ԵԽԽՎ-ում Բաքուն շահարկեց Երեւանի ՊՊԾ գնդում տեղի ունեցածը – Ըստ The Tablet կաթոլիկ պարբերականի՝ Ֆրանցիսկոս 1-ինը Հայաստանի կողմն է Արցախի հարցում, իսկ Ադրբեջանն անհամապատասխան վայր է Հռոմի Պապի այցի համար…

Ստրասբուրգում կայացավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ելույթով հանդես եկավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ում ուշադրության կենտրոնում էին հատկապես Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ հեղաշրջման եւ դրան հետեւող դեպքերի ընթացքը: Այս հարցում եվրոպացիների դիտարկումն այնպիսին է, որ Անկարան համաչափ չի արձագանքել հեղաշրջման փորձին, եւ հալածանքները մեծ ծավալների են հասել, որոնք հաճախ տվյալ գործին չեն էլ առնչվում:

Հարցուպատասխանին հաջորդեցին պատվիրակների ելույթները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովը կրկին հնչեցրեց, թե «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», այնուհետեւ սկսեց արդարանալ, թե Ադրբեջանում հասարակություն-իշխանություն անջրպետ չկա՝ վկայակոչելով սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դիտորդական առաքելությունների եզրակացությունները:

Նա հայտարարեց, թե դրանք վկայում են Ադրբեջանում իշխանություն-հասարակություն միասնության մասին: Եվ զուգահեռ անցկացրեց Հայաստանի հետ՝ հիշեցնելով հուլիսին Էրեբունիում տեղակայված ՊՊԾ գնդում կատարվածը: Ադրբեջանցի պատվիրակը մասնավորապես հայտարարեց. «Ադրբեջանում կա հասարակություն-իշխանություն համախմբվածություն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մայրաքաղաքում, Էրեբունիում իշխանության դեմ դուրս եկան ընդդիմության ներկայացուցիչները»:  

ԵԽ ամբիոնը գործածելով սեփական նպատակների համար՝ Իլհամ Ալիեւի կամակատարները մեկ անգամ եւս հնչեցրեցին Ադրբեջանի հասարակության եւ իշխանության սին միասնության մասին, ինչին, իհարկե ոչ ոք չի հավատում Եվրոպայում: Բայց նավթադոլարների նվիրատվությունները ոմանց հավատացնում են եւ բերում դրական քվեարկության… Փաստորեն, ԵԽԽՎ-ն միակ ամբիոնն է մնացել Բաքվի համար, որտեղ կարող են կաշառատվության միջոցով անընդհատ հնչեցնել «հայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման մասին»: Չնայած դա ոչ մի հարց չի լուծում, քանզի խնդիրը գտնվում է ԵԱՀԿ ՄԽ շրջւանակներում: Պարզապես Բաքուն լուծում է ներքին խնդիր՝ իր հասարակությանը հավաստելով, թե Հայաստանի «օկուպանտ լինելը» մեծագույն քաղաքական նվաճում է, որին կարողանում է հասնել Իլհամ Ալիեւը…

Սպասելի էր նաեւ Երեւանում ՊՊԾ-ի գնդի գրավման մասին խոսելը, իր համար այդ հարմար պահը Բաքուն երբեք չէր կարող բաց թողնել:

Ադրբեջանի նախագահը մեծ հույս ուներ, որ Բաքվում եւս կարող է ի նպաստ իրեն շահարկել Ղարաբաղի հարցը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը:

Բայց Հռոմի պապը Բաքվում՝ Հեյդար Ալիեւի անվան կենտրոնում, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ նշելով, որ մեծ հույսեր է կապում միջազգային հանրության հետ այդ հակամարտության կարգավորման հարցում: «Հուսով եմ, որ միջազգային հանրությունը ի վիճակի կլինի հետեւողականորեն շարունակել անհրաժեշտ օգություն ցուցաբերել»,- ասել է նա: Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար Հռոմի պապը կոչ է արել բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից՝ Ղարաբաղյան հակամարտությանը բավարար լուծում գտնելու համար: «Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ եւ հակամարտությունում ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կլինի այն վայրը, որտեղ երկխոսության եւ բանակցությունների շնորհիվ վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն, կհաղթահարվեն»,- նշել է Ֆրանցիսկոս պապը:

Հիշեցնենք, որ Պապը Վրաստանից էր գնացել Ադրբեջան, եւ սա նրա երկրորդ Կովկասյան այցն էր՝ Հայաստան այցից հետո:

Իլհամ Ալիեւը Սուրբ աթոռի ղեկավարի այցն Ադրբեջան «պատմական» է անվանել. «Ձեր այցը պատմական է: Շնորհակալ եմ Ձեզ, որ ընդունել եք հրավերս ու այցելել Ադրբեջան»: Բայց Հռոմի պապն այցի շրջանակներում ադրբեջանամետ ոչ մի արտահայտություն չի արել, նա պատարագ է մատուցել մայրաքաղաքային Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ուր ժողովրդին խաղաղության, սիրո եւ արդարության կոչ է արել, ինչպես դա արել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մինչ պատարագը՝ Պապը կրոնական արարողություններ է անցկացրել մայրաքաղաք Բաքվի կաթոլիկ եկեղեցում:

Գրեթե նույն օրակարգով է անցել նրա այցը Վրաստանում: Նախեւառաջ՝ ուղեւորվել է Թբիլիսիի նախագահական պալատ, որտեղ հանդիպել է երկրի նախագահին: Այնուհետ կաթոլիկների հոգեւոր առաջնորդը հանդիպել է Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2-րդին:

Եվրոպական լրատվամիջոցները հիմնականում զարմացած են Հռոմի պապի՝ Բաքու այցելությամբ: Բրիտանական The Tablet կաթոլիկ պարբերականը Հռոմի Պապ Ֆրանցիկոսի Վրաստան եւ Ադրբեջան այցի նախօրեին հոդված է հրապարակել՝ նշելով, որ այս այցը միտված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն եւ Հյուսիս-Հարավ կապերն ամրապնդելուն: Բայց, այնուամենայնիվ, ընդգծել է. «Ադրբեջանը, որտեղ բնակչության 90%-ը մուսուլմաններ են, իսկ կաթոլիկները 300-ից էլ պակաս են, որտեղ նախագահին մեղադրում են մարդու իրավունքների սարսափելի խախտումների մեջ, ակնհայտ է, որ անհամապատասխան է Պապի այցի համար»։

Այս պարբերականի նման այլ լրատվամիջոցներ եւս արձագանքել են, որ Ադրբեջանը եւ Հայաստանը 1990-ականներից սկսած ռազմական գործողությունների մեջ են Լեռնային Ղարաբաղի համար, եւ որ Պապի այցը Ադրբեջան կարեւոր քայլ է կողմերին հաշտեցնելու համար, ինչպես նաեւ հավասարակշռություն կմտցնի ու տեսակետ կստեղծի այն մասին, որ Ֆրանցիսկոս 1-ինը այս հարցում հայերի կողմն է, քանի որ առաջինը այդ երկիր է այցելել։ Իսկ «Ադրբեջանն անհամապատասխան վայր է Հռոմի Պապի այցի համար»…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։