Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2019թ. Եվրոպական խաղերը կանցկացվի Բելառուսում… Հայկական ֆուտբոլ.- Բարձրագույն խմբի հերթական խաղերը… Տղամարդկանց եւ կանանց վոլեյբոլի առաջնությունները… Հակասություններ.- Ժոզե Մոուրինյո-Հենրիխ Մխիթարյան… Այլ մարզական լուրեր…

Մարզական աշխարհի խաչմերուկներում

2019թ. Եվրոպական խաղերը կանցկացվի Բելառուսում

Բաքվում կայացած Եվրոպական 1-ին խաղերում եւ «Ռիո-2016»-ում ռուսաստանյան մարզական պատվիրակությունների ղեկավար Իգոր Կազիկովը կարծում է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ասամբլեան ճիշտ է վարվել՝ որոշելով Եվրոպական 2-րդ խաղերը 2019թ. անցկացնել Բելառուսում։ Նա նաեւ հույս է հայտնել, որ հետո կավելանա այն երկրների թիվը, որոնք կցանկանան կազմակերպել այդ խաղերը։

«Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացվել,- Իգոր Կազիկովի խոսքերը մեջբերել է է sport-express.ru-ն։- Բելառուսը մարզական շատ լավ ավանդույթներ ունի։ Պակաս կարեւոր չէ նաեւ աշխարհագրական գործոնը, քանզի Բելառուսը գործնականում Եվրոպայի կենտրոնում է, եւ մեզ համար շատ հարմար է հասնել այդ երկիր։ Այս մասին խոսել է նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը ասել է, որ «Մինսկը չի ուզում հսկայական գումարներ ծախսել բացման ու փակման արարողությունների համար, կազմակերպիչների համար առավել կարեւոր է լավ մթնոլորտ ապահովել մարզիկների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց լավագույն որակները»։

Ղազախ ըմբիշը հրաժարվում է ՄՕԿին վերադարձնել արծաթե մեդալը

Ազատ ոճի ըմբշամարտի 2008թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Տագիևը հրաժարվում է ՄՕԿ-ին վերադարձնել իր նվաճած արծաթե մեդալը: Հիշեցնենք, որ Տագիևի դոպինգ-թեսթի վերստուգումը տվել էր դրական արդյունք, եւ ՄՕԿ-ը պահանջել էր հետ վերադարձնել մեդալը:
«Երբ նորություններով լսեցի այդ մասին, մազերիցս նույնիսկ մեկը չդողաց: Ես ոչ մի կանոն չեմ խախտել, արդարանալու եւ ապացուցելու ոչինչ չունեմ: Սա իմ մեդալն է: Ես այն նվաճելու համար մեծ ուժեր ու առողջություն եմ վատնել: Ոչ ոքի թույլ չեմ տա այն ինձանից խլել:
Թե Պեկինի Օլիմպիադայից առաջ, թե ընթացքում բազմաթիվ դոպինգ ստուգումներ եմ անցել եւ մաքուր եմ եղել: Սա քաղաքական պատվեր է: Ինչո՞ւ չեն որակազրկվում եվրոպացի կամ ամերիկացի մարզիկները: Մտածեք ինքներդ»,- ասել է ղազախ ըմբիշը:

Չհաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ

Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ընթացող թենիսի ATP շարքի «Erste Bank Open» մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել խորվաթ Իվո Կարլովիչի արգելքը՝ պարտություն կրելով՝ 7:6, 6:7, 3:6 հաշվով:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբնամասում Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսն էր նվաճել՝ հաղթելով Չենդու քաղաքում անցկացված մրցաշարում եւ զգալիորեն բարելավելով դիրքերն ATP-ի վարկանշային աղյուսակում:

Խորհրդանիշի հեղինակը ՖԻՖԱ-ից ստացել է ընդամենը 500 դոլար

Աշխարհի 2018թ. առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հեղինակը` Տոմսկի պետական համալսարանի ուսանողուհի Եկատերինա Բոչարովան, ՖԻՖԱ-ից ստացել է 500 դոլար` իր կատարած աշխատանքի հեղինակային իրավունքները փոխանցելու համար: «Ինձ վճարել են 500 դոլար: Գայլի հեղինակային իրավունքներն այժմ պատկանում են ՖԻՖԱ-ին: Մենք այդպես էինք պայմանավորվել դեռեւս էսքիզների շրջանում: Երբ դասախոսներիս սկզբում ցույց տվեցի իմ կատարած աշխատանքը, նրանք մտածեցին, որ դա անլուրջ է, բայց հիմա հպարտանում են ինձնով»,- ասել է Եկատերինան:

