Քաղաքական կսմիթներ

Եվրոպան հո խելքը հացի հետ չի՞ կերել…

Հայության անհանգստությունը, թե ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը խստագույնս կպատժի Հայաստանին՝ մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի համար, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ Եվրոպան չի կարող պատժել մի երկրի, որի կառավարությունն ամենաեվրոպականն է եվրոպական բոլոր երկրների բոլոր կառավարություններից, ու՝ բոլոր առումներով…, որի եվրոպական կառույցների ներկայացուցիչները ամենաեվրոպականն են բուն եվրաարժեքներ դավանող բուն եվրոպացիներից: Կարծում ենք՝ եվրոպացիները շուտով ՀՀ կառավարության ղեկավարների հետ ավելի սերտ կհամագործակցեն, քան՝ ՀՀ նախագահի…

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

ԱՄՆ-ն ինքն իր թշնամին է՞…

Հայության անհանգստությունը, թե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ նախագահի ընտրության արդյունքները չի ճանաչել, ուստի խնդիրներ կունենանք, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ մինչեւ նոյեմբեր դեռ ժամանակ կա ու հետո՝ գուցե այդ պատիվը տրվի ԱՄՆ նորընտիր նախագահի՞ն: Չէ որ ՀՀ իշխանությունները «սառեցրել» են աշխուժացող հարաբերություններն Իրանի հետ եւ արդեն «տաքացրել» են Թուրքիայի հետ: Ու էլի նման բաներ: Եվ հրեական դրոշի առկայությունն անգամ, ընդդիմության նախկին հանրահավաքում, չի «փրկի» համաժողովրդական շարժմանը, ավելին՝ մոռացության կմատնվի, քանզի գոնե Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ԱՄՆ-ն երբեք դեմ չի գնա……

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Ռուսաստանը դառնա հակառու՞ս…

Հայության անհանգստությունը, թե ՌԴ իշխանությունները վատ ընդունեցին ՀՀ նախագահին իր պաշտոնական այցի ընթացքում եւ դա համարժեք կանդրադառնա նաեւ Արցախի խնդրին, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ Արցախի հարցի չլուծվելը ՌԴ-ին ավելի ձեռնտու է, քան՝ ՀՀ-ին: Հարցի ադրբեջանամետ լուծման դեպքում այդ տարածքը կդառնա ՆԱՏՕ-ական ռազմահանգրվան, որին ՌԴ իշխանությունները հաստատ չեն համաձայնի, իսկ հարցը չլուծելը նպաստում է, որ ՌԴ-ն լավագույնս իր շահն ունենա Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում՝ երկու երկրներից էլ:

Եթե ՌԴ իշխանությունները, որոնց մեծ մասը ռուսներ չեն, հակառուսական քայլեր նախաձեռնեն, թեկուզ ՀՀ-ի նկատմամբ, վստահաբար ռուսական արջը զարմանքից քնից կզարթնի… իսկ Արցախի թթի օղին եւ ընդդիմադիրների նշած «արցախցի» ՀՀ իշխանությունները ռուսական արջի լավագույն բարեկամներից են դարերն ի վեր:

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Վրաստանի կարծիքն էլ մի բան չի՞…

Հայության անհանգստությունը, թե Վրաստանի իշխանությունները «տակից» կնպաստեն գունավոր հեղափոխության ծավալմանը ՀՀ-ում, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ ՀՀ իշխանությունները Վրաստանի նախագահի ընտրությունից անմիջապես հետո անվերապահորեն շնորհավորեցին Միխեիլ Սահակաշվիլուն եւ հետո արժանացան համարժեք վերաբերմունքի ՀՀ նախագահի ընտրությունից անմիջապես հետո: Բա՜ ինչքան ջանացին իշխանամետ հայաստանաբնակ ջավախքահայերը, որ ազգային փոքրամասնություն-հայերն ընտրեն վրացական ազգայնամոլ նախագահի: Իսկ եթե նա այդ մասին մոռանա՜, ապա մերոնց հիշողությունն էլ կորուստ կունենա… Ջավախքի խնդիր կա է՜……

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Թուրքիան եւ Ադրբեջանը՝ մեր գործընկերնե՞ր…

Հայության անհանգստությունը, թե թուրքերն ու ադրբեջանցիները մեզ էլի կուտեն, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ այն այլեւս առասպել է: ՀՀ իշխանությունները Աբդուլլա Գյուլի եւ Իլհամ Ալիեւի հետ նոր հարաբերություններ են սկսել: Չնայած գրեթե ամեն օր խախտվում են ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան սահմանները եւ մարդիկ են սպանվում, հայկական զավթված պատմական հողեր ունենք դեռեւս ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներում, իսկ հայոց մեծ ցեղասպանությունն ու սումգայիթյան ցեղասպանությունը, հայկական ջարդերն ու տեղահանությունները համառորեն փորձում են «մարսել» այս երկրները, միեւնույնն է, ՀՀ իշխանությունները կողմ են բարեկամական հարաբերությունների հաստատմանը եւ առանց նախապայմանների գործընկերությանը:

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Իրանն ու Իսրայելն ի՞նչ անեն…

Հայ
ության անհանգստությունը, թե Իրանը կդադարեցնի համագործակցել ՀՀ հետ, իսկ Իսրայելը մեզ կպատժի իր աշխարհակուլ կառույցներով, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ ԻԻՀ իշխանություններն իրապես հասկանում են, թե ինչ իրավիճակում է հայտնվել ՀՀ-ն, չնայած ՀՀ իշխանությունները նաեւ սխալներ են անում, որոնք այլ հանգամանքներում աններելի կլինեին: Իսկ Իսրայելի կառավարությունն իր թուրքանպաստ եւ հակահայ կեցվածքով չի կարող առավելագույնս շահարկել ՀՀ-ում իբր առկա հակահրեականության սին թեզը եւ դրանից բխող հետեւանքները: Եվ ինչքան էլ այլոց միջոցով դա անի, միշտ հակահարվածելու հիմքեր կգտնվեն… Ընդդիմադիր որոշ ղեկավարների ազգությամբ հրեա կանայք էլ դժվար կարողանան շատ բան փոխել ստեղծված իրավիճակում:

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

***

Մնացած երկրների հետ էլ ՀՀ իշխանությունները ձեւեր կգտնեն հարաբերվելու կամ հասկացվելու……

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Հայկ Թորգոմյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։