Հայկական խոհանոց – Նռով ու կարմիր լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Նռով ու կարմիր լոբով աղցան

Բաղադրությունը - Նուռ – 1 հատ, կարմիր լոբի՝ եփած – 1 բաժակ, գլուխ սոխ – 1 հատ, կիտրոն – 1 հատ, լոլիկ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, բուսայուղ – 50 գրամ, մաղադանոս – 0.5 կապ:

Պատրաստման եղանակը - Սոխը, լոլիկը, տաքդեղը մանր խորանարդիկներով կտրատել: Խառնել լոբուն: Աղով համեմել, վրան լցնել բուսայուղն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնել նռան հատիկներն ու կտրտած մաղադանոսը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Վարուժան Սուքիասյանը հեռացավ – նա հրաժարական էր ներկայացրել օրեր առաջ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել էր ՀՖՖ մամուլի քարտուղարությանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Հիշեցնենք, որ նա գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2015թ. դեկտեմբերից: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում նրա գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 3 խաղերում էլ պարտություն է կրել՝ Դանիայի, Ռումինիայի եւ Լեհաստանի հավաքականներից:  

Հրավիրելու են ֆուտբոլի իրական մասնագետների

Հայկական ֆուտբոլի վիճակը մտահոգել է նաեւ Սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին. «Խնդիրները բազմազան են: Մենք հիմա քննարկումներ ենք սկսել՝ կհրավիրենք ֆուտբոլի իրական մասնագետներին»: Նախարարն անդրադարձել էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչին՝ վերանայել մարզական ՀԿ-երի աշխատանքն ու օպտիմալացնել. «Կան ՀԿ-եր, որոնց ֆինանսավորման արդյունավետությունը պետք է ուսումնասիրել ու տալ վերջնական պատասխան: Այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, չունեն դահլիճ, որ մարզվեն, պետք է խոշորացվեն, վերախմբավորվեն»,- նշել է նախարարը:

Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

ՀՖՖ-ն իր պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությունում հայտնել է, որ ավարտեց բանակցությունները ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված, եւ նոյեմբերի 1-ից հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 45 տարեկան է, ծնունդով Գյումրի քաղաքից է: Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում, որտեղ հանդես է եկել 1989-1998թթ.: 1998-1999թթ. նա շարունակել է ֆուտբոլային կարիերան իսրայելական «Մաքքաբի»-ում, 1999-2000թթ.վերադարձել է «Շիրակ», 1999-ին հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ»-ի կազմում: 2000-2003թթ. Արթուր Պետրոսյանը հանդես է եկել շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006թթ. կեղափոխվել ու խաղացել է «Ցյուրիխ»-ում:

Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992թ., 1992-2005թթ. հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների 2-րդ լավագույն ռմբարկուն է:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999թթ․), Հայաստանի կրկնակի սուպերգավաթակիր (1996, 1999թթ․), Շվեյցարիայի գավաթակիր (2005թ․), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006թթ․): 1996թ. եւ 2000թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 1997-ին՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու:

Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006թ.՝ գլխավորելով «Ցյուրիխ»-ի Մ-14, 15, 16, 18 թիմերը, 2011-ին «Ցյուրիխ»-ի Մ-18 թիմի հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն:

2014-2015թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

2016թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

«Կոտայք»-ը դադարեցրեց գործունեությունը, «Էրեբունի»-ն չի մասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում քննարկվեցին «Էրեբունի» եւ «Կոտայք» ակումբների գրությունները: ՀՖՖ-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ին «Էրեբունի» ակումբը, հաշվի առնելով, որ թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-ից 17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղևորություններից հետո, դիմել էր ՀՖՖ-ին թիմը Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով: «Էրեբունի» ակումբի խնդրանքը բավարարվել է:

Հոկտեմբերի 11-ին «Կոտայք» ակումբը դիմել էր ՀՖՖ-ին թիմը ՀՀ ֆուտբոլի առաջնությունից եւ Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով՝ նշելով, որ Կոտայք ՖԱ ՍՊԸ-ն ունի ֆինանսական խնդիրներ, հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել ակումբը, ուստի «Կոտայք» ֆուտբոլային ակումբը ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը: ՀՖՖ-ն բավարարել է նաև «Կոտայք» ակումբի խնդրանքը:

Նշենք նաեւ, որ Երեւանի «Արարատ»-ի ֆուտբոլիստները արդեն 4 ամիս է աշխատավարձ չեն ստացել, ինչը կարող է ազդել նաեւ այս թիմի հետագա գործունեության վրա…

