Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Գյումրեցի դյուցազնի աշխարհի 2 ռեկորդը… Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում… Հայուհին՝ Ռումինիայի չեմպիոն… Ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայ մարզիչն ու ֆուտբոլիստը՝ լավագույնների թվում… Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում… Այլ մարզական լուրեր… Մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ալեքսանդր Կիրակոսյանը աշխարհի 2 ռեկորդ է սահմանել

1 ժամում 16 կիլոգրամանոց կշռաքարերը 2 ձեռքով բարձրացնելով 2780 անգամ՝ գյումրեցի 55-ամյա Ալեքսանդր Կիրակոսյանը աշխարհի 2 ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով բելառուս Վյաչեսլավ Խոռոնակոյին:

Նաեւ ռեկորդ է սահմանել որովայնի արտակորում ու ներկորում վարժությունում: Հայ մարզիկը 144 ծանրությունով վարժությունը կատարել է 101 անգամ:

Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: 12-րդ խաղը տեւեց ընդամենը 35 րոպե: Սպիտակներով խաղացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ այդ կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ արդեն 30-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, մրցախաղի հաշիվը մնաց հավասար՝ 6:6:

«Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր երկարատեւ պայքար էին սպասում վերջին խաղում: Նախ, ես այնքան էլ վստահ չէի հաղթանակ տանելու համար, երկրորդ՝ ցանկանում էի խաղալ թայ-բրեյքում»,-հայտարարել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 12-րդ փուլից անմիջապես հետո: Բանն այն է, որ աշխարհի գործող չեմպիոնը այդ խաղում պարզապես հրաժարվել է պայքարից, շատ արագ փոխանակել է խոշոր խաղաքարերը, իսկ 30-րդ քայլից հետո ոչ-ոքի էր առաջարկել իր մրցակցին՝ ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինին: Վերջինս առանց հապաղելու ընդունել էր այն:

Նոյեմբերի 30-ին կայացավ թայ-բրեյք, որի ժամանակ էլ որոշվեց մրցախաղի հաղթողը: Մրցակիցներն անցկացրին արագ շախմատի 4 խաղ՝ առաջին 2-ը ոչ-ոքի ավարտվեցին, իսկ ահա վերջին 2-ում Մագնուս Կառլսենը հաղթանակ տարավ: Այդպիսով, մրցախաղի ընդհանուր հաշիվը դարձավ 9:7, եւ նորվեգացի գրոսմայստերը 3-րդ անգամ տիրեց շախմատային թագին: Ի դեպ, Մագնուս Կառլսենը հրաշալի նվեր մատուցեց ինքն իրեն, քանի որ նոյեմբերի 30-ին լրացավ նրա ծննդյան 26-ամյակը:

Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ռումինիայի չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը հաջող է հանդես եկել շախմատի հերթական մրցաշարում:

Մեր գրոսմայստերը ռումինական «Պոլիտեխնիկա Իասի» ակումբի կազմում մասնակցել է Ռումինիայի շախմատի կանանց ակումբային առաջնությանը:

Մրցաշարի վերջին, 7-րդ փուլում, նրա թիմը հանդիպել է մրցաշարի առաջատար «Ստուդենտուս Մեդիցինա»-ի հետ: Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ հանդես եկող թիմը հաղթել է 2,5:1,5 հաշվով եւ ընդհանուր հաշվարկով գրավել 1-ին տեղը: Այդպիսով, մեր շախմատիստուհին նվաճել է Ռումինիայի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանը վերջերս ռուսական «Յուգրա» ակումբի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:  

Վլադիմիր Հակոբյանը` Դուբայի մրցաշարի հաղթող

Դուբայում ավարտվել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 25 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում` 5 գրոսմայստեր եւ 3 միջազգային վարպետ:

Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էր Վլադիմիր Հակոբյանը, ով դարձել է մրցաշարի հաղթող: 45-ամյա գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրած իսպանացի գրոսմայստեր Վիկտոր Մոսկալենկոն նույնպես վաստակել է 8 միավոր, սակայն Վլադիմիր Հակոբյանին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով:

