Հայ մամուլի օրվա առթիվ .- Երբ մարդկային ողբերգությունը սենսացիա է… ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր … «Լուսանցք»-ն իր ընթերցողների համար էլի կմնա ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող  լրատվամիջոց…

222 տարի առաջ լույս տեսավ հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, որն այդ ժամանակի համար ուներ ի՛ր խոսքն ու ասելիքը: Իհարկե, դա այսօրվա ասելիքը չէր, այսօրվա արագությունը չուներ, սակայն զետեղված նյութերից շատերը նաեւ մերօրյա արդիականությունն ունեն:

Սա շատ կարեւոր է լրատվամիջոցի համար ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ՝ պարբերականին հիշելու, տասնամյակներ անց անգամ մեջբերումներ անելու, ի վերջո լրատվամիջոցի կյանքը ոչ միայն երկարացնելու, այլեւ հավերժելու համապատկերում:

Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորանքներ ստացավ նաեւ «Լուսանցք»-ը, իսկ շնորհավորողների մեծամասնությունը մեր ընթերցողներն էին, ինչն էլ ուրախացրեց մեզ: Իհարկե, շնորհակալ ենք նաեւ այն պաշտոնյաներին, քաղաքական, հանրային ու մշակութային գործիչներին, որ հիշեցին նաեւ մեզ, սակայն պիտի խոստովանենք, որ դրանք հիմնականում կամ հերթապահ խոսքեր էին, կամ ինչպես ասում են՝ ասված՝ ըստ ընդունված «պարտադիր» կարգի:

Մեր ընթերցողների խոսքը պարզ ու անմիջական էր, բայց նաեւ մտահոգ, թե ինչպես են հայկական զլմ-ները այսօր աշխատում:  

Եթե ավելի քան երկդարյա «Ազդարար»-ից եւ հաջորդած շատ լրատվամիջոցներից կարելի է այսօր էլ սովորել, տեղեկանալ ոչ միայն ժամանակի բարքերին, կարեւոր իրադարձություններին ու ազգային հարցերին, ապա այսօրվա զլմ-ների մեծամասնությունից 200 տարի հետո կարելի է իմանալ, թե ինչքան ավտովթարներ են եղել ու ինչքան զոհեր, ովքեր են բռնաբարել ու բռնաբարվել, վիճել կամ սպանել, սպանվել ու չդատապարտվել կամ հակառակը… ովքեր են սեռական տարաբնույթ ձեւերով զբաղվել կամ ինչ հակումներ են դրսեւորել այս կամ այն պաշտոնյան, այս ու այն, այսպես կոչված փոքրամասնական համայնքը… որ մշակույթի գործիչը ինչ աղանդի կամ մասոնական օթյակի անդամ է եղել… եւ այսպես շարունակ՝ մահ, ավեր, ու դաժանություն…

Ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր…

Ըստ մեր մշտական ընթերցողների, շատ քիչ պարբերականներ կան, որ տեղեկատվությունը հայհոյանքի կամ պարսավանքի կամ «կոմպրոմատի» չեն վերածում եւ անգամ վատ լուրը կամ իրադարձությունը վերլուծում են համակողմանի, եւ ըստ էության տալիս են տվյալ ժամանակի կենցաղի, մշակույթի, քաղաքականության կամ հանրային կյանքի ընդհանուր պատկերը, պետության դերն ու նշանակությունը, դրական ու բացասական կողմերը:

Այսինքն՝ անգամ դարեր անց, այդ վերլուծությունները կմնան որպես իրական տեղեկատվության աղբյուրներ: Իհարկե, մեր առօրյա կյանքում կան եւ սպանություններ եւ բռնաբարություններ եւ՛ այլ թերություններ, բայց միայն դա չէ, որ առկա է մեր կյանքում, եւ այն էլ առաջնային գլխագրային էջերում օրերով ծեծվող նյութ…

Կարծես մարդկանց սարսափի մեջ պահելը հաճույք է պատճառում ոմանց, «սենսացիա» գոչելով չի կարելի կյանքը միայն սեւ ու սպիտակի վերածել:

Վստահ ենք, որ մենք մեր ընթերցողների համար էլի կմնանք ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող  լրատվամիջոց:

Կշարունակենք մեր մասնակցությունը Հայաստանյան հասարակական-քաղաքական եւ պետական կյանքին, ավելի արդյունավետ կդարձնենք մեր գործունեությունը, քանզի «Լուսանցք»-ի հենց առաջին թողարկման նախաբանում (2007թ. մարտի 15) արդեն գրել ենք, որ հրապարակվում ենք ազգային արժեքների պաշտպանության եւ բազմակողմանի ներկայացման նպատակով:

Մեր տասնամյակը կբոլորենք որպես ազգային պարբերական՝ հայ ազգայնականության խնդիրների ու նպատակների հաղթարշավի ջատագով…

Իսկ ազատ մամուլը ճչալով չեն ստեղծում: Այն բացառապես կախված է ազատ մտածելու հնարավորությունից, ոչ թե այս կամ այն անօրեն ճանապարհներով կամ հայհոյանքներով անձնական բնույթի դրամահավաքներից: Կամ էլ՝ դեմքն ու սկզբունքները փոխելուց…

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։