Անվանափոխում՝ վերամիավորումից առաջ – Լեռնային Ղարաբաղից՝ Արցախ… Անկախության հանրաքվե.- Շահումյանի, Գետաշենի եւ հարակից տարածքներն արցախապատկան են՝ ինչը հաստատում է Արցախի Սահմանադրությունը… Հայկական կողմը պնդում է կարգավորման 3 սկզբունքների կիրառումը…

Եվրոպական մամուլն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Արցախ անունով անվանափոխելու շուրջ հայտարարություններին ու հնարավոր ծավալումներին: Մասնավորապես ֆրանսիական մամուլում նշվել է. «Նոյեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարեց իր երկիրը՝ պատմական Արցախ անունով վերանվանվանելու հնարավորության մասին: Այս փոփոխությունը հնարավոր է տեղի ունենա ընթացիկ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում են հիմնարար ազատությունների եւ քաղաքացիական իրավունքների դրույթներին: Եթե բարեփոխումը հասնի իր ավարտին, երկիրը կազատվի իր կրկնակի անվանումից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»-ից եւ կկոչվի միայն «Արցախի Հանրապետություն»»:

«Սեփական բնակիչների կողմից տրվող մշտական անունով վերակոչվելը տրամաբանական զարցագումն է այդ պետության համար, որը մինչ այժմ հայտնի է ժամանակին բռնազավթողների կողմից նրան տրված օտարալեզու իր անվանումով: Անկախությունները այս կերպ են ամբողջացվում, երբ քաղաքականապես հասուն քաղաքացիները ժողովրդավարորեն ընտրում են սեփական երկրի անվանումը»,- մեկնաբանել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ «եթե որոշումն ընդունվի, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կհետեւի Բուրկինա Ֆասո անվանակոչված Վերին Վոլտայի կամ Մյանմա անվանակոչված Բիրմայի օրինակներին»:

Այս համեմատություններն ունեն նաեւ այն իմաստը, որ Արցախը եւ արցախցիները վերջ են դնում գաղութացման հիշողությանը, փակում են վերջին էջը, ինչպես դա արել են վերոնշյալ եւ այլ երկրները Աֆրիկայում եւ Ասիայում:

Արցախի սահմանադրական բարեփոխումների փաթեթը հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքէջում: Քննարկումներից եւ սահմանադրական հնարավոր բարեփոխումներից հետո այն կդրվի հանրաքվեի:

Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը կհետեւի Արցախի ժողովրդի կայացրած որոշմանը, ու, թերեւս խումբն էլ կկոչվի Ֆրանսիա-Արցախ:  

Նոյեմբերի 18-ին եւ 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները: Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ Ստեփանակերտում ու բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ բնակչության առաջարկներն ու դիտողությունները: Ըստ աղբյուրի, մասնագիտական հանձնաժողովը ստացված առաջարկությունների եւ կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման:

Եվ այսպես՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նոր նախագիծն արդեն պատրաստ է; Այն դրվել է լայն քննարկման, ներկայացվել բնակչությանը ու նաեւ լրամշակվել: Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Սահմանադրության նախագծի 1-ին հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, իսկ 2-րդ հոդվածը նշում՝ Արցախի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:

Սահմանադրության նախագծի 2-րդ գլուխը մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատություններն է կարգավորում: Մասնավորապես, հոդված 23-ը սահմանում է՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է: Նաեւ սահմանում է անձնական ազատության իրավունքը, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք:

