Վարչապետի աթոռը՝ եւ՛ պառակտիչ եւ՛ միավորիչ… Իշխանությունը, ընդդիմադիր ու չեզոք քաղաքական հատվածները բանակցում են եւ պատրաստվում – հաջորդ ԱԺ-ն կղեկավարի երկիրն իր նոր վարչապետով…

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ավելի քան 75% հաջողություն արձանագրելուց հետո իշխող կուսակցությունը վերստին վստահություն ձեռք բերեց հաջորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Իսկ այդ ընտրությունները որոշիչ են լինելու ինչպես երկրի ԱԺ-ում մեծամասնություն ստանալու, այնպես էլ՝ երկրի ղեկավարի ընտրության հարցում: Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությամբ այլեւս պետության ղեկավար է ճանաչվում կառավարության ղեկավարը՝ վարչապետը, իսկ վերջինս, արդեն որպես երկրի ղեկավար, կընտրվի նորընտիր ԱԺ մեծամասնության կողմից: Դրան հաջորդող տարի էլ կկայանա Հայաստանի նախագահի ընտրությունը, որն արդեն առաջվա որոշիչ ուժը չունի, բայց այդ պաշտոնը մնում է կարեւոր լծակ՝ երկրի ղեկավարման համակարգում:

ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր քաղաքական թեւերը հիմնականում հանդես չեկան, իսկ մի շարք ուժեր, որ փորձեցին իրենց հնարավորությունները, արձանագրեցին մասնակի հաջողություններ, ինչը համենայնդեպս հավաստեց, որ միասնական ընդդիմություն լինելու դեպքում Հանրապետականներին մեծ դժվարություններ են սպասվում: Սակայն, հարցը այն է, որ միասնական ընդիմություն ցայսօր չի ձեւավորվում, քանզի թիվ 1-ը լինելու մղումն ավելի զորավոր է: Ինչպես նախկինում՝ խորհրդարանական ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգութուն» եւ ՀԱԿ ընդդիմադիրների դեպքում, որոնց պատրաստ էր նաեւ ՕԵԿ-ը միանալ եւ արտախորհրդարանական շատ կազմակերպություններ, այնպես էլ այսօր ձեւավորվող մի քանի ընդդիմադիր թեւերի պարագայում առաջնեկության հարցը տապալում է բոլոր բանակցությունները:

Հասկանալի է, որ առաջատարը լինելու դեպքում ընդդիմադիրների հաջողությունը հենց այդ ուժի ներկայացուցչին կբերի վարչապետի աթոռին եւ սա դժվարամարսելի է բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որոնք դեմ են նույնիսկ թիվ 2-ը լինելու…  

Այսինքն՝ գալիք ընտրություններից հետո կայծկլտող վարչապետական աթոռը արդեն իսկ պառակտում է ընդդիմադիր դաշտի բոլոր միասնական քայլերը:

Փաստորեն, այդ աթոռը միասնական է դարձնում միայն իշխող կուսակցությանը: Եվ այն պարզ պատճառով, որ չզրկվի իշխանությունից:

Եվ անչափ կարեւորվում է իշխանության կողմից ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, դա համարվում է երկրի համար գերակա: Իհարկե, ՏԻՄ ընտրությունները եղան փորձադաշտ ԱԺ ընտրություններից առաջ, ինչը ցույց տվեց իշխանության ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու եւ պարտվելու հավանական ընտրատարածքները, սեփական միջոցների ու հնարավորությունների պաշարը եւ այլն: Ցավոք, ընդդիմադիր ուժերը չկարողացան դա արձանագրել, քանզի հանրապետության ամբողջ տարածքում նրանց պայքարը մասնակի բնույթ կրեց, իսկ դա չի կարող ցույց տալ այդ ուժերի իրական հնարավորությունները խորհրդարանական ընտրություններից առաջ:

ԵԽԽՎ-ում կայացած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընթացիկ հաշվետվության ձեւաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի պետական եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարեւոր իրադարձություն՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ «դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին կառավարման մոդելում, ուժերի հավասարակշռության, ինքնակառավարման, դատաիրավական եւ օրենքի գերակայության ոլորտներում»: Նա հիշեցրել է, որ Սահմանադրական փոփոխությունների մշակման ամբողջ գործընթացը զարգացել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: «Մեզ համար կարեւոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ եւ համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են ՀՀ իշխանությունների կողմից»,- նշել է ԱԺ փոխխոսնակը՝ վստահեցնելով, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ, ճկուն եւ քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող:

ԵԽԽՎ պատվիրակներին հետաքրքրել է ոչ միայն Սահմանադրական բարեփոխումների թեման, ինչին նրանք ի սկզբանե դեմ չեն եղել: Վրաստանից եւ Հայաստանից հետո նաեւ Ադրբեջանին են փորձում բերել խորհրդարանական համակարգով երկրի կարգավիճակի: Եթե առաջին երկուսը արդեն եկել են դրան, ապա վերջինիս դեպքում կայացած սահմանադրական փոփոխությունները հանգեցրել են Ալիեւների կլանի իշխանությունը երկարաձգելու միջոցի, այսինքն՝ խալիֆայության կարգավիճակին մոտ համակարգ են ընտրել:

Իսկ անդրադառնալով Ընտրական օրենսգիրքի քննարկումներին՝ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին մեկ անգամ եւս տեղեկացրել է, որ այն ընթացել է համատեղ ձեւաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4+4+4» ձեւաչափով: «Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության ոգով: Հայաստանի իշխանությունները միտված են  կոնսենսուս կառուցել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերի շուրջ՝ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել ու բարձրացնել ժողովրդի վստահությունը»,- ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:

Նման համապատկերում, ըստ բանախոսի, Ընտրական օրենսգրքի քննարկումները բացառիկ համագործակցություն էին՝ ուղղված գալիք ընտրությունների համար կայուն եւ հուսալի հիմք ստեղծելուն. Այսպես փորձ է արվել նախապես հիմքեր ստեղծել առ այն, որ իշխանությունները ամեն բան արել են փոփոխությունները մասնակի չդարձնելու համար, ինչն էլ թույլ է տալու գալիք ընտրությունները անցկացնել առանց խախտումների: Իհարկե մանր խախտումները չեն բացառվում, ինչը «համարվում» է ընտրությունների բաղկացուցիչ մասը ամենուր… Անգամ Վրաստանում օրերս կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում այդօրինակ խախտումներ գրանցվեցին (պայքարը հատկապես սրվել էր նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու եւ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կազմակերպությունների միջեւ), ինչը դժգոհություն էր առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի մոտ:

«Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը մեր երկրի գերակայությունն է: Եվ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարեւոր են, քան արդյունքները»,- նշել է Հերմինե Նաղդալյանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարության ուղին ընտրած հայ ժողովուրդը այս բարեփոխումների շնորհիվ ունենալու է հասարակություն, որտեղ ապագա սերունդները կապրեն խաղաղության եւ կայունության մեջ:

Իհարկե, համեմատություն է կատարվել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեի հետ, որը Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է առաջացրել, քանզի հանձնաժողովն ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից, եւ ընդգծել, որ «ավտորիտար վարչակարգերին բնորոշ՝ այս հանրաքվեն կոչված էր պաշտպանելու՝ Ալիեւների տոհմի հավերժ իշխանությունը»:

Ընտրական գործընթացների կարեւորագույն մասը հանձնաժողովներն են եւ Հայաստանում արդեն գործում է նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿՀԸ), սակայն հին կազմով: Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ն ընտրել է ԿՀԸ նոր կազմ՝ նախագահին եւ անդամներին, որը հենց գործող ԿԸՀ-ի կազմն է: ՀՀ օրենսդիր ժողովի այս որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել ընտրական համակարգի բարեփոխման եւ առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության ապահովման առումով, քանի որ ընդդիմադիր բոլոր ուժերն էլ դժգոհ են եղել ԿԸՀ գործելակերպից՝ մեղադրելով բոլոր անօրինականությունների մեջ, ինչը, իհարկե այդպես չէ: ԿԸՀ-ի մեղքերը թեեւ քիչ չեն, բայց ամեն ինչում մեղադրելու կարիք չկա ամենեւին:

Համաձայն ցայսօր բողոքող կազմակերպությունների, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող եւ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին եւ, այդպիսով, պատասխանատվություն է կրում ՀՀ-ում ընտրական գործընթացների օրինականության համար: ԿԸՀ-ի գործող եւ ԱԺ-ի կողմից ընտրված (ըստ էության՝ վերանշանակված) կազմը, այդ թվում՝ նախագահը նշանակվել են ՀՀ նախագահի կողմից 2011թ. ի վեր ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում տեղի են ունեցել 2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական, 2013թ. Երեւանի ավագանու ու հարյուրավոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչպես նաեւ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնց համապատասխանությունն ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներին վիճելի է մնացել մի շարք տեղական եւ օտար դիտորդական խմբերի համար: Ըստ այդ կազմակերպությունների դիտարկումների, 2011-2016 թթ. ընթացքում ԿԸՀ-ի գործող կազմը եւս ձախողել է պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպման ու վերահսկողության՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները, հետեւաբար՝ Հայաստանում ընտրական իրավունքի ապահովումն ու պաշտպանությունը:

Ինչեւէ, հակառակ կողմն էլ իր հակառակ հիմնավորումներն է բերում եւ այլեւս ունենք նոր ԿԸՀ: Այժմ բոլոր քաղաքական ուժերը, որոնք անկախ դիրքից ու հնարավորություններից ցանկանում են տեղ ունենալ երկրի կառավարման համակարգում, պատրաստվում են 2017-ի քաղաքական մարտերին: Ընթանում են ինչպես ընդդիմադիրների համախմբման աշխատանքները, այնպես էլ իշխանության շուրջ համախմբվողների, գործող իշխանությունը չի հերքում, որ հնարավոր է այսօր ՀՅԴ-ի հետ կազմած քաղաքական կոալիցիան ընդարձակվի:

Իմիջիայլոց, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարց տրվեց, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն, փաստորեն, չի հաղթահարել սահմանված շեմը, ուստի արդյո՞ք քննարկումներ կան դաշինք կազմելու վերաբերյալ: Ի պատասխան հնչեց. «եթե ընդդիմությունը դաշինք կազմի, մենք որեւէ բան չենք բացառում»: ՀՀԿ-ն խտրականություն չի դնում, թե ում հետ դաշինք կկազմի: Այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ, որոնց հետ կուսակցության նպատակները եւ ծրագրերը կունենան եզրեր: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե խորհրդարանական համակարգն արդարացված է մրցակցային պայքարում եւ իրենք դեմ չեն մրցակցության որեւէ ձեւի, այդ թվում՝ դաշինքներ կազմելով:

Ըստ ամենայնի սա վերաբերվում է խորհրդարանական ընտրություններին: Ինչը հասկանալի է, քանի որ նոր վարչապետի նշանակմամբ իսկ սկիզբ դրվեց նախընտրական պայքարին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։