Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի բազմաճյուղ խաչմերուկներում – Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը… Կամային հաղթանակ.- Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան… Հայ ֆուտբոլիստը՝ տարվա լավագույնների թվում է…  2016թ. Սամբոյի աշխարհի առաջնություն… Այլ մարզականլուրեր…

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց Հայաստանի շախմատի  տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը: Վերջին 13-րդ փուլում մրցաշարի առաջատար Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Քալաշյանի հետ եւ վաստակեց 9,5 միավոր: Հաղթանակի դեպքում նրան կարող էր հասնել Տիգրան Հարությունյանը, սակայն վերջինս նույնպես խաղաղ դաշն կնքեց եւ բավարարվեց 9 միավորով: 3-րդ տեղը բաժանող 2 շախմատիստներից ավելի հաջողակ գտնվեց Մանուել Պետրոսյանը, ով հաղթեց Կարեն Հովհաննիսյանին եւ վաստակեց 8,5 միավոր: Իսկ ահա նրա գլխավոր մրցակիցը՝ Արման Միքայելյանը, պարտվեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին եւ նահանջեց 5-րդ հորիզոնական: 4-րդ տեղը զբաղեցրեց հենց ղարաբաղցի շախմատիստը, ով ընդամենը կես միավորով ետ մնաց ցանկալի 3-րդ տեղից:

Այդպիսով, 2017թ.Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի 3 ուղեգրերը նվաճեցին միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Մանուել Պետրոսյանը:

2016թ Հայաստանի շախմատի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակ՝ 1. Մարտիրոսյան Հայկ՝ 9,5; 2. Հարությունյան Տիգրան՝  9; 3. Պետրոսյան Մանուել՝ 8,5; 4. Հայրապետյան Հովիկ՝ 8; 5. Միքայելյան Արման՝ 7,5; 6.  Հակոբյան Արամ՝ 7; 7. Եզիազարյան Արմենակ՝ 6,5; 8. Շահինյան Դավիթ՝ 6,5; 9. Բակունց Ռաֆայել՝ 6,5; 10. Քալաշյան Դավիթ՝ 6,5; 11. Բաբուջյան Լեւոն՝ 5; 12. Թորոսյան Նորայր՝ 5; 13. Սարգսյան Շանթ՝ 4; 14. Հովհաննիսյան Կարեն՝ 1,5:

Կամային հաղթանակ.- ՀայաստանՉեռնոգորիա՝ 3։2

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին: 1-ին խաղակեսի մեկնարկային րոպեներից թիմերը փոխնիփոխ վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն աստիճանաբար Չեռնոգորիայի հավաքականի գրոհները դառնում էին ավելի ու ավելի վտանգավոր: Փոխարենը մեր ֆուտբոլիստներն ավելի շատ էին սխալվում, փոխանցումների ժամանակ միմյանց չէին հասկանում, ինչից էլ օգտվում էր մրցակիցը` սուր հակագրոհներ ձեռնարկելով:

Արդյունքում` գոլերը չուշացան: Հանդիպման 36-րդ րոպեին Վեշովեչի հարվածից հետո անդրադարձ եղավ, դարպասապահ Արսեն Բեգլարյանը հետ մղեց գնդակը, սակայն Կոյաշևիչը հուժկու հարվածով գրավեց դարպասը: Ընդամենը 2 րոպե անց մրցակիցը նաեւ կրկնապատկեց հաշիվը: Խորքից փոխանցումից հետո Ստեֆան Յովետիչը մեն-մենակ մնաց Արսեն Բեգլարյանի դեմ` գնդակն ուղարկելով դարպասը: Թվում էր, թե կարող է կրկնվել Ռումինիայի ազգային հավաքականի հետ դրամատիկ հանդիպումը, երբ առաջին բաց թողած գոլից րոպեներ անց հաշիվն արդեն 0:3 էր, սակայն ընդմիջումից հետո «Հանրապետական»-ի մարզադաշտում բոլորովին այլ Հայաստանի հավաքական էր` վերափոխված, արագ, եվրոպական…

Թե ինչ էր ասել հանդերձարանում տղաներին Արթուր Պետրոսյանը, դժվար է գուշակել, սակայն մրցակցին բոլոր ցուցանիշներով գերազանցող մեր ընտրանին կարողացավ պատասխան 2 գոլ խփել: Նախ հաշվի տարբերությունը 50-րդ րոպեին կրճատեց հիանալի գործողություններով աչքի ընկնող և հավաքականի կազմում ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը` Արտակ Գրիգորյանը, իսկ 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Վարազդատ Հարոյանը` 2:2: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը:  

Ամբողջ 2-րդ խաղակեսի ընթացքում Հայաստանի հավաքականը գերազանցում էր մրցակցին` արդարացիորեն 3 միավոր վաստակելով: «Հանրապետական.-ը» ցնծում էր… Տղաներ, մեկ հարց, եթե կարողանում ենք այսպիսի ֆուտբոլ խաղալ, ինչո՞ւ չենք խաղում,- նշված է panorama.am-ի հոդվածում…

