Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Դլե Յաման. կարոտի մեղեդի՝ ծնված Հայ Աստվածների էպիկական սիրուց…  «Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը՝ կրում է Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը…

Ծիրանափողի մեղեդու ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Դլէ Յաման» երգը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ երաժշտագետ, հոգեւորական եւ հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Կոմիտաս Վարդապետը։ Երգի ծագման, լեզվական եւ բառակազմական, ինչպես նաեւ գաղափարական խնդիրների ուսումնասիրության արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ «Դլէ Յաման» երգը Խանդութ Խանումի եւ Սասունցի Դավթի սիրո պատմության երգն է եւ հայ էպիկական երգարվեստի եւ «Սասնա Ծռեր» էպոսի բաղկացուցիչ մասը: Ուստի, նախքան «Դլէ Յաման» երգի բովանդակությանը անդրադառնալը, եւս մեկ անգամ ներկայացնեմ Սասունցի Դավթի եւ կապուտկողցի գեղեցկուհի Խանդութի սիրո պատմությունը:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չինաստանի Սուլթանի աղջկա հետ, ով «Սասնա Ծռեր» էպոսում հայտնի է որպես Չմշկիկ Սուլթան: Սակայն, Դավիթը լսելով կապուտկողցի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին, հրաժարվում է Չմշկիկ Սուլթանի հետ ամուսնանալու մտքից՝ թողնելով Չմշկիկ Սուլթանին հուսախաբ:

էպոսում Խանդութը սիրահարվում է Դավթի հերոսությանը, Դավթի սիրտը գերելու համար երգասացներ է ուղարկում նրա մոտ՝ իր սերն ու գեղեցկությունը գովերգելու: Երգասացների գովերգած Խանդութը գերում է Դավթին, եւ Դավիթը գնում է Խանդութի հետեւից:

Խանդութի մեծ սերը պահապան է Դավթին, նա հեռվից հետեւում է Դավթին, եւ երբ գինովցած Դավիթը կորցնում է իր զգոնությունը, Խանդութը Դավթի քունը վանելու եւ զգոնությունը վերականգնելու համար կաղիններ է նետում Դավթի դիմաց դրված արծաթյա սկուտեղի մեջ: Խանդութը վազում է ձիով հեռացող, խռոված եւ վիրավորված Դավթի հետեւից՝ աղերսելով, որ Դավիթը ետ դառնա: Խանդութի մեծ սերը նրան տարավ ռազմի դաշտ՝ կռվում ընկած դիակների մեջ որոնելու իր սիրեցյալ Դավթին:

Խանդութը մենամարտի է կանչում հանդուգն քաջին՝ չկասկածելով անգամ, որ մարտահրավեր է նետում իր Դավթին, իսկ հաղթանակած Դավիթը խաղ էր անում Խանդութի հետ։  

Դավիթը գետնում է Խանդութին, եւ միայն այդ ժամանակ Խանդութը խոստովանում է, որ ինքը կին է: Խանդութը երդվել էր ամուսնանալ միայն այն տղամարդու հետ, ով կկարողանա իրեն զգետնել:

Խանդութի եւ Դավթի սիրուց ծնվում է Մհերը: Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ եւ գտնել իր հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են եւ, իրար չճանաչելով, մենամարտում: Կռվին վերջ է դնում Խանդութ Խանումը։ Թվում է՝ սրանով հաղթանակում է Խանդութի մեծ սերը, եւ ավարտվում Դավթի կռիվը, եւ Դավիթը վերջապես կարող է վերադառնալ Խանդութի մոտ, սակայն Դավիթը նորից փորձության է ենթարկում Խանդութի մեծ սերը, վերադառնում է Չմշկիկ Սուլթանի մոտ եւ սպանվում իր հարազատ աղջկա արձակած նետից: Եվ երբ Կապուտկողի Արքայադուստր Խանդութը «հասկացավ, որ Դավիթ մեռած է», ցած նետվեց բերդից:

…Էն հասկացավ, որ Դավիթ մեռած է.