«Շիրակ»-ը՝ հաղթեց, իսկ «Արարատ»-ը՝ պարտվեց

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ փուլի առաջին 2 հանդիպումները: Մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը սեփական խաղադաշտում 1:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասար-Կապան»-ին: Միակ գոլը 60-րդ րոպեին խփեց ամերիկացի լեգեոնական Բրիան դե լա Ֆուենտեն:  Օրվա մյուս խաղում առաջնության ետնապահ Երեւանի «Արարատ»-ը մրցեց 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ի հետ: Խաղի ելքը վճռվեց հանդիպման վերջին րոպեին Վահագն Մինասյանի խփած գոլը: «Ալաշկերտ»-ը հաղթեց 2:1 հաշվով եւ պահպանեց «Շիրակ»-ի հետ եղած 2 միավորի տարբերությունը:

Այս փուլի 3-րդ խաղում կհանդիպեն Երեւանի «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը:

Հայաստանի կանանց ֆուտբոլի մրցաշարերին կմասնակցեն 9 թիմեր

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց Հայաստանի կանանց ֆուտբոլի 2016-2017թթ խաղաշրջանը:

Ա խմբի մրցաշարին այս անգամ կմասնակցեն 4 թիմեր՝ Երեւան Լ.Հ., Վանաձոր Ջ.Ե., Գյումրի-1 եւ ԱՖԴ-Հոմենենմեն: Այն կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, 4 շրջանով՝ 2016թ հոկտեմբերից մինչեւ 2017թ մայիս:

Հոկտեմբերի 23-ին կմեկնարկի նաեւ Բ խմբի մրցաշարը: Դրան կմասնակցեն 5 թիմեր՝ Երեւան Գ.Մ., Հրազդան Ա.Հ., Արմավիր Ս.Ա., Գյումրի-2, Գորիս-2: Մրցաշարը կանցկացվի օլիմպիական համակարգով, 2 փուլով: Առաջին փուլը տեղի կունենա 2016թ հոկտեմբեր-նոյեմբեր, երկրորդը՝ 2017թ ապրիլ-մայիսին ամիսներին:

Ա խմբի մրցաշարի վերջին տեղը գրաված թիմը 2017-2018թթ մրցաշրջանը կանցկացնի Բ խմբում, իսկ Բ խմբի հաղթող թիմը մյուս մրցաշրջանից հանդես կգա Ա խմբում:

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացել է ֆուտզալի Եվրոպայի 2018թ առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ֆուտզալի մեր հավաքականը ընդգրկվել է ընտրական C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի ազգային թիմերը: Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 1-ը, Լատվիայում: Հաջորդ փուլի ուղեգիր կվաստակի միայն խմբի հաղթողը: Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ: Այդ փուլի հանդիպումները նախատեսված են 2017թ ապրիլի 3-12-ը, Ռումինիայում:

Հայաստանի հավաքականը կմրցի Բելառուսի հետ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 25-ին եւ 26-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսում՝ մրցելով այդ երկրի ազգային թիմի հետ: Հանդիպումներին պատրաստվելու համար մեր ընտրանին հոկտեմբերի 17-22-ը մարզումներ կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը այդ նպատակով թիմ է հրավիրել 21 ֆուտբոլիստ՝ 4 դարպասապահ, 17՝ խաղացող:

«Մխիթարյանը դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի»…

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հենրիխ  Մխիթարյանը նույնիսկ պահեստայինների նստարանին չի հայտնվել «Ֆեներբախչե»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ փուլի խաղում՝ հանդւպման ընթացքին հետևելով մարզադաշտից։

«Իրավիճակն այնպիսին էր, որ մենք պետք է խաղայինք Լինգարդի, Մատայի ու Մարսիալի հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։- Ես Էյնշտեյնը չեմ եւ չգիտեմ մարտավարական այնպիսի սխեմա, որը կթույլատրի խաղալ միաժամանակ 4 կիսապաշտպանով։ Հենրիխը դեռ պետք է աշխատի, որպեսզի ուժեր հավաքի ու մարզավիճակ ձեռք բերի, որը նրան հնարավորություն կտա խաղալ ամենաբարձր մակարդակով։

Ես կարող էի նրան նստեցնել պահեստայինների նստարանին, 15-20 րոպե խաղային ժամանակ տալ, ինչպես արեցի Մեմֆիսի դեպքում, սակայն հիմա Հենրիխի համար ավելի լավ կլինի շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատեց երեկ, նույնիսկ՝ ավելի մեծ համառությամբ։ Նա երեկ լավ է աշխատել անհատական ծրագրով ու պետք է շարունակի նույն ոգով, իսկ հետո սպասի իր հնարավորությանը։ Բայց նա, ընդհանուր առմամբ, պատրաստ է եւ շատ շուտով պատրաստ կլինի մտնել խաղադաշտ»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ մեկնարկային կազմում ասպարեզ է մտել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ սեպտեմբերի 10-ին կայացած խաղում եւ փոխարինվել է ընդմիջմանը։

Տեղի է ունեցել Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Լիբրեւիլում կայացել է «Աֆրիկյան ազգերի գավաթ-2017»-ի վիճակահանությունը։ Մրցաշարը կանցկացվի Գաբոնում, հունվարի 14-ից փետրվարի 5-ը։ Հաղթողն իրավունք կստանա մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը հաջորդ տարի կկայանա Ռուսաստանում։

