Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ… Ռուս-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններ – Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել…

Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին թեկնածու Հիլարի Քլինթոնի անմիջական մասնակցությամբ եւ վերահսկողությամբ կայացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կնոջ՝ Հիլարիի հաղթանակը կարծես թե մոտ է եւ այս ընտրություններում նա կարող է դառնալ ԱՄՆ-ի նոր նախագահը: Կիմանանք նոյեմբերի 8-ին:

Արդյո՞ք այդ դեպքում հայ-թուրքական արձանագրությունները կվերադարձվեն միջազգային քաղաքական օրակարգ: Այս խնդրի մասին խոսել են փորձագետները:

Մուջիբ Խանը Կալիֆորնիայի համալսարանից հայտնել է, թե «պետքարտուղար Հիլարի Քլինտոնն ուներ ավելի դրական մոտեցում եւ ավելի շատ էր ընդգրկված հայ-թուրքական հաշտեցման հարցում, քան նախագահ Բարաք Օբաման: Հուսամ՝ նախագահ դառնալու դեպքում նա կվերսկի այս գործընթացը»: «Ցավոք, կարծում եմ այսօր հայ-թուրքական հաշտեցումը կորցրել է իր կարեւորությունը, քանի որ առկա են բազմաթիվ այլ խնդիրներ: Ո՛չ Անկարայի եւ ո՛չ էլ Վաշինգտոնի համար դա առաջնահերթություն չէ: Հույս ունեմ հաշտեցման գործընթացը կվերսկսվի, բայց չեմ տեսնում, որ կողմերից որեւէ մեկը հետաքրքրված լինի այս հարցում»,- հայ-թուրքական արձանագրությունների վերադարձման եւս մեկ ջատագով է այսպես արտահայտվել Մայքլ Ռեյնոլդսը՝ Փրինստոնի համալսարանից:

Դեյվիդ Ֆիլիփսը, ով Կոլումբիայի համալսարանի Խաղաղության եւ մարդու իրավունքների ծրագրի ղեկավարն է, հույս չունի, որ արձանագրությունները տեղից կշարժվեն: «Այսօր հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա: Երկխոսության հեռանկարները չափազանց փոքր են, քանի որ Թուրքիան գտնվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն անցման փուլում: Եթե Թուրքիան ցանկանա քայլեր ձեռնարկել արձանագրությունների վավերացման հարցում, ապա անհրաժեշտ կլինեն որոշակի քաղաքական բանակցություններ ու վստահության մթնոլորտի ձեւավորում, որոնք դրականորեն կազդեն երկկողմանի հարաբերությունների վրա: Սակայն այսօր նման ցանկություն թուրքական կողմից չի նկատվում»,- ասել է նա:  

Բոլոր փորձագետներն էլ հայտնել են, թե հայ-թուրքական երկխոսության արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում  (Շվեյցարիա) ստորագրվեցին արձանագրությունները եւ այդ արարողությանը մասնակցող ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անմիջական ու ուղղակի ներդրում ունեցավ գործընթացում:

«Հիլարի Քլինտոնը շատ մեծ եւ անփոխարինելի դեր է խաղացել արձանագրությունների ձեւավորման ու վերջնական ստորագրման հարցում»,- նշել է Դեյվիդ Ֆիլիփսը:

Բայց 7 տարի է անցել, իսկ արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին: Հայաստանը հայտարարեց, որ կվավերացնի դրանք 24 ժամվա ընթացքում, եթե այն վավերացնի Թուրքիան, սակայն թուրքական կողմն արձանագրությունների վավերացումը կապեց ղարաբաղյան հակամարտության հետ ու տապալման մեջ մեղադրեց Հայաստանին: Մինչդեռ պայմանավորվածություն կար բոլոր կողմերի միջեւ, որ նախապայմաններ այլեւս չեն լինելու: Իսկ 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները խորհրդարանից:

«Կարծում եմ, որ գործընթացը դրական էր մինչեւ 2015-ը եւ կային հույսեր, որ կվերաբացվի սահմանը ու կվերականգնվեն հարաբերությունները: Սակայն, ցավոք, որոշ տարածաշրջանային եւ ներքաղաքական զարգացումները խափանեցին այն: Այն կապված է 1915թ. իրադարձությունների տարելիցի հիշատակման հետ: Թուրքական կողմը պատրաստ չէր ինքնաքննադատության կամ դրանց քննարկմանը, իսկ հայկական կողմը այն դարձրել է քաղաքական պայքարի ձեւ»,- ասել է Մուջիբ Խանը:

Բայց այս հարցում առկա է մեկ այլ մոտեցում, որը թերեւս հայանպաստ է: Դեյվիդ Ֆիլիփսը ասել է, թե «2015թ. նախագահ Բարաք Օբաման կորցրեց հնարավորություն ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Իր անձնական կարծիքը բավարար չէ: ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է իր կողմից ցեղասպանության ճանաչումը դարձնի հիմք ոչ միայն հայ-թուրքական, այլեւ երկու երկրների հետ իր հարաբերություններում: ԱՄՆ-ին անհրաժեշտ է ավելի իրատեսական քաղաքականություն: Ժամանակն է վերանայել թուրքական բացառիկության քաղաքականությունը: ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա քաղաքականության հիմք տարածաշրջանում, եւ այն իր դրական ազդեցությունը կունենա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վրա»:

Ըստ նույն բանախոսի, վերջին տարիների զարգացումները մշուշոտ են դարձնում արձանագրությունների վերադարձը քաղաքական օրակարգ: Ինչպես արձանագրություններն, այնպես էլ ընդհանուր հայ-թուրքական հարաբերություններն անմիջական կապ ունեն տարածաշրջանային ու ներքաղաքական գործընթացների հետ:

Այսօր այդ հարաբերությունները կարգավորելու մասին խոսելն անարդյունք է նաեւ այն պատճառով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հանդես են գալիս գրեթե մեկ քաղաքական օրակարգով, ինչը հայ-թուրքական հարաբերությոնները շարունակում է երկու կողմից տանել դեպի եռակողմի՝ Հայաստան եւ Թուրքիա-Ադրբեջան… Այս հարաբերություններին բացասաբար են ազդել նաեւ Ռուսաստանի մերթ ընդ մերթ թուրքամետ խաղերը:

Այնպես որ, մի քիչ հնացած է թվում այս հաջորդ վերլուծությունը, որն արվել է Մայքլ Ռեյնոլդսի կողմից. «Հիլարի Քլինթոնն իր քարոզարշավի ընթացքում հստակ ուղերձ է հղել Ռուսաստանի հետ հակամարտող հարաբերությունների մասին: ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով: Դա կազդի Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա: Այս պահին դժվար է ասել, թե ինչ քաղաքականություն կորդեգրի վարչակազմը Թրամփի հաղթանակի պարագայում»: «Որ թեկնածուն էլ, որ ընտրվի նախագահ, կենտրոնանալու է անվտանգության խնդիրների վրա, հատկապես Սիրիայի, Իրաքի հարցերի ու ԴԱԵՇ-ի վերջնական վերացման վրա: Հաղթանակի դեպքում նախկին պետքարտուղարն անկասկած ավելի մեծ ուշադրություն կդարձնի հայ-թուրքական հարաբերություններին: Նա ցանկություն կունենա զարգացնելու այս երկխոսությունը, սակայն այն կապված է լինելու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համագործակցության ցանկությունից Մերձավոր Արեւելքում եւ այլ խնդիրների շուրջ, ներառյալ հայ-թուրքական հարաբերությունները»,- հավելել է Դեյվիդ Ֆիլիփսը:

Այսպիսով, հավանական է, որ նոյեմբերյան ընտրություններից հետո նոր ամերիկյան վարչակազմը հայ-թուրքական արձանագրությունների ու հաշտեցման երկխոսության վերաբերյալ իր մոտեցումներում հաշվի է առնելու նոր իրականությունն ու մարտահրավերները՝ ներառյալ սիրիական հակամարտությունը եւ ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները ոչ միայն մեր տարածաշրջանում:

Արման Դավթյան

Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել, եւ երկու բարեկամ երկրները եկող տարի նշվելիք այդ հարաբերությունների հաստատման 25-ամյակին մոտենում են վերջին 1-2 տարիներին ձեռք բերված լուրջ հաջողություններով:

ԱՄՆ կառավարությունը աջակցել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը, եւ մեր երկրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հիշեցնենք, որ մեր բարեկամ ու ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը արդեն մի քանի անգամ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառել մեր թշնամի Ադրբեջանին (իմիջիայլոց որոնք կիրառվել են արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմում), մինչդեռ Միացյալ Նահանգները վաղուց դադարեցրել են զենք վաճառել Ադրբեջանին (նաեւ՝ եվրոպական երկրները): Նշենք նաեւ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ Թուրքիայի թշնամին է համարվում, վերջինս էլ Ադրբեջանի բարեկամն է, իսկ հակառակ կողմում՝ Ռուսաստանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՏՄ կառույցներում ու առանձին ռազմավարական պայմանագրով Հայաստանի ռազմական գործընկերն է, իսկ Ադրբեջանը ցայսօր բացահայտ հակառակ ճակատում է գործում՝ սատարելով ՆԱՏՕ-ական Թուրքիային…

Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում, մասնավորապես՝ ամերիկյան կողմի աջակցությունը մեր երկրի պաշտպանական բարեփոխումներին, ռազմաբժշկական, հումանիտար ականազերծման եւ խաղաղապահության ոլորտներում կարողությունների զարգացմանը: Հույս է հայտնել, որ Մայքլ Քարփինթերի այցը եւս իր նպաստը կբերի Հայաստան-Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը:

Կողմերը նշել են, որ հայ-ամերիկյան ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման հիմքում ընկած են երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու համակրանքը, եւ այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

Հայաստանը նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր պետություն է: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերն իր երախտագիտությունն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար: Քննարկվել են ռազմական, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել: Համաձայնագրերը ստորագրվել են Բաքվում անցկացվելիք ռուս-ադրբեջանական VII ֆորումի շրջանակում, համագործակցությունը վերաբերվում է հումանիտար եւ տնտեսական ոլորտներին: Սսպասվում են համաձայնագրեր այլ ոլորտներում եւս, սակայն չեն մանրամասնում հստակ ժամկետներ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։