Իշխանությունն ու ընդդիմությունը՝ հայոց պետությունը չե՛ն – Վերջապես ե՞րբ ենք զատելու հայրենիքը՝ պետությունից, պետությունն էլ իշխանությունից կամ ընդդիմությունից… Հայաստանը հա՛յի երկրիրն է ու վե՛րջ…Հայը հայկական պետության մեջ ռազմագերի չի՛ կարող լինել…

«Լուսանցք»-ը միշտ գրում է, եւ ցավով է նշում, որ մեր երկրում այդպես էլ հանրության մեծ մասը չկարողացավ տարբերակել, որ ընտրյալ, թե չընտրյալ իշխանությունը պետությունը չէ, որ լավ, թե վատ իշխանավորները պատճառ չեն՝ մեր պետության դեմ քայլեր անելու համար:

Յուրաքանչյուր պետության հիմքը ազգն է, երկրի բնակչությունը, եւ պետության կազմաքանդումը արհավիրք է նախ եւ առաջ այդ բնակչության համար: Իշխանավորներն ամեն տեղ կգտնեն իրենց կյանքի պայմանները, իրենց բանկային հաշիվներով:

Նույնն է նաեւ այսօրվա ընդդիմության պարագայում, որ երեկվա իշխանությունն էր կամ իշխանությունների կողքին էր կանգնած: Նրանք եւս չեն կորչի, երբ քանդվի հայոց երկիրը, ճիշտ նույն կերպ՝ ինչ իշխանությունը:

Վերջապես ե՞րբ ենք զատելու այս ամենն իրարից: Անգամ պիտի հասկանանք, որ պետությունը դա բուն հայրենիքը չէ. դա այսօր հայրենիքի մի մասի վրա ստեղծված մի կազմավորված գործիք է, որ պիտի ծառայի ազգին ու հայոց նպատակներին: Այդ գործիքը մեղավոր չէ, որ «մասնագետը» մասնագետ չէ…

Իսկ Հայոց հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է եւ պետական վարչակարգից կամ վարչաձեւից նեղանալով՝ չի՛ կարելի հայհոյել հայրենիքն ու հեռանալ՝ այն թողնելով հայհոյանքները կրողներին…  

Նշյալ եզրույթները հաշվի առնելով է «Լուսանցք»-ը կատարում իր վերլուծություններն ու հրապարակումները, ինչը հաստատ ոմանց չի բավարարի, քանզի դեռ կանգնած են վերոշեշտյալ չզատողների շարքերում:

Այսօր հանրային տարաբաժանումներ կան նաեւ վերջերս Երեւանի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձություններին առնչվող: Հայտնի է դարձել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների ու աջակիցների դեմ հարուցված 3 քրեական գործերը կքննվեն մեկ փաթեթում։ Էրեբունու ՊՊԾ շենքի գրավման առիթով հարուցված քրեական գործը միացվել է 2015 թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու եւ Ժիրայր Սեֆիլյանի դեմ առանձին դրվագով այս տարի հարուցված գործերին։

Հակառակ կողմը անտրամաբանական է համարում Հատուկ քննչական ծառայության այս որոշումը։ «Սա գրեթե անհնարին է դարձնում գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունը։ Կապել իրար հետ չկապված երկու գործեր ու սրա մեջ փորձել տրամաբանական շարունակություն գտնել, սա ուղղակի բացառում է, որ գործը կարող է օբյեկտիվ քննության ենթարկվել»,- ասել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա համոզմամբ՝ քրեական գործով զբաղվող 8 տասնյակ քննիչները չեն տիրապետում գործի մանրամասներին, քանի որ որեւէ քննիչ պատասխատու չէ կոնկրետ անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքի համար։ Լավատեսություն չկա նաեւ դատախազության աշխատանքի հարցում, քանի որ «հնարավոր չի այսքան մեծ ծավալով 3 տարբեր գործերը դատախազական հսկողություն իրականացնել։ Սա նշանակում է, որ ոչ դատախազական հսկողություն է պատշաճ լինելու, ոչ էլ գործի քննությունը բազմակողմանի ու օբյեկտիվ է լինելու»։

Իրար հետ կապ չունեցող գործերի միացումը նպատակ ունի խստացնել առաջադրված մեղադրանքները։ Շուրջ 60 անձի մեղադրանքներ են առաջադրվել՝ շենք շինություններ զավթելու, պատանդ վերցնելու, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապրօինի զենք-զինամթերք պահելու համար։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշել է. «Արհեստական միացումներ են եւ պատկերացնում ենք, թե ինչ ձեւով են կարելու այդ գործը ինչպես միշտ։ Սա քաղաքական պատվեր է եւ քննչական մարմինները իրենց ուժերը պետք է ներդնեն, որ այդ պատվերը մինչեւ վերջ իրականացնեն»։ «Սերժ Սարգսյանն ասում էր բացառենք վրեժխնդրությունը… վրեժխնդրության գործոնը սկսվում է նախագահից, նա է թելադրում եւ ներարկում վրեժխնդրությունը իր մերձավորներին, իրավապահ կամ դատական համակարգին, որպեսզի այդ պատվերը իրականացվի»,- հավելել է իրավապաշտպանը։

