռնային շրջանների գյուղերում աշխատանքային ռեսուրսների լրիվ օգտագործման հարցը, որոշվել է զարկ տալ տեխնիկական բույսերի՝ ծխախոտի, շաքարի ճակնդեղի եւ խորդենու մշակությանը: Ապրանքային նշանակություն ունեցող տեխնիկական այս կուլտուրաների մշակման արմատավորումը ավելացրել է կոլտնտեսությունների դրամական եկամուտները, ընդ որում՝ զգալի չափով է ավելացրել: Տեխնիկական մշակաբույսերի մշակումը նպաստեց նաեւ արդյունաբերական նոր ճյուղեր ստեղծելուն ու գործարաններ կառուցելուն՝ օճառի գործարանը, շաքարի ճակնդեղի արտադրության բազայի վրա՝ Սպիտակի շաքարի գործարանը, ծխախոտի արտադրության հիմքով՝ Երեւանի ծխախոտի ֆաբրիկան եւ, արդեն ասացինք, խորդենու վերամշակման յուղ ստանալու գործարանը Հոկտեմբերյանում: 1976-79թթ. տարեկան արտադրվել է միջին հաշվով 30 տ եթերայուղ:

Որպեսզի հասկանալի դառնա, թե սա ինչ թիվ է, ասենք, որ խորդենու կանաչ զանգվածի 1 տոննայից 765 գ եթերայուղ է թորվել: ՀԽՍՀ-ում մտադիր են եղել հեռանկարում եթերայուղի արտադրության ծավալը հասցնել 50, ապա, տարիների ընթացքում, 75 տոննայի: Ու քանի որ այդ տարիների ժողովրդական տնտեսությունում խորդենու նկատմամբ պահանջարկն ավելանում էր, եւ ազատ ցանքատարածություններ էլ չկային, ուշադրության արժանացավ ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմիայի եւ հիդրոպոնիկայի ինստիտուտի՝ խորդենու անհող արտադրության տարբերակը (սրան մենք առիթով կանդրադառնանք):

Խորդենու մշակման հարցն այնքան է կարեւորվել, որ նույնիսկ ՍՄԿԿ համագումարներում է քննարկվել. օրինակ, այս մշակաբույսը կարեւորվել է «պարֆյումերային արդյունաբերության» ստեղծման տեսակետից, նաեւ՝ կաշվի արդյունաբերության մեջ:

Մտադիր են եղել նաեւ խորդենու արմատներում պարունակվող բնական դաբաղանյութով բավարարել կաշվի արդյունաբերության բնական դաբաղանյութերի պահանջարկի 55-60 տոկոսը: Եվ, ինչպես ասում են, պլանային տնտեսությամբ որոշել են այդպես անել, որովհետեւ հաշվարկել են, որ խորդենուց կորզվող դաբաղանյութի 1 տոննայի ինքնարժեքը 500 ռուբլով ցածր է լինում այլ խոտաբույսերից կորզվող դաբաղանյութի ինքնարժեքից:

Այդ տարիներին խորդենին ամբողջությամբ, անթափոն օգտագործելու համար անգամ գիտական ինստիտուտներ են գործի անցել: Պետությունը պատրաստ է եղել դրա համար մինչեւ անգամ միլիոնավոր ռուբլիներ ծախսել: Ասենք՝ միայն եթերայուղի թորման նոր կարողություններ ստեղծելու համար պատրաստ է եղել մինչեւ անգամ 10 մլն ռուբլի կապիտալ ներդրում անել: 1976-78թթ. «Խորդենի» մասնագիտացված սովխոզ-գործարանում 1 տոննա եթերայուղի միջին ինքնարժեքը 247,3 հազ ռուբլի է կազմել:

Խորհրդային Հայաստանում նշյալ կապիտալ ներդրումը ցանկացել են անել մեկ այլ պատճառով էլ, որպեսզի կարողանան եթերայուղի հետագա մշակումն էլ հանրապետությունում անել, որպեսզի կարողանան օգտագործել խորդենու թափոններն էլ: Համապատասխան հետազոտություններ էին արել վարդաբույր խորդենու թափոնները փայտե սալիկների արտադրության մեջ որպես հումք գործածելու համար:

Այդ տարիները հիշողներից պատմեցին, որ խորդենու թափոններից սալիկների խմբաքանակ է պատրաստվել, որոնք արտաքին տեսքով սովորական փայտե սալիկների նման են եղել, բայց ավելի դյուրին են պատրաստվել փայտե սալիկներից:

Մի խոսքով, խորդենու հետ կապված բազմաթիվ ծրագրեր են եղել: Ընթացքը մասամբ դանդաղեցրել է 1980, թե 1982 թվականների ցրտահարությունը:

Մինչ կփորձեին վերականգնել ցանքատարածությունները, «վրա հասան» 90-ականները:

Այսօր կարող ենք վերսկսել խորդենու մշակությունը, միայն թե պետք է գնանք դեպի «ինտելեկտուալ բիզնես»:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Սույն հոդվածաշարը մասնակի կրճատումներով հրապարակել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։