Հիշեցնենք, որ աշխարհի 2018թ. առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը` Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Հաղթող խորհրդանիշից բացի եզրափակիչ եռյակում էին նաեւ կատուն ու վագրը:  

Միսս Բում-Բումը միացել է «ԱԱ-2018»-ի քարոզարշավին

«Միսս Բում-Բում» մրցույթի գեղանի հաղթող Սյուզի Կորտեսը լուսանկարվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկով՝ այդ կերպ միանալով աշխարհի հաջորդ առաջնության քարոզարշավին՝ ԱԱ-2018»-ի խորհրդանիշի՝ գոլահար գայլի մասսայականացման նպատակով նաեւ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ազգային ընտրանու նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար տեղի ֆուտբոլային պաշտոնյաները որոշել են երկրպագուներին հարվածել գոտկատեղից ներքեւ՝ օգտվելով Սյուզի Կորտեսի գեղեցկությունից։

Ֆինանսական արդար խաղը բարելավման կարիք ունի

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ «Ֆինանսական արդար խաղը» բարելավման կարիք ունի։ Պաշտոնյան ուզում է, որպեսզի հարուստ ու աղքատ ակումբների միջեւ ճեղքվածքը նվազագույնի հասցվի։ «Ֆինանսական արդար խաղը» սկզբունքորեն լավ է աշխատում, սակայն բարելավման կարիք ունի։ Իդեալական ոչինչ չկա։ Կայուն զարգացումը պետք է լինի գլխավոր նպատակը։ Կարեւոր է, որպեսզի հարուստ ու աղքատ ակումբների միջեւ ճեղքվածքը նվազագույնի հասցվի»,- նրա խոսքերը մեջբերել է championat.com-ը։

ՈւԵՖԱ-ի նախագահը հույս է հայտնել, որ կարող է համոզել հարուստ ակումբներին, որոնք իրենց շահերն են հետապնդում, հրաժարվել Սուպերլիգայի ստեղծման գաղափարից։ Նա կարծում է, որ առանց ազգային առաջնությունների ֆուտբոլը կմեռնի։

Բարձրագույն խմբի առաջին եռյակը փոխվեց

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ փուլի առաջին հանդիպումները: Մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը 1:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասար-Կապան»-ին: Երեւանի «Արարատ»-ը մրցեց 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ի հետ եւ խաղի ելքը վճռվեց հանդիպման վերջին րոպեին: «Ալաշկերտ»-ը հաղթեց 2:1 հաշվով եւ պահպանեց «Շիրակ»-ի հետ եղած 2 միավորի տարբերությունը: Երեւանյան մյուս հանդիպմանը «Փյունիկ»-ը հաղթեց «Բանանց»-ին՝ 1:0 հաշվով եւ  եւ իր 15 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Հ.Գ. – Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ փուլ – «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան»՝ 0:4, «Շիրակ» – «Փյունիկ»՝ 0:1:  երկրի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը պարտվելով «Գանձասար-Կապան»-ին՝ 19 միավորով մնաց 2-րդ տեղում՝ 2 միավոր զիջելով առաջատար Գյումրիի «Շիրակ»-ին, որն անսպասելի պարտվեց սեփական դաշտում: «Գանձասար-Կապան»-ը 16 միավորով 4-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ 3-րդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկ»-ից:

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացել է ֆուտզալի Եվրոպայի 2018թ առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ֆուտզալի մեր հավաքականը ընդգրկվել է ընտրական C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի ազգային թիմերը:

Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 1-ը, Լատվիայում: Հաջորդ փուլի ուղեգիր կվաստակի միայն խմբի հաղթողը: Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ: Այդ փուլի հանդիպումները նախատեսված են 2017թ. ապրիլի 3-12-ը, Ռումինիայում:

Հայաստանի հավաքականը անցել է նախապատրաստական հանդիպումների եւ Բելառուսում՝ հանդիպումներ է ունեցել այդ երկրի հավաքականի հետ:

Հայաստանի կանանց ֆուտբոլի մրցաշարերին կմասնակցեն 9 թիմեր

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց Հայաստանի կանանց ֆուտբոլի 2016-2017թթ խաղաշրջանը: Ա խմբի մրցաշարին այս անգամ մասնակցում են 4 թիմեր՝ Երեւան Լ.Հ., Վանաձոր Ջ.Ե., Գյումրի-1 եւ ԱՖԴ-Հոմենենմեն: Այն կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, 4 շրջանով՝ 2016թ հոկտեմբերից մինչեւ 2017թ մայիս:

Հոկտեմբերի 23-ին մեկնարկշեց նաեւ Բ խմբի մրցաշարը: Դրան մասնակցում են 5 թիմեր՝ Երեւան Գ.Մ., Հրազդան Ա.Հ., Արմավիր Ս.Ա., Գյումրի-2, Գորիս-2: Մրցաշարը կանցկացվի օլիմպիական համակարգով, 2 փուլով: Առաջին փուլը տեղի կունենա 2016թ հոկտեմբեր-նոյեմբեր, երկրորդը՝ 2017թ ապրիլ-մայիսին ամիսներին:

Ա խմբի մրցաշարի վերջին տեղը գրաված թիմը 2017-2018թթ մրցաշրջանը կանցկացնի Բ խմբում, իսկ Բ խմբի հաղթող թիմը մյուս մրցաշրջանից հանդես կգա Ա խմբում:

Հաղթեց վերջին խաղում եւ մրցաշարում

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը 1-ին տեղը զբաղեցրեց ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտված շախմատի SPICE Cup խոշոր մրցաշարում:

Մեր հայրենակիցը վերջին, 9-րդ փուլում, անչափ լարված եւ դիտարժան պայքարում հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովին:

Սամուել Սեւյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի միանձնյա առաջատար Ռեյ Ռոբսոնին: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց 15-ամյա հայ գրոսմայստերը:

ԶԼՄ-ների շախմատային մրցաշար

Ըստ Արմենպևեսի՝ Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին նաև լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և թղթակից Շանթ Խլղաթյանը:

ԶԼՄ-ների միջև շախմատի առաջնության հաղթող ճանաչվեց “Голос Армении” թերթի ներկայացուցիչ Վադիմ Մկրտչյանը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց “Голос Армении” թերթի ներկայացուցիչ Ռուբեն Մարգարյանը:  «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ստացան դրամական պարգևներ եւ գավաթներ: 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները նույնպես ստացան մրցանակներ:  Մրցաշարի 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Haymedia.am կայքի ներկայացուցիչ Նարեկ Վարազդատյանը, իսկ 5-րդ հորիզոնականը` А1+-ի ներկայացուցիչ Նորայր Շողիկյանը: Նրանք մրցաշարի հովանավոր Megasport խանութի կողմից շախմատ ստացան:

Մրցանակներ էին սահմանված նաեւ մի քանի այլ անվանակարգերում: «Ամենաարագ պարտիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով շատ արագ ավարտեց պարտիան գործակալության թղթակից Շանթ Խլղաթյանի հետ խաղում: «Ամենագեղեցիկ պարտիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Vivarionews.am կայքի ներկայացուցիչ Անի Հակոբյանը, իսկ ցուցաբերած կամքի ուժի համար մրցանակի արժանացավ «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Բաղդասար Մհերյանը:

Ավարտվեցին տղամարդկանց եւ կանանց վոլեյբոլի ՀՀ առաջնությունները

Հայաստանի 2016թ. վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն ճանաչվեց Երեւանի ՖԻՄԱ թիմը, 2-րդ տեղը գրավեց Ստեփանակերտի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դինամո-Նոր-Նորքը։

Մրցանակակիր թիմերը պարգեւատրվեցին պատվոգրերով, մեդալներով եւ գավաթներով։ Լավագույն վոլեյբոլիստներ ճանաչվեցին եւ պարգեւատրվեցին լավագույն հարձակվողներ Աշոտ Բալաբեկյանը՝ ՖԻՄԱ, Ավագ Նիկողոսյանը՝ «Դինամո», Ռազմիկ Հակոբյանը՝ Դպրոցականների հավաքական, Անդրանիկ Մոսոյանը՝ Ստեփանակերտ, լավագույն կենտրոնականներ՝ Արամ Մելքոնյանը՝ ՖԻՄԱ, Ալի Մոնֆառեդը՝ ՖԻՄԱ: Առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց Հովհաննես Ասմարյանը։

Ավարտվ»ց նաեւ կանանց վոլեյբոլի 2016թ. բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը: Հաղթող ճանաչվեց Երեւանի ԽՄՕՄՄ-ն, 2-րդ տեղը գրավ»ց «Նժդեհ» թիմը, 3-րդ տեղում էր ԵՊԼՀ թիմը:

Թիմերը պարգեւատրվեցին դիպլոմներով, մեդալներով, գավաթն»րով եւ դրամական պարգեւն»րով: Առաջնության լավագույն հեռանկարային խաղացողներ ճանաչվեցին եւ պարգեւատրվ»ցին`ԽՄՕՄՄ-ից Էդիտա Ղեւոնդյանը եւ «Նժդեհ» թիմից Սվետլաննա Մարգարյանը: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց ԽՄՕՄՄ թիմի կենտրոնական հարձակվող` Վերոնիկա Կոշկարյանը:

«Ես չհեռացա երկկողմ համաձայնությամբ, ինձ հեռացրեցին»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է լոնդոնյան «Չելսի»-ից անցած մրցաշրջանի միջնամասում իր հեռանալու մասին։ Նրան դուռը ցույց տվեցին 7 ամիս հետո այն պահից, երբ նա թիմին Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչում պարգեւեց։

2015-2016թթ. ձախողված մրցաշրջանից հետո լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նյարդերը տեղի տվեցին, եւ նա որոշեց պաշտոնանկ անել պորտուգալացուն։ Ժոզեի խոսքերով՝ ինքը չի ցանկացել հեռանալ «Չելսի»-ից եւ դա արել է ոչ թե փոխադարձ համաձայնությամբ, այլ պարզապես հեռացվել է։ «Պարոն Աբրամովիչը որոշեց պաշտոնանկ անել ինձ,- Ժոզե Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ես հեռացա եւ ակումբում ոչ մեկի նկատմամբ չարություն չունեմ։ «Չելսի»-ում իմ առաջին շրջանում ես ցանկանում էի ինչ-որ բան փոխել, ուստի իմ հեռանալու որոշումը համատեղ էր։ Հիմա ամեն ինչ այլ է։ Դա սեփականատիրոջ որոշումն էր, եւ ինձ պարզապես տեղեկացրել են այդ որոշման մասին։ Ես հարգանքով ընդունեցի այն, եւ մենք ստորագրեցինք բոլոր փաստաթղթերը։ Ամեն ինչ հանգիստ արեցի ու հարգանքով»։

Ընթացիկ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի մրցակիցը հաջորդ իսկ խաղում հենց «Չելսի»-ն էր։

«Մխիթարյանը դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի»…

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը նույնիսկ պահեստայինների նստարանին չի հայտնվել «Ֆեներբախչե»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ փուլի խաղում՝ հանդւպման ընթացքին հետևելով մարզադաշտից։

«Իրավիճակն այնպիսին էր, որ մենք պետք է խաղայինք Լինգարդի, Մատայի ու Մարսիալի հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։- Ես Էյնշտեյնը չեմ եւ չգիտեմ մարտավարական այնպիսի սխեմա, որը կթույլատրի խաղալ միաժամանակ 4 կիսապաշտպանով։ Հենրիխը դեռ պետք է աշխատի, որպեսզի ուժեր հավաքի ու մարզավիճակ ձեռք բերի, որը նրան հնարավորություն կտա խաղալ ամենաբարձր մակարդակով։

Ես կարող էի նրան նստեցնել պահեստայինների նստարանին, 15-20 րոպե խաղային ժամանակ տալ, ինչպես արեցի Մեմֆիսի դեպքում, սակայն հիմա Հենրիխի համար ավելի լավ կլինի շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատեց երեկ, նույնիսկ՝ ավելի մեծ համառությամբ։ Նա երեկ լավ է աշխատել անհատական ծրագրով ու պետք է շարունակի նույն ոգով, իսկ հետո սպասի իր հնարավորությանը։ Բայց նա, ընդհանուր առմամբ, պատրաստ է եւ շատ շուտով պատրաստ կլինի մտնել խաղադաշտ»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ մեկնարկային կազմում ասպարեզ է մտել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ սեպտեմբերի 10-ին կայացած խաղում եւ փոխարինվել է ընդմիջմանը։

Eurosport. «Մխիթարյանին որոնելիս»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում հերթական անգամ Հենրիխ Մխիթարյանի չհայտնվելը դարձել է թվիթերյան ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հազարավոր երկրպագուներ #FreeMkhi հեշթեգով իրենց դժգոհությունն են արտահայտել այդ կապակցությամբ:

Երկրպագուների համբերությունը սպառվել է հոկտեմբերի 26-ից, երբ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Հենրիխ Մխիթարյանը չի եղել նույնիսկ պահեստայինների թվում: Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն որեւէ պարզաբանում չի անում, թե ինչու է բացակայում 27-ամյա հայ ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել հիասթափությունն այն առիթով, որ չի հայտնվել Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ խաղի հայտացուցակում: Այս մասին տեղեկացնում է «Independent»-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն ավելի քան վստահ է եղել, որ պատրաստ է դուրս գալ խաղադաշտ, իսկ նախօրեին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ Մխիթարյանն ապաքինվել է եւ կարող է լինել հայտացուցակում: Աղբյուրը հայտնում է, որ Հենրիխը զարմացել է Յուրահատուկի որոշումից եւ խիստ հիասթափված է:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը շատ հազվադեպ է հայտնվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ առողջական խնդիրներ չունի եւ մարզվում է առանց սահմանափակումների, կարելի է ենթադրել, որ նրա խաղային ժամանակ չստանալը լոկ Ժոզե Մոուրինյոյի քմահաճույքն է:

Մոուրինյոն բացատրել է, թե ինչու առայժմ չի վստահում Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա, երբ լիարժեք պատրաստ կլինի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Յուրահատուկը խոսել է ոչ թե ֆիզիկական վատ մարզավիճակի կամ վնասվածքից նոր ապաքինվելու մասին, այլ շեշտել է հոգեբանական գործոնը, մասնավորապես՝ ադապտացման գործընթացը:
«Մխիթարյանն առողջ է եւ, ինչպես արդեն ասել եմ, մարզվում է առանց սահմանափակումների: Որոշ ֆուտբոլիստներ արագ են հարմարվում նոր պայմաններին, իսկ մյուսների մոտ այնքան էլ հեշտ չի ստացվում: Հենրիխը պատկանում է 2-րդ խմբին: Նրան ժամանակ է հարկավոր, որպեսզի կրկին դառնա այն փայլուն ֆուտբոլիստը, ում մենք գիտենք:
Չեմ սիրում խոսել մյուս ակումբների ֆուտբոլիստների մասին: Առավել ևս՝ համեմատականներ անցկացնել, սակայն կհիշեմ Վիլիանին, ով «Չելսի»-ում եւս հարմարվելու խնդիր ուներ: Կամ, օրինակ, Դի Մարիան երբ եկավ «Ռեալ», ստիպված էր վերափոխվել: Նրա մոտ ստացվեց: Ուստի սպասում եմ, որ Մխիթարյանը վաղ թե ուշ կբռնկվի»,- ասել է Մոուրինյոն:

Daily Mail. Մխիթարյանն ամռանը պայմանավորվել էր «Արսենալի» եւ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ պետք է հայտնվեր «Արսենալ»-ում եւ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: Աղբյուրը փաստում է, որ ֆուտբոլիստն արդեն փոխհամաձայնության էր եկել «Արսենալ»-ի հետ, սակայն մանկունյանցիները Դորտմունդի «Բորուսին-ին» առաջարկել են 7,8 մլն եվրո ավելին:
Բացի այդ, հայ ֆուտբոլիստին հավաստիացրել են, որ «կարմիր սատանաների» կազմում ինքն ավելի շատ խաղային ժամանակ կունենա, սակայն մինչ այժմ միայն մեկ անգամ է նա հայտնվել թիմի մեկնարկային կազմում՝ ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայի խաղերում խաղադաշտում անցկացնելով 104 րոպե:

Մոուրինյոյին ու Կոնտեին չեն ընդգրկվի

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չեն հայտնվել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում։ Ցուցակն այսպիսի տեսք ունի՝ Մասիմիլիանո Ալլեգրի, Կլաուդիո Ռանյերի, Ֆեռնանդու Սանթուշ, Դիդյե Դեշամ, Քրիս Քոուլմեն, Լարս Լագերբեկ, Մայքլ Օ’Նիլ, Զինեդին Զիդան, Ունայ Էմերի, Լորան Բլան, Խոսեպ Գվարդիոլա, Յուրգեն Կլոպ, Լուիս Էնրիկե, Տատա Մարտինո, Դիեգո Սիմեոնե, Իգնասիո Գայդա, Խուան Անտոնիո Պիցցի, Ռեյնալդո Ռուեդա եւ Ռույ Վիտորիա։

«Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը կփորձեն ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը կփորձեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի հավաքականի Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Calciomercato-ն: Աղբյուրի տվյալներով, թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վաղուց է ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, իսկ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան թիմի նոր առաջատարի դերում տեսնում է հայ խաղացողին:

Սեպտեմբերի 10-ից խաղադաշտ դուրս չեկած Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի ապաքինումից եւ լիարժեք մարզավիճակ ձեռք բերելուց հետո էլ չի հայտնվում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.