Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում…Հայաստանի մայրաքաղաքի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն. դրամով… 2011թ. նոյեմբերի 15-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ – մոտենում է 2017-ը…

Ադրբեջանը 12 նավթային գործարաններ է վաճառում

Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով շարունակում է համատարած երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու գործընթացը:

Եվ, ի դեպ, այս անգամ վաճառքի են հանվել պետությանը պատկանող Ազնեֆտքիմյամաշ (ASC) ընկերության 12 նավ թային գործարաններ:

Նավթային ընկերությանը պատկանող գործարանների մասնավորեցումը կկատարվի աճուրդի ժամանակ, որը տեղի է կունենա բաց կարգով:

Սա նշանակում է, որ կարող են մասնակցել անհատներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, տեղական եւ արտասահմանյան ներդրողներ:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանում 2016թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին արդեն իրականացվել է պետական գույքի մասնավորեցման 3 աճուրդ:

Առաջին աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել 50, երկրորդի ժամանակ՝ 84, իսկ երրորդի ժամանակ՝ 77 պետական օբյեկտներ:

Ընդդիմադիրները քննադատում են նրա քայլը՝ դա համարելով երկիրը կործանման տանող հաստատուն ուղի:

Երեւանի բյուջեն տարեկան կավելանա 100 մլն դրամով

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրին առնչվող հարցերի հետ կապված խորհրդակցություն անցկացրեց:  

Նոյեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված: Եվ խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երեւանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարեց ձեւավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիոումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի եւ կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին։ «Հանրապետության նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու եւ արդյունքները ներկայացնելու համար։ Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական եւ տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձեւաչափը փոխելու հնարավորությունները»,- նշեց Տարոն Մարգարյանը։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշեց, որ բանակցությունները հիշյալ երկու ընկերությունների հետ՝ սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, ավարտվել են, եւ արդյունքը ներկայացվել է կառավարությանը: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվեց հանրությանը ներկայացնել այդ մասով Երեւանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը: «Բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից»,- շեշտեց Տարոն Մարգարյանը:

Մեկ օր անց Վահե Նիկոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն ներկայացրել է, որ ընկերությունը ծանրաբեռնված է ինչպես ներդրված ակտիվներով, այնպես էլ այդ ակտիվների ձեռք բերման համար ստանձնած պարտավորություններով՝ փոխառու միջոցներով: Երեւանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի 100% բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:

Միաժամանակ հաշվի առնելով նաեւ ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակներում քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր»-ին: Սա նշանակում է, որ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային  սեփականություն, իսկ արդեն Երեւանի ենթակայությանն անցած ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը:

Հաջորդ քայլով քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ կլուծի «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ կնքված «Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման» գնման պայմանագիրը, ինչը ենթադրում էր վճարման հայտնի 70-30 հարաբերակցությունը:

Փոխարենը կառավարության համաձայնությամբ ուղղակի եղանակով մինչեւ 10 տարի ժամկետով կկնքի 2 պայմանագիր, որոնցից առաջինը «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված եւ ֆիքսված գումարի չափով՝ հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները: Երկրորդ պայմանագիրը կլինի «Լոկատոր»-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար:

Պայմանագրով հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովի «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը եւ որոնք պետք է պակաս չլինեն նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված առավելագույն արդյունքից, որի դիմաց «Լոկատոր»-ը կվարձատրվի հստակ ամրագրված գումարի չափով:

Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երեւանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո տարեկան առնվազն 400 մլն դրամով:

Վահե Նիկոյանը հավելեց, որ Երեւանի քաղցաքապետի հանձնարարությամբ գործընթացն արդեն մեկնարկել է, եւ հաշվի առնելով աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար պահանջվող ժամկետը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ Երեւան քաղաքի ավագանու համապատասխան որոշումների ընդունման անհրաժեշտությունը գործընթացի ամբողջական ավարտի համար կպահանջվի շուրջ 2 ամիս:

Վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանված տեղական տուրքերի հնարավոր փոփոխություն կլինի՞ այս ամենի արդյունքում: Ի պատասխան քաղաքապետ տեղակալը նկատեց, որ 2017թ. տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծն այս պահին հանրային քննարկման փուլում է եւ դրանով առաջիկայում դրույքաչափերի որեւէ փոփոխություն չի նախատեսվում:

Նկատենք,որ Երեւանի բյուջեի մուտքերի ավելացման հաշվին հնարավոր կլինի տարբեր ծրագրեր իրագործել՝ թե համաքաղաքային եւ թե համայնքային նշանակության:

Անի Մարության

* * *

2011թ. նոյեմբերի 15-ին ժամը 11:00-ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում Երեւանի քաղաքապետի ընտրության հարցն էր։ Նիստը վարել է քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։

Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով՝ նիստին ներկա է եղել ավագանու 49 անդամ։ Նախքան օրակարգի հարցին անցնելը, Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին ներկայացրել է ԿԸՀ նոյեմբերի 12-ին կայացած նիստի որոշումը, համաձայն որի ՀՀԿ համամասնական ցուցակով Երեւանի ավագանու անդամ է ընտրվել Գեորգի Գաբրիելյանը։

Արտահերթ ընտրությունների ժամանակ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին։

Ըստ այդմ, ավագանու «Հայաստանի հանրապետական» խմբակցությունն առաջադրել է Երեւանի քաղաքապետի 1-ին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել եւ հայտարարել է, որ պաշտպանում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը։

Ներկայացնելով Երեւանի քաղաքապետի թեկնածուին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը, համառոտ ներկայացնելով Տարոն Մարգարյանի կենսագրությունը, նշել է, որ քաղաքապետի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրելու հարցը քննարկվել եւ միաձայն ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնում ու խորհրդում, ինչպես նաեւ ավագանու ՀՀԿ խմբակցությունում՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմիններում նրա աշխատանքային փորձը, կառավարման հմտությունները, մարդկային եւ բարոյական բարձր հատկանիշներն ու մայրաքաղաքի բնակչության շրջանում նրա բարի համբավը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ շարունակելու է կուսակցության որդեգրած քաղաքականությունն ու դեռ 2009-ին Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում երեւանցիներին ներկայացված ծրագրերի իրականացումը։

Տարոն Մարգարյանը մասնավորապես շեշտել է, որ թիմային աշխատանքով անելու է ամենը, որպեսզի ապահովվի Երեւանի համաչափ զարգացումն ու երեւանցիների հարմարավետ առօրյան։

Այնուհետ հաշվիչ հանձնաժողովի նախագահը ավագանուն է ներկայացրել քվեաթերթիկի ձեւն ու քվեարկության կարգը։

Երեւանի քաղաքապետի ընտրությունը կայացավ քաղաքապետարանի ճեմասրահում՝ ժամը 12:00-ից մինչեւ 13:00-ն։

Հաշվիչ հանձնաժողովը ԶԼՄ-ների ու ավագանու անդամների ներկայությամբ կատարել է քվեաթերթիկների հաշվարկ, որից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուրեն Ներսիսյանը ավագանուն է ներկայացրել փակ, գաղտնի քվեարկության արդյունքները՝ հրապարակելով արձանագրությունը։

Քվեարկության արդյունքում ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ Երեւանի 54-րդ քաղաքապետ է ընտրվել Տարոն Անդրանիկի Մարգարյանը:

2017թ. ապրիլին տեղի կունենա ԱԺ ընտրությունը, որից մեկ ամիս անց՝ Երեւանի ավագանու:

«Լուսանցք» թիվ 39 (429), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։