Ըստուց ետեւ Արեւ-Լուս ինձի հարամ ըլնի,

Ետեւ Դավթին ես աշխարք չեմ մնա….։

Էս անգամ Խանդութ էլավ բերդի գլուխ,

Ու էնտեղեն իրեն թալեց.

Գլուխն առավ վեր քարին, քար ծակեց, էղավ փոս..։

Էնոր ծծերի տեղ հիմի էլ էրկու աղբուր կը թալի։

Յոթ ճուղ ծամի տեղ էլ հիմի կ՛էրեւա,

Քանց յոթ սուն կը սեւ կըտի….։

Իր մահվամբ Խանդութը կյանք է տալիս երկու աղբյուրի, որոնք բխում են այն ժայռից, որին զարնվում է Խանդութի մարմինը: Խանդութ Խանումը «Դլէ Յաման» երգով Սասնա Բերդից, կարծես վերջին անգամ, դիմում է Դավթին՝ աշխարհին ներկայացնելով Դավթի եւ իր սիրո պատմությունը, ներկայացնում է Դավթի զորավոր էությունը, «անիմաց» մնացած կիսատ սերը: Ահա այս պատմության եւ հենց այս դրվագին է ձոնված «Դլէ Յաման» երգը- այն նվիրված է Սասունցի Դավթի եւ կապուտկողցի Խանդութի երկրային կյանքին եւ սիրուն: Խանդութ Խանումը «Սասնա Ծռեր» էպոսում մարմնավորում է նվիրված եւ սիրասուն կնոջ աստվածային կերպարը:

Մինչեւ «Դլէ Յաման» երգի բովանդակությանն անցնելը, ներկայացնենք Դավիթ եւ Խանդութ Խանում անունների ծագումնաբանական եւ լեզվաբանական բացատրությունը:

Դավիթ-Հայկական Դավիթ-Տավիտ -Տիվաց անունն առնչվում է հայկական Տի-լույս, ՏԻՎ-ԴԻ ԴԻՑ-Աստված բառերի ստուգաբանման հետ:

Տի-իտ- տուենջեան- ցերեկ, օրվա լույս մասը, առավոտ (ՆՀԲ):

Տի-դի- օր, sanskrit -divedive օր-աւուր, օր ըստ օրե», տի-դի-Աստված բնիկ հայերեն բառ (Հր. Աճառյան-Հայերենի արմատական բառարան):

Էպոսի պատումներում կան հատվածներ, որտեղ Տավիթը -ՏԱՎ- ՏԻՎ նշանակում է երկինք, լույս, ցերեկ: Դավիթը Խանդութին ազատելու համար գնում է Անդրաշխարհ:

Տաւ- աղերսվում է հայկական լեռնաշխարհի հայկական Տավրոսի -տավար-ցուլ լեռներ իմաստի հետ:

Տաւաղել- հավաքել զցրուեալ բազմութիւն (ՆՀԲ)

Խանդութ Խանում- Խանդ+ութ  Խանում բուն հայկական անուն, աստվածանուն, կազմվել է Խանախանա -Hannaհanna-h/խ Մայր Աստված բառերից, նախաշումերական աստվածանուն:

Հանա-խանա- Մայր դիցուհի, հանում- խանում- տիկին:

«…Հանա-հանա» սքողում է բնիկ հայ. Հան հնխ. *Han-մեծ մայրը, շում. Ան-երկինք աղերսով Ան-երկնքի Աստված իմաստը (Ա. Վարպետյան):

Խանդութ -Մայր դիցուհի– Ութ Աստվածների Մայր: Չորս զույգերից էր կազմված Հայոց ութ Աստվածների Դիցարանը:

Այժմ անդրադառնանք «Դլէ Յաման» երգի բովանդակությանը, որի միջոցով Խանդութը պատմում է աշխարհին իր եւ Դավթի սիրո պատմությունը: «Դլէ Յաման» երգի մեջ կան կենտրոնական բառեր, որոնց իմացությամբ, լեզվաբանական, բառակազմական եւ ծագումնաբանական վերլուծությամբ կարողանում ենք պատկերացում կազմել այս էպիկական երգի արարման ժամանակի եւ նպատակի մասին:

«Դլէ Յաման» երգի բովանդակության  եւ բառակազմական վերլուծությունը ներկայացնելու համար մենք կօգտվենք «Սասնա Ծռեր» էպոսից, «Սասունցի Դավիթ» գրքի համար Հովսեփ Օրբելու գրած նախաբանից,  Նոր Հայկազեան Բառարանի, Հր. Աճառեանի արմատական բառարանի, Հայերէն Գաւառական Բառարանի մեջ տրված, մեր քննախուզության համար կենտրոնական համարվող բառերի բացատրություններից, Հ. Մարտիրոսյանի «Սյունիքի ժայռապատկերներ» եւ այլ հայագիտական ուսումնասիրություններից:

Առաջինը անդրադառնանք Դէ-լէ Յաման բառերի կապակցության իմաստին եւ քննարկենք յուրաքանչյուր բառը:

«Դե- Դից- Աստված բառն է, լե- ձայնարկությունը կապված է լեզվի, լսողության, ձայնի հետ, արտաhայտում է ձայն, կանչ, ասելիք, խոսք՝ լե-լսել, լե- զու, լուր- լե արմատ, լե՛ր գրաբարում՝ եղի՛ր (Հրաչյա Աճառյան Հայերենի Արմատական Բառարան, ՆՀԲ):

Դե- այստեղ Դից- Աստված բառն է, լե-լուր- լե արմատ, լե՛ր, ամ-ժամանակ, ան-երկինք:

«Յաման» բառը բուն հայկական բառ է, յ-ամ- ան, յ- նախդիր՝ որպես ի տրական հոլով,

յամոյր- վայրի այծ, այծքաղ, արու եղջերու (Նոր Հայկազեան բառարան),

ամ- am-բնիկ հայերեն բառ- sama- սանսկրիտ sama-ama-(տարի, եղանակ, ժամանակ)

ամ- տարի, ե(յ)աշ, ժամանակ (ՆՀԲ),

ամբ-ամպ անպ – մ/ն զուգորդումով, ունի երկինք իմաստը (Հայկազեան, Աճառյան, գրաբար,) շում. Ան-երկինք իմաստով, Ան-երկնքի Աստված իմաստը:

Ամ-Ան Ժամանակի -Երկնքի Աստված:

Հայերենում ամ- արմատով կազմված բառերը հիմնականում արտահայտում են երկինք, ժամանակ, Աստուած եւ համանման իմաստներ.

Ար-ամ-ազդ, Սանդար-ամ-ետ, Մարի-ամ, Ար-ամ նահապետ, Ամի- հորեղբայր, նահապետ (Խոյի բարբառ),  զ-առ-ամ խիստ ծեր մարդ- թվարկված անունների մեջ կենտրոնական է ամ արմատը:

Մեր ասածը հիմնավորելու համար ներկայացնենք Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Հայոց գերագույն Աստված, երկնքի ու երկրի արարիչ Արամազդի անվան մեկնաբանումը:

Շումերերենում masd-ara= նշանակում է «վայրի այծ», որը նույն Ար-ամ-ազդ Աստծո անունն է, masd-ara = ara-masd= ar-am-asd- ար- ամ- ազդ-

ար-Ար- արեգակնային Աստվածությունը՝ Լույսը,

ամ- Աստված- եւ Ժամանակ, ազդ- ազդարարել- Արամազդը, Սանասարի նախատիպն է ամպրոպի կայծակնեղեն թրերի՝ Թուր Կեծակի տերը:

Ար – արեգակնային Ամ- աստծո Ազդ-ը- ազդարարումը,

ամպրոպ- շանթ, կայծակ, հրածին, լուսարփի Արամազդ, որը կոչվել է ամ-պրոպային Ար-ամ-ազդ (ՆՀԲ, Հրաչյա Աճառյան-Հայերենի արմատական բառարան):

Մեկնաբանենք Գյամի բառը:

Գյամի-Կյամի-Քյամի բառի մեջ նույնպես կենտրոնական է «ամ»-ժամանակ կամ ժամանակ-տարածություն իմաստը, «գյամի» բառում առկա է նաեւ «Աստված-Նավ, Աստվածային նավ, Երկնային նավ, Կարմիր առագաստ» գաղափարը: Մեր ներկայացրած «Գյամի» բառի իմաստը ամրագրելու համար բերենք մեկ հատված հայ ազգագրական մեկ այլ երգից՝

Գյամին վըր ծովուն

Յուշիկ մ՛երերաց,

Կանաչ էր փարդեն,

Կարմիր էրեւաց….