«A» խմբում կխաղան Գաբոնի, Կամերունի, Գվինեա-Բիսաուի, Բուրկինա Ֆասոյի, «B» խմբում՝ Ալժիրի, Թունիսի, Սենեգալի, Զիմբաբվեի, «C» խմբում՝ Կոտ դ’Իվուարի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Մարոկկոյի, Տոգոյի, «D» խմբում՝ Գանայի, Մալիի, Եգիպտոսի ու Ուգանդայի ազգային թիմերը։

Մեկնարկել է վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է Հայաստանի 2016թ. տղամարդկանց վոլեյբոլի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ փուլը։ Առաջնությանը մասնակցում են՝ ՖԻՄԱ, Ստեփանակերտ, Դինամո-Նոր-Նորք, Գյումրի եւ Դպրոցականների հավաքական թիմերը։

Առաջին խաղային օրը ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով առավելության է հասել Գյումրիի թիմի նկատմամբ, իսկ Ստեփանակերտի թիմը նույն հաշվով հաղթել է Դպրոցականների հավաքականին։

«Եթե Հայաստանում շախմատի ակումբ ստեղծվի, ապա մեծ հաճույքով կցանկանամ հանդես գալ այդ թիմի կազմում»…

Հայ գրոսմայստեր, շախմատի միջազգային վարպետ, մի շարք մրցաշարերի հաղթող Լիլիթ Մկրտչյանի հետ զրուցեցինք այն ժամանակ, երբ նա հավաքում էր ճամպրուկները` Գերմանիա մեկնելու նպատակով: Այնտեղ սպասում է ամուսինը, սակայն կարճ ժամանակով: Օրեր անց հայ շախմատիստուհին կմեկնի Սերբիա` մասնակցելու շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը:

Panorama.am-ի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանը փաստեց, թեեւ տարվա մի մասն անցկացնում է Գերմանիայում, մյուսը` Հայաստանում, սակայն մշտապես հետեւում է այստեղ տեղի ունեցող շախմատային իրադարձություններին:

Լիլիթ Մկրտչյան.- Պատրաստվում եմ Սերբիայում մասնակցել Եվրոպայի ակումբային առաջնությանը: Հանդես եմ գալիս Ռուսաստանի «Յուգրա» ակումբում, որի կազմում մայիսին դարձել եմ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: Հենց դա էլ մեզ իրավունք տվեց մասնակցելու արդեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը: Այնուհետև կմասնակցեմ Ռումինիայի ակումբային առաջնությանը, որից հետո կհանգստանամ:

Panorama.am.- Լիլիթ, Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն, սակայն մենք չունենք ակումբներ, ինչո՞ւ:

Լիլիթ Մկրտչյան.- Հայաստանում հիանալի թիմ կար` «Միկա»-ն, որը մասնակցում էր տարբեր երկրների ակումբային առաջնություններին եւ զգալի հաջողություններ էր գրանցել, սակայն այն լուծարվեց` ֆինանսական խնդիրների պատճառով: Եթե Հայաստանում նոր ակումբ ստեղծվի, ապա մեծ հաճույքով կուզենամ լինել այդ թիմի կազմում: Ակումբներ չկան, ինչն իսկապես շատ ցավալի է: Չեմ կարող ասել, թե ինչու: Պատճառը երեւի թե կրկին ֆինանսական է:

Panorama.am.- Հետեւո՞ւմ ես Հայաստանում տեղի ունեցող շախմատային իրադարձություններին: Օրեր առաջ ավարտվեց «Երեւան Օփեն» մրցաշարը:

Լիլիթ Մկրտչյան.- Այդ օրերին Սոչիում էի, խաղում էի Ռուսաստանի ակումբային առաջնությունում, սակայն համակարգչի միջոցով հետևել եմ իրադարձություններին: Ուրախ եմ, որ հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ուրախ եմ, որ անդրանիկ մրցաշարի հաղթողը դարձավ հենց հայ մասնակից: Գիտեմ, որ այս մրցաշարն ավանդական կդառնա, ինչի առիթով ևս շատ ուրախ եմ: Օտարերկրացի մասնակիցներն ինձ գրել էին, որ մրցաշարը հիանալի էր կազմակերպված եւ իրենք շատ գոհ են: Ինձ լավ զգացի:

Panorama.am.- Անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ կան:

Լիլիթ Մկրտչյան.- Ամեն ինչ նույնն է: Ապրում ենք այստեղ եւ Գերմանիայում: Ամուսինս շատ է սիրում Հայաստանը եւ հաճույքով է այցելում: Փոքրիկ դեռ չունենք, սակայն արդեն մտածում ենք այդ մասին: Ամեն ինչ իր ժամանակին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ումhttp://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։