ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի ելույթը

 «Իրան և Կովկաս. միասնություն և բազմազանություն» միջազգային գիտաժողովում

( Երևան, 2008թ. հունիսի 6-8, արեգակնային 1387թ. խորդադի 17-19)

ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ
Պարոն նախագահ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք

Թեման՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կովկասը

Կովկասը լինելով Իրանի Իսլամական Հանրապետությանը հարակից տարածաշրջաններից մեկը, ունի կարևոր դիրք ու նշանակություն: Նախկին ԽՍՀՄ-ի փլուզումը լուրջ երկրաքաղաքական փոփոխություններ մտցրեց Իրանի հյուսիսային սահմաններում՝ էապես ազդելով ԻԻՀ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա: Կովկասյան տարածաշրջանը մեծ և էական նշանակություն է ստանում իր աշխարհագրական և երկրաքաղաքական կարևոր դիրքի պատճառով, քանզի այստեղ միմյանց են խաչվում իսլամն ու քրիստոնեությունը, այն կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև, այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Կենտրոնական Ասիայից ձգվող կիսալուսինը, Կովկասը գտնվում է երկու՝ Կասպից և Սև ծովերի արանքում, ունի էներգետիկ զգալի պաշարներ, պատմա-մշակութային, քաղաքակրթական դարավոր կապեր Իրանի հետ, միաժամանակ նորանկախ երկրները ունեն ներդրումների կարիք և ազատ ջրերին հասանելիության խնդիր՝ էներգակիրները աշխարհի այլ վայրեր առաքելու և փոխադարձաբար տարածաշրջան ներկրելու համար:


Չնայած բացառիկ այս դիրքին, Կովկասը ունեցել է մեծ խնդիրներ ու մարտահրավերներ, ինչպիսիք են ցեղապաշտությունը, ծայրահեղ ազգայնականությունը, անջատողականությունը, սահմանային վեճերը, սոցիալ-տնտեսական անհավասարությունը, օրինական ամուր ինստիտուտների բացակայությունը, տարածաշրջանային հակամարտությունները, մասնավորապես Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի վեճերը:

Նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից, Կենտրոնական Ասիայում և Կովկասում նոր երկրների ի հայտ գալուց հետո, տարածաշրջանում ստեղծվեց անվտանգության և քաղաքական յուրահատուկ իրավիճակ, որը գոյություն չուներ մինչև այդ երկրների անկախությունը: Կենտրոնական Ասիան և Կովկասը ԽՍՀՄ-ի օրոք արտաքին աշխարհի համար լիովին փակ շրջաններ էին և ուղղակիորեն դերակատարություն չունեին համաշխարհային տերությունների գործընթացներում: Սակայն նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս երկրներն իրենց նոր կարգավիճակով ի հայտ եկան տարածաշրջանային քաղաքական գործընթացներում և ելնելով տարածաշրջանի ու աշխարհի վիճակից, ջանքեր գործադրեցին իրենց անկախությունը և անվտանգությունը պահպանելու համար՝ միաժամանակ ձգտելով գտնել իրենց տեղը տարածաշրջանի անվտանգության գործընթացներում:

Անկախության առաջին տասնամյակում նորանկախ պետություններն զբաղված էին անկախության սկզբնական շրջանից բխող կարիքների և հետևանքների հաղթահարմամբ և հենց այս շրջանակներում անվտանգության, ինչպես նաև տնտեսական առումով ստիպված էին հոգալ իրենց տնտեսական խնդիրները՝ հատկապես էներգետիկ ոլորտում: Եվ թեպետ ստեղծվել են տարբեր կառույցներ ու կազմակերպություններ տնտեսության, քաղաքականության և անվտանգության բնագավառներում տարածաշրջանային համագործակցություն ապահովելու նպատակով, սակայն մինչև օրս չի ձևավորվել միասնական կառույց, որն ի վիճակի կլիներ մի կողմից ընդգրկել տարածաշրջանի բոլոր պետություններին, իսկ մյուս կողմից հիմնարար ուշադրություն դարձնել տարածաշրջանի անվտանգության, տնտեսական և քաղաքական խնդիրներին: Հարևանների հետ կապերի ընդլայնումը և տարածաշրջանային համագործակցության զարգացումը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից ու հիմնական գերակայություններից մեկը: Այս շրջանակներում ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում կովկասյան տարածաշրջանի յուրաքանչյուր պետության հետ կապերի ընդլայնումն ու խորացումը: Օգտվելով իր երկրաքաղաքական անչափ բացառիկ դիրքից, ԻԻՀ-ն կարող է հիմնարար դեր խաղալ տարածաշրջանի երկրների զարգացման գործում: Իրանի ցամաքային, ջրային, օդային և երկաթուղային հաղորդակցական ուղիների ցանցը և դրանց միացումը տարածաշրջանի երկրների ցանցին, երկրի հյուսիսում և հարավում առկա նավահանգիստներն ու համապատասխան ենթակառույցները, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված Իրանի դրական քաղաքականությունն ու մոտեցումներն այն նպաստ
ավոր պայմաններից ու հնարավորություններից են, որոնց օգտագործմամբ Կովկասի երկրները կարող են զարգացնել իրենց տնտեսությունը, ամրապնդել անվտանգությունը: Իրանի Իսլամական Հանրապետության դիրքը գերազանց է նաև նրանով, որ երկրի և՛ հյուսիսին, և՛ հարավին հարակից տարածաշրջաններում գոյություն ունեն նավթի ու գազի մեծ պաշարներ, որոնք երկրատնտեսական հատուկ պայմաններ են ստեղծել Իրանի համար: Ուստի, շատ մեծ է Իրանի դերակատարությունը էներգակիրների արտադրության, տեղափոխման և արտահանման հարցում: Ելնելով վերոհիշյալ հնարավորություններից, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը, խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու քաղաքականության լույսի ներքո, Իրանի Իսլամական Հանրապետությունը նշանակալից ծրագրեր է իրականացրել կովկասյան պետություններից յուրաքանչյուրի հետ՝ օրակարգում ունենալով այլ ծրագրեր ևս: Վերոհիշյալ քայլերը կարող են էական նշանակություն ունենալ տարածաշրջանի երկրների անկախության, անվտանգության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Իրականացված և իրականացվելիք ծրագրերից են Կասպից ծովի ափամերձ երկրների նավթի փոխանակումը (սուափ) Կասպից ծովում Իրանի հյուսիսային նավահանգիստների միջոցով, Իրան-Հայաստան և Իրան-Նախիջևան գազատար խողովակների կառուցումը, Իրանի և կովկասյան պետությունների էլեկտրական ցանցերի միացումն ու էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ու շահագործմանը Իրանի մասնակցությունը, այդ միջանցքին կովկասյան պետությունների անդամակցությանը Իրանի աջակցությունը, տարածաշրջանի երկրների հետ օպտիկամանրաթելային մալուխի կառուցումը, Ռուսաստանի ու Հայաստանի մասնակցությամբ նավթամշակման գործարանի կառուցումը:

Կենտրոնական Ասիայում և Կովկասում անվտանգության, խաղաղության ու կայունության պահպանումը ապահովում է այս տարածաշրջանի հարևան ու շահագրգիռ բոլոր երկրների շահերը: Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես տարածաշրջանային հզոր ուժ, այս տարածաշրջանի զարգացումների հանդեպ միշտ ունեցել է դրական և սկզբունքային մոտեցումներ, ԻԻՀ արտաքին քաղաքականությունը վերոհիշյալ երկրների անկախությունից ի վեր մշակվել ու իրականացվել է հենց այս մոտեցմամբ: Երկխոսության, փոխհամաձայնության և համագործակցության հիմքերի վրա գտնվող, տարածաշրջանում անվտանգության, կայունության ու խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ԻԻՀ քաղաքականության օրինակներից են Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատման ու նոր իշխանության ձևավորման գործում ունեցած ԻԻՀ վճռորոշ դերակատարությունը, ղարաբաղյան հակամարտության սկզբնական շրջանում չեզոքություն պահպանելու սկզբունքով հակամարտող կողմերի միջև հրադադար և բանակցություններ հաստատելուն ուղղված անդուլ ջանքերը, Տաջիկստանում խաղաղության հաստատման հաջողված ջանքերը, չեչենական և աբխազական հակամարտությունների կողմերին այդ հիմնախնդիրները խաղաղ կերպով լուծելու հորդորները և գրավյալ Իրաքում նոր կառավարության հաստատմանը ցուցաբերված օժանդակությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնում է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները չափազանց բարդ են, ուստի պետք է այս երկրներին ավելի մեծ դերակատարություն տալ անվտանգության ապահովման գործընթացում, որը կնպաստի այդ երկրների ամրապնդմանն ու ներքին կայունությանը: Հենց այս հիման վրա գտնում ենք, որ անդրտարածաշրջանային ուժերի միջամտությունից զերծ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու շահերի ապահովումը խելամիտ և իրատեսական նպատակ է, որովհետև անդրտարածաշրջանային ուժերը մտածում են իրենց այսրոպեական շահերի մասին, այն դեպքում երբ տարածաշրջանի երկրների շահերը մշտական են: Հենց այս պատճառով, որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման լավագույն մեխանիզմ, ԻԻՀ-ն միշտ շեշտել է ներտարածաշրջանային համագործակցության վրա՝ գտնելով, որ տարածաշրջանում ռազմականացման տեմպերի ավելացումը չի ելնում տարածաշրջանի ժողովուրդների շահերից:

Շեշտելով Կովկասի կարևոր երկրների հետ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ շարունակական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը՝ անդրտարածաշրջանային ուժերի պատեհապաշտությունը կանխելու նպատակով, ԻԻՀ-ն կրկին հայտնում է իր պատրաստակամությունը վերսկսել միջնորդական ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար՝ պահպանելով անկողմնակալ դերակատարություն և օժանդակելով միջազգային միջնորդներին՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում և բարգավաճում հաստատելու նպատակով:

Շնորհակալություն:


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։