Ռիգայում էլ արեւի քաղաքանկյուն եղավ – «Երեւան» անունը կրող այգին նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով եւ կդառնա Երեւանի քույր քաղաքի բնակիչների ու հյուրերի սիրված վայրերից մեկը…

Երեւանյան Ռիգա, մի կտոր Երեւանից՝ Ռիգայում, ջերմության անկյուն Ռիգայում. այսպես կարող ենք կոչել այն այգին, որ բացվել է Լատվիայի մայրաքաղաքում եւ կրում է «Երեւան» անունը ու երեւանյան գույներով է՝ մով ու ծիրանագույն:

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանը Ռիգա պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին:

Ողջունելով Երեւանի գործընկերոջը՝ Ռիգայի քաղաքապետը առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը՝ համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցության եւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը եւս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջեւ հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի»,- ընդգծել է Նիլ Ուշակովը:  

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամությունն իսկապես կարեւոր խթան է Երեւանի եւ Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար: Շնորհակալություն հայտնելով Ռիգայի քաղաքային իշխանության եւ հայ համայնքի ջանքերով կառուցված այգու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի սիրված հանգստի գոտիներից մեկը:

«Երեւանի համար Ռիգան իսկապես վստահելի գործընկեր է, եւ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Իսկապես ողջունելի է Ռիգայում «Երեւան» անունը կրող այգու կառուցման նախաձեռնությունը, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ մենք ունենք հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ հանգստի այդ գոտին կդառնա սիրված վայր բոլորի համար եւ Ռիգայում կլինի Երեւանի յուրօրինակ ներկայության գեղեցիկ վկայություն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ համագործակցության ծրագրերի շրջանակների ընդլայնման շուրջ:

«Երեւան» անունը կրող այգին հանդիսավորությամբ բացվել է հոկտեմբերի 17-ին: Նիլ Ուշակովը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին ու Ռիգայի հայ համայնքին՝ այգու կառուցումն իրականություն դարձնելու համար, համոզմունք է հայտնել, որ այն կդառնա քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը:

«Ռիգայում բացված «Երեւան» անունը կրող այգին իսկապես մեծ նվեր է հանգստի գոտու հարեւանությամբ ապրող տարբեր տարիքի բնակիչների համար: Այն նաեւ լավագույն խորհրդանիշներից մեկն է երկու քաղաքների միջեւ ձեւավորված ամուր բարեկամության ու հաջողված համագործակցության: Երեւանի եւ Ռիգայի միջեւ հաստատվել են հրաշալի հարաբերություններ, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Երեւանի գործընկերոջս՝ Տարոն Մարգարյանին, ով իր ջանքերը ներդրեց այս համագործակցությունն իսկապես արդյունավետ դարձնելու գործում: Այգու կառուցման հարցում եւս մենք մշտապես զգացել ենք Երեւանի քաղաքապետի աջակցությունն ու հետեւողականությունը, ինչի արդյունքում է նաեւ, որ հանգստի գոտում առկա է երեւանյան շունչը»,- նշել է Նիլ Ուշակովը:

Ողջունելով ներկաներին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նկատելով, որ այն եւս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջեւ օր օրի զարգացող բարեկամական հարաբերությունների:

«Երեւանի եւ Ռիգայի միջեւ համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են, որի համատեքստում ամրապնդվում են մեր երկու քույր քաղաքների կապերը։ Ուրախալի է, որ այն իրականացվում է կոնկրետ ծրագրերի միջոցով։ Այսօր էլ մենք այստեղ ենք Ռիգայում «Երեւան» անունը կրող այգու բացման առիթով, ինչի համար նախ եւ առաջ շնորհակալ եմ գործընկերոջս՝ Նիլ Ուշակովին, նաեւ իր ողջ թիմին՝ այս նախագծի կյանքի կոչմանը մեծապես աջակցելու համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաեւ Ռիգայի դումայի բոլոր պատգամավորներին, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին այս այգին «Երեւան» անվանակոչելու համար։ Բարձր եմ գնահատում նաեւ այս ծրագրի իրականացման հարցում տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Յուրի Սահակյանի եւ Արամ Հարությունյանի նախաձեռնությունը, նրանց ջանքերն ու կատարած աշխատանքը»։

Ապա Տարոն Մարգարյանը հավելել է. «Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին, որը նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով, կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»։

Այգու հանդիսավոր բացման արարողության շրջանակում երկու քաղաքապետերը Երեւանի եւ Ռիգայի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաեւ «Երեւան» անունը կրող այգու նախագիծը կյանքի կոչելու համար շնորհակալագրերով են պարգեւատրել մի շարք անձանց:

Երեւանի եւ Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաեւ կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը նշել է, որ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտին կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով, մարզական գույքով, ինչպես նաեւ «Երեւան» գրառումով նստարաններով:

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը  այցելել է Ռիգայի Հայաստանյայց  առաքելական եկեղեցի: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ասել են, որ առաջին անգամ է այստեղ  մտնում Ռիգայի քաղաքապետը:

Տեղի հայերը Տարոն Մարգարյանի հետ ջերմ ու անկաշկանդ զրույց են ունեցել, խոսել են, թե ով ինչ աշխատանք ունի, ինչով է զբաղվում, ինչ ներդրում է ունենում համայնքի հայապահպանության գործում: Ու չեն թաքցրել նաեւ, որ «Երեւան» այգին, թեեւ նորաբաց, բայց արդեն հարազատ անկյուն է իրենց համար:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։