Այսպիսով՝ «Գյամի» բառը, որպես կարմիր առագաստանավ, հայ ժողովրդական բանահյուսության մեջ գոյություն ունի եւ պահպանված է ազգագրական երգերում:

Ավանդաբանությունից գիտենք, որ հայոց հերոսները ոչ միայն Արեւածին են, այլեւ Ծովածին են, Ծովազն: Ծով մտնելով եւ Ծովից դուրս գալով՝ հերոսները ինքնակազմակերպվում են եւ հաղթահարում են ժամանակի եւ տարածության խնդիրը: Այս մոտեցումը նաեւ երգում կա: Թե՛ երգի, թե՛ էպոսի մեջ «Ծովը» դիցական իմաստ ունի. հերոսը, տվյալ դեպքում՝ Դավիթը, կապված է ջրի, ծովի հետ՝ Ծովից է ուժ առնում, Ծովի մեջ է ապաքինվում, Ծովի խորքերից սուրում մինչեւ Արեւը՝ «Գյամին եկավ կրակի պես»:

Կարեւոր ենք համարում մատնանշել Միհրի եւ Դավթի մենամարտի երեւույթը: Մենամարտից հետո կարծես Դավիթը պետք է վերադառնար Խանդութի մոտ, սակայն «Էկավ, հասավ չուր ծովու կես», այսինքն՝ կիսատ թողած խնդիր ուներ, ուստի եւ վերադառնում է Չմշկիկ Սուլթանի մոտ:

Հենվելով ներկայացրած նյութին՝ կարող ենք հանգել եզրակացության, որ Դլէ Յաման բառակապակցությունը ճիշտ է ներկայացնել, ապա ընկալել որպես Դե- Դից- Աստված, լե-լուր, լե՛ր լինել, ամ-ժամանակ, ան-երկինք, որպես «ժամանակի եւ երկնքի Աստծուն ուղղված խոսք» կամ «Խոսք Ժամանակի եւ Երկնքի Աստծուն».

Դլե յաման

Գյամին էկավ կրակի պես,

Վա՜յ, դլե յաման,

Էկավ, հասավ չուր ծովու կես,

Յաման, յաման:

«Գյամին եկավ կրակի պես, Էկավ, հասավ չուր ծովու կես»: Երգի մեջ Գյամին կարմիր առագաստն է, կամ Աստվածային նավը, որ գալիս է «կրակի պես», սակայն նա, ով գալիս էր, հաղթահարեց միայն կես ճանապարհը՝ «ծովու կես», եւ տեղ չհասավ, որի համար էլ կանչում է, ձայն է տալիս՝ յԱմա՜ն, յԱմա՜ն:

  1. Դլե յաման,

Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,

Վա՜յ, դլե յաման,

Մենք սիրեցինք առանց իմաց

Յաման, յաման:

Խանդութը, իր ամուսին Դավթին, ով կրում է Ժամանակի եւ Երկնքի աստվածային գաղափարը եւ ներկայանում է մեզ որպես Ժամանակ- Երկինք՝ Ամ-Ան, հիշեցնում եւ պատմում է. «Մեր տուն, Ձեր տուն իրար դիմաց», այսինքն՝ մեկ տունը Սասունն է, մյուս տունը՝ Կապուտկողը:

Խանդութը հիշեցնում, պատմում է Երկնքի եւ Ժամանակի Աստծուն, որ իրար սիրեցին, սակայն այդ Մեծ սերը մնաց «առանց իմաց»: Քանի որ Դավիթը Խանդութին մենակ թողեց Սասնա էրգրի մեջ՝ որպես Տեր ու Տիրուհի, եւ ինքը առաջնային համարեց տարբեր աշխարհներում 40 փահլեւանների գործը ավարտին հասցնելու խնդիրը:

  1. Դլե յաման,

Արեւ դիպավ Մասիս սարին,

Վա՜յ, դլե յաման,

Կարոտ մնացի ես իմ յարին,

Յաման, յաման։

Շատ խորհրդանշական է «Արեւ դիպավ Մասիս սարին» տողը: Այս տողում ամրագրված են հայոց հոգեւոր բյուրեղացման երկու գլխավոր արտահայտիչները՝ Արեւը եւ Մասիսը: Մասիսի լեռնագագաթներից է ծագում Արեւը,  ու Արեւը մայր է մտնում Մասիսի լեռնագագաթին: Մասիսի լեռնագագաթին են իջնում Հայոց Աստվածները եւ այնտեղից երկինք բարձրանում: Մասիս սարը Հայոց Արեւ Աստվածների գահանիստ սարն է, երկինք եւ երկիր կապող օղակը, կապը, կամուրջը:

Հայոց էպոսի բյուրեղացումներից է Դավթի եւ Խանդութի կյանքի պատմությունը:

Արեւակիր, Արեւածին-հրածին Դավթի երկրային կյանքի վերջին հանգրվանը Մասիսն է, Դավիթը երկնային կյանքի մայրամուտին կանգ է առնում Մասիս սարի վրա, եւ Մասիս սարից էլ Դավիթը բարձրանում է երկինք ու չի հասնում  Բերդի գլխին սպասող Խանդութ Խանումին: Ահա թե ինչու, երբ «Արեւ դիպավ Մասիս սարին», Խանդութը կարոտ մնաց իր յարից, արեւ-ամուսնուց, իր կողակցից՝ «Կարոտ մնացի ես իմ յարին», եւ նորից Մայր Աստվածուհին Արեւի կարոտը սրտում կանչում է Արեւ ամուսնուն՝ Յամա՜ն, յամա՜ն»:

Այժմ մեկնաբանենք եւ ներկայացնենք «յար» բառի իմաստը հայերենում: Հր. Աճառյանը Հայերենի արմատական բառարանում «յար»- «եար» բառը այսպես է բացատրում.

1) յ-ար՝ ի ար- հետը կցած, զույգ, կից, կողակից՝ ամուսին, բուն հայկական բառ է:

2) յար- շարունակեալ, յավիտեան (բուն հայկական բառ ):

  1. Դլե յաման,

Քամին էկավ երան-երան,

Վա՛յ, դլե յաման,

Գյամին հասավ ծովու բերան,

Յաման, յաման։

«Քամին էկավ երան-երան» նախադասության մեջ նույնպես ակնհայտ է որոշակի թաքնագիտություն. եթե քամի բառը մենք կարող ենք ընկալել ուղղակիորեն որպես հողմ, Երկնքի եւ Երկրի միջեւ շարժում առաջացնող երեւույթ, ապա երան-երան բառը առանց օգնության հնարավոր չէ հասկանալ, այս խնդրին պարզաբանում է տալիս Նոր Հայկազյան բառարանը. Երան-էրան նշանակում է արիաց, այսինքն՝ արիաց ոգի, ուժ, զորություն, հողմ: Երգի մեջ երան-երան կամ արիաց քամին այն ուժն է, որը Ծովի վրա տեղաշարժում է Գյամին, որի մեջ առկա է «Աստվածային նավ, Երկնային նավ, Կարմիր առագաստ» գաղափարը:

  1. Դլե յաման‘

Քամին էկավ առավ Բերդին‘

Վայ դլե յաման,

Քո սեր կաթավ մեջ իմ սրտին

Յաման յաման:

Երկնային նավ, կարմիր առագաստ, գյամի-կյամի-քյամին՝ «Սերը» բերեց առավ բերդին, ուր կանգնած էր Խանդութ Խանումը, ով զգաց սեր եւ միացում, որը վերածվեց երկնային սիրո ու միացումի: Երգի մեջ կարեւոր է յուրաքանչյուր քառյակի վերջում իր կանչը, ձայնելը յարին, ամ-ուսնուն՝-Յամա՜ն, յամա՜ն- Լույս- ժամանակ-Երկնքին:

Դավթի եւ Խանդութի սիրո պատումը խորհրդանշական, գաղափարական նույնական ավարտ ունի «Սասունցի Դավիթ» Էպոսի եւ «Դլէ Յաման» երգի մեջ:

Էպոսի մեջ՝ սպասումով լի, անհամբեր Խանդութ Խանումը երբ զգաց, հասկացավ, որ՝ «իմ կանաչ կտրիճ Դավիթ չէկավ, Դավիթ մեռած է», բարձրացավ Բերդի գլուխ եւ «…էնտեղեն իրեն թալեց»: «Դլէ Յաման» երգի մեջ նույնպես՝ Աստվածային սիրո ուժի խորհուրդ, Դավթի ոգին ու զորությունը հանդիսացող Քամին գալիս առնում է Բերդին, ուր վճռական եւ հպարտ Խանդութն էր բարձրացել: Սպասումով լի Խանդութը Բերդի գլխին կանգնած՝ Դավթի կիսատ թողած Սերը իր սրտի մեջ է առնում. «Քո սեր կաթավ մեջ իմ սրտին»,- եւ հար ու շարունակեալ միանում Դավթին՝ Լույս- ժամանակ-Երկնքին:

«Դլե յաման» երգը մի կտոր կարոտի ու սիրո մեղեդի է, ծնված Հայ Աստվածների  էպիկական սիրուց, որը հայ ժողովուրդը կրել է իր շուրթերին հազարամյակներ շարունակ ու այն լսելի կդառնա հազարամյակներ ի վեր:

Մինչեւ այժմ մեր հարեւանները՝ քրդերը, արաբները եւ այլք փորձում են «Դլէ յաման» երգը ներկայացնել որպես իրենց ազգային սեփականություն՝ հենվելով «ԴլԷ Յաման» երգի վերնագրի վրա, որը քրդերեն թարգմանվում է «տանջված սիրտ»: Բայց զարմանալին այն է, որ քրդերը կամ արաբները կարողացել են միայն ինչ-որ կերպ թարգմանել- հարմարեցնել «Դլէ Յաման» երգի վերնագիրը, որը չի համապատասխանում երգի բովանդակությանը, իսկ երգի բովանդակության մասին չեն խոսում, կամ՝ չեն կարողացել այն հարմարեցնել:

Այսպիսով՝ մեր ծագումնաբանական եւ լեզվաբանական վերլուծությունները ցույց տվեցին, որ ոչ «Դլէ Յաման» երգն ունի  քրդական ծագում, եւ ոչ էլ հատկապես «Դլէ  Յաման» վերնագիրը:

«Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը, այն կրում է Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը:

Եվ քանի որ «Դլէ Յաման» երգը բովանդակությամբ, ոգով ուղղակիորեն առնչվում է Հայոց էպոսի գաղափարական բովանդակության հետ, էպոսի մի մասունք է, այն նույնքան էլ հին պատմություն ունի: Միհր- Պապ Մեծ Մհեր, թոռ՝ Փոքր Մհերի մասին հնագույն հիշատակությունը բացահայտվել է շումերական արձանագրություններում, խեթական եւ միտանական գրավոր բանակցություններում՝ Միտանիի արքա KUR-ti-Օ -a(z)-za-ի եւ խեթերի արքա Շուպպիլյուլմա 1-ի միջեւ հաստատված դաշինքի մեջ (մ.թ.ա. մոտ 1380թ.): Միհր-Միթրա-Մհեր աստվածությունը ծնվել է Հայկական լեռնաշխարհում՝ դեռ մ.թ.ա 4-րդ հազարամյակում:

Կարինե Հայրապետյան

Գերմանիա, Մայնց

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։