Երկու հասարակարգերի վկայագրում – Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը…

Սերգեյ Ավագյանը ընթերցող մեր հասարակությանը հայտնի է մի շարք գրքերով, որոնցից առանձնապես հիշատակման են արժանի պատմաազգագրական «Շարուր», «Սուրմալու», նաեւ «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը եւ մենք» աշխատությունները: Նրա վերջին՝ «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը եզակի է առայժմ: Ցավոք: Մինչդեռ այդ թեմայի արծարծման կարիքն այնքան շատ կա դեռ…

«Հուշապատումը» Սերգեյ Ավագյանի 33-րդ գիրքն է: Նա, լինելով երկու՝ միմյանց հակադիր սոցիալ-քաղաքական հասարակությունների՝ կոմունիստական եւ կապիտալիստական, զավակը, իր անցած կյանքի 90 տարիների ընթացքում նկարագրելով այդ ուղին, միաժամանակ ցույց է տալիս տվյալ ժամանակի պետության կացությունը, նրա դրական ու բացասական կողմերը: Այո, նա ընդունում է, որ կոմունիստական հասարակարգում նույն կոռուպցիան ու կաշառակերությունը կար, բայց դրականն էլ քիչ չէր, օրինակ՝ մարդիկ ապահովված էին աշխատանքով, բուժումն անվճար էր, կրթությունը՝ նույնպես, բնակարաններն անվճար էին բաշխվում: Իսկ ներկայիս՝ կապիտալիստական Հայաստանում այդ ամենը ի չիք է դարձել: Հեղինակին մեծ ցավ է պատճառում աշխատանքի բացակայությունը, աշխատողների ցածր վարձատրությունը, ստրկական բարքերով առաջնորդվելու հանգամանքը:

Հրաժարվելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունքից եւ թերթի խմբագությունում աշխատանքից՝ նա վերադառնում է հայրենիք եւ լրագրությամբ զբաղվում այստեղ՝ պարբերաբար այս կամ այն օտար անունների փոփոխության առաջարկներ անելով: Նա միշտ հիշում ու հիշեցնում է մեծն Րաֆֆուն. «Այժմ մեզ հայ է պետք»: Ու սա, իբրեւ հավերժական դաջվածք, փորձում է կիրառել-թարմացնել ամեն օր:  

Ծնվել է 1926թ. նոյեմբերի 1-ին, Երեւան քաղաքում: Ծնողները՝ Ավագ Ավագյանն ու Վարդանուշ Բեկնազարյանը, Շարուրի թուրքական կոտորածներից մազապուրծ հասել են Երեւան: Թերի միջնակարգ ուսումը ստացել է Երեւանի վերին Չարբախի Ստալինյան շրջանի թիվ 37 դպրոցում, միջնակարգը՝ Շահումյանի շրջանի Նոր Խարբերդ ավանի դպրոցում: Եղել է գերազանցիկ, կոմերիտմիության ակտիվիստ: 18 տարին չլրացած՝ 1944թ. անդամագրվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցությանը: 1944-ից մինչեւ 1950թ. սկիզբը ծառայել է Խորհրդային բանակում: 1955թ. ավարտել է Երեւանի համամիութենական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության բաժինը: Մասնագիտությամբ աշխատել է հանրապետության տարբեր շրջաններում, նաեւ Էջմիածնի, Երեւանի, Գագարինի թռչնաֆաբրիկաներում, «Հայթռչնարդի» գլխավոր վարչությունում: 1957թ. ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) կենսաբանության եւ քիմիայի բաժինը (հեռակա), ապա՝ ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի Մարքսիզմ-Լենինիզմի երեկոյան համալսարանի տնտեսագիտության բաժինը: Մոսկվայում ուսանել եւ ավարտել է Համամիութենական թռչնաբուծության տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան եւ 1971թ. Լենինգրադում ատենախոսել թեզ: Նրան շնորհվել է Գյուղատնտեսության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հայաստանի լրագրողների միության անդամ է: Հրատարակել է 300-ից ավելի մասնագիտական, քաղաքական, տնտեսական թեմաներով հոդվածներ: 1993թ. կազմակերպել է «Շարուր» հայրենակցական միությունը, որի հիմնադիրն ու պատվավոր նախագահն է: Նաեւ Շրջակա միջավայրի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է:

Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը: Մարդ, ում գերդաստանը ԱՄՆ-ում է, իսկ ինքը մնացել է այստեղ՝ հայրենիքում ապրելու պատասխանատվության հրամայականով: Մարդ, ում ներսում այդ հրամայականը մշտապես «աշխատել» է անգամ խորհրդային տարիներին, երբ խորհրդային համարվող ազգերը ընդհանուր հայրենիք էին կերտում:

Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին նայենք տնտեսական թեմաներով գրող լրագրողի աչքերով, ապա այնտեղ արժեքավոր տեղեկույթ կգտնենք Հայաստանում թռչնաբուծական արդյունաբերության հիմնման եւ ընթացքի մասին. երբ եւ ում կողմից որ գործարանը կամ ֆաբրիկան ու արտադրամասն են հիմնվել, ինչ շինություն է եղել, դրա կառուցվածքն ու թերությունները, որ գործարանն ինչպես է զարգացել, ինչ գիտական փորձեր են արվել, ինչպես է ստեղծվել «երեւանյան ցեղը», անգամ ճտահանության ձեւերն ու բարելավան մեթոդները եւ այլն:

Եվ ամենակարեւորը՝ եթե «Հուշապատում»-ին նայենք իբրեւ ազգանվան «յան» վերջավորությունը կրող մարդու պատմության, ապա կասենք հետեւյալը. նա իր ազգանունը պատվով է կրել երկու հասարակարգերում էլ, երկուսում էլ չի կորցրել իր հայի տեսակը, երկուսում էլ կռիվ է տվել իր ազգանվան համար՝ պատվով ապրելու կռիվը:

Դրա համար էլ խոսքն անկեղծ է, առանց պաճուճանքների, ավելորդաբանությունների, մի խոսքով՝ կյանքը ինչպես որ է:

Ցանկանանք Սերգեյ Ավագյանին նոր հրատարակություններ: 33-ին 34-ն է հետեւում:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։