Ուխտագնացություն

Հունիսի 17-ը ավանդական ուխտագնացությունների օր է: Առավոտից ուխտյալների տարբեր խմբեր են շարժվում մարզերից ու մայրաքաղաքից դեպի Պարույր Սեւակի տուն-թանգարան եւ ավտովթարի վայր, ինչպես նաեւ՝ դեպի Սպիտակավոր եկեղեցի (Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր), որի մոտ հողին են հանձնված Գարեգին Նժդեհի մասունքները:

1971թ. հունիսի 17-ի ողբերգական իրադարձությունն առ այսօր տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ շատերն են կասկածում Սեւակի մահը սովետական ԿԳԲ-ի կողմից կազմակերպելու մեջ… ինչպես կասկածում են Մինասի մահվան դեպքում:

Մեր ուխտյալների խումբն էլ այս հունիսի 17-ին կատարեց իր հերթական ուխտագնացությունը: Առավոտյան խումբն արդեն Սեւակի հիշատակին տեղադրված հուշաքարի մոտ էր, եւ երբ բաժակներ էինք բարձրացնում հայ մեծանուն բանաստեղծի հիշատակի համար, մոտեցան այլ խմբեր, եւ հետզհետե ավելացող մարդկանց ներկայությունն ապացուցեց, որ անվանի հային իրենց հարգանքի տուրքը տալու համար տարբեր մարդկանց այստեղ է բերել հոգու պոռթկումը, խորը հարգանքի գիտակցումը:

Այնուհետեւ այցելեցինք Սեւակի թուն-թանգարան (Զանգակատուն (Չանախչի), որի բակում էլ թաղված են մեծ գրողն ու չարաբաստիկ ավտովթարի մյուս զոհը՝ նըրա կինը՝ Նելլին: Հանդիպեցինք նաեւ Սեւակի որդուն՝ Արմենին, ում հետ զրույցը կարճ տեւեց ցավոք, քանզի խումբը շտապում էր ուխտագնացության մյուս վայր՝ Սպիտակավոր եկեղեցու բակ:

Այստեղ նույնպես խմբերն այցելում են տարբեր ժամերի, սակայն կան ուխտյալների մի քանի խմբեր (Երեւանից, Աբովյանից եւ Բերձորից), որոնք սկսած 1987թ. այցելում է նույն ժամին: Դրանց մեջ են նաեւ Նժդեհի աճյունը 1983թ. Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից Հայաստան տեղափոխած մտավորականները եւ հայ-արիները: Սպիտակավոր եկեղեցին սարի գագաթին մոտ է, եւ շատ ուխտյալներ ոտքով են բարձրանում այնտեղ եւ իրենց ուխտը կատարում են հիանալով ու վայելելով հայոց լեռնային բնությունը:

Ամբողջ օրն անցկացնելով հայ նվիրյալների՝ Սեւակի ու Նժդեհի հետ, ուխտյալների խմբերը երեկոյան վերադառնալով իրենց բնակավայրեր, դեռ երկար ժամանակ վայելում են այդ հանդիպումների «պտուղները»՝ մինչեւ հաջորդ հանդիպում…

Անի Մարության

«Լուսանցք», թիվ 63, 19.06.2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։