Հայաստանի հավաքականի առաջին մարզումն առանց Հենրիխ Մխիթարյանի

Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը, մեր ընտրանին ուսումնամարզական հավաք անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Անդրանիկ մարզմանը մասնակցել են հետեւյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գրիգոր Մելիքսեթյան: Պաշտպաններ՝ Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Քարտաշյան, Սերոբ Գրիգորյան: Կիսապաշտպաններ՝ Մարկոս Պիզելլի, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Դավիթ Հակոբյան: Հարձակվողներ՝ Արթուր Սարկիսով, Վարդան Պողոսյան:

Թիմ հրավիրված Գեղամ Կադիմյանը չի մասնակցել մարզմանը, քանի որ նոր էր ժամանել Երեւան: Ռուսլան Կորյանը հավաքականին կմիանան այդ օրը երեկոյան, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը եւ Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գուորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կողմից հրավերք ստացած ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միանա թիմին վնասվածքի պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները ցանկանում են վռնդել Մոուրինյոյին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից եւ բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք համացանցում արշավ են կազմակերպել, որի օգնությամբ ցանկանում են հասնել Մոուրինյոյի պաշտոնանկությանը։ Այսպիսով՝ թվիթթերում «Get Mourinho Out» անունով էջ է բացվել։ Ֆանատները պլանավորում են գումար հավաքել ինքնաթիռի համար, որը կթռչի «Օլդ Տրաֆֆորդի» վրայով՝ պարզելով «Մոուրինյո, հեռացիր» գրությամբ հսկայական պաստառը։ Նրանք արդեն հայտարարել են դրամահավաքի մասին եւ մյուս երկրպագուներին խնդրել նվիրատվություններ կատարել։

Հիշեցնենք, որ վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Բարնլի»-ի հետ, իսկ Մոուրինյոն, որի հասցեին տրիբունաներից նաեւ անպարկեշտ հայտարարություններ են հնչել, հեռացվել է պահեստայինների նստարանից։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընթանում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում՝ 10 խաղում վաստակելով ընդամենը 15 միավոր։

Հենրիխ Մխիթարյանը մենակ է մարզվել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջերս մենակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաբազայում։ Հայ ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ չի մասնակցել «Բարնլի»-ի հետ Պրեմիեր լիգայի վերջին հանդիպմանը։

Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։

«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դադարել է հայտնվել «կարմիր սատանաների» հայտացուցակում, սակայն միաժամանակ նաեւ լռություն է պահպանում, իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է թողել, որում հույս է հայտնել ակումբի լուսավոր ապագայի համար։ Նշենք, որ «ՄՅու»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 7 խաղում միայն 1 հաղթանակ է տոնել։ «Մեզ համար լավագույն ժամանակներ կգան։ Շարունակում ենք առաջ շարժվել։ Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»,- գրել է հայ ֆուտբոլիստը:

«Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4 հաշվով, քան 4 անգամ` 0:1 հաշվով»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներն ու լրագրողները չեն կարողանում մոռանալ թիմի`0:4 հաշվով կրած պարտությունը «Չելսի»-ից եւ մամուլի ասուլիսների ժամանակ շարունակ անդրադառնում են այս թեմային: Պորտուգալացի մասնագետը փիլիսոփայորեն է մոտենում հարցին: «Գիտեք, վերջին 7 հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միայն 1 պարտություն է կրել: Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4 հաշվով, քան 4 անգամ` 0:1 հաշվով»,- նշել է նա:

Այն հարցին, թե չի՞ հոգնում արդյոք խաղադաշտում 34-ամյա Մայքլ Կերիկը, Մոուրինյոն պատասխանել է` համեմատական անցկացնելով: «5 տարի անց Լիոնել Մեսսին կդառնա 34 տարեկան: Այդ ժամանակ բոլորս կսկսենք արտասվել»,- ասել է Մոուն:

Չեմ հանձնվի ու կհասնեմ նպատակիս

Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է պայքարել, որպեսզի հայտնվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում: Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան նշանակվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: «Ճիշտ է, խաղադաշտում քիչ ժամանակ եմ ստանում, բայց չեմ պատրաստվում հանձնվել: Ես երկար ճանապարհ եմ անցնել «Մանչեսթերում» խաղալու համար, ոչինչ չի խանգարի հասնել իմ երազանքին: Ես չեմ նահանջի, իմ մեջ ուժ կգտնեմ ու կհասնեմ նպատակիս»,- ասել է ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Միջոցառմա ժամանակ հայ ֆուտբոլիստը ցավով խոսեց այն երեխաների մասին, ովքեր զրկված են մյուսների հետ հավասար պայմաններում լինելու հնարավորությունից եւ նշեց, որ պատրաստ է կանգնել հայ կարիքավոր հայ ընտանիքների կողքին:

«Շնորհակալ եմ այս կարևոր դերն ինձ վստահելու համար: Միավորելով ջանքերը` առավել մեծ արդյունքների կհասնենք յուրաքանչյուր երեխայի իրավունքները պաշտպանելու գործում: Ուրախ եմ հայտարարել մեր համագործակցության մեկնարկի մասին` ՅՈՒՆԻՍԵՖԻ 70-ամյակի առթիվ: Այս կազակերպությունն արդեն 70 տարի է երեխաների իրավունքների պաշտպանության առաջատարն է աշխարհում, աշխատում է հանուն երեխաների կյանքի պաշտպանության ու զարգացման` ուշադրություն դարձնելով առավել խոցելի երեխաների վրա:

Հայաստանում սա այն եզակի կազմակերպություններից է, որը զգալի որդյունքի է հասել հանուն յուրաքանչյուր երեխայի կյանքի բարելավման, մասնավորապես` նվազել է մանկական մահացությունը: ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ իմ համագործակցությունը լինելու է կրթության ոլորտը: Ցավալի է գիտակցել, որ ոչ բոլոր երեխաները դպրոց հաճախելու եւ կրթվելու հավասար հնարավորություններ ունեն: Փորձելու եմ խրախուսել հայ ընտանիքներին, ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություն ստեղծվի»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Goal-50. Մխիթարյանը տարվա լավագույնների թվում է

Goal.com-ը ներկայացրել է տարվա լավագույն 50 ֆուտբոլիստներին: 36-րդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«27-ամյա ֆուտբոլիստի կարիերան «Օլդ Թրաֆորդում» այդքան էլ լավ չստացվեց, չնայած, որ Դորտմունդի «Բորուսիայում» նրա խաղն ապշեցնող էր: Գերմանիայի առաջնությունում Մխիթարյանը դարձավ 11 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ: Պետք է ենթադրել, որ եթե Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայում ստանա բավարար խաղաժամանակ, ապա կկարողանա արդարացնել իր տրանսֆերի համար վճարած 35,7 մլն ֆունտ ստերլինգը»,- գրված է կայքում:

Հավելենք, որ առայժմ հրապարակվել են միայն լավագույն 20 ֆուտբոլիստները:

2016թ. Սամբոյի աշխարհի առաջնություն

2016թ. Սամբոյի աշխարհի առաջնությունն այս տարի անց է կացվելու Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղելու 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 11,12,13-ին:

Առաջնության եզրափակիչ խաղերի հեռարձակման իրավունքը Հայաստանում ստացել է Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը, որի հեռուստադիտողները հնարավորության կունենան հետևել աշխարհի ուժեղագույն սամբիստների մրցապայքարին՝ նոյեմբերի 11,12,13-ին: Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը ուղիղ եթերում՝ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 19:15-ից:

Ներկայացնում ենք մեր հավաքականների  կազմերը.

Տղամարդիկ– մարզական սամբո.- 1. Տիգրան Կիրակոսյան` 52կգ, 2. Մաքսիմ Մանուկյան` 57կգ, 3. Հովհաննես Ալեքսանյան` 62կգ, 4. Ռաֆիկ Մանուկյան` 68կգ, 5. Դավիթ Գրիգորյան` 82կգ, 6. Էդիկ Պետրոսյան` 90կգ: Տղամարդիկ – մարտական սամբո.- 1.          Մխիթար Մխիթարյան` 57կգ, 2. Էռնեստ Հայրապետյան` 62կգ, 3. Վաչիկ Վարդանյան` 68 կգ, 4. Մավրիկ Նասիբյան` 74 կգ: Կանայք.- 1. Սսյա Լալազարյան` 48 կգ, 2. Սոսե Բալասանյան` 52կգ:

«Ուրարտու»-ն կրկին ձախողվեց Երեւանում

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը կրկին անհաջողության մատնվեց Ռուսաստանի բասկետբոլի տղամարդկանց Սուպերլիգայի 1-ին խմբում: 6-րդ փուլի խաղում մեր բասկետբոլիստները սեփական խաղահրապարակում հյուրընկալեցին Իրկուտսկի «Իրկուտ» թիմին:

Առաջին խաղակեսում «Ուրարտուն» լուրջ դիմադրություն ցույց տվեց մրցաշարի առաջատարին եւ զիջեց ընդամենը երկու միավոր՝ 20:22: Բայց հաջորդ 3 10 րոպեներում մեր բասկետբոլիստները չկարողացան բեկում մտցնել խաղի մեջ եւ ի վերջո զիջեցին 63:79 հաշվով:

Այդպիսով, «Ուրարտու»-ն կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Հաջորդ խաղը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 10-ին՝ իր հարկի տակ կընդունի խմբի 2-րդ թիմին՝ «Նովոսիբիրսկ»-ին

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.