Սահմանադրության նախագծի 173 հոդվածը վերաբերում է Արցախի Հանրապետության սահմաններին. «Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»: «Իմ կարծիքով 173-րդ հոդվածը գրված է շատ փայլուն: Փաստացի տարածքներ ասելով եթե իշխանություն ենք տարածում, ապա Գետաշենը, Շահումյանը, օրակարգից չի հանվում: Պատերազմը չի ավարտվել, մենք ունենք 1991թ. անկախության հանրաքվե, որին մասնակցել են Շահումյանի, Գետաշենի մեր հայրենակիցները, հետեւաբար այդ տարածքների վրա եւս տարածվում է Սահմանադրության այդ հոդվածը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Արցախցի պատգամավորի համար զարմանալի է՝ ինչու ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում Գետաշենի, Շահումյանի մասին հարցեր չեն շոշափվում, քանզի դրանք Արցախի հողերն են: «Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու դեպքում, Ադրբեջանը կկորցնի նոր քաղաքներ, նոր համայնքներ, եւ մեր Սահմանադրության նախագծի 173 հոդվածը հակասության մեջ չի մտնում: Այսօր ինչ մենք ունենք, դրանք բոլորը ազատագրված տարածքներն են, իսկ փաստացի տարածքները, որի մասին խոսում է Սահմանադրության նախագիծը, ազատագրված տարածքներն են: Մենք ունենք Մարտակերտի շրջանից տարածքներ, Գետաշեն, Շահումյան, որոնք Ադրբեջանի իշխանության ներքո են գտնվում:  Մենք չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, կա՞ այդ Նոստրադամուսը, որը կարող է ասել՝ վաղն ինչ է լինելու: Եվ Սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալու նոր իրողությունների դեպքում, ՍԴ 173 հոդվածը փոփոխության չենթարկել՝ եւ լավ իմաստով, եւ վատ»,- հավելել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2006թ. հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրության սահմաններին վերաբերող 142 հոդվածի սահմանումն այսպիսին էր. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:

Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Վահրամ Աթանեսյանը օրերս պատասխանել է նաեւ պաշտոնական Անկարային, որը կրկին աշխուժացել է Արցախի Սահմանադրական բարեփոխումների ընթացքում: «Օկուպանտ բառի հասցեատերը առաջին հերթին Թուրքիան է, որովհետեւ ոչնչից Կիպրոսը բաժանել է երկու մասի»,- անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը, ասել է Վահրամ Աթանեսյանը: Նշենք, որ  թուրքական զլմ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահն անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, նշել է «գրավյալ» տարածքներից Հայաստանի արագ դուրս գալու անհրաժեշտության մասին: «Օկուպացիայով որեւէ տեղ չեն հասնի, դա օկուպացիա է, որին դեմ է Թուրքիան: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան րոպե առաջ կատարեն իրենց վրա ընկած պարտականությունները: Եթե սա միջնորդություն է, ապա նրանց պարտականությունն է այն ավարտի հասցնել: Ցանկությունս այն է, որ օկուպացիային վերջ տրվի եւ ադրբեջանցի մեր եղբայրները հասնեն իրենց հողերին»,- ասել է նորօսմանական Թուրքիայի երկրպագու Էրդողանը:

Ցավոք, նման դեպքորում մեր պետական մոտեցումը դեռ հարձակողական չէ, Անկարային եւ աշխարհին պիտի հիշեցնել, թե թյուրքական բաշիբոզուկները որտեղից են եկել ու այդ ինչ իրավունքով են հայկական հողերի մասին սեփականության հայտարարություններ անում թե՛ Անկարայից, թե՛ Բաքվից: Բայց լռում են եւ՛ Երեւանում, եւ՛ Ստեփանակերտում:

Երբեք չպետք է կորցնել պահը՝ հայրենատիրության խոսքն ասելու համար, այն էլ միջազգային մակարդակով:

Ինչեւէ, հայկական կողմը հիշեցրել է, որ ավելի քան կես դար է, ինչ «Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսը՝ այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական հանրապետություն, որտեղ շրջանառվում է թուրքական լիրան, որտեղ կանգնած է թուրքական բանակը, որտեղ մարդիկ օգտվում են թուրքական քաղաքացիության անձնագրից»: Եվ այդ պետական կազմավորումը կես դար շարունակ գոյատեւում է Թուրքիայի օկուպացիոն ռեժիմի ու Թուրքիայի կողմից ցուցաբերվող տնտեսական մշակութային եւ այլ քաղաքականության պայմաններում: Իմիջիայլոց, միայն Ադրբեջանն է ճանաչել այս բռնազավթված տարածքի «անկախությունը»…

