Անսպասելի հաղթանա՞կ, թե՞ համաշխարհային փոփոխությունների սկիզբ – Հայաստանի համար կարեւոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի հետ լինեն համագործակցող կողմ, բայց երբեք տուրք չտան բացարձակ վստահությանը…

Վստահաբար կարելի է ասել, որ մի շարք նախադրյալների կողքին կարելի է դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում արդեն հոգնել են իրենց վերնախավից-էլիտայից եւ այս երկրի հանրությունն ուզում է լուրջ փոփոխություններ տեսենել:

Երեւի թե Հայաստանի բնակչությունն էլ պիտի գնա այսօրինակ մի ճանապարհով (հայկական յուրահատկություններով հանդերձ) եւ մեր հանրային պետությունը վերածի ազգային պետության…

Միացյալ Նահանգների նոր՝ 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, որոշակի սկանդալային հայտարարություններով հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգում: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Այսինքն՝ ընտրիչների բոլոր ձայները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չէ ստանալ ընտրողների առավել քանակի ձայներ, քան հակառակորդինն է, գլխավորն ընտրիչների ձայների մեծամասնությունն ստանալն է:  Քվեարկության ընթացքում հաղթողն ստացավ ընտրական կոլեգիայի 538 անդամներից 276-ի ձայնը, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը 270 է կազմում:

Ընտրական կոլեգիայի անդամների ձայների պաշտոնական հաշվարկը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017թ. հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի այդ արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 20-ին:

ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո (իհարկե նաեւ ընթացքում) կարեւորվում է, թե ո՞վ է նրա կինը: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը արմատներով Սլովենիայից է: Հայտնի մոդել է եւ իր կարիերան սկսել է 16 տարեկանում: Սկզբնական շրջանում միայն լուսանկարվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում, սակայն ամուսնությունից հետո հրաժարվել է մերկ նկարահանումներից:

Ընտրություններից անմիջապես հետո Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը: Շնորհավորել է նաեւ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի թեկնածու Ջոն Բոլթոնը: Ամերիկյան հայտնի Politico պարբերականը շտապ հրապարակել է իր խմբագրականը՝ ներկայացնելով Դոնալդ Թրամփի աշխատակազմի հավանական թեկնածուներին: Ամենակարեւոր պաշտոններից մեկի՝ պետքարտուղարի թեկնածուները, ըստ Politico-ի, 3-ն են՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, ով հայտնի է «ամերիկյան բացառիկության» տեսությանը իր նվիրվածությամբ, Սենատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Քորկերը (Թեննեսի), եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, վերոնշյալ Ջոն Բոլթոնը, ով առաջինն է շնորհավորել նորընտիր նախագահին:

ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը եւ նույնպես շնորհավորել: Դոնալդ Թրամփին իր շնորհավորանքներն է հղել նաեւ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման՝ նրան հրավիրելով Սպիտակ Տուն:  

Դեռ այս տարվա հունիսին ամերիկահայ Կիտ Նահիգյանը նշանակվել էր միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ավագ խորհրդական։ Կիտը եղբոր՝ Քենի հետ գլխավորում է Վաշինգտոնում տեղակայված Nahigian Strategies ընկերությունը, որն զբաղվում է հասարակայնության հետ կապերով եւ գովազդային գործունեությամբ։ Նա ակտիվ ղեկավարել է բազմաթիվ պետական ու ազգային քարոզարշավներ՝ այդ թվում կոնգրեսական, Հայկական հանձնախմբի համանախագահ Ռոբերտո Դոլդի արշավը:

Դոնալդ Թրամփի հաղթանակի մեջ, ըստ որոշ տեղեկությունների, քիչ դեր չի խաղացել ռուսաստանահայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովը: Սա կարող է լավ հակակշիռ լինել այն փաստին, որ նորընտիր նախագահը համագործակցում է որոշ ադրբեջանցի գործարարների հետ:

Ոմանք տոնում են այս հաղթանակը, ոմանք էլ մտահոգվել են արդեն: Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Քրուգմանը աղետ Է որակել ԱՄՆի նախագահական ընտրությունները դեռ ընթացքի մեջ: «Գայթակղիչ է մասնակցել այդ աղետի շուրջ փոխադարձ կշտամբանքներին»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում, ապա խոստովանել է, որ «խիստ զայրացած է բազմաթիվ մարդկանց պատճառով», սակայն դա ոչնչով չի օգնում… Ամերիկացի հայտնի տնտեսագետն ասել է, որ «այժմ կարեւոր Է հասկանալ՝ ինչ անել այս ահավոր աշխարհում»:

Ընտրական այսպիսի ավարտի պատճառով Կանադայի միգրացիոն ծառայություն դիմողների թիվը կտրուկ մեծացել է, իսկ ծառայության կայքի աշխատանքը՝ կտրուկ վատացել։ Հենց սկսել է պարզ դառնալ, որ ընտրություններում հաղթում է Դոնալդ Թրամփը, կտրուկ շատացել է Կանադա բնակության մեկնելու համար դիմողների թիվը։ Ի դեպ, ամերիկացիների համար Կանադայի քաղաքացիություն ստանալը շատ բարդ է։ Լիբերալ տրամադրություններով համակված ամերիկացիներն ավելի վաղ հայտարարել էին, որ կհեռանան Կանադա, եթե հաղթի պահպանողական թեկնածուն։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը միգրացիոն հարցերում այսպիսին էր՝ նա խոստացել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցել, որպեսզի կանխի անօրինական փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ։

Ինչեւէ, ԱՄՆ պատմության թերեւս ամենաաղմկոտ նախագահի ընտրությունն ավարտվեց անակնկալով: Շատերի համար արդեն հաղթանակն ապահոված Հիլարի Քլինթոնը պարտվեց, իսկ Դոնալդ Թրամփի հաղթանակը համոզիչ էր: Թե ինչ սկզբունքով, ինչ շարժառիթներով, ինչ ակնկալիքներով են քվեարկել ամերիկացի ընտրողները, դեռ վերլուծության կարիք ունի: Գուցե այս հաղթանակի մեջ զգալի դեր ունի այն հանգամանքը, որ դեմոկրատների հետեւորդ ընտրողների զգալի մասը պարզապես չեն գնացել քվեարկության՝ համոզված լինելով Հիլարի Քլինթոնի հաղթանակի հարցում, ինչը եւս տարբերակ է: Բայց չի բացառվում, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը նաեւ միջազգային փոփոխությունների ծիրում է իրականացվում… Նոր աշխարհակարգի ստեղծման ճանապարհին…

Բայց ակնհայտ է, որ նախագահի ընտրության արդյունքը շոկային նշանակություն է ունեցել ինչպես ամերիկյան, այնպես էլ արտերկրի մի ստվար զանգվածի համար: Հայաստանի հասարակական-քաղաքական որոշ շրջանակների համար եւս նման իրավիճակ է: Այս մարդկանց կարծիքով՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կտրուկ քայլեր կանի եւ իբր կվնասի ինչպես իր երկրի շահերը, այնպես էլ միջազգային հարաբերությունները: Մինչդեռ, նրանց կարծիքով Բարաք Օբամային հաջորդը՝ Հիլարի Քլինթոնը կշարունակեր կարգավորել հարցերը:…

Մեր դիտարկումն այլ արդյունքների է հանգեցնում: Իհարկե, նորընտիր նախագահն ունի որոշակի անսպասելի քայլեր անելու հատկություն, սակայն միշտ չէ, որ դա վնասարար է: Միջազգային ստանդարտներն արդեն հոգնեցրել են, եւ մենք պիտի հասկացած լինենք, որ այդպիսի չափորոշիչը՝ բոլորին հավասարապես վերաբերվել, թե՛ մեղավորին, թե՛ անմեղին,  մեզ օգտակար չի եղել երբեք, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության առումով: Իհարկե, այսպես կոչված՝ Հարավային Կովկասի եւ հատկապես Արցախի հարցերում Վաշինգտոնը, եթե չի օժանդակել, ապա չի էլ վնասել հայկական շահերը, սակայն դա խնդիրը լուծման չի տարել: Այժմ, Դոնալդ Թրամփի շրջապատում նրան աջակցող հայեր շատ կան եւ դա կարող է իր դրական ազդեցությունն ունենալ: Հատկապես, եթե այս փոփոխությունը առնչվում է վերոնշյալ՝ նոր աշխարհակարգի ստեղծման ճանապարհի հետ…

