Մեր անկախության գլխավոր ձեռքբերումը՝ հայկական բանակ – Հայաստանի զինուժի ցուցադրության արձագանքները… Զորահանդեսին այն ապացույցներն էին՝ հարեւաններին եւ աշխարհին ցուցադրելու ռազմական մեր ներուժը, որին տիրապետում է Հայաստանը…

Սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը դեռ մնում է ինչպես մեր թշնամիների, այնպես էլ տարբեր պետությունների ռազմական ու պետական գործիչների ուշադրության կենտրոնում: Բոլոր այս կողմերի համար ամենասպասվածը՝ ռազմական շքերթին «Իսկանդեր»-ների ցուցադրմանը ականատես լինելն էր: Եթե հայերիս համար դա հպարտանալու եւ փառավորվելու տոնական օր էր, ապա թշնամիների համար վատ լուր էր, մյուսների համար էլ՝ զգուշացում. որ Հայաստանին տարածաշրջանում իրապես լուրջ վերաբերվեն:

Հետաքրքիր է, որ այդ նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ էր հղել «Խաղաղության միջազգային օրվա» առթիվ, իսկ մեզ համար «Իսկանդեր»-ի առկայությունը, նախ եւ առաջ խաղաղության պահպանման, ռազմական իրավիճակի սրումը կասեցնելու միջոց է: «Ամեն տարի Խաղաղության միջազգային օրը ՄԱԿ-ը բոլոր պատերազմող կողմերին կոչ է անում վայր դնել զենքերն ու 24 ժամ հրադադար պահպանել ամբողջ աշխարհով մեկ: Առանց կռիվների անցնող մեկ օրը՝ խորհրդանշական է եւ բոլորիս հիշեցնում է, որ հակամարտությունները կարող են եւ պետք է ավարտվեն: Բայց խաղաղությունը միայն զենքերը վայր դնելը չէ: Խաղաղություն հաստատել նշանակում է ստեղծել այնպիսի միջազգային հասարակություն, որտեղ մարդիկ չեն տառապի աղքատությունից եւ իրար հետ կկիսեն բոլոր բարիքները: Սա նշանակում է՝ ապրել եւ զարգանալ միասին, աջակցել միմյանց՝ մի մեծ, համընդհանուր ընտանիքի նման»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Իմիջիայլոց, այս տարվա խաղաղության միջազգային օրը նշանավորվեց «Կայուն զարգացման» 17 նպատակներով, որպես խաղաղություն ստեղծող հիմնաքարեր: Հակամարտությունը հաճախ սկիզբ է առնում, երբ մարդիկ մրցում են սահմանափակ ռեսուրսներին տիրելու համար: ««Կայուն զարգացման Օրակարգ 2030»-ը այն նախագիծն է, որը պիտի օգնի կանխել նման հակամարտությունների առաջացումը՝ բոլորի ներգրավվածությունն ապահովելով:

Երբ նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի 193 անդամ պետությունները միաձայն ընդունեցին Կայուն զարգացման 17 նպատակները, նրանց ուղերձը պարզ էր ու հստակ»,- հայտարարել է Բան Կի Մունը:  

Հետաքրքիր է նաեւ «Ռոսիա 24» պետական հեռուստաընկերության՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ եթերում արված դիտարկումը: Այն է՝ Հայաստանն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իրեն եւ մի քանի անգամ ցուցադրվեց ծավալուն սյուժե, որտեղ անկյունաքարայինը Երեւանում նոր եւ հզոր սպառազինությունների ցուցադրությամբ զորահանդեսն էր։

Հաղորդման մեջ նշվում էր, որ Հայաստանը միակ երկիրն է, որին Ռուսաստանը նման զենք է վաճառել, թեպետ իրենց հերթին էին սպասում նավթային պաշարներով հարուստ շատ երկրներ՝ ակնհայտորեն ակնարկելով Ադրբեջանին։ Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի ջերմ շնորհավորանքին:

Իսկ միջազգային լրատվամիջոցներից որոշները դեռ ակնարկում են, որ զորահանդեսի նպատակներից մեկն էլ, թերեւս, ցուցադրվող ապացույցներն էին՝ աշխարհին եւ հարեւաններին ցուցադրելու ռազմական այն ներուժը, որին տիրապետում է անկախ Հայաստանը: Նշվում է, որ Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գյխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի կողքին էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին տոնահանդեսին մասնակցում էին նաեւ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն եւ Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողքին էր Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Արցախի ներկայիս որոշ պաշտոնյաներ:

Միջազգային զլմ-ները այսպես փորձել են ցուցադրել իրականում գործող այն եռամիասնությունը, որը մենք կոչում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք: Որոշ հարցեր էին առաջացրել Հայաստանի 1-ի եւ 2-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը զորահանդեսին, սակայն որոշակի հրապարակումներ չկային այս առումով:

Այսօր նորովի է կարեւորվում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք անուղղակի այսպես հնչեցին, սա ոչ միայն ուժի ցուցադրում է, այլեւ զգուշացում, որ հայկական զինուժը կլինի իր խոսքի տերը եւ հաջորդ խոշորածավալ ընդհարման ժամանակ կդիմի համարժեք հակաքայլերի: Նշվեց, որ անկախության ամենամեծ ձեռքբերումը Հայոց բանակի ստեղծումն է:

Ազատ ու նաեւ անկախ լինելու պարտավորվածության իր չափաբաժինը եւ մի բան էլ ավելի, իր ուսերին պատվով կրում է մեր զինուժը, որը կայացման նույն ճանապարհն է անցել՝ ինչ Հայաստանի Հանրապետությունը: Հընթացս կազմավորվելով չհայտարարված պատերազմի օրերին՝ մեր բանակը կարողացավ հաղթանակով ավարտել պարտադրված պատերազմը, խաղաղ պայմաններում էլ դառնալ մարտունակ ու կարող ուժ՝ պաշտպանելով երկիրն ու ապահովելու համար տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը: Սա ապացուցվեց նաեւ այս տարվա ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ: Հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ռազմատենչ ծրագրերը: Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների նոր սերնդից ճառագող լույսը ապրիլյան օրերին բոլորիս դարձրեց միասնական՝ մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Բանակի պատրաստականության վկան է նաեւ անկախության օրվա  զորահանդեսը:

«Իսկանդեր» համալիրները նախատեսված են օպերատիվ խորության վրա կրակային խոցման միջոցների (հրթիռային համալիրներ, համազարկի կայանքներ, հեռահար հրետանի եւ այլն), հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանական համակարգերի, օդակայանների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների եւ կարեւոր ենթակառուցվածքների խոցման համար: Այս համալիրները նախատեսված են նաեւ մարտավարական միջուկային խոցման համար, ինչը ենթադրում է, որ համալիրի հրթիռները ունակ են կրելու ինչպես սովորական (կասետային, բեկորա-ֆուգասային արկեր) այնպես էլ հատուկ (միջուկային, քիմիական ու կենսաբանական) մարտագլխիկներ: Կախված համալիրի մոդելից, հրթիռների գործողության շառավիղը կարող է հասնել մինչեւ 700 կմ:

Երեւանում կայացած շքերթի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանին մատակարարված համալիրների գործողության շառավիղը 300 կմ է: Հաշվի առնելով հանգամանքը, որ համալիրներն ինքնագնաց են, կարելի է ենթադրել, որ ունակ են արագ մանեւրել եւ թիրախավորել հավանական հակառակորդի ամբողջ տարածքը:

Մինչեւ «Իսկանդեր»-ը, Երեւանի Հանրապետության հրապարակով անցան «Էլբրուս» համալիրները, որոնք եւս օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ են եւ գործում են գրեթե նույն շառավղով, ինչ Հայաստանին մատակարարված «Իսկանդեր»-ները: Դրանք նույնպես ի վիճակի են կրել սովորական եւ հատուկ մարտագլխիկներ՝ դրանք հասցնելով շուրջ 300 կմ հեռավորության վրա: Փաստացի «Իսկանդեր»-ներն իրականացնում են նույն գործառույթը, միայն թե ավելի արագ, ավելի հեշտ ու ավելի ճշգրիտ: Ի տարբերություն «Էլբրուս» համալիրների, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով, «Իսկանդեր»-ն աշխատում են պինդ վառելիքով, հետեւաբար, ըստ մասնագետների, ավելի հեշտ են սպասարկվում: Բացի այդ «Իսկանդեր» համալիրները գերճշգրիտ են, քանի որ համալրված են նշանառության ու տեղորոշման գերժամանակակից համակարգերով:

Նորություն էր նաեւ «Սմերչ» ռեակտիվ համազարկի կայանքները: Այս ՌՀԿ-ները, ի տարբերություն զինուժի տրամադրության տակ եղած խորհրդային «Գրադ» եւ չինական WM-80 համակարգերի, ավելի հեռահար են, եւ նախատեսված են կենդանի ուժի, մոտոհրաձգային ու տանկային վաշտերի, հրետանային մարտկոցների, կայանած օդուժի, հրամանատարական կետերի ու կապի հանգույցների խոցման համար: «Սմերչ»-ի գործողության շառավիղը 20-120կմ է:

Ներկայացված նորություններից մեկն էլ «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրն էր: Այս ինքնագնաց համալիրը նախատեսված է ցածր (30 մ սկսած) եւ միջին (մինչեւ 14-18կմ) բարձրություններից վրա մանեւրող աերոդինամիկ թիրախներ խոցելու համար, ըստ որում՝ համակարգն աշխատում է նաեւ ինտենսիվ ռադիոդիմակայության պայմաններում: «Բուկ» համալիրները միանալով Հայաստանի տիրապետության տակ եղած ՀՕՊ այլ միջոցներին, մասնավորապես հեռավոր գործողության C-300, միջին հեռավորության «Կրուգ» եւ կարճ հեռավորության «Օսա», «Նեւա», «Կուբ» համակարգերին, փաստորեն Հայաստանի օդային տարածքը դարձնում է անառիկ:

