«Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

Հայոց քաղաքակրթության ակունքները շատ հին են եւ ունեն հազարամյակների պատմություն: Խոսքը մեր հզոր եւ բարեպաշտ նախնիների կերտած անանց արժեքների մասին է՝ լեզու, մշակույթ գիտություն, պետություն եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ քաղաքակրթությունը մի առանձնակի միտումով թաքցվում է կամ էլ խեղաթյուրվում:

Հարկ ենք համարում արձանագրել մեկ կարեւոր հանգամանք: Հայոց հնագույն պատմության մութ ծալքերի վերհանումը խիստ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի հին պատմության համար, քանի որ Երկրագնդի վաղնջական քաղաքակրթությունների պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով եւ անմեկնելի փաստերով: Լրջմիտ եւ խորագետ մասնագետների կարծիքով (օրինակ՝ գերմանացի Կլաուս Շմիդտ, բրիտանացի Գրեմ Հենկոկ եւ այլք)՝ դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության էջերում է: Նշենք նաեւ, որ շատ «գիտնականներ» աշխարհի տարբեր վայրերում եղած Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես  «անծանոթ»,  «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն: Միայն թե  դրանք հայկական չորակվեն: Սա է խնդիրը: 

Ներկայումս գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ Երկրի հնագույն քաղաքակրթությունները ծագել են Տիգրիս, Եփրատ եւ Նեղոս գետերի հովիտներում: Դրանց ստեղծողները շումերներն ու եգիպտացիներն են, ովքեր Միջագետքում եւ Նեղոսի ավազանում հայտնվում են որպես արդեն զարգացած մշակույթի կրողներ; Հնագիտական պեղումները եւ ժայռապատկերների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս քաղաքակրթությունների ակունքը Հայկական լեռնաշխարհն է: Հայկական հնագույն Ուռհա (Եդեսիա) քաղաքի մոտ (Միջագետք Հայոց) գտնվող Պորտասար («Գոբեկլի թեփե») հնավայրում գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է մ.թ.ա. X հազարամյակին պատկանող տաճարային մի համալիր, որն աշխարհում նմանատիպ ամենահին պաշտամունքային կառույցն է:  

Հայկական լեռնաշխարհը, ըստ պատմական աղբյուրների, եղել է աստղագիտության հայրենիքը: Դա են վկայում եվրոպացի հետազոտողներ, անգլիացի Վ. Օլկոտը, գերմանացի Ի. Մաունդերը, բրիտանացի Ա. Քերրին, ամերիկացի Ջ. Հոուկինսը: Այս տեսադրույթի իրեղեն եւ համոզիչ հավաստումը Քարահունջի եւ Մեծամորի աստղադիտարաններն են, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Դեռ ավելին, նմանօրինակ աստղադիտարաններ հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում: Այդ մշակույթը տարասփռվել է ամբողջ աշխարհով մեկ՝ Ֆրանսիա/Քարնակ/, Մեծ Բրիտանիա /Ստոունհենջ, Բլյուխենջ/, Շոտլանդիա /Քալենիշ/, Իռլանդիա/Նյու Գրենջ/, Եգիպտոս /Քարնակ/ եւ անգամ Հարավային Ամերիկա/ Բրազիլիա, Ամազոնի գետաբերան/:

Իսկ մինչդեռ գիտական այլ հրապարակումներում ուրիշ պատկեր ենք տեսնում: Դրանցից մեկում կանխակալ անտեղյակությամբ նշվում է, որ աստղագիտությունը ստեղծել են «խալդեացիներ» անվամբ ժողովրդի ներկայացուցիչները: Կարծում եմ՝ սա որոշակի նպատակով արված եզրակացություն է: Մինչդեռ խոսքն ամենուրեք քաղաքակրթություն տարածած հայերի մասին է: 

