Պարտքի գերաճի դեմն առնելու համար – Վերջապես ճիշտ որոշում կայացվեց – 2017թ. բյուջեն ավելի պահպանողական ու խելամիտ կլինի՝ իրավիճակն արտացոլող… Կատակ-զգուշացում. նեղանալ չլինի – ՀՀ նախագահը՝ նորանշանակ նախարարներին…

Վերջին տարիներին երբ պետական պարտքն անընդհատ ավելանում էր, առիթով գրեցի, որ պետք չէ ամբոխահաճությամբ զբաղվել եւ ամեն տարի ուրախանալ, թե սոցիալական բյուջե ունենք, այն է՝ բարձրացնում ենք կենսաթոշակներն ու նպաստները: Դրանց չափը բարձրացնել, անշուշտ պետք էր եւ է, բայց այլ մեխանիզմներով: Մինչդեռ մենք անում էինք պարտք վերցնելով: Այլ կերպ՝ միջազգային ֆինանսական կառույցներից գումար էինք խնդրում, որ թոշակ ու նպաստ ավելացնեինք: Մինչդեռ դա պետք էր անել տնտեսության շարժին համընթաց: Իսկ շարժ չկար: Դա գրելուց հետո գիտե՞ք ինչ եղավ: Խմբագրություն զանգեցին, ի դեպ, հիմնականում միջին տարիքի մարդիկ եւ ինձ մեղադրեցին տատիկ-պապիկներին չսիրելու մեջ: Ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել, որ ներգրավված գումարները պետք է ներարկել այնպիսի ծրագրերի, որ տնտեսական իրական աճ ունենայինք՝ ըստ այդմ ավելացնելով տատիկ-պապիկներին տրվելիք վճարները:

Ինչեւէ, խմբագրություն զանգողները այսուհետ տարեցներին չսիրելու մեջ կարող են մեղադրել նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանին, ով գրեթե նույնությամբ կրկնեց մտքերս:

Չսպասելով պաշտոնավարման 100 օրը լրանալուն՝ նախարարը ասուլիս հրավիրեց եւ միանգամից հայտնեց, թե 2017թ. բյուջեն պահպանողական է լինելու եւ կենսաթոշակների ու նպաստների չափը չի ավելանալու: «2017թ. բյուջեի նախագծում պահպանողական մոտեցում է դրված: Շատ դժվար է նայել կեսաթոշակառուի աչքերին ու ասել, որ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում: Սակայն մյուս կողմից էլ ճիշտ չի լինի պարտք վերցնել ու այդ ձեւով բարձրացնել կենսաթոշակները: Դրա համար նախընտրում ենք նախ տնտեսությունն առողջացնել, որից հետո միայն նոր անդրադարձ կլինի կենսաթոշակների բարձրացմանը»,- շեշտեց նախարարը:

Նա հավելեց, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծման համար հաշվի են առել ընդհանուր տնտեսական միջավայրը, փորձել են ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի մեր տնտեսական իրականությունը:

Վարդան Արամյանն ուշադրություն սեւեռեց վարչապետի այն հայտարարությանը, թե «մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»՝ միաժամանակ հավելելով, թե վարչապետի այդ խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձեւավորել բացասական սպասումներ: Բանն այն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը  չէ որ բնորոշ է: Ամբողջ աշխարհում է այդպես, թե զարգացող երկրներում, թե տարածաշրջանի երկրներում նման իրավիճակ է դրսեւորվում: Իսկ պատճառները երկուսն են: Առաջինը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն են, իսկ Ռուսաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է, հիմնական դրամական փոխանցումները կատարվում են ՌԴ-ից եւ, հասկանալի է, որ դա պետք է բացասական ազդեցություն ունենար մեր տնտեսության վրա: Երկրորդ պատճառը համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գնանկումն է: Քանի որ Հայաստանը հումք արտահանող երկիր է, մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են, հասկանալի է, որ  նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ ենք ստանում:  

Որպեսզի պատկերն ավելի հստակ ուրվագծվի, համապատկերում նախարարը տեղեկացրեց, որ միայն տրանսֆերտները երկու տարիների ընթացքում՝ 2014-2015թթ. կրճատվել են շուրջ 700 մլն դոլարով, իսկ 2016թ. սպասվում է, որ կկրճատվի շուրջ 140 մլն. դոլարով: Եվ այս դեպքում եթե գործադիր իշխանությունը հակազդող քայլեր չձեռնարկեր, ապա կունենայինք բացասական տնտեսական աճ: Դրա համար էլ, կրկին ըստ ֆինանսների նախարարի, վերջին երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է ընդլայնողական: Այն է՝ ավելի շատ ծախս է կատարվել, եւ պակասուրդի հաշվին ավելի շատ գումար է ներարկվել տնտեսություն, որպեսզի փոխհատուցեն արտաքին աշխարհից կրճատվող արտարժութային հոսքերը: Սա էլ իր հերթին հանգեցրել է այն բանին, որ 2015թ. ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդը կազմել է 4,8%, իսկ 2016-ի արդյունքներով 5,9-6% է կանխատեսվում:

Ստեղծվել է մի վիճակ, երբ մեծ պակասուրդի դեպքում պետք էր նույնչափ էլ պարտք վերցնել: Հետեւանքը եղավ այն, որ 2014-2016թթ. 900 մլն. դոլարով ավելացավ պարտքը, ու այսօր պարտքի բարձր շեմ ունենք: Ավելացած պարտքն էլ գրեթե այնքան է, ինչքան տրանսֆերտների մասով կրճատում ունենք: «Այսինքն, եթե հարկաբյուջետային ընդլայնման քաղաքականություն չունենայինք, ապա կլիներ փոխարժեքի կտրուկ արժեզրկում, կունենայինք տնտեսական աճի ավելի ցածր մակարդակ»,- ասաց Վարդան Արամյանը:

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով է, որ որոշվեց 2017թ. ունենալ այնպիսի բյուջե, որ ավելի պահպանողական ու խելամիտ կլինի՝ իրավիճակն արտացոլող:

Մեր երկրում տարբեր տարիների վարչապետերն ու ֆինանսների նախարարները արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության վտանգավորության շեմի տարբեր մակարդակներ են նշել՝ սեփական գնահատականի համաձայն: Ո՞րն է այդ շեմի ցուցանիշը՝ ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի եւ հնարավո՞ր է կրկին եվրապարտատոմսեր թողարկվեն՝ արտաքին պարտքը մարելու համար:

Այս հարցիս ի պատասխան նախարարը նախ հստակեցրեց, որ եվրապարտատոմսերի թողարկման խնդիր այս պահին չկա: Ապա հավելեց, թե արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության վտանգավորության շեմի մակարդակի տարբեր գնահատականներ կան՝ կախված տնտեսության վիճակից: Մոտեցում կա, որ զարգացող երկրների համար 60%-ից այն կողմ վտանգավոր շեմ է: Բայց պարտադիր չէ, որ մենք հասնենք այդ ցուցանիշին: «Կարեւորը պարտքի կառուցվածքն է: Մերում հիմնականում արտոնյալ պայմաններով վարկեր են: Շատ կարեւոր են ներդրողների սպասումները: Տնտեսական աճը նույնպես կարեւոր է»,-հայտնեց նախարարը՝ միաժամանակ շեշտելով, թե չի կարծում, որ ունենք պարտքի անկառավարելի մակարդակ:

Իսկ ինչու՞ այնպես չարեցինք, որ պարտքի այս մակարդակին չհասնենք: Առաջին՝ 2009թ. միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո որոշել էինք տարատեսակացնել (դիվերսիֆիկացնել) տնտեսությունը՝ դրա համար գումարներ ներգրավելով, բայց այդպես էլ ոչինչ չարվեց:

Նախարարն, իհարկե, այս գնահատականին համաձայն չէ (ամեն դեպքում նա ֆինանսների փոխնախարար է եղել,- Ա.Ք.)՝ շեշտելով, թե տնտեսությունում կառուցվածքային տեղաշարժ եղել է. «Տնտեսության գրավիտացիոն ուժը ոչ արտահանելի հատվածից տեղափոխվել է արտահանելի հատված»:

Իսկ հնարավո՞ր է պարտքի գերաճ թույլ չտալու համար բանակցվող որոշ ծրագրեր կասեցվեն: Ի պատասխան նախարարը համառոտեց. «Կլինեն այնպիսի ծրագրեր, որոնք ՀՆԱ-ին օժանդակող կլինեն»:

Այնուհանդերձ, ի՞նչ է սպասվում 2016թ. արդյունքներով եւ 2017թ. կտրվածքով: Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ակնկալվում է, որ 2016թ. տնտեսական աճը կլինի 2.4%՝ նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն: Իսկ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը 3,2% է կանխատեսվել: Իսկ ավելի բարձր տնտեսական աճ ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի արդյունքում:

Հարկերի մասով բանախոսը հայտնեց, որ ծրագրվում է, որ այս տարին կավարտեն 1 տրլն. 62 մլրդ.-ի հարկային ցուցանիշով, ինչը ծրագրավորված  ցուցանիշից շուրջ 80 մլրդ.-ով պակաս է: Ծրագրվում է, որ 2017թ. հարկային մուտքերը կլինեն 1 տրլն. 135 մլրդ., իսկ ընդհանուր մուտքերը՝ 1 տրլն. 210 մլրդ. դրամ:

Ընթացիկ տարվա բյուջեով ծախսերը պետք է լինեն 1 տրլն. 360 մլրդ. դրամ: «Ծախսերի մի քանի անգամ կրճատումը գրեթե անհնար է,- ասաց նախարարը,- բայց քանի որ պարտքն աճել է, պետք է գնանք կոնսոլիդացիայի, որպեսզի կարողանանք առաջիկա տարիներին պարտքը դարձնել կառավարելի:

Երբ պարտքն անընդհատ աճում է, եթե չկարգավորես քո բյուջեն, կհանգես նրան, որ պարտքերի սպասարկման տոկոսային ծախսերը կարտամղեն մյուս ծախսերը:

Սա մի իրավիճակ է, որը տեղի ունեցավ Թուրքիայում 2004թ., Արգենտինայում՝ 2000-2002թթ.: Եվ, կրկնում եմ, որպեսզի նման իրավիճակում չհայտնվենք, պետք է գնանք պարտքի կոնսոլիդացման»:

Ծախսերի մասով մի հավելում էլ անենք: 2017թ. պետական ապարատի ծախսերը կկրճատվեն 4 մլրդ. դրամով։ Կշարունակվի մեքենաների պետգնումների ծախսերի կրճատումը, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների վճարումների կրճատումը: Եվս 6 մլրդ դրամ գործադիրը կտնտեսի խմելու ջրի սուբսիդավորման հաշվին, քանի որ 2017-ին ոլորտի բոլոր օպերատորների փոխարեն կմնա միայն 1-ը: 1,2 մլրդ. դրամ էլ կտնտեսվի գյուղատնտեսությունում, սակայն ոչ ի վնաս գյուղացիների։ «Շատ կարեւոր է հասկանալ, թե որ պետական ոչ առեւտրային կազմակերպություններն են անհրաժեշտ ծառայություններ մատուցում իրականում։ Այստեղից էլ բխում են վարչապետի հանձնարարությունները՝ վերանայել այդ կազմակերպությունների գործունեության անհրաժեշտությունն ու դրանց ծախսերը։ Բոլոր գումարները, որոնք մենք ծախսում ենք, պետք է այսպես թե այնպես օգնեն ստեղծել կայուն արժեք երկրի ներսում»,- պարզաբանեց նախարարը։

Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա պակասուրդ/ ՀՆԱ ցուցանիշը 2017թ. համար ծրագրվել է 2,8%՝ սպասվելիք 5,9-6%-ի փոխարեն: Դա շուրջ 150 մլրդ. պակասուրդ է, որի 70 մլրդ.-ը կապահովվի ներքին աղբյուրների, մնացած 80 մլրդ.-ը՝ արտաքին աղբյուրների հաշվին: 70 մլրդ. ներքին միջոցներից 45 մլրդ.-ը կկազմեն պետական պարտատոմսերը, 20 մլրդ.-ը՝ պետական գանձարանի միասնական  հաշվի մնացորդը, 5 մլրդ.-ը՝ բիզնեսին հատկացված պետական վարկերի վերադարձը:

Կարեւոր է այն, որ փորձ է արվել հարկերը 2017թ. չափից շատ չկանխատեսել, քանզի չափից շատ կանխատեսումը լրացուցիչ գերավճարների հաշվին պետք է արվեր, այլ կերպ՝ տնտեսվարող սուբյեկտների հաշվին, ինչը ոչ միայն ճիշտ չէ, այլեւ վտանգավոր էլ է:

Աստղինե Քարամյան

Կատակ-զգուշացում. նեղանալ չլինի – ՀՀ նախագահը՝ նորանշանակ նախարարներին…

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց կառավարություն եւ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում ունեցավ վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության ղեկավարը նախ շնորհավորեց նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձավ այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջեւ: Նախագահը մասնավորապես նշեց. «Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Ուրեմն, պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվե՛լ անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես եւ պայմանավորվել ենք, նեղանալ եւ նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան: …Եղե՛ք միասնական: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, եւ ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք, իրոք, շատ բան ունենք անելու եւ այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Մենք պետք է միայն առաջ գնանք: Նայե՛ք առաջ: Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում: Դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Սա՛ է միայն հաղթանակի բանաձեւը, եւ ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության:

Այսքանն էի ուզում ասել: Եթե հարցեր կան, հաճույքով կպատասխանեմ»:

Հարցեր չհնչեցին:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։