Երբ պաշտոնյան փոխում է միայն արտաքինը – …Այս նյութի նախնական վերնագրին էր՝ «Երբ բիրդան աղաները քաղաքականությունն անբարո են դարձնում»… Ամեն նոր բան հալածվում է հավասարապես եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից…

Ցավոք, շատերի համար ՏԻՄ ընտրությունները երկրորդական նշանակություն ունեն եւ զարմանալի է, որ այդպես են մտածում նաեւ շատ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ: Այս բոլորի կարծիքով «ձուկը պիտի գլխից բռնել», այսինքն՝ ոչնչից միանգամից վերցնել երկրի նախագահի աթոռը… Այժմ, սահմանադրական փոփոխություններից հետո՝ վարչապետի աթոռը:

Այսինքն՝ բոլորս դեպի խորհրդարանական գալիք ընտրություններ, իսկ տեղական ինքնակառավարումը թող մնա Հանրապետականներին: Իսկ ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում իսկապես կարեւորագույններից մեկն է:

Իհարկե, ոչ բոլոր քաղաքական ուժերն են այսպես մտածում, եւ այդպես չմտածողներից ոմանք պայքարեցին ՏԻՄ ընտրություններում եւ թեկուզ մասնակի, բայց ունեցան հաջողություններ:  

Հիմա հարցական է մնում մի խնդիր, կամ վերոնշյալ մտածողությամբ ուժերը իրապես չեն հասկանում իրավիճակը եւ «ձուկը գլխից են բռնում» կարգախոսի գերին են դարձել, կամ հասկանում են ու իբր քաղաքականություն են խաղում այս կամ այն ակնկալիքով: Վստահ ենք, որ վերջին տարբերակն է եւ երեւակայական խաղ չէ, մեղմ ասած կամ ավելի ստույգ՝ ինքնավաճառքի քաղաքական պատվեր է նշանակում սա, որը հաճախ սրանց նմանների պատճառով քաղաքականությունը պոռնկություն է դարձնում…  

Այսինքն՝ քաղաքական մայրուղի դուրս եկածներին երկրի նախագահի բոլոր թեկնածուները կարող են իրենց գինն առաջարկել ծառայության դիմաց, եւ կլինի «ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ»՝ ըստ տրամադրված գումարի չափի:

Նման քաղաքական ուժեր՝ կուսակցություններ ստեղծվում են ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում եւ կյանք են ստանում միայն այն ժամանակ, երբ վերոհիշյալ վաճառքը ստացվում է ու այդ կուսակցության այս կամ այն անդամը դառնում է որեւէ քաղաքական կայացած կառույցին «անկախ» ծառայող պատգամավոր կամ պաշտոնյա:

Սա էլ այս նյութի նախնական վերնագրին է հանգեցնում՝ «Երբ բիրդան աղաները քաղաքականությունն անբարո են դարձնում», որը չդրվեց միայն երկար լինելու պատճառով… Այստեղ՝ ոմանց պաշտոնները մեջ-մեջ անելու եւ բիրդան աղաներ, ապաեւ՝ գործարար-բարեգործներ դառնալու պատմությունները դեռ մեջտեղ չենք բերում:

Դառնալով նյութի խնդրին, ասենք, որ ընդգծված դասական օրինակ է Վիկտոր Դալլաքյանը, ով կամ պատգամավոր է կամ ինչ-որ երկրորդական պաշտոնյա, բայց միշտ ընդդիմադիր է իշխանություններին՝ հիմնականում լինելով իշխող կուսակցության անդամ: Այն իշխանություններին, որոնք նրան հետո ընդդիմադիր են դարձնում, ԱԺ պատգամավորի մանդատ հասցնում կամ պաշտոն են տալիս: 

Այսպես գործում են շատ քաղաքական ու հասարակական կառույցներ, գործիչներ: Այսպես են աշխատում նաեւ շատ զլմ-ներ, որոնց էջերոււմ կամ եթերում հայհոյանքն անպակաս է իշխանությունների նկատմամբ, բայց դրանից միայն վարձատրությունն է ավելանում նույն իշխանությունների կողմից: Քանի որ այդօրինակ հայհոյանքը հանգստացնում է բողոքավոր մարդկանց, ինչին նպաստում են այդ «հանրային ամբիոն» զլմ-ները: Իսկ իրականում կա մի չափ, որը չեն անցնում, եւ ստվերային՝ անուղղակի կերպով, աշխատում են հենց իշխանությունների համար:

Իհարկե կան քաղաքական ու հասարակական գործիչներ էլ, նաեւ լրատվամիջոցներ, որ նույն տրամաբանությամբ աշխատում են ընդդիմադիր հատվածի համար:

Կան ավելի «պրոֆեսիոնալները», որոնք երկու ճամբարների համար էլ հավասարապես աշխատում են՝ քաղաքական «տրասսան» խցանելով…

Իսկ ամենազվարճալին այն է, որ որոշ ժամանակ անց ընդդիմության համար աշխատող նորեկները հայտնաբերում են, որ այդ ընդդիմությունն էլ է աշխատում իշխանության համար: Բայց դա ոչինչ չի փոխում նրանց կյանքում, որովհետեւ փոխելու ոչ մի կարիք չի լինում:

Մեր քաղաքական ասպարեզում այսպիսի խառնաշփոթ է, բայց ուշադիր հետեւելուց հետո այլեւս հասկանալի է լինում, որ շուրջ 25 տարի մեր անկախացած երկրում քաղաքական տեղապտույտ է նախկին ու ներկա իշխանությունների կողմից սարքված եւ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ոլորտը պատկանում է միայն նախկիններին ու ներկաներին: Եվ այս գործը շատ կազմակերպված է կատարվում, քանզի նոր ու նորովի վեր հառնող յուրաքանչյուր ուժ, շարժում կամ միավորում հալածվում է հավասարապես եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից:

Իհարկե, ձեւականորեն ստեղծվում են երիտասարդական խորհրդարան կամ կառավարություն կամ մի այլ բան էլ վրադիր, ինչը սակայն նույն ձեւականն է՝ ոչ միայն բնույթով:

Այսպիսի երիտասարդական աստիճանակարգը նույնպես վերոնշյալ հին ու նոր, բայց միշտ հին ուժերի համար է, նրանց հերթափոխը նույն տրամաբանությամբ ընդդիմանալու է իրապես երիտասարդ, խոհեմ ու բանիմաց, բայց ինքնուրույն ուժերին ու անհատներին՝ ամեն ինչից հեռու պահելու համար:

Եվ, ցավոք, սա մեր երեւակայական կամ ենթադրյալ կարծիքը չէ, սա՛ է մեր իրականությունը, որը շատ գորշ է, վտանգավոր՝ սերնդափոխության համար, այն սերնդի, որ ազգային նպատակների անեսակենտրոն ճանապարհն է բռնել…

Հպարտանում ենք, որ Հայաստանի Հանրապետության 25-ամյա անկախ սերունդ ունենք, սակայն մեր անկախության մեզ տրամադրված ազատությունը խիստ հարաբերական է, ինչպես նշվեց այս հոդվածում:  Առանց այդ ազատության ոչ միայն անկախության սերունդը կգահավիժի քաղաքական խարդավանքների ազդեցությունից, այլեւ մեր անկախությունը կվտանգվի ներքաղաքական ընդվզումների հաճախականությունից…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։