Ինչպես հայտնի է՝ հայկական Ուրարտուի /Վանի/ կայսրության գերագույն Աստվածը «Խալդի»-ն կամ «Հալտի»-ն է: Առավել ճշգրիտ ձեւը «Հալտի»-ն է եւ ահա թե ինչու: Արաբերենում «Յալ»-ը կամ «Յալի»-ն նշանակում է «բարձր», իսկ «տի» հայերենում ունի «մեծ» իմաստը: Բարձրը կամ Բարձրյալը բազմաթիվ լեզուներում Աստծուն տրված մակդիրներից մեկն է: Հետեւաբար, «խալդեացիներ» կամ «հալդեացիներ» նշանակում է «Բարձրյալի որդիներ»: Հնում այսպես էին անվանում հայերին, քանի որ նրանք Աստծո ստեղծածն են: Այն էլ արձանագրենք, որ Բարձրյալի հայոց պաշտամունքը երբեք չի դադարել, բայց, ծանր հանգամանքների բերումով, դարձել է թաքնակրոն: Նրա հետեւորդներին մենք հանդիպում ենք Արեւմտյան Հայաստանի (այժմ՝ Թուրքիա) մի շարք բնակավայրերում «ալեւևի» հայեր անվամբ: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի Թունջելի նահանգում (նախկին՝ Արեւմտյան Հայաստանի Դերսիմում) ապրող ալեւի հայերը պահում են ճիշտ նույն մորուքը: Այսինքն՝ մեր նախնիները, ի թիվս այլ հատկանիշների, պահպանել են նաեւ արտաքին նշանները: Չմոռանանք նշել նաեւ, որ «խաղտի» անվանումը սերում է հայկական «Խաղտիք» գավառից (Տրապիզոնի նահանգ) եւ մատնանշում է հայ քրմերի տեղաշարժի երթուղին՝ Խաղտիքից մինչեւ Բաբելոն եւ Պարսից ծոց:

Հայերը մշակութաստեղծ (կուլտուրտրեգեր), արարչական եւ հարաշարժ ժողովուրդ են: Այս առումով մեր նախնիների Ամերիկայում հայտնվելը բնավ էլ ֆանտաստիկ իրողություն չէ: Նորվեգացի անվանի հետազոտող եւ գիտնական Թուր Հեյերդալն առաջ է քաշում հանդուգն ու համարձակ կարծիք. մարդիկ չինացի ծովագնացներից, վիկինգներից եւ Ք.Կոլումբոսից առաջ (մոտ 30-40 հազար տարի առաջ) Միջերկրական ծովի ավազանից նավարկել ու հասել են Ամերիկա: Նա հաջող գիտափորձեր իրագործեց եւ վերականգնված լաստերով եւ առագաստանավերով («Կոն-Տիկի», «Ռա», «Ռա-2», «Տիգրիս») կտրեց-անցավ օվկիանոսը:

Հետաքրքրական է այն փաստը, որ այդ ճանապարհորդների նկարագրությունը հին վավերագրերում եւ առասպելներում հիշեցնում է արմենոիդ մարդացեղի/ռասա/ ներկայացուցչին՝ սպիտակամորթ, շիկավարս, պայծառ աչքերով, բեղ-մորուքով եւ թիկնեղ: Շատ հաճախ Ամերիկայի բնակիչները նրանց ընկալում էին որպես Աստվածներ: Գիտական այս վարկածի հիմքը մարդաբանական, մշակութաբանական, հնագիտական, աստղագիտական, դիցաբանական, լեզվաբանական եւ այլ կարգի նյութերն են: Դրանք են աստղադիտարանները, պաշտամունքային կենտրոնները, արվեստի նմուշները, ճարտարապետությունը, շինարարական տեխնիկան եւ այլն: Հիշատակության է արժանի բազմանիստ շարվածքը /ïîëèãîíàëü­íàÿ êëàäêà/, որը վկայում է մեր նախնիների բացառիկ հմտությունների եւ շնորհների մասին: Ուշադրության արժանի են ռուս հետազոտող, ճանապարհորդ եւ գրող Անդրեյ Սկլյարովի ուսումնասիրությունները: Նա հանգել է այն եզրակացության, որ Հայկական լեռնաշխարհում գտնված Արատտա հնագույն պետությունը սերտորեն կապված է Պորտասարի («Գոբեկլի թեփե») հնավայրի հետ: Նա նաեւ կարծում է, որ Խեթիայում (Թուրքիա) եւ այլուր հայտնաբերված հսկայական շինությունները եւ Հարավային ու Կենտրոնական Ամերիկայում գտնված կառույցները ստեղծել են նույն վարպետները: Դրանք միեւնույն քաղաքակրթության նմուշներ են: Մեր համոզմամբ՝ խոսքը հայերի նախնիների մասին է:

Այս առումով զարմանք եւ տարակուսանք է հարուցում մի հրապարակում եւս: Բանն այն է, որ Ամերիկայի Լոս Լունաս փոքր քաղաքից ոչ հեռու գտնվող սարահարթի ստորոտին հայտնաբերվել է զարմանալի մի գտածո: Խոսքը վիթխարի մի գլաքարի մասին է, որի վրա իբր թե գտնվել են Մովսեսի փորագրված 10 պատվիրանները: Տեղացիներն այն անվանում են «գաղտնիքների ժայռ»: Հնագետները «ճշտել են», որ այդ արձանագրությունները, ոչ ավել ոչ պակաս, հին եբրայերեն են եւ փորագրվել են 500-2000 տարի տարի առաջ: Առաջ է քաշվում տեսակետ, թե այդ գրությունները դրոշմել են կամ փյունիկեցիները, կամ էլ սամարացիները: Պետք է փաստել, որ փյունիկեցիներն իսկապես նավարկել են մինչեւ Ամերիկա, իսկ երկրորդ վարկածը շատ հեռու է իրականությունից:

Սակայն դա չէ կարեւորը այս սարքովի եւ մոգոնված եզրակացության մեջ: Այս իրողությունը բացարձակապես կապ չունի հրեաների հետ, քանի որ այդ տառերը…պարզապես հայերեն են («ճ», «ա», «պ», «ք»,«դ», եւ այլն): Ուշագրավ է, որ այդ արձանագրության վրա նկատելի են տառերը ջնջելու հետքեր: Խնդիրն այն է, որ հերթական անհաջող փորձն է արվում նենգափոխել Հայոց քաղաքակրթության փաստերը եւ հայերի աստվածային, տիեզերական առաքելությունը: Թերեւս, մեր նախնիները եղել են Ամերիկայում: Կան բազմաթիվ փաստական նմուշներ եւ ապացույցներ, որոնք գիտնականների մի խումբ ընդունում է: 

Հիշատակենք դրանցից թեկուզեւ մեկը: Խոսքը Էկվադորի տարածքում գտնվող Լոս Տայոս քարանձավում հայտնաբերված մետաղյա սալիկների վրա գրված գրադարանի մասին է: Այն գտել է արգենտինացի ազգագրագետ Խուան Մորիցը, ով ծագումով հունգարացի է: Հավանաբար, այդ գրադարանը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում անհետացած քաղաքակրթությունների եւ պատմության ինչ-ինչ գաղտնիքների մասին: Այս կարծիքն է հայտնում շվեյցարացի հետազոտող Էրիխ ֆոն Դենիկենը, ով հանդիպել է  Մորիցի հետ եւ պատճենահանել մի քանի սալիկի գրությունները: Սա տեղ է գտել Դենիկենի «Աստվածների ոսկին» գրքում: Նա տեսակետ է առաջ քաշում, որ այդ տառերը հիշեցնում են եգիպտական կամ շումերական տառերը: Իսկ այսօր շումերագիտությունն ապացուցել է շումերերենի եւ հայերենի օրգանական ընդհանրությունները: Դատելով այդ լուսանկարներից՝ մենք կրկին հանդիպում ենք հայերեն տառերի («գ», «խ», «զ» եւ այլն): Այդպիսի տառեր են հայտնաբերվել նաեւ Յուկատան թերակղզում (Կենտրոնական Ամերիկա) գտնվող Չեչենիցա հնավայրում: Ի դեպ, ֆոն Դենիկենը նկարահանել է 140 նմուշ, տառերը եղել են 36: Այնպես որ, մենք լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ գրադարանը մեր նախնիների ստեղծածն է: Հակառակ դեպքում ինչու՞ հանկարծ այդ նմուշների մի մասը միտումնավոր կերպով հրդեհի ճարակ դարձավ, իսկ համբավավոր գիտնականը՝ Է. ֆոն Դենիկենը, համարվեց ստախոս եւ ֆանտազյոր: Հավանաբար, այդ բացահայտումները ոմանց սրտով չէին:

Այս իրողությունները լուրջ խորհրդածությունների առիթ են, քանի որ նպատակասլաց եւ ծրագրված խեղաթյուրվում են ակնհայտ փաստերը եւ մարդկությանը մատուցվում կեղծ ճշմարտություններ: Մինչդեռ ճշմարտությունը միակն է լինում եւ այն էլ անվիճելի: Համենայն դեպս, հայեցակարգային դիտարկումներն ու իրեղեն նյութերը համառ են եւ ուշադրության արժանի:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, վերլուծաբան

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։