Երեւանի ավագանու վերջին նիստից հետո շատերը գրեցին, թե «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բանավիճել են։ Միանգամից նկատեմ, որ բառերի հետ պետք է զգույշ վարվել: Բանավեճ ասվածը ենթադրում է տեսակետների բախում, առողջ քննարկում: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Բախշյանի եւ Մարգարյանի միջեւ, բանավեճ չէր, այլ՝ քաղաքապետի հստակ պատասխանը անընդհատ հակադրվող «Բարեւ Երեւանի» անդամին: Փորձեմ «անընդհատ հակադրվելու» փոխարեն ավելի ճիշտ բառ գործածել՝ պատկերն ամբողջացնելու համար՝ «հակադրվելու մարմաջ» ունեցող:
Բացեմ փակագծերը:
Նիստի ժամանակ, Անահիտ Բախշյանը, անդրադառնալով Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյանի փողոցում տրված շինթույլտվությանը, ասաց, որ քաղաքապետարանից իրեն տրված տեղեկանքի համաձայն՝ Դավիթաշենում նույն տարածքի վերաբերյալ տարբեր տեղեկություն կա՝ «Քաղաքապետարանի տեղեկանքով այդ տարածքը հարթ, անբարեկարգ տարածք է, իսկ ինձ տրված լուսանկարում այն ոչ հարթ տարածք է եւ բոլորովին անբարեկարգ չէ:
Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող բոլոր շինթույլտվությունների հետեւից գնալ, սակայն ստացվում է, որ ձեզ համոզում են, որ այնտեղ անբարեկարգ է: Ինչպե՞ս եք այսուհետ կանխելու նման շինթույլտվությունները, որովհետեւ վստահ եմ, որ եթե դուք գնայիք ու տեսնեիք, երբեք այդ շինթույլտվության տակ չէիք ստորագրի»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ խոսքն ուղղելով Տարոն Մարգարյանին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով էլ՝ ընտանիքը Ղարաբաղյան պատերազմում երկու զոհ է ունեցել, եւ իրենք շարունակելու են այսպիսի ընտանիքների աջակցել։ «Բարոյական չէ, երբ որ մեկ ընտանիքից ամուսին եւ որդի զոհվել են արցախյան պատերազմին… այո, լավ ենք արել՝ տվել ենք, ու էլի տալու ենք։ Ու ինչքան զոհվածի ընտանիք կա իրենց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, որ իրենք են ուզում»,- ասաց Մարգարյանը։
Բախշյանն էլ թե՝ «Ես փաստաթղթերի մասին եմ խոսում»:
«Ձեր ձենին կարոտ չենք։ Հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա Ձեր PR-ից խոսեք»,- ասաց քաղաքապետը։
Անկեղծ ասած՝ հասկանալի է, որ Անահիտ Բաշխյանը ոչ թե հակադրվել է սիրում, այլ՝ հակադրվելու մարմաջ ունի: Բայց այնքան, որ չտարբերակի՞, թե երբ եւ ինչքան կարելի է հակադրվել: Տարոն Մարգարյանն ասում է, որ Երեւանում շատ քիչ ընտանիքներ կան, որ արցախյան պատերազմի ընթացքում 2 զոհ են ունեցել, իսկ այդ շինթույլտվությունը տրվել է նրանցից մեկին. «Սա այդ ընտանիքներից մեկն է, եւ միայն առաջին հարկի բնակիչն է, որ չի համաձայնում, որ շինթույլտվություն տան՝ պարզ ասելով, որ նրանց փոխարեն իրենք կսարքեին: Իսկ Անահիտ Բաշխյանը թե՝ «Ես փաստաթղթերից եմ խոսում»:
Կրկին անկեղծ ասած՝ ես իմ լրագրողական փորձառության ընթացքում հազվադեպ եմ անձերին անդրադառնում, գրում եմ գործունեությունից, արածից, լավ ու վատից, բայց տիկին Բախշյանը ստիպեց, որ զարմանամ. ախր ի՜նչ փաստաթուղթ, ի՜նչ հարթ ու անհարթ: Անգամ մենք՝ փաստաթուղթ կրծող լրագրողներս, այդ կարգի թեմաների ժամանակ թուլություն ունենք, մեզ զուսպ ենք պահում: Փաստաթղթի հարթն ու անհարթը այդքան կարեւո՞ր էր այդ ժամանակ: Գիտեք ինչ հիշեցի. ընկերուհիս մաթեմատիկայի մի ուսուցիչ ուներ, որ միշտ «5»-ի փոխարեն «4» էր նշանակում ոչ թե այն բանի համար, որ խնդիրը ճիշտ լուծված չէր, այլ՝ որ ձեռագիրը սիրուն չէր: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, հակառակ պարագայում զավեշտի է վերածվում:
Ասածս եզրափակեմ քաղաքապետի խոսքով՝ ուղղված Անահիտ Բաշխյանին. «Ոչ միայն Դուք եք արդար…»:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



