Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել – Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը… Համազգային թալանի հետքերով.- Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն…

Գործադիրը նախորդ նիստի ժամանակ հավանության արժանացրեց փոփոխությունը Քրեական օրենսգրքում, որը վերաբերվում է ապօրինի հարստացմանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Արդարադատության նախարարը նորմալ է համարում, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունների՝ ապօրինի հարստացման հետ կապված գաղափարախոսությունը կարող է քննադատվել, սակայն նրա համար ընդունելի չեն բուն նախագծի հետ կապված քննադատությունները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ օրենքի հետադարձ ուժի խնդիրը որեւէ պարագայում քաղաքական իշխանությունների կամքի դրսեւորում չէ: Ապա պնդեց, որ այն միջազգային իրավունքի սկզբունք է:

«Եթե որեւէ արարք քրեականացնում ես, որեւէ պահին հետադարձ ուժ չի կարող ունենալ: Առաջին, եթե մենք խոսում ենք ապօրինի հարստացման քրեականացման մասին, հաստատված փաստի ուժով խոսում ենք բոլորի մասին եւ հայտարարում՝ նրանք ապօրինի հարստացած են, բայց լուրջ խնդիր կա անմեղության կանխավարկածի հետ կապված, քանի որ իրավական տեսանկյունից որեւէ բան ապացուցված չէ: Երկրորդ՝ ի՞նչ եք առաջարկում՝ չքրեականացնե՞նք»,- ասել է նախարարը:

Նա հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագիծը քննադատողները կողմնակից են, որ ապօրինի հարստացումը չքրեականանցվի: Ապա նկատել է՝ երկրները, որոնք քրեականացրել են ապօրինի հարստացումը, դա չեն արել 15 տարի առաջ, այլ սկզբում վավերացրել են կոնվեցիաներ եւ այլն:  

Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, թե «միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի հարստացման անհրաժեշտությունը՝ կոռուպցիոն հանցագործությունների սխեմայում, սկսում է արդիական թվալ այն ժամանակ, երբ կոռուպցիոն դասական հանցագործությունները, որոնք ունեն լատենտայնության՝ թաքնվածության, բարձր աստիճան, սկսում են չաշխատել: Այս պարագայում, բնական է, որ ապօրինի հարստացումն իր արդյունավետությամբ շղթայի վերջին կետն է համարվում: Ապօրինի հարստացումը չի ենթադրում գործողություն՝ անձին դատապարտում են ոչ թե գործողության համար, այլ վիճակի համար՝ այն ժամանակ կատարած որեւէ արարքի, գործողության չբացահայտվածության արդյունքում ունեցած վիճակի համար. սա է ապօրինի հարստացման տրամաբանությունը»: Թեեւ օրենքը հետադարձ ուժ չունի, միեւնույն է, Արդարադատության նախարարն օրենքն ուշացած չի համարում, բայց նախագիծի անհրաժեշտությունն զգում է:

Այն դիտարկմանը, որ ապօրինի հարստացման մեղադրանքները հիմնականում ուղղված են ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին կամ իշխանության մերձավորներին եւ հարցին՝ ի՞նչ երաշխիք, որ սա հերթական գեղեցիկ, բայց չգործող օրենքը չի լինելու, նախարարը նախ արձագանքեց, թե համակարծիք չէ, ապա հավելեց. «Ընդունում եմ, որ կա վստահության խնդիր, բայց ես չեմ կարող բոլորին համոզել, որ այլեւս այսպես չի լինելու, ոչ, պետք է քայլեր կատարվեն: Շատերը չէին էլ հավատում, որ այս օրենքը երբեւէ կհասնի կառավարություն, կհասնի Ազգային ժողով, չէին հավատում, որ եկամուտների կեղծ հայտարարագրեր ներկայացնելու մասին օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում»:

Կառավարության ներկայացուցիչն ընդգծեց, որ եթե ապօրինի հարստացումը քրեականացված չէ, չի նշանակում, որ կոռուպցիայի բացահայտման մյուս սխեմաները չեն գործում: Գործադիրի կարծիքով՝ շատ հետաքրքիր իրավիճակ կարող ենք ունենալ, քանի որ երբ համեմատում ենք օրինական եկամուտների հետ, հայտարարագրի հետ, ու երբ պարզվում է, որ ունեցվածքն ու օրինական եկամուտները դիսբալանսի մեջ են, վարույթ իրականացնող մարմինն իրավունք ունի հարց տալու՝ որտեղի՞ց այս դիսբալանսը:

«Վերնոշյալ դեպքում կարող է ասել, թե մոռացել է հայտարարագրել եւ այլն: Հարց է ծագում՝ ինչո՞ւ չի հայտարարագրել: Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել:

Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը: Կինը, որդին կամ այլ փոխկապակցված անձինք եւս առանձին պատասխանատվություն են կրում»,- շարունակեց նա՝ կրկնելով, որ ապօրինի հարստացած մարդիկ կդատապարտվեն 3-6 տարի ազատազրկման:

Նարե Մշեցյան

Հ.Գ. – «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է 1990-ականներից սկսված, հետո էլ շարունակվող համազգային թալանին…

Արդյո՞ք այս խնդրին երբեւէ չի անդրադառնալու երկրի օրենքը:

Չէ՞ որ, երբ մի քանի տասնյակ հազար մարդիկ ազատագրական ու անկախական պայքարի մեջ պաշտպանեցին ու շատերն էլ նահատակվեցին հանուն հայրենիքի (նվիրյալների մի քանի տասնյակ հազար էլ թիկունքում ապահովեցին պետւթյան կայունությունը), մի որոշակի խումբ՝ պաշտոնյա, քաղաքական, հասարակական կամ գործարար ու այլ շրջանակների ներկայացուցիչ համարվող ազգի տականքներ, այդ ցրտի, մթի ու սովի տարիներն բաժակաճառային հայրենասիրության դասերով տոգորված ազգահալած քաղաքականություն ներմուծեցին սովից, երկրաշարժից, ցեղասպանությունից ու գաղթից, գործազրկությունից ու անարդարություններից մաքառող մեր հայրենիք…

Ո՞վ պետք է ստիպի, որ Նժդեհի բնորոշած ազգի այս տականքները պատասխանատվության ենթարկվեն, որոնցից շատերն այսօր էլ պաշտոնյաներ ու գործարարներ են, որ «մեռնում» են հայրենասիրության խոստումներ անելով ու «բարեգործություններ» շաղ տալով…

Եթե այսօր այս խնդիրն իր լուծումը չստանա, հաջորդ սերնդին կմնա դրա լուծումը, եւ նահատակների ու նվիրյալների զավակները դեռ պարտավորված են լինելու ազգին վերադարձնել ազգից թալանվածը…

Ներկայիս լուծումը նաեւ կարող է թույլ տալ, որ այդ թալանի խոստովանությունն ու վերադարձը ազգին՝ ավելի մեղմ պատիժներով ավարտվեն…

Շատերը հույսը դրել են «ժողովրդի հիշողությունը կարճ է» դրույթի վրա:

Այո՛, այդպես է, սակայն պետք է իմանալ, որ «ազգի հիշողությունը հավերժ է», եւ ազգային վրեժը ցեղասպանության վրեժի օրինակով անժամկետ է…

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։