Իսկ նախորդ նախագահի օրոք պետքարտուղար եղած Հիլարի Քլինթոնը՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաձեռնող անմիջական կողմն էր եւ որեւէ պատիժ չկիրառվեց Թուրքիայի նկատմամբ, երբ Անկարան բացահայտ խախտեց բազմակողմանի միջազգային պայմանավորվածությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները վերածեց հայ-թուրքադրբեջանական հարաբերությունների եւ դա դեռ փորձում է պարտադրել Հայաստանին: Սա բաց հարց է, եւ նոր նախագահի հետ պետք է դեռ աշխատեն նրա հայ խորհրդականները եւ հայկական լոբբին: Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի ներկայիս գործելաոճը համեմատաբար դրական էր մեզ համար, հուսանք, որ հակառակը չի լինի եւ առաջընթաց կգրանցվի, հատկապես այն համապատկերում, երբ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն Ադրբեջանին ժամանակակից զենքեր էր վաճառում, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ… Ինչ մնում է Մերձավոր Արեւելքի խնդրին, այստեղ էլ փոփոխությունները չեն բացառվում՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ համատեղ լուծել ահաբեկիչների դեմ պայքարի հարցը:

Հայաստանյան դիտանկյունից, ԱՄՆ նախագահի ընտրության հանդեպ ուշադրության առանցքային մասը պայմանավորվում էր թեկնածուների Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի գործոնով: Եթե Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե Մոսկվային թույլ չեն տա՝ ԱՊՀ-ԵԱՏՄ-ական խաղերով վերականգնել ԽՍՀՄ-ը, ապա Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս Ռուսաստանի հետ հարաբերության բարելավման, համատեղ աշխատելու տեսանկյունից:

Հայաստանի համար կարեւոր է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները չվատթարանան կամ սառեցվեն, ինչը հաստատ դժվար ընտրության առջեւ կկանգնեցնի նորից մեզ, իսկ դա ձեռնտու իրավիճակ չէ: Այսօր Երեւանի հայտարարած փոխլրացումային քաղաքականությունը արտաքին աշխարհում կարծես ճանաչվել է եւ տալիս է որոշակի արդյունքներ: Եվ սրանից հրաժարվելը՝ կարող է վտանգավոր լինել: Հայաստանի երկկողմանի բարիդրացիական հարաբերությունները աշխարհի երկու բեւեռների հետ պետք է պաշտպանել ամեն կերպ… Սա անգամ հնարավորություն է ընձեռել այդ բեւեռներից բացի՝ համագործակցության նոր եզրեր գտնել համաշխարհային երրորդ բեւեռի ձգտող Չինաստանի հետ…

Հայաստանի համար նաեւ կարեւոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի հետ հարաբերություններում լինելով համագործակցող կողմ, երբեք տուրք չտան բացարձակ վստահությանը՝ այդպիսով Մոսկվային թույլ տալով անցնել կամայականությունների: Հայաստանի համար կարեւորը, որ այս հարաբերություններում լինեն զսպող օղակներ, ինչը թույլ կտա շարունակել մեր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը:

Միաժամանակ, կարող ենք ձերբազատվել հայաստանյան եւ արտերկրի այն հասարակական ու քաղաքական խմբավորումներց, թե հայ-թուրքական հարաբերությունների արագացված կարգավորումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը եւ տարածաշրջանի քաղաքական կայունությանը: Մենք արդեն համոզվել ենք, որ միջազգային որեւէ պայմանագիր կամ խոստում կայուն չէ, քանզի խախտման դեպքում որեւէ պատիժ չի կիրառվում (Թուրքիայի ու Ադրբեջանի հակաքայլերը՝ վառ ապացույց): Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել իր ստորագրությանը, մինչդեռ մեր երկրին ու ժողովրդին դավաճանել են նաեւ մեր բարեկամներն ու գործընկեր երկրները: Այն փաստը, որ «թուրքը միշտ մնում է թուրք», պիտի գերազանցի «թուրքի լավն էլ կա» չաշխատող, բայց վտանգավոր կարգախոսին…

Արման Դավթյան

* * *

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում շնորհավորանքների հետ միասին մասնավորապես ասված է.«…Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները՝ Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի ու նվաճումների ժամանակաշրջան: Այսօր՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված ՀՀ ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին:

Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարեւոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը:

Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն՝ ի փառս ԱՄՆ-ի եւ ի բարօրություն նրա ժողովրդի: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։