Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հայկական ֆուտբոլը շարունակում է գահավիժել… Մեծ բասկետբոլը վերադարձավ Երեւան… Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Երեւան օփենի» 1-ին հաղթող… Լեւոն Արոնյանը  3-րդն է Տալի հուշամրցաշարում… «Կոտայք»-ը դադարեցրեց գործունեությունը, «Էրեբուն»-ին չի մասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը… Այլ մարզական լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Հայկական ֆուտբոլը շարունակում է գահավիժել

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից հետո անգամ լրագրողները դժկամությամբ ընդունեցին ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին: Իսկ թե ինչքան էին դժգոհ մարզասերները՝ կասի 0:5 հաշվով պարտությունը սեփական հարկի տակ: Առաջին իսկ հարցը վերաբերում էր գլխավոր մարզիչի հրաժարականին, ինչին ի պատասխան գլխավոր մարզիչը նշեց, որ քանի դեռ ընտրանու վիճակը ծանր է, ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Իսկ թե ինչով է ծանր, հետեւեց պատասխանը. «Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին, 3-րդ րոպեին էլ մնացինք 10 հոգով»:

Իհարկե, այսպիսի արդարացումները որոշակի հիմք ունեն, սակայն ի՞նչ ասել մարզչի, եթե նրա թիմն առաջին 10 րոպեներից հետո արդեն 3 գնդակ էր ընդունել սեփական դարպասը: Վարուժան Սուքիասյանը տվեց խաղի մասին իր գնահատականը. «Ռումինիայի հավաքականն իսկապես ուժեղ էր: Նման ընթացքի պատրաստ չէինք: Վնասվածքից եւ կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Այնքան տղամարդկություն ունեմ, որ թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, բայց պետք է մնամ եւ թիմին այս վիճակից հանեմ: Դանիայի ընտրանու դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջեւում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի 4 պաշտպանով խաղը եւ սխալվեցի: Կրկնում եմ՝ ամբողջ պատասխանատվությունը  վերցնում եմ ինձ վրա»: Ի դեպ՝ Վարուժան Սուքիասյանը ֆուտբոլիստների վնասվածքներ ստանալու եւ խաղին չմասնակցելու համար մեղադրեց, ոչ ավել ոչ պակաս … լրագրողներին, իբր այսքան բացասական խոսելու հետեւանքն է… ինչին լրագրողները տարակուսած… պատասխանեցին ծափահարություններով: Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչու Ռուսաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի չափորոշիչներին, որին պատասխան հնչեց, թե «Յուրայի հետ պայմանավորվել էին հանդիպել, բայց նա չեկավ»:

Հաջորդ խաղը մեր ֆուտբոլիստներնմ անցկացրեցին Վարշավայում՝ ուժերը չափեցին Լեհաստանի ընտրանու հետ. 1-ին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, չնայած 30-րդ րոպեից մերոնք նորից մնացել էին 10 հոգի, 2-րդ խաղակեսի 3-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ այն բանից հետո, երբ Ռոբերտ Լեւանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ Հրայր Մկոյանի ոտքին եւ հայտնվեց դարպասի հակառակ անկյունում: Սակայն քիչ անց Մարկոս Պիզելին տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի հաշիվը չփոխվեց մինչեւ 94-րդ րոպեն (ավելացրած ժամանակի), երբ դաշտի տերերը տուգանային հարվածի իրավունք ստացան վտանգավոր գոտում: Լեհաստանի հավաքականի եւ գերմանական «Բավարիա»-ի առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ 2:1: Եվ հետաքրքիր է, որ դրանից անմիջապես հետո մրցավարն ազդարարեց հանդիպման վերջը:

