Մայր թատրոնի վերանորոգված բեմն ու առաջին ներկայացումը… Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում… Հայկական կրկեսի 60-ամյակը՝ կրկեսային մեծ շքերթով… Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամը՝ 1-ին տեում… ՀՀ անկախության 25-ամյակին՝ 2 նամականիշ… Պատմական քարտեզների ցուցահանդես…  2015թ.- Որքան հայ կա աշխարհում… Լիալուսնի ազդեցության մասին առասպելը եւ հետաքրքրաշարժ այլ լուրեր…

Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումն, ամենայն հավանականությամբ, կլինի նոյեմբերին: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն ասել է, որ հստակ դժվար է նշել, բայց՝՝ «երեւի, նոյեմբերին»:

Առաջինը  ներկայացվելու է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսը, որի ռեժիսորը Արմեն Էլբակյանն է: «Փորձերն ընթանում են»,- ասել է գեղարվեստական ղեկավարը:

- Թատրոնի 7 մլն. եվրոյանոց դահլիճը պատրաստ է շահագործման – Ամբողջովին ավարտվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: Հիշեցնենք՝ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից: Վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի  մշակույթի նախարարության եւ «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» եւ «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014թ. կնքվել 7 մլն եվրոյի ապրանքի ու ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով: Ըստ մշակույթի նախարարության հաղորդագրության՝ 2016թ. օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, դահլիճը պատրաստ է շահագործման: Հայտնում են նաեւ վերանորոգման մանրամասները:

Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հոկտեմբերի 22-ին եւ 24-ին լինելու է մեծ պրեմիերա՝ ներկայացվելու է իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» երեք գործողությամբ օպերան: Օպերային թատրոնից տեղեկացրեցրել են, որ  նոր բեմադրությունում հանդիսատեսը կտեսնի աննախադեպ տեխնիկական հնարքների կիրառում, ռեժիսորական բացառիկ լուծումներ, հանդես կգան օպերային թատրոնի լավագույն ձայները:

Օպերայի բեմադրող ռեժիսորն է Նարինե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ իտալացի Ջանլուկա Մարչիանոն, նկարիչն է ՀՀ վաստակավոր բնկարիչ Ավետիս Բարսեղյանը:

Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ավելի վաղ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ասել էր, որ ներկայացման 50%-ի վրա աշխատել էին Գեղամ Գրիգորյանի հետ: Ցավոք, նա չհասցրեց այն ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:  

Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լուիջի Իլիկայի և Ջուզեպե Ջակոզայի ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկա»-ն մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վիկտորիեն Սարդուն անվանեց հռոմեական դրամա՝ խնդիր դնելով կոպոզիտորի առջեւ լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը:

Հայկական կրկեսի կոլեկտիվի 60-ամյակը նշվելու է կրկեսային մեծ շքերթով

Հայկական կրկեսի կոլեկտիվն այս տարի տոնելու է հիմնադրման 60-ամյակը: Ինչպես ասել է «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, այդ առիթով Երեւան է հրավիրվել ռուսական մեծ կրկեսը: «Կրկեսի կազմում ընդգրկված կլինեն 30 ռուս դերասաններ: Մենք ցանկանում ենք այդ օրն իսկական մեծ կրկեսային շքերթի վերածել»,- ասել է նա:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով` քանի որ դեռ ավարտված չեն Երեւանի պետական կրկեսի շենքի շինարարական աշխատանքները, շքերթը կանցկացվի Կոմիտասի այգում` նախկին Դելֆինարիումի տարածքում: «Ես շնորհակալություն եմ հայտնում Երեւանի քաղաքապետարանին` տարածքն անշահախնդիր տրամադրելու համար»,-հավելեց «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը:

Հայկական կրկեսի կոլեկտիվը  հիմնադրվել է 1956-ին՝ Վ. Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկական կրկեսի լավագույն ավանդույթները, ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ։ Դիմելով անցյալի ժառանգությանը՝ կոլեկտիվի առաջատար դերասանները ստեղծել են ազգային բնորոշ գույներով, տարազներով ու արտահայտչամիջոցներով, ժանրային բազմազանությամբ հարուստ ներկայացումներ։

