Էրեբունի-Երեւան. 2798. հետահայաց.- Արեւների ու տոների քաղաք Երեւանը – Հայկական լեռնաշխարհն արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով… Մայրաքաղաքի թեժ գծերի թեժությունը…

Հայկական լեռնաշխարհը արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Երեւանը արեւի քաղաք է՝ դարձյալ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Արեւի քաղաքն այս տարի դարձավ 2798 տարեկան: Երեւան ժամանած հյուրերն այնքան ոգեւորված են եղել ու տպավորված մարդկանց ջերմությամբ եւ ուրախությամբ, որ Երեւանը համարել են ոչ թե արեւի, այլ՝ արեւների քաղաք: Փարիզի քաղաքապետն, օրինակ, ապշած է եղել, որ Երեւանում բոլորը ճանաչում են մայրաքաղաքի ու երկրի պաշտոնյաներին, որ անկաշկանդ մոտենում են Երեւանի քաղաքապետին ու լուսանկարվում, որ չնայած երկրում առկա բազմաթիվ խնդիրներին, մարդիկ ուրախանալ գիտեն, բարություն անել ու հրճվել գիտեն (Փարիզի քաղաքապետն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում):

Ճիշտ է, տոնի համար այս տարի երկու անգամ քիչ գումար ծախսվեց, բայց անցկացվեց ըստ պատշաճի: Իսկ երկու անգամ քիչ էր, որովհետեւ այդ գումարով նախապես բնակարաններ էին տրվել  ապրիլյան պատերազմում զոհված երեւանաբնանկ զինծառայողների ընտանքիներին («Լուսանցքը» գրել է այդ մասին): Էրեբունի–Երեւանին ընդառաջ արվող սոցիալական բաղադրիչն էլ արվեց: 2798 ընտանիք ստացան նվերներ՝ հեռուստացույց, սառնարան եւ կենցաղում անհրաժեշտ այլ էլեկտրասարքավորումներ: Տոնին ընդառաջ հաղորդագրություններն այնքան շատ էին, որ չէիր հասցնում հետեւել՝ ում բնակարան, ում նվերներ, ում մեդալ ու պարգեւ, ու պատվավոր քաղաքացի կոչում շնորհեցին: Ամեն ինչ արվեց մարդկանց սիրտը շահելու, հոգսը թեթեւացնելու համար: Դիմանալ է պետք, մաքառել է պետք, մենք դեռ անելիք ունենք: «Էրեբունի-Երեւանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգեւոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու եւ դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արեւի քաղաք Երեւանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլեւ հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել եւ արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար»,-ասված էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում:  

Գանք տոնական օրվան: Կփորձեմ ոչ մի միջոցառում չմոռանալ, բայց կսկսեմ իմ ամենասիրածից՝ ջրցան մեքենաների շքերթից, որով էլ վաղ առավոտյան մեկնարկեց տոնը: Լվացվեցին Երեւանի հուշարձանները: Սարյան պուրակում բացվեց ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» գեղանկարչական միջոցառումը: «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում կազմակերպվող ավանդական միջոցառումների շարքում իրապես հաճելի նորություն էր Երեւանի պատմության թանգարանում բացված «ԳՕՍՏ-արտադրված է Երեւանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին խորհրդային տարիներին Երեւանում արտադրված թեթեւ եւ սննդի արդյունաբերական արտադրանքների նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից: Խորհրդային տարիներից մի բան եմ երեւի միայն սիրել՝ հայկական կոնյակը, որ այստեղ նույնպես ցուցադրվում էր, նաեւ՝ Մասիսի կոշիկները:

Տոնի օրը նաեւ մանկական կավճանկարների բացօթյան ցուցահանդես եղավ Երեւանի քաղաքապտարանի հարակից հրապարակում: Անակնկալ էր Շահումյան հրապարակում կազմակերպված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությունը: Շուրջ երեք տասնյակ խորհրդային եւ արտասահմանյան, նաեւ ինքնաշեն ավտոմեքենաները ոչ միայն տարեցների, այլեւ երիտասարդների հետաքրքրությունն են շարժել: Ցուցադրված մեքենաներից մի քանիսն, ի դեպ, ամենատարբեր մրցարշավներում ու միջազգային ցուցադրություններում մրցանակային տեղեր են գրավել: Ինքնատիպ միջոցառում էր Կարապի լճում: Այստեղ իրենց վարպետությունն են ցուցադրել առագաստանավային սպորտի ներկայացուցիչները: Առագաստանավորդներից բացի, ցուցադրական ելույթներով հանդես են եկել նաեւ թիավարողները:

Երեւանի ծննդյան տարեդարձը շնորհավորել են պարալիմպիկ մարզիկներն ու մասնակիցները: «Մոսկվա» կինոթատրոնից սկիզբ է առել մեր համաքաղաքացի-պարալիմպիկ մարզիկների, մասնակիցների ամենամյա տոնական երթը: Միջոցառման կազմակերպիչները հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով եւ հասել Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք՝ ընթացքում ողջույններ հղելով տոնական միջոցառումների մասնակիցներին, երեւանցիներին ու քաղաքի հյուրերին՝ այս կերպ իրենց մասնակցությունը բերելով 2798-ամյա մեր քաղաքի տոնական միջոցառումներին եւ հաստատելով այն գաղափարը, որ Երեւանը բոլորինն է եւ գնալով դառնում է էլ ավելի մատչելի ու հասանելի բոլորի համար:

Հյուսիսային պողոտայում Երեւանի ծննդյան օրվա միջոցառումների ծրագրի շրջանակում մեր համաքաղաքացիներին եւ քաղաքի հյուրերին սպասում էր եւս մեկ գեղեցիկ անակնկալ՝ փողային նվագախմբերի տոնական քայլերթ։ Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» եւ ՀՀ պաշտպանության նախարարության փողային նվագախմբերի կատարմամբ երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ստացել ունկնդրելու ինչպես երեւանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված մեղեդիներ:

Շախմատասեր հանրության համար Միսակ Մանուշյանի պուրակում Երեւանի շախմատային դպրոցների տարբեր տարիքի երիտասարդներ իրենց ուժերն էին փորձում անվանի շախմատիստների հետ։ Իմաստուն խաղի պատանի ներկայացուցիչների հետ այս տարի համաժամանակյա խաղի սեանս էին անցկացնում միջազգային գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Հրայր Սիմոնյանը:

Սուսերամարտի, աթլետիկայի ցուցադրական ելույթներ են եղել Ազատության հրապարակում: Միսակ Մանուշյանի անվան պուրակում կազմակերպվել էր մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 25 երաժշտական եւ արվեստի դպրոցների շուրջ 200 սան ներկայացրել են իրենց ստեղծագործությունները: Թեեւ ստեղծագործելու առումով թեմատիկ սահմանափակում չի եղել, այդուհանդերձ աշխատանքներում գերակշռել են երեւանյան մոտիվները: Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, յուրօրինակ մոտեցումների ու լուսային ձեւավորման շնորհիվ քաղաքապետարանի շենքի կամարակապ ճեմասրահը կենդանացել ու դարձել է պարող ճարտարապետություն:

Թումանյանական հեքիաթների հերոսների շքերթ է եղել, որ սկսվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից, անցել Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ մինչեւ Հանրապետության հրապարակ: «Կասկադ» համալիրի տարածքում ջազի բեմահարթակում «Արեւային ջազ» խորագրով hամերգային ծրագրով ելույթ են ունեցել հայկական ջազի անհատ կատարողներն ու ջազային նվագախմբերը:

Տոնական միջոցառումներից է եղել ավանդական հեծանվավազքը, ազգագրական պարերի տոնական շքերթը, հեղինակ-կատարողների երեկոն: Կարապի լճի տարածքում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է «Հռոմից հին մայրաքաղաք» փաստավավերագրական ֆիլմը: Դասական երաժշտության համերգ է եղել Կոնսերվատորիայի պուրակում, ռոք երաժշտության համերգ՝ Ազատության հրապարակում, հայկական ժողովրդական երգեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից բեմահարթակում, երեւանյան երգերի կարաոկե՝ Հյուսիսային պողոտայում, տոնական դիսկոտեկ՝  Ազատության հրապարակում:

Հյուսիսային պողոտայում էլ հանդիպել են հինն ու նորը: Ներկայացվել են զինագործ դարբինների, այդ թվում 1650-ական թվականներից հայտնի Չիլինգարյանների տոհմի դարբինների հին և ժամանակակից զինատեսակներ, նաև տեղում դարբնի հետաքրքիր աշխատանքներ են մշակվել:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչեւ Ազատամարտիկների փողոցի խաչմերուկն ընկած հատվածում ներկայացվել են տոնական ձեւավորվամբ ավելի քան 80 տաղավարներ: Ներկայացվել են ժողովրդական արվեստի գործեր, այդ թվում՝ ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, տարազներ, ինչպես նաեւ գեղանկարներ, Երեւանի մասին պատմող գրականություն: Կազմակերպվել է ազգային խոհանոցի ուտեստների հյուրասիրություն:

Մի խոսքով՝ տոնն այնքան շատ էր այդ օրը, որ եզակիով խոսելը մի տեսակ անթույլատրելի է դառնում: Այդ օրը տոներ էին, արեւներ էին, ծիծաղներ էին, ամեն ինչը հոգնակի էր ու ամենալավի սպասումով:

Անի Մարության

Թեժ գծերի թեժությունը

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 157 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 135-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 22 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 66 հեռախոսազանգ, որոնցից 57-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Մեր օրերում անսպասելի բաներ էլ են լինում: Զանգեցի քաղաքապետարանի թեժ գիծ, դեռ չէին պատասխանել, երբ հեռախոսս անջատվեց: Մինչեւ լիցքավորեցի, միացրեցի, մոտավորապես կես ժամ անցավ: Տեսնեմ՝ հետ են զանգել…

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։