Լեւոն Արոնյանը 2 աստիճանով զիջել է իր դիրքը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման դեկտեմբեր ամսվա աղյուսակը։ Մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ով հուլիսից նոյեմբեր ամիսներին զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը, զիջել է դիրքերը եւ այժմ 7-րդն է:

Աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 2-րդ տեղում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանն իրենից առաջ է թողել Մաքսիմ Վաշյե-Լագրավին, Ուեսլի Սոյին եւ Սերգեյ Կարյակինին, ովքեր համապատասխանաբար 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերում են:

Արքայի տոնին նվիրված շախմատի մրցաշարի մասնակիցների թիվն ավելանում է

Արարատյան Հայրապետական թեմն արդեն 4-րդ տարին է՝ իրականացնում է «Արքայի տոնն՝ արքայական խաղով» նախաձեռնությունը: Թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց, խոսքն աշխարհում առաջին քրիստոնյա արքա Աբգար թագավորի մասին է: «Եդեսիայի թագավորը շատ ծանր հիվանդ է  լինում: Մի սուրհանդակ է  ուղարկում Տիրոջ մոտ, խնդրելով, որ գա իրեն բուժի եւ ապրի Եդեսիայում: Հիսուսը պատասխանում է, որ դեռ իր առաքելությունը չի ավարտել: Իր փոխարեն Աբգարի մոտ է ուղարկում առաքեյալներից մեկին՝ Թադեոսին, ով բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին,»,- պատմել է ավագ քահանան:
Սուրբ Աբգար թագավորի տոնին  նվիրված շախմատի մրցաշար է անցկացվում, նախաձեռնությունը Արարատյան Հայրապետական թեմի երիտասաչդական միությանն է: «Մրցաշարը գնալով մեծ թափ է ստանում, մասնակցել ցանկացողների թիվն ավելանում է: Նրանք միայն եկեղեցու երիտասարդական միության անդամները չեն, այլ գերատեսչությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ»,- նշել է հոգևոր հովիվը: Այս տարի մրցաշարին կհրավիրվի երկու գրոսմայստեր՝ Կարեն Գրիգորյանը ու Արտաշես Մինասյանը, հաղթողները կխաղան նրանց հետ: Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: «Նախորդ տարի շատ անսպասելի մասնակիցներից մեկը հաղթեց գրոսմայստերին, դրա համար այս տարի պատրաստել ենք նաեւ գավաթներ»,- նշել է քահանան:

Ֆուտբոլի ազգային առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ փուլի մեկնարկային խաղում մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը հաղթեց «Բանանց»-ին՝ 1:0 հաշվով: Սա առաջատարի համար կարեւոր հաղթանակ էր եւ 17 խաղում վաստակելով 34 միավոր գյումրեցիներն ամրապնդեցին դիրքերը: 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ն արդեն ետ է մնում 5 միավորով:

«Բանանց»-ը կրեց թվով 9-րդ պարտությունը եւ այժմ 16 միավորով զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղը:

Երեւանի «Արարատ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասար-Կապան»-ին եւ պարտվեց նվազագույն հաշվով: «Գանձասար-Կապան»-ը 8-րդ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 27 միավոր եւ 1-ով առաջ անցավ 3-րդ տեղում գտնվող «Փյունիկ»-ից:

«Արարատ»-ը շարունակում է անհաջող հանդես գալ եւ առաջնության վերջին 12 խաղերում կրեց 10-րդ պարտությունը: Թիմը 6 միավորով անհույս եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Գեւորգ Ղազարյանը կանգնեցրել է Պորտուգալիայի չեմպիոնին

Պորտուգալիայի առաջնության 12-րդ փուլում Գեւորգ Ղազարյանի «Մարիտիմու»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել է ընթացիկ առաջնությունում 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Բենֆիկա»-ին։ Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ՝ տուգանային հրապարակի կենտրոնից կատարած հարվածով գրավելով Էդերսոնի դարպասը։ Չեմպիոնական տիտղոսներով երկրի ռեկորդակիր «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է 27-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը, սակայն Գեւորգ Ղազարյանի թիմին հաջողվեց եւս մեկ գնդակ խփելով՝ հաղթել 2։1 հաշվով։

