Ո՛չ՝ կորզմանն ու ուղղորդմանը – Երեւանի քաղաքապետարանը հորդորում է զգոն լինել ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու համար… Տասնյակ դեպքեր.- Խոշոր հանցագործություն՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար…

Ո՛չ՝ կորզմանն ու ուղղորդմանը – Երեւանի քաղաքապետարանը հորդորում է զգոն լինել

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ (նոյեմբերի 21-ին նախորդող շաբաթը) իրավախախտ 6 անձ բերման է ենթարկվել ոստիկանության «Կենտրոն» բաժանմունք:

«Անընդունելի այս երեւույթը պետք է իսպառ բացառվի, մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ըստ այդմ, շարունակեք աշխատանքը՝ համագործակցելով ոստիկանության հետ արձանագրված դեպքերը փոխանցեք Երեւան քաղաքի դատախազությանը: Բացի այդ, հանրությանը նաեւ ներկայացրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են նման դեպքեր, որպեսզի մարդիկ տեղեկանան ու տվյալ վայրերում նույնը կրկնվելու դեպքում չվճարեն ապօրինաբար գանձվող գումարները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ, ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են արձանագրվել մայրաքաղաքի հետեւյալ հատվածներում՝ Մաշտոցի պողոտա՝ «Մարգարյան» հիվանդանոցի դիմաց, Վազգեն Սարգսյան փողոց՝ Կենտրոնական բանկի դիմաց, Եզնիկ Կողբացի փողոց՝ «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի հարեւանությամբ, Ամիրյան փողոց՝ «Սամսունգ» խանութի դիմաց, Հյուսիսային պողոտա 5 հասցեի դիմաց, Մովսես Խորենացու փողոցի թիվ 1 (Գումի) շուկայի դիմացի մայթ, Վարդանանց – Սիմոն Վրացյան խաչմերուկ, Պարոնյան փողոցի Նաիրի բ/կ շրջակայքը,  Հին Երեւանցու փողոց, Իսահակյան – Գ. Քոչար խաչմերուկ (Դրամատիկական թատրոնի հարակից հատված), Բաղրամյան պողոտա 14 (նոտարի բակ), Մհեր Մկրտչյանի փողոց, Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոց (Վերնիսաժ) հատվածում, Երվանդ Քոչարի փողոցի «Ինեկոբանկ»-ի հարակից հատված, Թումանյան փողոցի հ.30 շենքի հարակից հատված, Ագաթանգեղոսի, Խորենացու փողոցներ:  

Նույն խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը անդրադարձել է հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն խոսակցություններին, որ Երեւանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակում որոշ թույլտվությունների տրամադրման ժամանակ քաղաքացիներին ուղղորդում են վճարումներ կատարել «Երեւան» հիմնադրամին. «Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաեւ պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված: Նման ուղղորդումները, եթե այդպիսիք իրոք կան, ուղղակի անընդունելի են եւ ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա եւ թե՛ բոլոր այն նվիրատուների, ովքեր տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ըստ այդմ, մեր համաքաղաքացիներին կհորդորեմ ուղղորդումների դեպքում Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության միջոցով տեղյակ պահել մեզ այդ մասին: Բացի այդ, հրապարակեք նաեւ աշխատակազմի վերահսկողության վարչության պետի՝ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարը, որպեսզի հարկ եղած դեպքում քաղաքացին կարողանա անմիջական կապ հաստատել հենց ահազանգերն ստուգող օղակի պատասխանատուի հետ»:

Տեղեկացնենք, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է՝ 098-16-66-61:

Սեփ. լրատվություն

Խոշոր հանցագործություն՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են առողջական խնդիրների պատճառաբանությամբ՝ կեղծիքների միջոցով, զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու մի քանի տասնյակ դեպքեր։ Պարզվել է հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց ինքնությունը, որոնց գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ։

Քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երեւանի մի բնակչուհի, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, զարտուղի ճանապարհով, խարդախությամբ գումար վաստակելու նպատակով, տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ ԶՈւ նախկին աշխատակից, գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ, իր ծառայություններն է առաջարկել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց՝ խոստանալով տարբեր չափերի գումարների դիմաց տարկետումներ տրամադրել, որոշ դեպքերում նաեւ՝ ընդհանրապես ազատել զորակոչից:

Քննության տվյալներով՝ նշված կինն ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերել մոտ 3 տասնյակ անձանց հետ եւ նրանցից ստանալով համապատասխան գումար՝ ապօրինի եղանակով կազմակերպել է տարկետումներ ապահովող բժշկական ախտորոշումներով կեղծ տեղեկանքների տրամադրումը, որոնց օգտագործմամբ զորակոչիկները ձեռք են բերել տարկետման իրավունք։

Բացահայտվել է հանցագործության կատարման մեխանիզմը. մի դեպքում կաշառքի դիմաց բուժհաստատությունների կողմից տրվել են տարկետման համար հիմք հանդիսացող՝ առողջական վիճակի հետազոտման ակտեր, թեեւ տվյալ զորակոչիկը նման հիվանդությամբ չի տառապել, իսկ մեկ այլ դեպքում՝ ընդհանրապես կեղծվել են բժշկական փաստաթղթերը։

Երկու դեպքում էլ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են կենտրոնական բժշկական հանձնաժողով, որոնց հիման վրա զորակոչիկներին տրամադրվել են տարկետումներ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են վերոնշյալ մեխանիզմներով նաեւ զինծառայողների զորացրման դեպքեր։

Ընդհանուր առմամբ բացահայտվել է 2010-2015թթ. կատարված հանցագործության 32 դեպք, որոնք իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված 75 հանցավոր արարքների համակցություն։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, եւս 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Դատարան է ուղարկվել 2 քրեական գործ, 3-րդ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։