Սկսվել են ձերբակալություններ… ՀՀԿ-ի 2000-անոց համագումարը… Պաշտոնամետ կռիվներ եւ իշխանության պայքար՝ հենց իշխանության ներսում…

Սկսվե՞լ է…

ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի 2 աշխատակցի՝ առեւտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին եւ նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։

ԱԱԾ-ն ձերբակալել է Փաստաբանների պալատի անդամ Էլզա Զաքարյանին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր, քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Իշխան Բարսեղյանի եւ քաղաքացու միջեւ միջնորդ լինելու կասկածանքով: Քրգործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ: Դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տվել Արդարադատության Խորհուրդը՝ բավարարելով Գլխավոր դատախազի միջնորդությունը:

ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք 2 հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով: Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, ինչպես ասում են՝ «սեւ կասա»: Հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե:

2000-անոց համագումարը

ՀՀԿ-ն նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համագումար կանցկացնի։ Հրավիրյալները կլինեն շուրջ  2000 հոգի՝ 800-ը՝ ՀՀԿ պատվիրակներ, 200-ը՝ հյուրեր։ Ասում են՝ պատվիրակների ընտրությունը չի ավարտվել, անգամ վերջնականապես որոշված չէ, թե ովքեր կլինեն իշխող քաղաքական ուժի հյուրերը։ Արտերկրից հրավիրված են Չինաստանի կոմունիստական, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» ու Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունները։ Ըստ ամենայնի՝ կհրավիրվեն նաեւ ՀՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական այլ ուժեր եւս, ինչպես արտերկրյա, այնպես էլ հայաստանյան եւ արցախյան: Այստեղ վստահորեն կարելի է ասել, որ արդեն հրավիրված է ՀՅԴ-ն, որպես իշխանական դաշինքի մեջ մտած կազմակերպություն։

Նախկին գործընկեր ու ներկայիս ընդդիմադիր հռչակված կուսակցությունների հրավիրման հարցը եւս քննարկվում է: Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը այս մասին կիմանան մի քանի օրից:  

Իսկ այն հարցը, թե ովքեր են լինելու հաջորդ խորհրդարանի ՀՀԿ-ական կին պատգամավորները, արդեն որոշակիորեն հայտնի է: 2017թ. խորհրդարանական երկիր դարձած Հայաստանի ԱԺ-ում հաստատ կլինեն Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Սաթիկ Սեյրանյանը («168 ժամ» թերթի խմբագիրը): Մյուսների հարցում հստակություն չկա:

Նոր Սահմանադրության ու Ընտրական օր.-ի պահանջով կուսակցական ցուցակների առնվազն 1/4-ը կին պետք է լինի, ընդ որում, 1-ին համարից սկսած՝ ամեն քառյակում մեկական՝ 1-4, 1-8, 1-12։

Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է կազմել ՀՀԿ նախընտրական ցուցակը, որը քննարկումների փուլում է։ Չնայած սրան, նախագահականում արդեն հանդիպում են այն թեկնածուներին, ովքեր ամեն դեպքում անցողիկ տեղերում են լինելու: Չնայած խոսք կար, որ հաջորդ ԱԺ-ն կլինի առանց գործարարների, սակայն, նրանցից ոմանք եւս կանչվում են Բաղրամյան 26 նախընտրական բանակցությունների։

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Հին ու նոր պաշտոնամետ կռիվներ եւ իշխանության պայքար՝ հենց իշխանության ներսում…

Ըստ որոշ տեղեկությունների, նոր վարչապետի ձեւավորած հին ու նոր կառավարությունում ներքին պայքար է ծավալվել հին եւ նոր նախարարների ու աշխատակիցների միջեւ: Իհարկե, նման պայքարն անտեսանելի է դրսի աչքի, բայց խիստ զգայական է ներսում գտնվողների համար: Անգամ խոսում են հների ու նորերի հետզհետե բացահայտվող հակամարտության մասին, որն ավելի է սրվում առկա կրճատումների ու կադրային փոփոխությունների հետ զուգահեռ:

Պարզ է, որ նորաանշանակ նախարարներն ու միջին օղակների ղեկավար կազմը ցանկանում են ազատվել հներից, որպեսզի նոր՝ հավատարիմ ու վստահելի մարդկանց ընդունեն աշխատանքի: Դե հներն էլ փորձում են պաշտպանել իրենց աշխատակիցների շահերը, միաժամանակ նրանց միջոցով ներկա մնալով ու մասնակիցը դառնալով կառավարության աշխատանքներին:

Ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանին որոշակի ազատություններ են տրված ինքնուրույն գործելու, սակայն այդ որոշակի հասկացողությանը կից կա մի այլ իրավիճակ եւս, երբ նորերի որոշումները ստանալով նաեւ վարչապետի համաձայնությունը, կասեցվում են նախագահականից: Այդ միջամտությունները հաճախ տեղի են ունենում հների ցանկությունները բավարարելու առումով: պատճառները՝ շատ են:

Քանի որ նախապատրաստական ընթացքի մեջ են նաեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունների աշխատանքները, ապա սա լրացուցիչ հակասություններ է առաջ բերել նորանշանակների ու հեռացածների միջեւ: Կան նախարարներ, որ կդառնան պատգամավորի թեկնածուներ եւ կա նաեւ՝ հակառակը: Կառավարության անդամները հասկանում են, որ հաջորդ վարչապետը լինելու է երկրի ղեկավարը եւ ամեն ինչ անում են կառավարության կազմում եւ աշխատակազմում մնալու համար: Իսկ խորհրդարան գնացողները հասկանում են, որ երկրի ղեկավար վարչապետին իրենք պիտի ընտրեն, ինչը նույնպես կարեւոր է եւ ունի իր դրսեւորվելու յուրահատկությունները: Նոր կառավարության ձեւավորումից հետո այս ամենը ենթադրվում Էր, բայց ԱԺ ընտրությունները նոր լիցք են հաղորդել այս պայքարին:

Նման մի հակամարտություն էլ՝ ավելի փոքր հնչեղությամբ, ընթանում է մարզերում: Ակնհայտ էր, որ որոշ մարզպետեր փոխվելու են եւ այստեղ եւս պայքար կար ծավալված նախապես: Այսօր դա նույնպես ընթացքի մեջ է՝ հին եւ նոր պաշտոնյաների ու աշխատակիցների միջեւ չի դադարում հակասությունների հոսքը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով պայքարը մի քիչ դադարել Էր, սակայն հետզհետե վերականգնվում է:

Այս ամենին զուգահեռ մի հակամարտության գոտի էլ կարող է ավելանալ: Բայց սա այլ բնույթ ունի: Վարչապետը կարեւորել է Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքում, ինչը արդեն պրկել է հայաստանյանն գործարարների մկանները: Կառավարությունը նախատեսում է արագընթաց բարեփոխումներ, որպեսզի հնարավոր լինի ներգրավել համայն հայության ամբողջական ներուժը: Եթե Հայաստանի բնակչության համար սա ընկալելի եւ ընդունելի, նաեւ օգտակար է, ապա տեղի գործարարները, որոնք գրեթե մենաշնորհ ունեն եւ գների ազատ սահմանման իրավունքներ, հասկանում են, որ սփյուռքահայ գործարարության մրցակցությունը կարող է կործանարար լինել իրենց համար՝ հաճախ սեփական անտրամաբանական գործողությունների ու կամայականությունների պատճառով:

Իսկ կառավարության ղեկավարն առաջնահերթ է համարել ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ՝ հատկապես գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Կարեւորելով Հայաստան-Սփյուռք կապերի ներգրավումը տնտեսության ոլորտային զարգացման գործում՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ: Կառավարությունը պատրաստ է ստանձնել երկրում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը, աշխատել միջազգային ներդրողների հետ՝ ապացուցելու համար, որ մեր երկրում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ եւ, պարզապես, շահավետ։ Ահա այս առումով էլ Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքում պետք է դառնա ավելի նպատակային:

Փաստորեն, իշխանության պայքար կա նաեւ իշխանության ներսում:

Անի Մարության, «Լուսանցք» շաբաթաթերթ

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։