Վարչապետն անցնում է հարձակման – Հերթական խա՞ղ, թե՞ այս խաղի դեմ եւս խաղ կա… Ուժեղ տնտեսությունը սկսվում է… զուգարանից,- Պան Կի Մուն՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար…

Վարչապետն անցնում է հարձակման – Հերթական խա՞ղ, թե՞ այս խաղի դեմ եւս խաղ կա

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել արդարադատության նախարարությանը՝ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ: «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երեքշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը»: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ապօրինի հարստացման քրեականացման նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ:

«Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, եւ գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը: 3-րդ՝ այս հանձնարարականը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը: Նախ՝ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով եւ՛ կրթական, եւ՛ կոռուպցիայի կանխարգելման գործառույթները:  

Բացի դրանից, անհրաժեշտ է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին յուրաքանչյուր տարի պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն: Խոսքը կոռուպցիայի մասին առանձին հաշվետվությանն է վերաբերում: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը: Նա նշեց, որ ներկայումս պաշտոնատար անձանց մի ստվար զանգված, ինչպես կառավարության անդամները, դատավորները եւ այլն, ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք այս ցանկում ընդգրկված չլինելով՝ ընդգրկված են, օրինակ, խոշոր պետական գնումների կամ տարբեր այլ, այսպես կոչված, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործառույթներում: Այդ պատճառով գործադիրի ղեկավարն արդարադատության նախարարին հանձնարարել է երեքշաբաթյա ժամկետում կառավարություն առաջարկ ներկայացնել՝ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայնությունից:

Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր ազդարարների համակարգին: Ըստ նրա՝ այս ոլորտում տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական մոտեցումները մեր երկրի համար այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել: Վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում արդյունավետ եղանակներ մշակել՝ ազդարարների համակարգը ներդնելու ուղղությամբ: Արդարադատության նախարարին հանձնարարվել է նաեւ հանդիպումներ կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայայուցիչների, ընդդիմության, բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եւ ըստ անհրաժեշտության՝ առաջարկ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների, ինչպես նաեւ կազմի վերանայման վերաբերյալ:

Սեփ. լրատվություն

Ուժեղ տնտեսությունը սկսվում է… զուգարանից

Երբ Պան Կի Մունը դեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էր, մի անսպասելի հայտարարություն արեց Զուգարանի միջազգային օրը: Նա ասել էր, թե «զուգարանը ուժեղ տնտեսություն ստեղծելու համար ունի վճռական նշանակություն»՝ ընդգծելով հիգիենայի ու արտադրողականության միջեւ կապը:

ՄԱԿ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղարը վստահ ասել էր, որ զուգարանների պակասը բերում է հիվանդությունների, անհարկի բացակայությունների եւ հոգնածության: «Աշխատանքի վայրում  գրանցված մահացության դեպքերի 17%-ի պատճառն այն հիվանդություններ են, որոնցով վարակվում են հենց աշխատանքի վայրում»,- զգուշացրել էր Պան Կի Մունը: Նա ներկայացրել էր մի քանի փաստարկներ՝ իր ասածները հիմնավորելու համար. մաքուր ջրի եւ սանիտարական պայմանների մատչելիությունը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը, ամեն տարի հակասանիտարական վիճակի պատճառով հասցված վնասը կազում է 260 մլրդ. դոլար, յուրաքանչյուր դոլար՝  ներդնելով մաքրության համար, տալիս է 4 դոլար եկամուտ:

Զուգարանի միջազգային օրը շատերին ծիծաղեցնում է, բայց ՄԱԿ-ը կոչ անում այս օրվան լրջորեն մոտենալ: Ներկա պահին աշխարհում 2,4 մլրդ. մարդ զրկված է զուգարանից: Զուգարանի միջազգային օրը հիմնադրվել է 2013թ. Սինգապուրի նախաձեռնությամբ:

Դատելով այս տրամաբանությամբ՝ Հայաստանն այսօր գերհզոր տնտեսություն պիտի ունենար, քանզի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի օրոք 1 բիոզուգարանը գնվել էր 100 մլն դրամով: Այն էլ՝ չաշխատող բիոզուգարանը…

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։