Բայց պիտի նկատենք, որ չնայած վերը ներկայացված նորություններն էապես ավելացնում են մեր բանակի մարտական կարողություններն ու նոր հնարավորություններ ընձեռում հայկական զինուժին, այդուհանդերձ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանում ռազմա-քաղաքական հավասարակշռության առումով կարեւոր է տեխնոլոգիական նորարարությունը: Անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ բանակի բարձր մարտունակությունը 21-րդ դարում հնարավոր է ապահովել միայն տեխնոլոգիական բաղադրիչով: Անօդաչու թռչող սարքերի, ինքնակառավարվող միջոցների, օպտիկական ու ռադիո նշանառության միջոցների առկայության պայմաններում սպառազինությունների տեխնոլոգիական, հատկապես էլեկտրոնային բաղադրիչը գնալով ավելի կարեւոր ու բեկումնային է դառնում: Այս առումով կարեւոր է, որ շքերթի ընթացքում ցուցադրվեց նման մի համակարգ, խոսքը ռադիո-էլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համակարգի մասին է: Տեղեկությունների համաձայն՝ այս համալիրը ռադիոհետախուզության ու ռադիոէլեկտրոնային պայքարի բազմաֆունկցիոնալ համակարգ է, որը նախատեսված է ցանկացած տիպի ռազմական տեխնիկան ու անձնակազմը պաշտպանել հեռակառավարվող, օպտիկական ու ռադիոկապի միջոցով կառավարվող խոցման միջոցներից: Այս համակարգը հնարավորություն է տալիս պաշտպանվել գերճգրիտ զենքերից, հատկապես նրանցից, որոնք հագեցած են նշանառության լազերային եւ տեսահամակարգերով: Սրանցով հնարավոր է լռեցնել նաեւ դիվերսիոն խմբերի ռադիոկապը, իրականացնել ռադիոհետախուզություն: Փորձագետների վստահեցմամբ, արդյունավետ կիրառություն ունեն ինչպես լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, այնպես էլ լոկալ բախումների ու անգամ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:

Հիշյալ զորահանդեսից հետո Ադրբեջանում հասկացան, որ իրենց տարածքում անխոցելի թիրախ չի կարող լինել եւ իրենց ամպագոռգոռ հայտարարությունները կարող են միանգամից հօդս ցնդել, եթե հայկական կողմը անցնի լուրջ հակահարձակման:

Այո, Բաքուն «չի մարսել» Երեւանում ցուցադրված «Իսկանդեր»-ները: Ադրբեջանական haqqin.az-ը կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ՝ Երեւանում զորահանդեսի ընթացքում ցուցադրված «Իսկանդեր»-ների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով: Ռուս պաշտոնյան, ի պատասխան, ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի համար բարեկամական երկրներ են, իսկ մատակարարումներով զբաղվում է երկրի ՊՆ-ն: Պաշտպանությանն նախարար Սերգեյ Շոյգուն չի հերքել Հայաստանին «Իսկանդեր» տալու փաստը եւ դա հիմնավորել է տարածաշրջանում ռազմավարական գործընկեր լինելու եւ կայունությունն ապահովելու հանգամանքով:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Երեւանի տոնական զորահանդեսից հետո, Բաքվում անմիջապես խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ: Խորհրդակցության ընթացքում բանակային հրամանատարությանը հանձնարարվել է ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները՝ «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարեւորության հստակեցման եւ ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»:

Իսկ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը Հայաստանի հետ սահմանը բացելը կրկին շաղկապել է ԼՂ խնդրի կարգավորման հետ: Դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը, ով ավարտում էր իր դիվանագիտական առաքելությունը, հայկական զինուժի ցուցադրման օրերին Ադրբեջանի Մամլո խորհրդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաեւ հայ-թուրքական սահմանի բացման խնդրին:

«Հաճախ են հարց տալիս հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Մշտապես հայտարարել եւ հիմա էլ հայտարարում եմ, որ քանի դեռ չեն վերադարձվել ադրբեջանական տարածքները, մենք չենք գնա Հայաստանի հետ սահմանների բացմանը»,- ասել է նա:

Բայց ինչպես Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Վիեննայում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ է հայտարարել Ավստիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը՝ «Թեեւ անկախությունը վերագտնելուց ի վեր Հայաստանը բախվել է բազմաթիվ դժվարությունների, այդուհանդերձ կենսունակ պետություն կառուցելու տեսանկյունից շոշափելի առաջընթաց է արձանագրել, ինչը ապացուցվում է զգալի ձեռքբերումներով եւ նոր առաջընթացի պատրաստականությամբ»:

Իսկ հոկտեմբերի 13-15-ը Երեւանում կկայանա «Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016»» 1-ին միջազգային ցուցահանդեսը, որի նախապատրաստական աշխատանքները քննարկվել են ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտոնակատար (այժմ պաշտոնաթող, ՊՆ է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը) Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը (ով այժմ նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի պետ է նշանակվել շտաբի պետի տեղակալը՝ Մովսես Հակոբյանը), պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։