ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ. ընտրացուցակների հրապարակումը՝ վստահության կարեւոր քայլ… ՀՀ ՏԻՄ ընտրությունների ստրասբուրգյան գնահատականը…ՀՀ օրենքով կդյուրացվի կուսակցություն հիմնադրելն ու կուսակցապետ դառնալը…

ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ. ընտրացուցակների հրապարակումը՝ վստահության կարեւոր քայլ

«Ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ որոշումը ստեղծված իրավիճակում հանրության վստահության ապահովմանն ուղղված կարեւոր քայլ է»,- Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած «Ընտրությունների դիտարկումը եւ դրան հաջորդող առաջարկությունների կատարման ընթացքը» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աշխատաժողովիում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի ու արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես նաեւ նախատեսվում է արխիվացնել տեսանկարահանված նյութերը:

Արդարադատության նախարարը նշել է, որ Հայաստանում կազմակերպվել են առավելագույնս ներառական քննարկումներ օրենսգրքի նախագծի շուրջ՝ ներկայացնելով «4+4+4» բանակցային ձեւաչափը:

Նրա խոսքով՝ այն ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հավասարաչափ ու հավասարակշռված քննարկման կարեւոր հարթակ էր:  

«Ամբողջ գործընթացում մեզ առաջնորդել է ընտրական գործընթացների շուրջ փոխադարձ վստահության ստեղծման եւ աննախադեպ պատշաճ ընտրություններ անցկացնելու մեր ամենակարեւոր նպատակը»,- ասել է նախարարը:

ՏԻՄ ընտրությունների ստրասբուրգյան գնահատականը

Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի նիստում, որն անցկացվեց հոկտեմբերի վերջերին, տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ քննարկում։

ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման Կոնգրեսի առաքելության ղեկավար, Ֆինլանդիան ներկայացնող Լիզա Անսալան Կոնգրեսի անդամներին ներկայացրեց ՏԻՄ ընտրությունների գնահատականը։ Նա տեղեկացրեց,  որ Հայաստանում՝ ՏԻՄ ընտրություններն անցկացվում են մի քանի անգամով եւ սեպտեմբերի 18-ին քվեարկությունն անցկացվել է ավելի քան 300 համայնքներում, որտեղ ընտրում էին քաղաքապետեր ու ավագանու անդամներ։ Ապա նշեց, որ ընտրությունները տեխնիկապես լավ պատրաստված էին՝ ընդհանուր առմամբ միջազգային չափանիշներին համապատասխան։ Որոշ բացառություններով՝ ընտրության օրն անցել է հանգիստ։

Զեկուցողը ներկայացրեց այն քաղաքական իրավիճակը, որի պայմաններում տեղի են ունեցել ընտրությունները։ Ասաց, որ «ՏԻՄ ընտրություններն առաջինն էին Հայաստանում ՊՊԾ գնդի գրավումից հետո, որը «ցնցեց  երկիրն այս ամռանը»։ Սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց վարչապետը՝ ասելով, որ երկիրը նոր մոտեցման կարիք ունի՝ տնտեսական անկումից ու շաբաթներ տեւած բռնի բողոքի ակցիաներից հետո»։ Նշեց նաեւ, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են երկրում ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակաշրջանում։

Խոսք եղավ այն մասին, որ ընդհանուր առմամբ, շատ ցածր է եղել քաղաքական մրցակցությունն ու հանրային հետաքրքրությունը։ Մրցակցություն եղել է մեծ քաղաքներում, իսկ փոքր համայնքներում ընտրաթերթիկում երբեմն առկա է եղել միայն 1 թեկնածուի անուն։

Կոնգրեսի առաքելության ղեկավարը ՀՀ իշխանություններին ներկայացրեց 3 առաջարկ, որոնցից 1-ինը վերաբերում էր ընտրացուցակներին, երբ մարդն ապրում է արտերկրում, սակայն նրա անունն առկա է ընտրացուցակում։ «Այս իրավիճակը դարձել է պնդումների պատճառ, որ այս անձինք օգտագործվում են այլ մարդկանց կողմից, ովքեր քվեարկում են մի քանի անգամ եւ վճարվում քվեի համար։ Հնարավոր չարաշահումներից խուսափելու ու համայնքային մակարդակում ժողովրդավարության ամրապնդման համար Կոնգրեսը կարծում է, որ տեղական խնդիրները պետք է որոշվեն անհատների կողմից, ովքեր իրականում ապրում են տվյալ համայնքում։ Ընտրացուցակները պետք է փոփոխվի համապատասխանաբար»,- ասել Լիզա Անսալան։

Նրա 2-րդ առաջարկն այն էր, որ ՀՀ իշխանությունները վերանայեն ընտրական օրացույցը եւ տեղական բոլոր ընտրություններն անցկացվեն 1 օրում՝ տարվա մեջ մի քանի օրվա փոխարեն, ինչը «կբարելավի թափանցիկությունը եւ կբարձրացնի ՏԻՄ ընտրությունների հանրային իրազեկվածությունը»։

Եվ 3-րդ խնդիրը կապված է ծերերի ու հաշմանդամների՝ ընտրատեղամասեր մուտքի ու այսպես կոչված օգնելու միջոցով քվեարկելու հետ։ «Մենք հավատում ենք, որ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այս խնդիրների հետ կապված, ինչպես նաեւ ապահովեն շարժական քվեատուփեր։ Հայաստանը ներկայումս անցումային փուլում է, եւ այս հարցերը կարող են լուծում ստանալ»,- ասել է ֆինլանդացի զեկուցողը։

Հիշեցնենք, որ ԵԽ Կոնգրեսի 15 հոգանոց պատվիրակությունն ընտրական գործընթացների գնահատման առաքելությամբ Հմեր երկրում եղել է սեպտեմբերի 14-19-ը։

Կդյուրացվի կուսակցապետ դառնալը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ փաթեթն արտացոլում է այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել ընդդիմադիր գործընկերների ու քաղհասարակության հետ եւ ամրագրվել է որպես քաղաքական համաձայնագիր:

Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին: Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերի պահանջներին‘ խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կդյուրացվեն ու կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման եւ պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման ու արգելման արդյունքում առաջացող բացասական հետեւանքները,կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար եւ ոչ խտրական պայմաններ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։