Միայն թե զարմանազան աշխատողներ չհայտնվեն – Հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո՛, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է… Նման գումարն ինձ համար էլ բեռ է, բայց…

Կառավարության երեկվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծերի մի փաթեթ ներկայացրեց, որի համաձայն այսուհետ ամեն ոք իր աշխատավարձից 1000 դրամ կտա մի հիմնադրամի, որ կաջակցի զինծառայողներին: Շատերի համար սա բեռ կլինի, շատերի համար՝ ոչ, շատերը չեն խոսի, քանզի կհասկանան, որ դա այն նվազագույնն է, որ կարող են անել իրենց կյանքը պաշտպանող զինվորի համար: Շատերը կխոսեն, քանզի վստահ չեն լինի, որ գումարը տեղ կհասնի:

Անձամբ ես կարծում եմ, որ, այո, հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է: Որպեսզի ասածս ճիշտ ընկալվի, ասեմ, որ այդ 1000 դրամը ինձ համար էլ բեռ է՝ միայն սոցիալական իմաստով: Բայց նաեւ բեռ չէ, քանզի գիտեմ, թե գումարս ինչ նպատակի է ծառայելու: Այ այստեղ է, որ սկսվում է հարցերի շարանը: Այդ հիմնադրամը ունենալու է կառավարիչներ, աշխատողներ եւ այլն եւ այլն: Արդյո՞ք այնպես կանեն, որ մեր իրականությունն այստեղ չկրկնվի, այն է՝ աշխատողները 1 մլն. եւ ավելի դրամ աշխատավարձ չստանան, տարատեսակ քարտուղարուհիներ, խորհրդականներ, օգնականներ, փորձագետներ, վերստուգիչներ չհայտնվեն այստեղ եւ ուտեն գումարի մեծ մասը: Կտեսնենք դեռ, թե ինչքանով շահագրգռված կլինեն հիմնադրամը նպատակին ծառայեցնելու…

Առայժմ մեզ մնում է միայն մանրամասներ ներկայացնել:  

Մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկրի նախագահին ներկայացրեց մեր երկրի պաշտպանական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, առաջարկներ: Դրանցից մեկը երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ, երբ քննարկվեց պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին եւ պետական կենսաթոշակների մասին օրինագծերի փաթեթը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համամիտ է պաշտպանության նախարարի այն տեսակետին, որ ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ միայն բյուջեով նախատեսված միջոցներով հնարավոր չէ ամբողջովին հոգալ ծախսերը եւ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Ըստ այդմ, կներդրվի հատուցման հատուկ համակարգ, որը եւ՛ պետական եւ՛ հասարակական աջակցություն կենթադրի: Ստեղծվող հիմնադրամը իրավաբանական անձի կարգավիճակ կունենա եւ այստեղ կուտակվող դրամական միջոցների հաշվին կփոխհատուցվեն զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ, ինչպես երեկ ասաց կառավարության նիստում, 2016թ. ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, եւ դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ: «Միաժամանակ, ապրիլյան դեպքերից տուժած զինծառայողներին աջակցելու նպատակով հավաքագրվել են զգալի ծավալով դրամական միջոցներ Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի հասարակության տարբեր շերտերից ստացված դրամաշնորհների եւ նվիրաբերությունների հաշվին: Սա ցույց է տալիս մեր հասարակության պատրաստակամությունն աջակցելու հայրենիքը պաշտպանող զինծառայողներին եւ իրենց ընտանիքի անդամներին, եւ որ պահանջվող լրացուցիչ ֆինանսավորումը հնարավոր է հավաքագրել հասարակության լայն շերտերից»: Առաջարկվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որը կներառի եւ կհամախմբի պետական ու սոցիալական աջակցության տարրերը:

Հատուցման գումարները կվճարվեն 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար: Զինծառայողի մահվան եւ 1-ին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ կվճարվի 10 մլն. դրամ, 2-րդ կարգի դեպքում՝ 5 մլն. դրամ, հետագա 20 տարիների ընթացքում կտրվի ապահովագրական վճար՝ սպայական անձնակազմին՝ 300 հազ. դրամ, ենթասպաներին՝ 250 հազ. դրամ, իսկ շարքային անձնակազմին՝ 200 հազ. դրամ: 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում համապատասխանաբար՝ անձնակազմին 200 հազ. դրամ, ենթասպաներին՝ 150 հազ., իսկ շարքային անձնակազմին 100 հազ. դրամ։ Զոհվելու դեպքում սպայի ընտանիքին կհատկացվի 82 մլն. ենթասպային՝ 70 մլն. շարքային զինծառայողի ընտանիքին՝ 58 մլն. դրամ:

Ի՞նչ կարծիքի է այս ամենի մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հասարակության կողմից ընդունելի կլինի՞ այս մոտեցումը: Նախարարը միանշանակ համոզված է՝ այո՛, հանրության կողմից ընդունելի կլինի մարտական գործողությունների հետեւանքով զոհվածների ընտանիքների եւ հաշմանդամ դարձած անձանց համար հիմնադրամի ձեւավորումն ու ամսական 1000 դրամ այնտեղ ուղղելը: «Ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարումներ, իսկ ներկայացված նախագծով առաջարկվող ամենակարեւոր սկզբունքն է՝ հնարավորինս ներդնել գումարներ, կառավարման միջոցով ավելացնել դրանք»,- ասաց նա:

Արդյո՞ք դա սոցիալական բեռ չի լինի 55 հազ. դրամ աշխատավարձ ստացողի համար: Ի պատասխան նախարարը նկատեց, որ նվազագույն աշխատավարձի դեպքում բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա, իսկ մնացած աշխատավարձերի միջակայքերում նախատեսված է 1000 դրամի վճարը:

Այլ առաջարկներ անենք. գուցե այնպիսի որոշում կայացվի, որ պաշտոնյաների աշխատավարձերից ավելի շատ պահումներ արվեն, կամ՝ օլիգարխները այդ հիմնադրամին ամեն ամիս որոշակի խոշոր գումար մուծեն՝ ի ներումն տարիներ շարունակ պետության թալանման: Այդպիսով նրանք չեն պատժվի այն բանի համար, որ տարիներ շարունակ կանգնեցրել են մեր երկրի զարգացումը: Կամ… հարցադրումները շատ են…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։