Պետությունը պարտադրված է հաջողելու գյուղոլորտում – Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրենի հետ… Որ սեւն ու սպիտակը չխառնվեն – Ի՞նչ է անելու հարկային մարմինը, ո՞րն է հիմնական մոտեցումը…

Պետությունը պարտադրված է հաջողելու գյուղոլորտում

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ իշխանությունը պարտադրված է հաջողելու գրեթե միշտ՝ անկախ ընտրական, քաղաքական շահերից: Որովհետեւ Հայաստանի համար գյուղոլորտը զուտ ոլորտ չէ, այն ռազմավարական նշանակություն ունի երկրի համար: Չհաջողելու դեպքում, օրինակ, կարող է սոցիալական բողոքի ալիք սկսվել: Ու թեեւ պետությունը շատ դեպքերում լծակներ չունի բիզնեսին, բանկերին ստիպելու, բայց ամեն կերպ փորձում է գործը գլուխ բերել՝ գյուղացուն աջակցելու համար:

Երեկ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին անում Արարատի մարզի համայնքների (Քաղցրաշեն, Այգեզարդ) խաղողագործներ: Նախարարը նիստից հետո արագ ընդունեց նրանց, եւ ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, հանդիպմանը ներկա են եղել նաեւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւ «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռ 2015թ. մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ:

Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար» ընկերությունը պարտք է մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն եւ Այգեզարդ համայնքներին: Հանդիպմանը նախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը եւ վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել: «Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում, գումարները չստանալու պատճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները եւ խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:

Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ եւ խնդրել է քննարկել մինչեւ վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը: Նախարարը հստակեցրել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համայնքապետերին՝ գյուղացիներին իրազեկելու նպատակով:

Օպերատիվ եւ արագ աշխատանքը միշտ է գերադասելի ու արդյունավետ:

Սեփ. լրատվություն

Որ սեւն ու սպիտակը չխառնվեն

Նոր ձեւավորված կառավարությունը հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումներ է անելու: Այլ կերպ ասած՝ սեւ դաշտում աշխատողներին բերելու է սպիտակ դաշտ: Ընդհանրապես, վարչարարության բարելավման հետա կապված հայտարարություններ տարբեր տարիներին տարբեր վարչապետեր ու պետական եկամուտների կոմիտեի նախագահներ են արել: Գրեթե միշտ կոմիտեի նախագահի տեղակալների (նրանք մասնագիտացած են) հարցրել եմ, թե այդ միջոցառումների շրջանակում ինչպե՞ս են անելու, որ սպիտակ դաշտում գործողները չտուժեն: Զրուցակիցներս մշտապես հավաստել են, որ վարչարարությունը միայն ստվերում աշխատողներին է վերաբերում եւ բարեխիղճ հարկատուների տուժելու մասին խոսք լինել չի կարող: Իրականությունն այլ բան է ցույց տվել:

Ինչեւէ: Երբ կառավարությունը հավանության արժանացրեց հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրն ու ցանկը, գործադիր իշխանության ղեկավար Կարեն Կարապետյանն ուշադրություն հրավիրեց հետեւյալ խնդրին. պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ միջոցառումները գլխացավանք չդառնան օրինապահ դաշտում աշխատող գործարարի համար. «Հաճախ չենք մտածում, թե դա ինչպես կանդրադառնա սպիտակ դաշտում աշխատող բիզնեսի վրա, որը կարող է բերել խնդիրների, քաշքշուկների ավելացմանը»:

ՊԵԿ-ը պարզաբանում է, որ տնտեսական զարգացումներին եւ կատարվող օրենսդրական փոփոխություններին զուգընթաց՝ կոմիտեն շարունակաբար վերանայում եւ կատարելագործում է եկամուտների վարչարարության բարեփոխումների քայլերն այն իմաստով, որ դրանք համահունչ լինեն կառավարության գործունեության ծրագրին եւ սկզբունքներին, բխեն  տնտեսության զարգացման միտումներից: Եվ զարգացման տարբեր փուլերում տարբեր սկզբունքներ են կարեւորվում: Զարգացման ներկա փուլում կարեւորվում է ստվերային տնտեսության կրճատմանն ու հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված արդյունավետ, հետեւողական հարկային վարչարարությունը եւ դրանց արդյունքում հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ապահովումը: Երբ ծրագիրն իրագործվի, ՊԵԿ-ն ակնկալում է, որ կրճատված կլինի տնտեսության ստվերային հատվածը եւ, հետեւաբար, ամրապնդված երկրի տնտեսական անվտանգությունը, բնականաբար կավելանան պետական բյուջեի հարկային եկամուտները:

Նշված ծրագրի թիվ մեկ նպատակը, բնականաբար, բյուջեի ծրագրային ցուցանիշների ապահովումն է: Եվ այս առումով «խնդիր է դրվում վերլուծական կարողությունների եւ էլեկտրոնային կառավարման համակարգի էական բարելավմամբ առավել ճշգրիտ բացահայտել ռիսկային հարկ վճարողներին ու կատարված իրավախախտումները, հարկային ներուժը, իրականացվող վարչական հսկողության սլաքն ուղղել դեպի իրապես ռիսկային հարկ վճարողներ կամ ոլորտներ»:

Միաժամանակ, դարձյալ ըստ ՊԵԿ-ի, վերլուծական աշխատանքներում դիտարկումների կենտրոնում են լինելու եւ աննկատ հսկողություն է արվելու այն ոլորտներում, որտեղ հարկման դրույքաչափերի նվազման կամ այլ արտոնությունների տրամադրման

ուղղությամբ հարկային քաղաքականության փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ ոլորտներում հիմնական գործը կկենտրոնացվի ստվերային շրջանառությունների բացահայտման, բիզնեսի տրոհման, ագրեսիվ հարկային պլանավորման եւ սահմանված արտոնությունները չարաշահելու դեպքերի բացահայտման վրա:

Այնուամենայնիվ, հարցը կրկնենք. ի՞նչ անել, որպեսզի սպիտակ դաշտում աշխատողը չտուժի: Փորձը վկայում է, որ վարչարարության բարելավման յուրաքանչյուր ծրագրից հետո հարկային տեսուչները զանգահարում են հերթով, անխտիր բոլոր հարկատուներին եւ «խնդրում ճշգրտել եկամուտները»: Հարկատուն լավ է հասկանում, թե ինչ է սա նշանակում՝ պետք է հարկ տա՝ չստացած եկամտից, այլ կերպ՝ իր գրպանից: Եթե հանկարծ հարկատուն որոշում է ամրացնել նյարդերը ու գլուխ դնել հարկային մարմինների հետ ու ապացուցել իր ճշմարտացիությունը, հարկայինը խնդրում է «կանխավճար անել»: Կանխավճարները հետագայում գերավճարների են բերում: Բայց հարկային մարմնին կարծես թե այս անգամ չի թույլատրվելու օգտվել գերավճարի՝ այնքան սիրելի ձեւից: Որովհետեւ վարչապետն ու ֆինանսների նախարարն ասել են, որ 2017թ. հարկերը չափից շատ չեն կանխատեսվել, քանզի չափից շատ կանխատեսումը լրացուցիչ գերավճարների հաշվին պետք է արվեր, այլ կերպ՝ տնտեսավարող սուբյեկտների հաշվին, ինչը ոչ միայն ճիշտ չէ, այլեւ վտանգավոր է։ Սա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հարկատուն կարող է ահազանգել, որ հարկայինը վտանգավոր քայլի է դիմում:

Ուրեմն՝ ի՞նչ է անելու հարկային մարմինը, ո՞րն է հիմնական մոտեցումը: «Հիմնական մոտեցումն այն է, որ հարկային հսկողության գործիքները կիրառվեն բացառապես այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք վերլուծությունների արդյունքներով, հարկային պարտավորությունների կատարման առումով, կհամարվեն ռիսկային, ինչը կհանգեցնի վարչական ռեսուրսների ծախսման արդյունավետության բարձրացմանը եւ քողարկված հարկային եկամուտների վերհանմանը»: Սրան հասնելու համար կընդլայնվի ռիսկեր բացահայտող վերլուծական գործիքակազմը: Իրական շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերից ելնելով՝ դուրս կբերվեն հաշվարկային փաստաթղթերը պարբերաբար չեղարկող, հիմնականում մեկ գնորդի կամ մեկ մատակարարի հետ գործարքներ իրականացնող անձանց ցանկերը, որոնց նկատմամբ կկիրառվեն գործարքների իրական ծավալների եւ գների, կամ անձանց փոխկապակցվածությունը բացահայտելուն ուղղված համապատասխան հսկողական գործիքներ: Ընդգծենք, որ հարկային հսկողական գործիքակազմ կիրառվելու է միայն նախապես իրականացված վերլուծություններով բացահայտված եւ հիմնավորված ռիսկեր առաջանալու դեպքերում:

Ի՞նչ կլինի, եթե վերլուծություններով հաստատվի, որ հարկ վճարողը ռիսկային է: Այս դեպքում արդեն խոսքը օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին կլինի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։