Առանձնապես նշանակալից էին էքվիլիբրիստ Վ. Արզումանյանի, մոտոատրակցիոնիստ Լ. Հայկազունու, ժոնգլյոր Ն. Շիրայի, ակրոբատ Ա. Մագդասյանի, օդային մարմնամարզուհի Ե. Ավանեսովայի և այլոց համարները։ Թեմատիկ ներկայացումներ են ստեղծել վարժեցնող Ս. Իսահակյանը, օդային մարմնամարզիկներ Մ. եւ Ռ. Հակոբյանները, իր ուրույն ավանդն է ներդրել մեծատաղանդ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը:

«Մեր Տան» աղջիկներից երկուսն ամուսնության առաջարկ ստացան

10 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց «Մեր Տուն» հկ-ն. արդեն մեկ տասնամյակ է, ինչ18-24 տարեկան ծնողազուրկ ու անօթեւան աղջիկները ջերմություն եւ սեր են գտնում այստեղ: «Մեր տուն»-ը հիմնադրվել է լուսահոգի Ջուլի Աշեկյանի եւ Տիգրանուհի Կարապետյանի շնորհիվ։ Վերջինս 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում տեսնելով իր արդեն հասուն ու մայր դարձած սաներին՝ չէր կարողանում զսպել արցունքները:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բարի մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում բացեցին «Մեր Տան» դուռը եւ իրենց հոգու խոսքն ուղղեցին աղջիկներին, մենք կայացել ենք, դրա մասին վկայում են մեր սաների այսկողմ – այնկողմ վազվզող փոքրիկները»,- նշել է Տիգրանուհի Կարապետյանը: Միջոցառումը հովանավորելեւ հյուրընկալել էր «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, որի նախագահ Րաֆֆի Մեգերյանն էլ աղջիկներից մի քանիսին ձեռագործ գորգեր նվիրեց:

Երեկոյի ընթացքում աղջիկներից մեկի ձեռքով գործված գորգը աճուրդի հանվեց եւ վաճառվեց 1,7 մլն. դրամով: Եղան նաեւ անակնկալներ։ «Մեր Տան» աղջիկներից երկուսը հենց միջոցառման ընթացքում ամուսնության առաջարկ ստացան. Ալիսան այդ երկուսից մեկն է, ապագա ամուսնու`Հովհաննեսի հետ ծանոթացել է ընդամենը մեկ ամիս առաջ եւ նման անակնկալի չէր սպասում ու նույնիսկ դժվարանում էր խոսել: Հովհաննեսն իմանալով, որ Հայաստանում նման հաստատություն կա, Ռուսաստանից եկել է հայրենիք՝ «Մեր Տան» աղջիկներից մեկին «ուզելու», եւ ինչպես իրենք են պատմում, միանգամից հավանել են իրար։ Հովհաննեսը, ինչպես ինքն է ասում, երկար սպասելու կարիք չկար, եւ միանգամից Ալիսայի մատին մատանի դրեց:

«Մեր Տուն»-ը 10 տարիների ընթացքում հյուրընկալել է ավելի քան 50 աղջիկների, որոնց գրեթե կեսն արդեն մայր է դարձել:

04/10/2016 – Տավուշի մարզում անսովոր քաշով երեխա է ծնվել – Հսկա Տիգրանը

Իջեւանի տարածաշրջանի Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը հայտարարել է, որ Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել: Արական սեռի նորածինը՝ 5կգ 230 գրամ է, իսկ հասակը 57 սանտիմետր է:

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկացրել են, որ փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, եւ նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգացել:

06/10/2016 – ԱՄՆ-ում 102-ամյա կնոջը ձերբակալել են՝ երազանքն իրականացնելու համար

Ձերբակալված լինելը տարօրինակ երազանք է, որն ամերիկյան Սենթ Լուիս քաղաքից 102-ամյա թոշակառու Իդի Սիմսը ցանկացել է իրականացնել մահանալուց առաջ: Տեղացի ոստիկանների շնորհիվ Իդիի ցանկությունն իրականացել է,- գրում է CNN-ը:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ բեմադրված ձերբակալությունն իրականացվել է բոլոր կանոնների համաձայն. ժամանակավորապես սահմանափակվել է թոշակառու կնոջ տեղաշարժման ազատությունը, Սիմսին հագցրել են ձեռնաշղթաներ: Ոստիկանների խոսքով՝ կինը շատ հուզված է եղել ձերբակալության ժամանակ եւ իրավապահներին շնորհակալություն է հայտնել իր երազանքի իրականացման համար:

«Այս աշխարհը հիասքանչ է, պետք է միայն բացել աչքերն ու նայել շուրջը»,- ասել է 102-ամյա թոշակառուն:

Հիսուս Քրիստոսը հայ էր (տեսանյութ)…

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը Կենտրոն հեռուստաընկերության «Սկսենք նորից» հաղորդման ընթացքում ոմանց նման պնդում է, որ Հիսուս Քրիստոսը հայ էր, քանի որ նրա «կյանքի եւ ծագումնաբանության ու նաեւ հետմահու կյանքի բոլոր փուլերը միանշանակ կապված են հայկականության հետ»…

Սույն տեսանյութը դրված է համացանցում, կարելի է դիտել:

Գիտնականները հերքել են մարդկանց պահվածքի վրա լիալուսնի ազդեցության մասին առասպելը

Երկրի բոլոր մայրցամաքներում շուրջ 6 հազար երեխաների քնի ու պահվածքի լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լուսնի փուլերը չեն ազդում մարդկանց եւ այն բանի վրա, թե որքան խորն են նրանք քնում: Այդ մասին գրում է Frontiers in Pediatrics ամսագիրը:

«Ֆոլկլորն ու երբեմն նույնիսկ բժշկական ոլորտի հեքիաթները պնդում են, թե Լուսնի փուլերը ազդում են այն բանի վրա, թե կենդանիների ու մարդկանց հոգեկան խնդիրներն ինչպես են իրենց դրսևորում: Եվ անկախ նրանից՝ շատ թե քիչ իրական հիմքեր ունեն այդ պնդումները, Լուսնի առեղծվածները մարդկանց դեռ դարերով հուզելու են»,- հայտարարել է Օտավայում Արեւելյան Օնտարիոյի հետազոտական ինստիտուտից Ժան-Ֆիլիպ Շապյուն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արծաթե հուշադրամը զբաղեցրել է 1-ին տեղը

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային 10-որդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է 1-ին տեղը:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները՝

Անվանական արժեքը – 100 դրամ, մետաղը եւ հարգը – արծաթ 9250, տրամագիծը – 50,0 մմ, քաշը – 67,2 գ, որակը – սովորական (հնաձեւ), դրամաշուրթը – հարթ, տպաքանակը – 1000 հատ: Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը եւ Արամ Ուռուտյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Դիմերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). սգվոր մոր հուշարձան (Իժեւսկ, ՌԴ, 2010թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձե),  երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ, Ֆրանսիա, 2003թ., հեղինակ՝ Դ. Երեւանցի), խաչքար-հուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965թ., հեղինակ՝ Ռ. Իսրայելյան), հուշասյուն-խաչքար  (Գլենդել, ԱՄՆ, 2000թ., հեղինակ՝ Ք. Քարիբյան): Ներքեւում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երեւան, Հայաստան, 1967թ., հեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան):

Դարձերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան, Հայաստան, 1989թ., հեղինակ՝ Յու. Մինասյան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ, Սիրիա, 1990թ., հեղինակներ՝ Վ. Բերթիզյան, Գ. Երամյան), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու, Բրազիլիա, 1966թ., հեղինակ՝ Խոսե Հերեզ Ռեկալդե), խաչքար (Անտվերպեն, Բելգիա, 2003թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյան): Ներքեւում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթն անցկացվում է 2007թ.-ից: 2016թ. մրցույթին մասնակցել են թվով 44 կազմակերպություն 29 երկրից (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ եւ այլն):

Մրցույթին ներկայացված էր ավելի քան 240 հուշադրամ եւ 21 հավաքածու: Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից եւ աճուրդի տներից, կենտրոնական բանկերից, հուշադրամնե մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից եւ մասնագիտացված հրատարակչություններից:

2 նոր նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

2016թ. սեպտեմբերի 21-ին «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց 2 նամականիշ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում: Մարումն իրականացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նամականիշերը ունեն 200 եւ 300 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել են Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում:

200 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են «25 ամյակ» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները, ինչպես նաեւ ՀՀ ծածանվող եռագույն դրոշը կապույտ երկնքի խորապատկերին՝ խորհրդանշելով երկրի 25-ամյա անկախությունը եւ պետականությունը:

300 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «25 ամյակ» գրառումը, որը կազմված է Երեւան քաղաքի պատկերների կոլլաժի տեսքով՝ ցույց տալով նորանկախ պետության զարգացումը այս 25 տարիների ընթացքում:

Նամականիշերի դիզայնի հեղինակներն են «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը եւ Դավիթ Դովլաթյանը:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի նոյեմբերին

Դեռեւս սեպտեմբերի սկզբին  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հիմնանորոգումից հետո տուն-թանգարանը բացվելու է նույն ամսվա վերջին: Սակայն թանգարանի դռները դեռ փակ են: Ռուզան Սարյանն ասել է, որ տուն-թանգարանը հաստատ կվերաբացվի նոյեմբերին: «Նոր ցուցադրության  կազմակերպման հետ կապված աշխատանքներ կան անելու: Մանր-մուներ բաներ են, ձգվում են»,-  նշել է նա:
Հիշեցնենք՝ 2013թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երեւանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել եւ ստեղծագործել է 1932-1972թթ., եւ եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967թ.: Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Հիմնանորոգումից հետո թանգարանը 4 հարկ է՝ նախկին 3 հարկի փոխարեն: 4-րդ հարկի դահլիճն օգտագործվելու է եւ միջոցառումների, եւ ժամանակավոր ցուցադրությունների, եւ համերգների կազմակերպման համար:

Գրախանութում կգործի պատմական քարտեզների ցուցահանդես

Քարտեզները պատմում են

ԱՅԱՍ Ծովային Հետազոտությունների Ակումբի 31-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 6-ին Բյուրոկրատ գրախանութում հանրությանը ներկայացվեց ակումբի անդամ Վահե Անանյանի պատմական քարտեզների հավաքածուն:

20 տարուց ավել հատ-առ հատ լրացվող հավաքածուն ներառում է Ք.Ա. 6–րդ դարից մինչեւ 20-րդ դարի կեսերին աշխարհի տարբեր անկյուններում կազմված 2500-ից ավելի քարտեզներ։ Դրանցից յուրաքանչյուրում արհացոլված է Հայաստանը` պատմական իր տարբեր փուլերում։ Միջոցառման կազմակերպիչներն էին հայագետ Գագիկ Պողոսյանը, քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը, ԱՅԱՍ ակումբի հիմնադար նախագահ Կարեն Բալայանը եւ ակումբի անդամ Վարդան Գասպարբեկյանը։ Նրանք ներկայացրին քարտեզները, քարտեզների հետ կապված հետաքրքիր պատմական իրադարձությունները, քարտեզների գիտական ու պատմական արժեքը հայ հասարակության համար։

Նշենք, որ ցուցահանդեսը գործել է Բյուրոկրատ գրախանություն մինչեւ մայիսի 13–ը եւ միշտ բաց է եղել այցելուների համար։ Գրախանութից կարելի էր նաեւ ձեռք բերել որոշ քարտեզների կրկնօրինակներ։

Քարտեզները միշտ հանդիսացել են ամենաարժեքավոր տեղեկատվության աղբյուր: Նրանք պահպանվում էին աչքի լույսի պես, հաճախ որպես պետական գաղտնիք, որպես թանարժեք ունեցվածք եւ արվեստի գործ: Օրինակ` որոշ տվյալներով հանրահռչակ Կոլումբոսը ունեցել է գաղտնի քարտեզներ եւ իմացել է հեռավոր արեւմուտքում գտնվող երկրների մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քարտեզները պատրաստվում էին լավ կրթված, բանիմաց, բարձր կարգի մասնագետների կողմից, նրանք հանդիսանում են նաեւ պատմական տեղեկությունների, նավերի տեսակների, նրանց կառուցվածքի, զինվածության, ինչպես նաեւ դրոշակների եւ զինանշանների տեսակների ճշգրիտ աղբյուր:

Հիշեցում. ԱՅԱՍ Ծովային Հետազոտությունների Ակումբը հիմնադրվել է 1985թ., իրականացրել եւ ներկայումս իրականացնում է մի քանի ծրագրեր՝

Ա. Կիլիկիո հայկական նավի վերականգնումը, կառուցումը եւ նավարկությունը Եվրոպայի շուրջ՝ 63 նավահանգիստ 25 երկրում /«Նավարկություն 7 ծովերով» ԿԻԼԻԿԻԱ առագաստանավով/:

Բ. Նավարշավ դեպի Կարիբյան ծով` 1699թ. այնտեղ խորտակված Քեդախի Վաճառական  հայկական նավի մնացորդները որոնելու նպատակով /ԱՆԱՀԻՏ առագաստանավով/:

Գ. Սեւանի ավանդական առագաստանավերի վերականգնումը, կառուցումն ու ռեգատաների կազմակերպումը Սեւանա լճում /Նաիրի եւ Անի առագաստանավակներ/:

Դ. Ստորջրյա հետազոտություններ Սեւանա լճում:

Ե. Գիտաժողովներիեւ ցուցահանդեսների կազմակերպում:

Նոյեմբեր 12, 2015թ. – Որքան հայ կա աշխարհում

(ըստ «Լուսանցք»-ի՝ այս թվերը վիճարկելի են, հայեր ավելի շատ կան աշխարհում (նյութի վերջում նշված վերջնական տվյալից թերեւս 2 անգամ ավելի շատ), նաեւ ծպտյալ հայեր, բայց սույն նյութը հրատարակում ենք որպես տեղեկատվություն)

Time to Analyze հարթակը ուսումնասիրություն է ներկայացրել աշխարհում հայերի թվի վերաբերյալ: Թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարեւորագույն կառույցները, կուսակցությունները, լոբբիստական կազմակերպությունները, սփյուռքում գործող առաջնորդարանները, որոշ դեպքերում` միգրացիոն ծառայություններ: Մի քանի երկրներում տվյալները ներառում են նաեւ էթնիկ հայերի թվերը:

Աբխազիա-48.000, Ալբանիա-470, ԱՄՆ-1.540.000, Արաբական Միացյալ Էմիրություններ-3.000, Արգենտինա-128.000, Ավստրիա-3.000, Ավստրալիա–85.000, Բելոռուսիա-35.000, Բելգիա-11.000, Բոլիվիա-50, Բրազիլիա-47.000, Բուլղարիա-8.000, Գերմանիա–47.000, Դանիա-2.500, Եգիպտոս–4.500, Թուրքմենիա-30.000, Թուրքիա-70.000, Իսրայել-6.000, Իրաք–10.000, Իրան-240.000, Իսպանիա–8.000, Իտալիա–4.000, Լատվիա–3.000, Լեհաստան-45.000, Լիբանան-130.000, Լիտվա-2.100, Կանադա–57.000, Կատար–1.800, Կիպրոս-4.000, Կոլումբիա-500, Հունգարիա-35.000, Հնդկաստան-600, Հունաստան-25.000, Ղազախստան-25.000, Մալթա-350, Մեքսիկա–500, Մեծ Բրիտանիա- 11.000, Նորվեգիա-2.500, Նիդեռլանդներ-7.000, Շվեյցարիա-7.000, Շվեդիա-9.000, Չինաստան–200, Չեխիա-15.000, Չիլի-700, Ռուսաստան-1.980.000, Ռումինիա-2.000, Սիրիա-120.000 (մինչեւ Սիրիայի քաղաքացիական պատերազմը), Վենեսուելա-3.000, Վրաստան-249.000 (որից Ջավախում` 110.000), Տաջիկստան-6.000, Ուզբեկստան-70.000, Ուկրաինա-100.000, Ուրուգվայ-20.000, Քուեյթ-12.000, Ֆրանսիա-700.000

Ընդհանուր առմամբ, ըստ կայքի, աշխարհում ապրում է՝ 10.297.770 հայ, որից 8.140.500-ն ապրում է Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս:

Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում եւ Արգենտինայում:

Time to Analyze հարթակն առանձին ներկայացրել է նաեւ նշանավոր հայկական կենտրոնների հայ բնակչության թվերը:

Լոս Անջելես (ԱՄՆ, Կալիֆոռնիա)-980.000, Մոսկվա (ՌԴ)-400.000, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասեր (ՌԴ)-900.000, Ռոստովի մարզ (ՌԴ)-200.000, Բեյրութ (Լիբանան)-100.000, Փարիզ (Ֆրանսիա)-95.000, Մարսել (Ֆրանսիա)-94.000, Գլենդել (ԱՄՆ,Կալիֆոռնիա)-85.000, Բուենոս Այրես (Արգենտինա)-81.000, Բոստոն (ԱՄՆ, Մասաչուսեթս)-75.000, Թեհրան (Իրան)-70.000, Լիոն (Ֆրանսիա)-68.000, Հալեպ (Սիրիա)-50.000 (մինչեւ քաղաքացիական պատերազմը)…

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։