Ըստ Վահրամ Աթանեսյանի, Թուրքիայի նախագահի բնորոշումներն ու ձեւակերպումները ոչ միայն անընդունելի են, այլեւ  շատ վիճահարույց. «ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ խնդիրը պետք է միջազգային իրավունքի տեսակետից դիտարկել բոլորովին այլ հարթությունում, որովհետեւ ոչ Արցախն է նախահարձակ եղել Ադրբեջանի նկատմամբ եւ ոչ Հայաստանի Հանրապետությունը, որին ուղղված է Էդրողանի խոսքը: Փաստացի տեղի է ունեցել այն, որ ԼՂՀ ժողովուրդը բնակչության գերակշիռ մեծամասնություն կազմող հայերը օգտվելով Խորհրդային միության փլուզման իրավիճակից, հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ Խորհրդային միության կողմից ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին» օրենքի դրույթների վրա, անցկացրել է հանրաքվե եւ հռչակել անկախ հանրապետություն դեկտեմբերի 10-ին: Իսկ Ադրբեջանը ընտրել է Արցախից հայ բնակչությանը բռնի տեղահանելու, ԼՂ-ի հայկական բնակավայրերը հրթիռակոծելու, ճնշումների ենթարկելու, պարենային ճգնաժամի հասցնելու քաղաքականություն, որի այլընտրանքը եղել է զինված ինքնապաշտպանությունը… Եվ այսօրվա գծված շփման գիծը ոչ թե հայկական էքսպանսիայի, այլ Ադրբեջանի ագրեսիայից ապահովագրվելու արդյունք է»:

Հետաքրքիր է, որ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստում բաց տեքստով հայտարարել է, որ արեւմտյան համանախագահները, նախ եւ առաջ նկատի ունենալով Միացյալ Նահանգներին, բանակցություններում պահանջում են, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Ըստ երեւույթին, նման հայտարարություն պատահական չի արվել, ու չի կարելի ասել, որ դա իրականությունից կտրված հայտարարություն է: Եվ քանի որ Ադրբեջանը միջազգային հեղինակություն չունի, որպեսզի կարողանա հակաճառել ԱՄՆ-ին, այդ դերը կրկին վերապահվել է Թուրքիային:

Հայկական կողմը դրանից խուճապ չի ապրում, անգամ նշել է, որ եթե Թուրքիայի նախագահը կարող է միջնորդ դառնալ, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը եւ պաշտոնական Բաքուն նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա կարելի է այդ նախաձեռնությունը ողջունել: Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նույն խնդրի առնչությամբ նշել է. «Նման կարծիք հնչեցնող երկիրը, որը պատմական, մշակութային, քաղաքական եւ թե բարոյական առումներով օկուպանտ է համարվում ու խոսում է օկուպացիայի մասին, ապա հասկանալի է, թե ինչպիսի պետության հետ մենք գործ ունենք»: Նրա խոսքով, Թուրքիայի այս մոտեցումը որեւէ փոփոխության չի ենթարկվել, այդ երկիրը միշտ էլ բացեիբաց սատարել է Ադրբեջանին ու շարունակում է սատարել:

«Սա լավ պատասխան է բոլոր նրանց, նաեւ Ադրբեջանին, ովքեր ցանկանում են եւ երազում են Թուրքիային տեսնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շարքում: Այսպիսի հայտարարությամբ Թուրքիան իրոք ամեն ինչ անում է, որպեսզի երբեւէ չդառնա համանախագահ երկիր»,- նշել է Արցախի նախագահի մամլո խոսնակը: Ապա հավելել է, որ Էրդողանի այս հայտարարությունը համարեց «քաղաքական ռենտգեն». «Եթե Թուրքիան հնարավորություն ունենար միջամտել հարավկովկասյան քաղաքականությանը, այսինքն անցներ

իրեն հատկացված սահմանները, կարելի է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել: Այսինքն՝ այդ պետության գերնպատակն է ոչնչացնել Արցախը եւ Հայաստանը: Իսկ այս հայտարարությունը այդ նպատակի պարզ արտացոլումն է»:

Արցախյան կողմի պատասխանը Թուրքիային հստակ է. «Շատերն ամեն ինչ անում են, որ մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունը խարխլեն, սա ազդակ է, որ մենք լինենք զգոն, քանզի մեր հարեւանը իր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի արել: Ուստի չճանաչելով եւ խոչընդոտելով Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ փաստորեն Թուրքիան շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը»:

«ԼՂ-ի հակամարտության լուծումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով, կարգավորման 3 սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- կրկին նշել է Հայաստանի նախագահը եւ հավելել. «Անշուտ կա որոշում, եւ մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, սա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը»: Նախագահը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակվել են կարգավորման 3 սկզբունքներ. ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն ու ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունք:

Պաշտոնական Երեւանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այս 3 սկզբունքների հիման վրա: «Մենք երբեք չենք մերժել որեւէ հանդիպում: Լինի դա նախագահների, թե արտաքին գործերի նախարարների մակարդակով, նույնիսկ աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ ասել ենք, որ այդ հանդիպումները պետք է օգուտ բերեն, ինչ որ տեղաշարժ լինի: Եթե մենք հանդիպում ենք ու չկան տեղաշարժեր, իսկ հետո էլ պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա այդ հանդիպումներից ի՞նչ օգուտի մասին է խոսքը»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա վերստին հավաստել է, որ ցանկացած պահի հայկական կողմը պատրաստ է ստորագրել հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների մասին համաձայնագիր, որպեսզի միջազզգային հանրությունն իմանա հստակ, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը:

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է հաշվի առնվի նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Շատերի մոտ նախագահի այս ձեւակերպումը «Արցախը հանձնելու» հերթական մտայնությունն է առաջ քաշել, սակայն առաջին անգամ չէ, որ նման ձեւակերպում է հանդիպում: Պարզապես պետք է դրանից հետո հավելել, որ Արցախը ավելի շուտ է անկախացել ԽՍՀՄ օրենքների համաձայն, քան՝ Ադրբեջանը եւ ԽՍՀՄ փլուզումից հետո (1991թ.) անկախացած Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ունեցան իրենց սահմանները: Ադրբեջանի կազմում արդեն չկար 1988թ.-ից անկախացած Արցախը, որի հարցն այլեւս չի առնչվում ներկայիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:

Նախկինում արվում էր նման ձեւակերպում, այսօր էլ պարտադիր է: Բայց կա այլ վտանգ: Բացի Արցախից, մենք այլ հայկական հողեր էլ ունենք բռնազավթված, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը խիստ կասկածելի հետեւանքների կարող է հանգեցնել… Այստեղ, կարծում ենք, պետք է խոսել ընդամենը 1918թ. արհեստականորեն ստեղծված մի պետության մասին, որը ստեղծվեց քաղաքական նպատակներով՝ ընդդեմ Հայաստանի ու Իրանի, որի ադրբեջանցի ժողովուրդ ասվածն ընդամենը կովկասյան թաթարների ու հրեաների խառնուրդն է…

Կարծում ենք, մեր իշխանությունները լրջորեն պիտի խորհեն այսօրինակ ձեւակերպումների մասին: Չնայած, Հայաստանի նախագահը շարունակվող խոսքում որոշակիորեն նշել է մեր տեսակետից մի հատված, որ «ճանաչում ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաեւ Ադրբեջանի, բայց ազգերի ինքնորոշման իրավունքը որեւէ կերպ չի հակադրվում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջեւ հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքին ու ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Երեւանն ու Բաքուն մի քանի անգամ մոտ են եղել համաձայնագրի ստորագրմանը՝ նախագահը նշել է, որ այդ մոտ ասելն իհարկե Բաքվի սրտով էր, քանի որ «հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, պիտի թողնեին այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված»։

Դե, իհարկե, Բաքուն եւ Անկարան այս մոտեցումը ճիշտ կհամարեն եւ, նրանց կարծիքով, փաստորեն, հայկական կողմերը չհեռանալով՝ ձախողել են համաձայնության հնարավորությունը: Սա մի ծաղր է, որին մանրամասնորեն անդրադառնալը եւս ծաղրուծանակի կվերածվի…

Իսկ հայկական կողմերի կարծիքն է, որ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այդ ազատ կամարտահայտումը պարտադիր իրավաբանական ուժ ունի: Այսինքն՝ նոր հանրաքվե, չնայած դրա կարիքը չկա, բայց… Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն է, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում, կամ խախտում է արդեն ձեռք բերված պայամավորվածությունները:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։