Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆքուտբոլ. կայացան 15-րդ փուլի հանդիպումները… Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում… Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է որոկազրկվածներին… Հայաստանի 3 շախմատիստ՝ Եվրոպայի չեմպիոնության համար… Դիմակայություն. Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին… Այլ մարզական լուրեր…

Կայացան 15-րդ փուլի հանդիպումները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան հերթական հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը Կապանում 0:1 հաշվով զիջեց տեղի «Գանձասար-Կապան»-ին, 2-րդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկ»-ը իր դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բանանց»-ի հետ, Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ընդունեց երեւանյան մյուս ակումբին՝ «Արարատ»-ին, եւ հաղթեց՝ 4:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակը 28 միավորով շարունակում է գլխավորել «Շիրակ»-ը: Նրան հաջորդում են «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը, որոնք վաստակել են 26-ական միավոր: Հաջորդ 3 տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար՝ «Գանձասար-Կապան»-ը (24 միավոր), «Բանանց»-ը (15) եւ «Արարատ»-ը (5):

Հ.Գ. - Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ փուլում մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում վստահ հաղթեց Երեւանի «Փյունիկ»-ին՝  2:0 հաշվով, եւ վաստակեց 31 միավոր: Առաջատարը 5 միավորով գերազանցեց 2-րդ եւ 3-րդ տեղերում ընթացող «Փյունիկ»-ին ու «Ալաշկերտ»-ին: Բայց Երեւանի «Ալաշկերտ»-ը Կապանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ տեղի «Գանձասար-Կապան»-ի նկատմամբ եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար «Շիրակ»-ին: «Արարատ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բանանց»-ի հետ: Երկու թիմերն արդեն բավականին հետ են մնում առաջին քառյակից եւ դժվար թե կարողանան բարելավել իրենց մրցաշարային գործերը:

Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում

Մեր ազգային հավաքականի առաջատար «Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ անում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում իր տեղը գտնելու համար»,- նշում է Manchester Evening News օրաթերթը: Հայաստանի հավաքականի ավագը ներկայումս բնակարան է փնտրում Մանչեսթերում, ինչը վկայում է այն մասին, որ նա մտադիր չէ առաջիկա ձմռանը հեռանալ թիմից: Բացի այդ, նա վերջին 1 ամսում, հանգստյան օրերին, անհատական մարզումներ է անցկացնում ակումբի մարզաբազայում: Այդ առիթով անգլիական թերթը հիշեցրել է, որ հայազգի կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյոր»-ում խաղալիս ապրել է մարզաբազայում եւ մշտապես նման պարապմունքներ անցկացրել:  

Ինչպես հայտնում է հոդվածի հեղինակը՝ Սեմուել Լաչհուրստը, Հենրիխ Մխիթարյանի տրամադրությունը բավական բարձր է վերջին մարզումների ժամանակ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան խոստացել է խաղալու հնարավորություն տալ Եվրոպայի լիգայի խմբային փուլի հոլանդական «Ֆեյենոորդ»-ի հետ մրցավեճում:

«Հուսով եմ, որ նոր փուլ է սկսվում իմ համար»

«Անչափ հաճելի էր կրկին խաղադաշտ մտնել, հատկապես հենց խաղի մեկնարկից: Աշխատում եմ առավելագույն չափով օգտակար լինել թիմին: Այսօր մենք լավ արդյունքի հասանք: Հեշտ չէ թիմի խաղը դիտել տրիբունմարզադաշտում նստած, սակայն պետք է համբերատար լինել եւ շարունակել աշխատել: Հուսով եմ, որ նոր փուլ է սկսվում իմ համար»,- Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեյենոորդ» խաղից հետո ասել է մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի խոշոր հաղթանակով՝ 4:0: Հենրիխ Մխիթարյանը խաղացել է մինչեւ 82-րդ րոպեն, որից հետո փոխարինվել է: Ւնչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսեթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է մնացել ֆուտբոլիստի ցուցադրած խաղից:

Մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2-րդ պարտությունը կրեց

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացավ Հայաստանի եւ Բելառուսի մինչեւ 16 տարեկան հավաքականների միջեւ ընկերական 2-րդ հանդիպումը: Բելառուսի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր հավաքականի կազմում միակ գոլը խփել է Ժիրայր Շաղոյանը:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ կայացած 1-ին ընկերական խաղում Բելառուսի ընտրանին հաղթել էր նվազագույն հաշվով:

Հաստատվեց 17 մարզիկների անունները

Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է այն 17 մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոն-2012-ում արգելված նյութեր օգտագործելու մեջ: Այդ ցանկում է նաեւ ծանրամարտի +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը: Նրա անալիզների մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ եւ ստանոզոլոլ արգելված նյութերը:

ՄՕԿ-ի բժշկական անձնակազմը վերահաստատել է որոշումը ու նշել, որ մարզուհին որակազրկվում է, իսկ նրա բրոնզե մեդալը Հայաստանի Օլիմպիական կոմիտեն որքան հնարավոր է շուտ պետք է վերադարձնի: Մարզուհու մեծ սպորտ վերադառնալու հարցը պետք է որոշի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

Հատուկ օլիմպիադաների աթլետիկայի մրցումներին մասնակցել են շուրջ 70 աշակերտներ

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2016թ. նոյեմբերի 23-24-ը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը Երեւանում անցկացրել է հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումներ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի եւ Երեւան քաղաքը ներկայացնող հատուկ դպրոցների շուրջ 70 աշակերտներ, որոնք ուժերն են չափել աթլետիկական վարժություններում՝ վազք 50 մետր, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի նետում: Հաղթողները եւ մրցանակակիրներն արժանացել են հավաստագրերի ու մեդալների:

Բռնցքամարտիկը 8 ռաունդ մենամարտել է կոտրված ձեռքով եւ… հաղթել

Ուկրաինացի Դմիտրի Կուչերի հետ մենամարտում գերմանացի բռնցքամարտիկ Մարկո Հուկը 8 ռաունդ անցկացրել է կորտված ձեռքով: Մրցավարների միաձայն որոշմամբ 12-րդ ռաունդից հետո հաղթանակը շնորհվել է նրան եւ միայն հետո են բոլորն իմացել, որ Հուկը ստացել է լուրջ վնասվածք:

Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, IBO վարկածով աշխարհի գործող չեմպիոնը մենամարտից հետո թվիթերյան իր էջում տեղադրել է ձախ ձեռքի նկարը եւ նոր միայն խոստովանել, որ 4-րդ ռաունդում կոտրել է այն:

Ձյուդոյի մարզչական միջազգային սեմինար Երեւանում

Երևանում մեկնարկել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մարզչական միջազգային սեմինարը, որն անցկացնում է հանրահայտ ձյուդոյիստ, ձյուդոյի Եվրոպական միության մարզական տնօրեն Ալեքսեյ Յացկևիչը: Այս մասին տեղեկացնում է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ճանաչված մասնագետը մինչեւ նոյեմբերի 30-ը հայ մարզիչներին կծանոթացնի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված նոր մեթոդներին եւ փոփոխություններին: Սեմինարն ընթանում է Երեւանի Ֆրանսիական համալսարանի մարզադահլիճում:

Սեմինարի միակ հանգստյան օրը՝ նոյեմբերի 27-ին, կանցկացվի ձյուդոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Մրցումները կսկսվեն առավոտյան ժամը 10:00-ին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը` ժամը 16:00-ին:

Գրոսմայստեր Սամուել Սեւյանը 2-րդն է Տեխասի համալսարանում

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց Դալլասի Տեխասի համալսարանի շախմատի բաց առաջնությունում:

Մրցաշարին մասնակցեցին 19 երկրների 50 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր: 9-րդ փուլում Սամուել Սեւյանը սեւերով հաղթեց պարագվայցի Գիլերմո Վասկեսին, վաստակեց 7 միավոր եւ հավասարվեց մրցաշարի միանձնյա առաջատար Ջեֆրի Սյուին: Լրացուցիչ հաշվարկներով մեր հայրենակիցը ճանաչվեց 2-րդը, քանի որ Ջեֆրի Սյուի հետ խաղում պարտություն է կրել:

Հայաստանի 3 շախմատիստներ կպայքարեն Եվրոպայի չեմպիոնության համար

Արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի 2017թ առաջնությունում Հայաստանը կներկայացնի երեք շախմատիստ:

Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքէջը, մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 533 շախմատիստ: Մերոնցից հանդես կգան գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Զավեն Անդրիասյանը եւ վարպետության թեկնածու Վլադիմիր Պողոսյանը:

Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 11 փուլով, դեկտեմբերի 15-16-ը: Կայծակնային շախմատի առաջնությունը բաղկացած կլինի 13 փուլից եւ տեղի կունենա դեկտեմբերի 17-18-ը: Առաջնության մրցավայրն է Էստոնիայի մայրաքաղաք Տալինը:

Մագնուս Կառլսենը կոտրեց Սերգեյ Կարյակինի դիմադրությունը

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 10-րդ խաղն ավարտվեց Մագնուս Կառլսենի հաղթանակով: Սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոնը հանգիստ սկսեց խաղը եւ համբերատար սպասեց, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել Սերգեյ Կարյակինը: Ռուսաստանցի շախմատիստն ըստ մասնագետների արդեն 20-րդ քայլին կարող էր մշտական շախերով հասնել ոչ-ոքի արդյունքի, սակայն նա այլ տարբերակ ընտրեց:

Մագնուս Կառլսենը աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը կենտրոնում ու մրցակցի թագուհու թեւում, իսկ վերջնախաղում զինվոր շահեց: Սերգեյ Կարյակինը փորձեց ամուր պաշտպանություն ստեղծել, սակայն դա նրան չհաջողվեց: 6 ժամ 30 րոպե պայքարից հետո սեւերով հանդես եկած ռուս գրոսմասյտերը 75-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, մրցախաղում հաշիվը հավասարվեց 5:5: Հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 26-ին: Սպիտակներով հանդես կգա Սերգեյ Կարյակինը: Հիշեցնենք, որ մրցախաղը բաղկացած է 12 դասական պարտիայից, եւ  ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Հ.Գ. - Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում – Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: 11-րդ խաղը տեւեց ընդամենը 35 րոպե: Սպիտակներով խաղացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ այդ կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ արդեն 30-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, մրցախաղի հաշիվը մնաց հավասար՝ 6:6: Նոյեմբերի 30-ին կկայանա թայ-բրեյք, որի ժամանակ էլ կորոշվի մրցախաղի հաղթողը:

Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ռումինիայի չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը հաջող է հանդես եկել շախմատի հերթական մրցաշարում: Մեր գրոսմայստերը ռումինական «Պոլիտեխնիկա Իասի» ակումբի կազմում մասնակցել է Ռումինիայի շախմատի կանանց ակումբային առաջնությանը: Մրցաշարի վերջին, 7-րդ փուլում, նրա թիմը հանդիպել է մրցաշարի առաջատար  «Ստուդենտուս Մեդիցինա»-ի հետ: «Պոլիտեխնիկա Իասի»-ն Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ հաղթել է 2,5:1,5 հաշվով եւ ընդհանուր հաշվարկով գրավել 1-ին տեղը: Այդպիսով, մեր շախմատիստուհին նվաճել է Ռումինիայի չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանը վերջերս ռուսական «Յուգրա» ակումբի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։