ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի… Սիրիահայերի ու ԼՂ հիմնահարցերը՝ ՄԱԿ-ի ամբիոնից… ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԱԳՆ-ին… ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի ՄԻԳ հանձնակատարին…

ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Այս անգամ գլխավոր քարտուղարի ընտրությունն անակնկալ է եղել շատերի համար: Արդեն տեղեկատվություն էր տարածվել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուն Բուլղարիայի ներկայացուցիչ է եւ նա էլ ընտրվելու է: Սակայն, ի զարմանս բոլորի, ընտրվեց Պորտուգալիան ներկայացնող Անտոնիո Գուտերեսը։ Այս թեկնածությունն անսպասելի էր, քանզի մինչեւ վերջին պահը նրա հարցով լուրջ քննարկում չի եղել։ Ինչեւէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարողացել է գալ ընդհանուր հայտարարի, եւ պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը արդեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է:

Նորընտիր գլխավոր քարտուղարը Պորտուգալիայի վարչապետն է եղել շուրջ 10 տարի, իսկ վերջին 10 տարին էլ զբաղեցրել է ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնը։ Այս փաստը եւ ՄԱԿ խաղաղապահ գործունեության մեջ Գուտերեսի ունեցած փորձը այս որոշման կայացման համար լուրջ հիմք են եղել։ Այսօր ՄԱԿ-ի կարեւոր մարտահրավերներից մեկը համարվում է փախստականների ու տեղահանվածների խնդիրը, ինչպեսեւ՝ խաղաղապահ գործունեությունը։

Ի դեպ, Անտոնիո Գուտերեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել 2013թ. եւ մինչ օրս ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։ Քաղաքական այս բարձր պաշտոնն զբաղեցնելուց հետո էլ նա չի լքելու խորհուրդը եւ կպաշտոնավարի մինչեւ 2018թ.։  

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար կորեացի Բան Կի Մունի իրավահաջորդը՝ պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը կփրձի առավել եռանդուն հանդես գալ աշխարհի ամենաբարդ հակամարտութունների կարգավորման հարցերում, քանի որ ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանները հիմնականում հակադրվում են այդ խնդիրների լուծման ճանապարհին: Վերջերս կրկին լարվել են Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունները Սիրիայի եւ Մերձավորարեւելյան այլ հակամարտ հարցերի կարգավորման շուրջ:

Սիրիահայերի ու ԼՂ հիմնահարցերը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մասնակցեց հոկտեմբերի 3-7-ը Ժնեւում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին։ Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռ չլքած Բան Կի-Մունը, ում հաջորդեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը։ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ելույթում անդրադարձավ փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին՝ ընդգծելով մեր երկրի պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ՝ տեղահանված անձանց կարիքները հոգալու եւ փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։ Նախարարի տեղակալը ներկայացրեց այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

Մեր երկրի ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ Սիրիայից փախստականների խնդրին՝ նշելով, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով ավելի քան 20 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ 3-րդն է Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը շարունակելու է աջակցել տարածաշրջանում տեղահանված անձանց խնդիրների լուծմանը՝ կարեւորելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը եւ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Կառավարությունը գումար կհատկացնի ԱԳՆ-ին

Կառավարությունը որոշում է կայացրել գումար հատկացնել ԱԳՆ-ին՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ԱԳՆ-ին գումար հատկացնելու մասին կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով»:

Մարդասիրական օգնության շրջանակներում նախատեսվում է ԱԳՆ-ին պահուստային ֆոնդից հատկացնել 46,033.2 հազ. դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով»:

Հիշեցնենք, որ հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավն է Հայաստանից մեկնել Սիրիա: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը վայրէջք է կատարել Սիրիայի «Հմեյմիմ» օդային ռազմակայանում։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի ՄԻԳ հանձնակատարին

Հոկտեմբերի 5-ին ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված ս.թ. սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, առ այն, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում այս տարվա ապրիլի իրադարձություններից հետո»։ Նախարարը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին որեւէ հարցում չեն ստացել, նաեւ ափսոսանք է հայտնել, որ գրասենյակն ավելի քան 2 տասնամյակ եւ նույնիսկ ս.թ. ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո չի կարողանում այցելել ԼՂՀ։

«Կարծում ենք՝ ՄԻԳՀԳ-ը պետք է հնարավորություն ունենա ստուգելու ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտման՝ պատշաճորեն փաստագրված դեպքերը եւ ռազմական հանցագործությունները՝ ինչպես ԼՂՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների դեմ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ հանցագործություններին՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով, հակառակ դեպքում, իրականացնողների անպատժելիությունը կարող է խրախուսել հետագայում եւս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուժի կիրառումը»,- նշվում է նամակում։

Հավաստիացնելով, որ ԼՂՀ իշխանությունները բաց են ՄԻԳՀԳ հետ անկեղծ համագործակցության հարցով՝ ուղղված ժողովրդավարական նորմերի եւ սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաեւ հակամարտ իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանությանը, ԼՂՀ ԱԳՆ-ն հրավիրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին այցելել Արցախ, կամ ուղարկել թիմ՝ «անաչառ եւ օբյեկտիվ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, ինչպեսեւ այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին»։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։