Հանդիպումից առաջ բուքմեյքերները կանխատեսում էին Պորտուգալիայի գործող չեմպիոն «Բենֆիկա»-ի վստահ հաղթանակը։ «Մարիտիմու»-ն, խաղից հետո վաստակելով 17 միավոր, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Բենֆիկա»-ն, չնայած պարտությանը, 29 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Հայ մարզիչն ու ֆուտբոլիստը՝ լավագույնների թվում

Ռուսաստանի «ԲՄԱ-Խաբարովսկ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն այս մրցաշրջանում 6-րդ անգամ ճանաչվել է առաջին դիվիզիոնի առաջնության փուլի լավագույն մարզիչ: Հիշեցնենք, որ 24-րդ փուլում Խաբարովսկի թիմը 5:0 հաշվով պարտության էր մատնել Կրասնոդարի «Կուբան»-ին, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

24-րդ փուլի լավագույնի կոչմանն է արժանացել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մորդովիա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա դարձել է 2 գոլի հեղինակ եւ վաստակել է 11 մետրանոց հարված: Եվ այս ամենը հասցրել է անել 45 րոպեների ընթացքում, քանի որ հետո վնասվածքի պատճառով փոխարինվել է:

Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Քվինթոն Ֆորչունը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մարզիչ Մոուրինյոն պետք է ավելի շատ խաղաժամանակ հատկացնի, ինչպես նաեւ առաջարկել է իր մարտավարությունը` «Վեստ Հեմ»-ի դեմ կայանալիք անգլիայի լիգայի խաղում: «Իմ կարծիքով` Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի մանկունյանցիների մեկնարկային կազմում: Նա հանդիպումների կարիք ունի` իր մտահղացումներն իրականացնելու համար: Աջ կողմում նախապատվությունը կտայի Մարկուս Ռեշֆորդին, իսկ Անտոնի Մարսիալին կցանկանայի տեսնել ձախում: Սա կլինի լավագույն տարբերակը` «Վեսթ Հեմ»-ին խնդիրներ ստեղծելու համար»,- ասել է Քվինթոն Ֆորչունը:

Խաղարկության 48,5 հազար տոմս է վաճառվել

Ավարտվել է Կոնֆեդերացիաների գավաթի 2017թ. խաղարկության տոմսերի վաճառքի նախնական փուլը, որի ընթացքում մարզադաշտի ուղեգրեր կարող էին ձեռք բերել միայն Visa քարտ ունեցողները։ Ներկա պահին վաճառվել է 48.504 տոմս։ Մրցաշարը, ի դեպ, կկայանա 2017թ. ամռանը, Ռուսաստանում։

Դեկտեմբերի 1-ից ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում բոլոր ցանկացողները կարող են տոմսերի հայտեր թողնել։ Վաճառքը բաց է նաեւ Ռուսաստանի բնակիչների համար, ովքեր տոմսեր կարող են ձեռք բերել հատուկ գներով։

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը դադարեցրեց գործունեությունը

Երեւանի «Ուրարտու»-ն նամակ է ներկայացրել Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա եւ հայտնել, որ թիմն այլեւս չի կարող մասնակցել այդ երկրի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնի առաջնությանը: «Ուրարտու» թիմը դադարեցնում է իր գործունեությունը ֆինանսական ծանր վիճակի պատճառով»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ «Ուրարտու»-ն այս տարվա հոկտեմբերից ընդգրկվել էր Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնում: Մեր թիմը 2 ամսում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում միայն պարտություններ էր կրել:

«Նժդեհը» գահընկեց արեց «Սյունիք»-ին

2014թ. Հայաստանի կանանց վոլեյբոլի առաջնությունն ավարտվել է «Նժդեհ» թիմի հաղթանակով: Հանրապետության նոր չեմպիոնը վաստակել է 18 միավոր: 2-րդ տեղը գրավել է Սիսիանի «Սյունիք»-ը` վաստակելով 11 միավոր: Մրցանակային 3-րդ տեղը բաժին է հասել ԽՄՕՄՄ թիմին, իսկ 4-րդ տեղում հանգրվանել է Ստեփանակերտի թիմը:

Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել «Նժդեհ» թիմի ավագ Աննա Գալուստյանը: Նշենք, որ նախորդ չորս տարիներին հանրապետության չեմպիոն էր հռչակվել «Սյունիք»-ը:

Ֆիզկուլտինստիտուտի աղջիկները՝ չեմպիոն

Ավարտվեց նոյեմբերի 28-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` ՀՊՏՀ-ի մարզադահլիճում ընթացող 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների վոլեյբոլի առաջնությունը։ Ստուգատեսին մասնակցում էին 8 բուհերի թիմեր, որոնք բաժանվել էին 2 ենթախմբերի։ Խմբային մրցաշարերի հանդիպումների ավարտից հետո խմբերում 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք ստացան պայքարը շարունակելու կիսաեզրփակիչ փուլում: Դեկտեմբերի 1-ին կիսաեզրափակչի 2 հանդիպումներում էլ գրացվեց միեւնույն՝ 2:0 հաշիվը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի թիմը՝ ՀՖԿՍՊԻ-ն առավելության հասավ կանանց ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ ԵՊԼՀ-ի, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմը՝ ՀՊՄՀ-ն էլ պարտության մատնեց խաղահրապարակի տերերին՝ ՀՊՏՀ-ի վոլեյբոլիստուհիներին: Դեկտեմբերի 2-ին` մրցաշարի եզրափակիչ օրը, սկզբում բրոնզե մեդալի համար մրցամարտում հանդիպեցին ՀՊՏՀ-ի եւ ԵՊԼՀ-ի մարզուհիները: Հաջողությունն ուղեկցեց խաղահրապարակի տերերի՝ ՀՊՏՀ-ի (մարզիչ՝ Սիմոն Հակոբյան)` վոլեյբոլիստուհիներն, ովքեր 3:1 հաշվով հաղթեցին իրենց մրցակիցներին ու արժանացան բրոնզե պարգևներին:

Ապա չեմպիոնի կոչման համար վճռորոշ մրցավեճում ՀՖԿՍՊԻ թիմը (մարզիչ՝ Կարեն Ասմարյանը) բացահայտ առավելությամբ՝ 3:0 հաշվով պարտության մատնեց ՀՊՄՀ-ին եւ նվաճեց խաղերի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալները: Արծաթե պարգևները բաժին հասավ ՀՊՄՀ-ի (մարզիչ՝ Զարուհի Պետրոսյան) վոլեյբոլիստուհիներին: Մրցանակակիր թիմերը պարգեւատրվեցին համապատասխան կարգի պատվոգրերով ու մեդալներով, չեմպիոնին փոխանցվեց հաղթողի գավաթը, մրցանակները հանձնեցին ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը, ուսանողական 17-րդ մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։ Իսկ վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի կողմից ստուգատեսի լավագույն խաղացողների համար սահմանված մրցանակները բաժին հասան չեմպիոնի՝ ՀՖԿՍՊԻ-ի վոլեյբոլիստուհիներ Մարի Բաղդասարյանին եւ Լիանա Գևորգյանին, ինչպես նաև համապատասխանաբար ՀՊՏՀ-ի և ՀՊՄՀ-ի թիմերի ներկայացուցիչներ՝ Նարե Հովհաննիսյանին և Էդիտա Ղեւոնդյանին:

7-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհերի մոտ 2500 ուսանող Հայաստանից եւ Արցախից։ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն եւ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով – Եվրոպայի 1 չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ

Նոյեմբերի 24-26-ը Հոլանդիայի Պապենդալ քաղաքում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները: Հայաստանի հավաքականը ներկայացել էր 4 մարզկով, ովքեր բավականին լավ արդյունք գրանցեցին:

Ռաֆայել Վարդանյանը, գրավելով 1-ին տեղը`  հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն արժանացավ արծաթե մեդալի, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը, գրավելով 3-րդ տեղը, ստացան բրոնզե մեդալներ:

Սերգեյ Միքայելյանն ավարտեց ելույթն աշխարհի գավաթի խաղարկությունում

Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կայացել է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին Հայաստանը ներկայացրել է Սերգեյ Միքայելյանը: Տղամարդկանց 10 կմ ազատ վազքի 97 մասնակիցների ցանկում հայ դահուկորդը զբաղեցրել է 61-րդ տեղը: Հաղթողի կոչումը բաժին է հասել Շվեդիայի ներկայացուցիչ Կալ Հալֆվարսենին:

Հայ ծանրորդները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում

Դեկտեմբերի 1-12-ը Իսրայելում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի պատանեկան` 15-20 տարեկանների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունները: Հայաստանը մրցաշարերից յուրաքանչյուրում կներկայանա 7-ական մարզիկով:

Պատանեկան առաջնությունում հանդես կգան Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (75+ կգ), Դավիթ Գասպարյանը (62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (105+ կգ):

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գեւորգ Բաղդասարյանը (62 կգ), Ռազմիկ Օլտեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Միքայել Միքայելյանը (94 կգ) եւ Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ):

«Տղաներն իրենց անունը գրեցին թենիսի պատմության մեջ»…

Երկար տարիներ Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատար, հայազգի Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է արգենտինացիների պատմական հաղթանակը` Դեւիսի գավաթի խաղարկությունում: 34-ամյա թենիսիստը, ով սկզբում հայտարարել էր, թե եզրափակիչ խաղն իրեն ամենևին չի հետաքրքրում, շնորհավորել է Արգենտինայի ընտրանուն եւ ընդգծել Խուան Մարտին դել Պոտրոյի դերը` հաղթանակի հարցում:

«Դել Պոտրոն, պարտվելով 0:2 հաշվով, բավական բարդ իրավիճակում կարողացավ ելք գտնել եւ փայլուն հաղթանակ տոնել: Բոլոր տղաներն էլ հիանալի հանդես եկան եւ իրենց անունը գրեցին թենիսի պատմության մեջ»,- ասել է Դավիթ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Դեւիսի գավաթի եզրափակչում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով առավելության էր հասել կորտի տերերի` Խորվաթիայի հավաքականի նկատմամբ` առաջին անգամ նվաճելով գավաթը:

Մրցել են հաշմանդամություն ստացած զինծառայողները

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար։ Պաշտպանության նախարարության եւ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատի, շաշկիի, բասկետբոլի ու սեղանի թենիսի մարզաձևերում: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման եւ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանումը:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը եւ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանն ընդգծել են, որ Արցախյան ազատամարտի տարիներին եւ զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, ինչի վկայությունը շուրջ երեք հարյուր հաշմանդամներն են, որոնք այսօր ծառայում են զինված ուժերին։

Մրցաշարը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ, որի ընթացքում խրախուսվել են տարբեր մրցաձեւերում հաղթող ճանաչված եւ մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամները:

Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը կունենա մեկ մասնակից

Դեկտեմբեր 4-ին Իսրայելում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 13 մարզիկ-մարզուհիներով:

Աղջիկների մինչեւ 20 տարեկանների մրցաշարում ելույթ կունենան Սոնա Պողոսյանն (75 կգ քաշային կարգ) ու Արփինե Դալալյանը (+75 կգ): Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ):

20 տարեկան ծանրորդների մրցումներում հայտավորվել են 5 հոգի. Դավիթ Գասպարյան (62 կգ), Դավիթ Հովհաննիսյան (77 կգ), Հակոբ Մկրտչյան (85 կգ), Սամվել Գասպարյան (94 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ):

23 տարեկանների առաջնությունում իրենց ուժերը կփորձեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գեւորգ Բաղդասարյանը (62 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ):

Այսօր մրցահարթակ կմտնի միայն Դավիթ Գասպարյանը: Ահա մեր ծանրորդների ելույթների ժամանակացույցը.

5 դեկտեմբերի

Սմբատ Մարգարյան

Գեւորգ Բաղդասարյան

6 դեկտեմբերի

Իզաբելլա Յայլյան

Դավիթ Հովհաննիսյան

7 դեկտեմբերի

Ռազմիկ Օլթեցյան

8 դեկտեմբերի

Հակոբ Մկրտչյան

Սամվել Գասպարյան

Սոնա Պողոսյան

9 դեկտեմբերի

Արփինե Դալալյան

Կարուշ Ղուկասյան

10 դեկտեմբերի

Մկրտիչ Մկրտչյան

Սիմոն Մարտիրոսյան

Արսեն Պետրսայան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org  եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։