Սակայն մեղադրող կողմը հայտարարել է, որ կան բոլոր փաստերը, որ նշյալ 3 գործերը միացնում են իրար: Դա եւս նպաստեց, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների կալանքի ժամկետը երկարացվեց: Ըստ ամենայնի, նշյալ փաստերը կներկայացնեն դատարանում: Հետաքրքիր է, որ կարճ ժամանակ առաջ անգամ 4 գործերի միացման մասին կար խոսք՝ 4-րդը կարող է լինել Նորք-Մարաշի զինված խմբի գործը, որի ղեկավարը սփյուռքահայ Արթուր Վարդանյանն էր: Այստեղ առնչություններ կան նաեւ քաղաքական որոշ ուժերի ու նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, ով եւս ձերբակալված է դեռ նախորդ տարվա դեկտեմբերից: Բայց, եթե դրանք միայն ասեկոսեներ էին, ապա 4-ի գործ չի լինի, սակայն 3 գործի միավորմամբ էլ ըստ ամենայնի կընթանա դատավարությունը:

Հիշեցնենք, որ նախաքննության ավելի վաղ փուլում հայտնվել էր, որ «ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք, ովքեր զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով եւ այլ զենք-զինամթերքով»: Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ բացի արդեն նշված 31 զինյալներից, 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են եւս 2 զինյալներ, 2 ինքնաձիգներով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը, հետները դուրս բերելով նաեւ գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի 2 ատրճանակներ: Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ 2 զինյալների անձնական տվյալները, նրանք հայտնաբերվել ու ներգրավվել են որպես մեղադրյալ: Հայտնաբերվել են նաեւ նրանց կողմից գնդից դուրս բերված ատրճանակները:

Քրեական գործի նախաքննության ներկա փուլում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված են 62 անձինք, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունն իրականացնող քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների, փորձագիտական հիմնարկներից ստացված բազմաթիվ, տարաբնույթ եզրակացությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել են ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:

Ճշտվել եւ անհատականացվել են ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի) եւ 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն եւ պահելուն ուղղված յուրաքանչյուր զինյալի մասնակցությունն ու այդ կապակցությամբ նրանց կոնկրետ գործողությունները: Պարզվել են գնդին պատկանող ոստիկանական 4 եւ քաղաքացիական անձի 1 ավտոմեքենաները դիտավորությամբ հրկիզման եղանակով ոչնչացրած 10 զինյալները, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերն ու ռազմամթերքը («Մակարով» տեսակի 216 հատ ատրճանակ, 10 ինքնաձիգ եւ այլն) գնդի զինանոցից ու անմիջականորեն ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից հափշտակելուն մասնակցած 19-ը զինյալները, ձեռք են բերվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հիմնավորող ապացույցներ: Նախաքննությամբ ձեռք է բերվել նաեւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների կողմից 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելը նախապատրաստելու, կազմակերպված խմբով ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու հանցավոր արարքները հիմնավորող ապացույցների բավարար համակցություն:

Նախաքննության ներկա փուլում կատարվում են օրենքով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողություններ քրեական գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացնելու, փոփոխելու եւ նրանց նոր մեղադրանքներ առաջադրելու նպատակով: Միաժամանակ շարունակվում են ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու եւ դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող 14 միլիոն 808 հազար ՀՀ դրամ գումարը հափշտակելու հանգամանքները պարզելու, դրանք կատարած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մեջ են նաեւ ՊՊԾ գնդի տարածքն ու շենքերը, շինությունները զավթելուց հետո գնդի ծառայողների աշխատասենյակներից անձնական իրեր, գումարներ, ինչպես նաեւ գնդի հարակից Խորենացի փողոցի տներից քաղաքացիների կենցաղային իրեր զինյալների կողմից հափշտակելու դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունները: Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին քննող մարմինը պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, փակ քննարկում է եղել համաներման անցկացման մասին, ինչպես նաեւ, թե համաներումը կարող է տարածվել «Սասնա ծռեր»-ի որոշ անդամների վրա, թե՝ ոչ: Կարծիքների բախման առանցքն այսպիսին է. «Եթե ոմանք համարում են, թե կան մարդիկ, որ անտեղյակ են եղել ու ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո են իմացել իրականությունը, բայց վախեցել են հեռանալ… Դե մարդ են՝ կարելի է հասկանալ… Բայց ի՞նչ մեղք ունեն այն 3 ոստիկանները, ովքեր զոհվել են պետության հանդեպ պարտքը կատարելու պահին, նրանք մարդ չե՞ն…»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունները սկսվեցին հուլիսի 17-ին եւ ավարտվեցին 31-ին, երբ խմբի ղեկավարներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ռազմագերու կարգավիճակով հանձնվում են… Եթե կարելի է սեփական պետության ներսում ընկալել քաղաքական բանտարկյալ, այլախոհ եզրույթը, ապա ռազմագերի ասվածը բոլորովին այլ պատկերացում է առաջ բերում, հայկական պետության ռազմագերի չի՛ կարող լինել Հայաստանում բնակվող հայը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։