Պարտություն՝ իսկապես վերջին վայրկյանին: Սա մեր հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունն է եւ ներ թիմն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Panorama.am-ը մի նյութ էր գրել՝ «Ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի «Կարեն Կարապետյանը»», որն իսկապես ամենաարդիական հարցն է այսօր հայկական ֆուտբոլում: Հեղինակը խոսելով պարտությունների շարքից, դիտարկում է արել, որ ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդ խաղերից պարզ է դառնում, որ հավաքականի մարզչի փոփոխությամբ հայկական ֆուտբոլին պատուհասած խնդիրները չեն լուծվում։ Մենք եւս համամիտ ենք եւ նշենք, որ իսկապես, հայկական ֆուտբոլի բումից հետո, երբ քիչ էր մնում մեր հավաքականն անցնել Ռիոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (միայն մրցավարների միտումնավոր սխալները դա թույլ չտվեցին) օտարերկրյա, թե հայ բոլոր մարզիչներն էլ հիմնականում տապալվում են… Եվ դիտարկումն այսպիսի հարց է առաջ քաշում՝ արդեն համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում, եւ դրան պետք է գնալ՝ հաշվի առնելով, որ ընտրական այս փուլում մեզ այլեւս ոչինչ չի լուսավորում։ Ցավալի է այսպիսի մեկնաբանումը, բայց արդեն 3-րդ փուլից հետո դա իրականություն է: «Կարծում եմ՝ համակարգային փոփոխությունները, որոնք պետք է ընդգրկեն հայկական ֆուտբոլն ամբողջությամբ, անհրաժեշտ է սկսել հենց այս պահից։ Ամենուր նոր անուններ ու նոր գաղափարներ են պետք։ Եվ ո՞վ է լինելու հայկական ֆուտբոլի Կարեն Կարապետյանը»,- եզրափակել է խոսքը կայքի հոդվածագիրը:

Իսկ թե հայ ֆուտբոլիստներին ով գերբնական ինչ-որ բան կհաղորդի կամ կբացատրի, մնում է դեռ անորոշ:

Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ներկա գլխավոր մարզիչը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2015թ. դեկտեմբերից: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 3 խաղերում էլ պարտություն է կրել:  

Հրավիրելու են ֆուտբոլի իրական մասնագետների

Հայկական ֆուտբոլի վիճակը մտահոգում է Սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին. «Խնդիրները բազմազան են: Մենք հիմա քննարկումներ ենք սկսել՝ կհրավիրենք ֆուտբոլի իրական մասնագետներին»:

Նախարարն անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչին՝ վերանայել մարզական ՀԿ-երի աշխատանքն ու օպտիմալացնել. «Կան ՀԿ-եր, որոնց ֆինանսավորման արդյունավետությունը պետք է ուսումնասիրել ու տալ վերջնական պատասխան: Այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, չունեն դահլիճ, որ մարզվեն, պետք է խոշորացվեն, վերախմբավորվեն»,- նշեց նախարարը:

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ուելսին

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի 2017թ առաջնությունում: Երեւանում կայացած ընտրական վերջին խաղում մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները մրցեցին Ուելսի իրենց հասակակիցների հետ՝ պարտվելով 1:3 հաշվով:

Հայ ֆուտբոլիստների վարկանիշները FIFA 17-ում

FIFA համակարգչային խաղի վերջին տարբերակում հայ ֆուտբոլիստներից ամենաբարձր վարկանիշն ունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի վարկանիշը 85 է: 2-3-րդ տեղերը բաժանում են ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որոնց վարկանիշը 74 է: Պորտուգալական «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի վարկանիշը 72 է, Մախաչկալայի (Ռուսաստան) «Անժի»-ի խաղացող Կառլեն Մկրտչյանինը՝ 69, իսկ ֆրանսիական «Մարսել»-ի պաշտպան Գաել Անդոնյանինը՝ 65: Հոլանդական «Հերակլես»-ի եւ Հայաստանի երիտասարդական հավաքական 19-ամյա կիսապաշտպան Գոռ Աղբալյանն էլ ունի 62 վարկանիշ:

«Կոտայք»-ը դադարեցրեց գործունեությունը, «Էրեբուն»-ին չի մասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում քննարկվեցին «Էրեբունի» և «Կոտայք» ակումբների գրությունները:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին «Էրեբունի» ակումբը, հաշվի առնելով, որ թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-ից 17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղևորություններից հետո, դիմել էր ՀՖՖ-ին թիմը Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով: ՀՖՖ-ն բավարարել է «Էրեբունի» ակումբի խնդրանքը:

Հոկտեմբերի 11-ին «Կոտայք» ակումբը դիմել էր ՀՖՖ-ին թիմը ՀՀ ֆուտբոլի առաջնությունից եւ Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով՝ նշելով, որ Կոտայք ՖԱ ՍՊԸ-ն ունի ֆինանսական խնդիրներ, հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել ակումբը, ուստի «Կոտայք» ֆուտբոլային ակումբը ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը: ՀՖՖ-ն բավարարել է նաև «Կոտայք» ակումբի խնդրանքը:

«ԱԱ-2026»-ը կշրջանցի Ասիան ու Եվրոպան

Երեկ ՖԻՖԱ-ն քննարկել է աշխարհի 2026թ. առաջնությանը վերաբերող հարցեր։ Որոշվել է, որ մրցաշարը կանցկացվի այն 2 Կոնֆեդերացիաների տարածքից դուրս, որոնք կազմակերպելու են առաջիկա 2 առաջնությունները։ Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն։ Միեւնույն ժամանակ Ասիայից հայտեր ընդհանրապես չեն ընդունվի, իսկ եվրոպական պետությունների հայտերը կքննարկվեն միայն այն դեպքում, եթե մյուս հավակնորդները չբավարարեն ՖԻՖԱ-ին։

ՖԻՖԱ-ի խորհուրդը նաեւ համաձայնել է քննարկել աշխարհի առաջնությունների մասնակիցների թվաքանակի ավելացման հարցը՝ ընդհանուր թիվը 32-ից հասցնելով 40-48-ի։ Ավելացնենք, որ «ԱԱ-2018»-ը կկայանա Ռուսաստանում, իսկ «ԱԱ-2022»-ը՝ Քաթարում։

Հռոմի քաղաքապետը չի ցանկացել ընդունել օլիմպիական խաղերը

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հետ է կանչել 2024թ. օլիմպիական խաղերի թեկնածության հայտը: Այդ մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը: ԻԱՕԿ-ի նախագահ Ջովանի Մալագոն այդ կապակցությամբ հայտարարել է, որ որոշումը վերջնական է եւ փոփոխման ենթակա չէ: Մինչ այդ Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե, որում հայտնել է, որ իրենք հրաժարվում են օլիմպիական խաղերն անցկացնելու հայտից:

2024թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքը ընտրվելու է 2017թ սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում: Այս պահին դրանց անցկացմանը հավակնում է 3 քաղաք՝ Լոս Անջելեսը, Փարիզը եւ Բուդապեշտը:

Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ամենաշատ վաճառվածների շարքում է Անգլիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ամենավաճառվածներից մեկն է Անգլիայում: The Sun պարբերականի կազմած ցուցակում ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս 19-րդ տեղում է: Առաջատարները  «Մանչեստեր Յունայթեդ»-ի այլ ֆուտբոլիստներ են` Զլատան Իբրահիմովիչը եւ Պոլ Պոգբան:

Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լեւոն Հայրապետյանը Իրանի առաջնությունում դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Իրանի առաջնության 8-րդ փուլում «Փեյքար»-ը 3:2 հաշվով գերազանցել է «Սանաթ Նավթին»: Լեւոն Հայրապետյանը դուրս է եկել փոխարինման եւ կատարել գոլային փոխանցում, որից հետո «Փեյքար»-ի ֆուտբոլիստը խփել է թիմի հաղթանակ գոլը: «Փեյքար»-ն ունի 11 միավոր եւ Իրանի առաջնությունում 4-րդ տեղում է:

Իրանի հավաքականի երկրպագուներին արգելված է ուրախանալ

Աշխարհի 2018թ. ասիական գոտու առաջնության Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպումից առաջ Իրանի ընտրանու երկրպագուները մի շարք սահմանափակումներ կունենան: Ինչպես տեղեկացնում է «Sport-Express»-ը, իրանցի երկրպագուները չեն կարողանա մարզադաշտում արտահայտել իրենց ուրախությունը եւ պետք է մարզադաշտ գան սեւ մարզահագուստով: Դա կապված է մահմեդական կրոնական տոնի հետ, որը նվիրված է 680թ. մահացած Իմամ Հուսեինի հիշատակին: Բացի այդ, մարզադաշտում կտեղակայվեն 75 քմ չափով 2 սեւ դրոշակներ:

Կորեացի ֆուտբոլիստները համաձայնվել են նույնպես կրել սեւ թեւկապներ: Հիշեցնենք, որ 3-րդ փուլից հետո Իրանի ու Հարավային Կորեայի հավաքականները 7-ական միավորով խմբի առաջատարներն են:

«Ուրարտու»-ն պարտվեց «Ռյազան»-ին եւ «Սամարա»-ին

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը 2-րդ պարտությունը կրեց Ռուսաստանի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնի առաջնությունում: Մեր բասկետբոլիստները «Դինամո» մարզադահլիճում հյուրընկալեցին «Սամարա»-ին: Հյուրերը չնայած առավելության հասան միայն 2-րդ խաղակեսում, սակայն դա էլ բավական էր, որպեսզի նրանք հաղթեն 80:70 հաշվով: Մեր բասկետբոլիստներից բոլորից շատ միավոր վաստակեց ամերիկացի Ռեյդը՝ 31: Սամարացիներից աչքի ընկավ Նիկիտա Իվանովը՝ 17:

Հիշեցնենք, որ «Ուրարտու»-ն առաջին խաղում միայն լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռյազան»-ին՝ 89:93 հաշվով: Առաջին երկու 10 րոպեներից հետո «Ուրարտու»-ն առջեւում էր 40:34 հաշվով, սակայն վերջին խաղափուլերը մեր թիմը տանուլ տվեց եւ պարտվեց:

Հաջորդ երեք խաղերն «Ուրարտու»-ն կանցկացնի մրցակիցների հարկի տակ: Հոկտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի Պրիմորյեի «Սպարտակ»-ի հետ, 3 օր անց ուժերը կչափի «Սախալին»-ի հետ, իսկ հոկտեմբերի 28-ին հյուր կգնա Մերձմոսկովյան «Խիմկի»-ին:

Հ.Գ. – «Ուրարտու»-ն չկարողացավ դիմակայել «Սպարտա-Պրիմորյե»-ին – Երեւանի «Ուրարտու»-ն 3-րդ հանդիպումն անցկացրեց Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնում: Մեր բասկետբոլիստները Վլադիվոստոկում հանդիպեցին տեղի «Սպարտակ-Պրիմորյե»-ի հետ: Խաղն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց նրանց խոշոր հաշվով հաղթանակով՝ 109:59: «Ուրարտու»-ն հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 18-ին, Սախալինի համանուն թիմի դեմ, որն այսօր իր հարկի տակ 82:57 հաշվով պարտության մատնեց Մերձմոսկովյան «Խիմկի»-ին:

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ «Երեւան օփենի» առաջին հաղթող

Աարտվեց «Երեւան օփեն» շախմատի 1-ին միջազգային մրցաշարը: Աղյուսակը 7 միավորով միանձնյա գլխավորող ռուսաստանցի Պավել Սմիռնովը 9-րդ եզրափակիչ փուլում անսպասելի պարտվեց Թամիր Նաբաթիին եւ դարձավ հասանելի իրեն հետապնդողների համար: Արդյունքում, 7-ական միավոր վաստակեցին միանգամից 7 շախմատիստներ: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող հռչակվեց մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, 2-րդ տեղը բաժին հասավ Պավել Սմիռնովին, 3-րդը՝ ուկրաինացի Վիտալի Բերնադսկին։

Տալի հուշամրցաշարում մեր առաջատարը 3-րդն էր

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում գրավեց 3-րդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր: Մեր շախմատիստը չկրեց ոչ մի պարտություն, բայց հաղթեց ընդամենը 1 խաղում (մրցանակակիրներից՝ Անիշ Գիրիին), 8 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հաղթողի կոչումը նվաճեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ով հավաքեց 6 միավոր: 2-րդ տեղում է հոլանդացի Անիշ Գիրին՝ 5.5 միավոր:

Լեւոն Արոնյանի կինը շախմատի սեանս է անցկացրել Երեւանում   

Կանանց շախմատի Ֆիլիպինների եւ Ավստրալիայի նախկին չեմպիոն, միջազգային վարպետ Արիաննե Կաուիլլիին, «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 22 խաղատախտակների վրա, թեեւ նախապես հայտարարվել էր 40 խաղատախտակի մասին: Նշենք, որ յուրաքանչյուր խաղացող, կամ նրան ներկայացնող կազմակերպություն վճարել է 120.000 դրամ։ Սեանսից ստացված ողջ հասույթն ըստ կազմակերպիչների՝ փոխանցվելու է Երեւանի Ինթերնեյշնլ Ռոտարի Ակումբին, որը պատրաստվում է վերակառուցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգիներից մեկը՝ հաշմանդամ երեխաններին հասանելի դարձնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Արիաննե Կաուիլլիին Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի կինն է, ով նույնպես ներկա էր սեանսին:

Մեն կղզում hայ շախմատիստները իրար չնեղացրին

Բրիտանական Մեն կղզում ավարտված շախմատի խոշոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները բոլոր առումներով նույն արդյունքը ցույց տվեցին:

Մեր հավաքականի 3 անդամները՝ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, ինը հնարավորից վաստակեցին 5,5-ական միավոր եւ նույն հերթականությամբ զբաղեցրին 18-20-րդ տեղերը: Ինչպես եւ սպասվում էր, մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարկածով 2-րդ շախմատիստ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված ուկրաինացի Պավել Էլյանովից:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է հայտնի շախմատիստ, Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին: Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Դուք շախմատային տաղանդավոր սերնդի փայլուն ներկայացուցիչներից մեկն եք, ում մարզական հարուստ կենսագրությունն աչքի է ընկնում ոչ միայն խաղատախտակի առջեւ բազմաթիվ նվաճումներով, այլեւ շախմատի` որպես արվեստի հանդեպ ստեղծագործական յուրահատուկ մոտեցմամբ: Լինելով գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը` Դուք մշտապես բարձր եք պահել թե այդ մարզական կոչումը, թե մեր ժողովրդի պատիվը: Այսօր Դուք Ձեր տաղանդը, գիտելիքն ու փորձը ծառայեցնում եք շախմատի մասսայականացմանն ու նոր սերնդին հայկական շախմատի հետագա նվաճումներին նախապատրաստելուն»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք:

Շախմատիստը հրաժարվել աշխարհի կանանց առաջնության ժամանակ հիջաբ կրել

Լինելով ԱՄՆ-ի շախմատի թիմի ամենահաջողակ կին չեմպիոններից մեկը ծագումով վրացի Նազի Պաիկիձեն սովոր է ուշադրության կենտրոնում լինել: Սակայն նրա վերջին հայտարարությունը նրան ավելի լայն ճանաչում բերեց: Շախմատի կին գրոսմայստեր Նազի Պաիկիձեն Ինսթագրամի իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Իրանում փետրվարին կայանալիք Շախմատի աշխարհի կանանց առաջնությանը այն պատճառով, որ խաղացողները պարտավոր են հիջաբ կրել:

Հանրության մեջ գլուխը եւ մարմինը ծածկելու իսլամական ավանդույթը՝ Իրանում, Սաուդյան Արաբիայում եւ մի շարք այլ երկրներում օրենք է: Իրանում որոշ ակտիվիստներ վերջին ժամանակներս համացանցում հիջաբ կրելու օրենքի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում կանանց, մեկ այլ խումբ էլ, պարբերաբար առաջ է քաշում մահմեդական ինքնությունը պահպանելու հարցում հիջաբի կարեւորությունը: Բացի Շախմատի աշխարհի կանանց առաջնությանը չմասնակցելու իր որոշումը, Պաիկիձեն համացանցում ակցիա է սկսել, պահանջելով որպեսզի Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայի առաջնությունը Իրանում անցկացնելու որոշումը: Չեմպիոնի խոսքերով, այս խնդիրը միայն շախմատով չի սահմանափակվում: Պաիկիձեն նշում է, որ թեեւ Իրանում հասարակական առաջընթաց է նկատվում, այդուհանդերձ կանանց իրավունքները խստորեն սահմանափակ են: Նրա խոսքով, սա պայքար է կանանց իրավունքների համար: Թեև Շախմատի աշխարհի կանանց առաջնությունը մեկ այլ երկրում անցկացնելու դիմումը արդեն 3000 մարդ է ստորագրել, այնուամենայնիվ ո՛չ բոլորն են համաձայն այս գաղափարի հետ:

Շախմատի մեկ այլ կին գրոսմայստեր Միրտա Հեջազիպուրը ասել է, որ բողոքի այս ցույցը կվնասի Իրանում կանանց սպորտաձեւերի զարգացմանը: Նրա խոսքերով, սա լինելու է ամենախոշոր կանանց սպորտային իրադարձությունը Իրանում: Նա պնդում է, որ այս խաղերը մեծ նշանակություն ունեն իրանցի կանանց համար, քանի որ դա նրանց հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց ուժը:

Ըստ CNN (ՍիԷնԷն) լրատվամիջոցի հաղորդած տվյալների Իրանը միակ երկիրն է եղել, որը միջոցառումը անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Շախմատի միջազգային ֆեդերացիայի խոսնակը CNN-ին ասել է, որ 150 ազգային ֆեդերացիաները, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան ոչ մի առարկություն չեն ունեցել Շախմատի աշխարհի կանանց առաջնությունը Իրանում անցկացնելու դեմ:

Կարեն Ասլանյանը` Իվան Պոդդուբնու հուշամրցաշարի հաղթող

Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում եռօրյա պայքարից հետո ավարտվել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի միջազգային բաց հուշամրցաշարը, որը նվիրված էր այդ քաղաքում ծնված անվանի ըմբիշ Իվան Պոդդուբնու ծննդյան 145-ամյակին: Ստուգատեսի բացման արարողությանը ներկա են գտնվել հունահռոմեական ոճի ըմշամարտի հեղինակավոր մի շարք ըմբիշներ՝ ՌԴ-ի պետական դումայի պատգամավոր, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը, օլիպիական չեմպիոններ՝ հայազգի նշանավոր ըմբիշ Վարդերես Սամուրղաշեւը եւ Ասլանբեկ Խուշտովը, ըմբշամարտի Կրասնոդարի երկրամասի ֆեդերացիայի նախագահ Իգոր Խոմենկոն:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, համառուսական այս բաց հուշամրցաշարին մասնակցել են ՌԴ-ի տարբեր տարածաշրջանների մի շարք  ուժեղագույն ըմբիշներ: Ստուգատեսի մասնակցիների թվում էր նաեւ 2013թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, Կարեն Ասլանյանը: 2016թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի արժանի հետնորդն իրեն գերազանց դրսևորեց ու մեկը մյուսի հետեւից տպավորիչ 4 հաղթանակ տոնելով՝ նվաճեց 66 կգ քաշային կարգի հաղթողի կոչումն ու արժանացավ գլխավոր մրցանակին:

Ընդ որում Կարենն անցկացրած 4 գոտեմարտերից եւ ոչ մեկում մրցակիցներին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց ու վստահ հաղթանակները տոնեց համապատասխանաբար՝ 9:0, 10:0, 8:0, 9:0 հաշիվներով:

Մեկնարկել է Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է մեծահասակների Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 11-րդ հուշամրցաշարը: Այս անգամ ստուգատեսի 12 քաշային կարգերում հաղթողի կոչումն են վիճարկում Հայաստանի բոլոր մարզերի, Արցախի, Իրանի ու Վրաստանի 2001-2003թթ. ծնված ավելի քան 300 պատանի ըմբիշներ:

Առաջին անգամ պատանիների այս մրցաշարում ելույթ են ունենում նաեւ 35կգ եւ 38 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հուշամրցաշարի մասնակիցները 2018թ. ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերում հանդես գալուց առաջ հնարավորություն կստանան ավելի մեծ փորձ կուտակել: Հուշամրցաշարում մրցանակային տեղ զբաղեցրած պատանի հայ ընբիշներից կընտրվեն լավագույնները, ովքեր մարզաձեւի ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ կմասնակցեն նոյեմբերի18-20-ը Իրանում կայանալիք միջազգային մրցաշարին:

4 հայ ըմբիշներ կմասնակցեն Իրանի առաջնությանը

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 4 անդամներ կմասնակցեն Իրանի ակումբային առաջնությանը: Իրանի «Սինեն Սանթ» թիմի կազմում հանդես կգան Օլիմպիական խաղերի մեդալակիր Ռոման Ամոյանը եւ Վարշամ Բորանյանը: Իսկ ահա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եւ Մաքսիմ Մանուկյանը հանդես կգան «Մի Մերազինա» ակումբում:

Իրանի ակումբային առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին:

Մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը

Երևանի ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկել է ՀՀ 2016 թվականի կանանց առաջնության երկրորդ փուլը: Այս տարի առաջնությանը մասնակցում են Սյունիք, ԽՄՕՄՄ, ՀՊԼՀ և Նժդեհ թիմերը: Մրցաշարի առաջին օրը հանդիպեցին ԽՄՕՄՄ-ՀՊԼՀ թիմերը, հաղթեց ԽՄՕՄՄ թիմը 3:0 հաշվով եւ Նժդեհ-Սյունիք թիմերը. Սյունիք թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն 0:3 հաշվով:

Մրցումային երկրորդ օրը կկայանան ԽՄՕՄՄ-Նժդեհ եւ ՀՊԼՀ-Սյունիք թիմերի հանդիպումները:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։