Հայկական խոհանոց – Սպանախով եւ ընկույզով գնդիկներ… Լավագույներն ու «լավագույները» – 7-ամյա AAD.AM-ի մրցանակաբաշխությանը… Վառելափայտը՝ անապահովներին… Հայաստանը վիրուսների խոցելիությամբ 3-դն է… Այլ լուրեր… Տեղադրե՛ք ձեր գովազդը հայ արիների կայքում… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ՝ Ռուզաննա Նահապետյանը

- Սպանախով եւ ընկույզով գնդիկներ

Բաղադրությունը – Սպանախ – 2 կապ, ընկույզ – 200 գ, սոխ – 2 գլուխ, սխտոր-1 գլուխ, բուսայուղ – 50գ, թթվասեր, կարմիր տաքդեղ, սեւ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Սպանախը  նախ լվանալ աղաջրով, ապա եռացող ջրի մեջ լցնել եւ 1 րոպեից հանել: Հետո սառը ջրի մեջ դնել, հանել, կտրատել, քամել:

Սոխը կտրատել լուսնաձեւ, բուսայուղով տապակել:

Սխտորը կտրատել, լցնել սոխառածի վրա եւ տապակել 1 րոպեի չափ:

Ավելացնել տաքդեղը՝ խորանարդիկներով կտրատած, ընկույզն էլ լցնել եւ կրակի վրայից վերցնել:

Համեմել սեւ պղպեղով, աղով:

Կամ՝ եղեւնու տեսք տալ՝ տոներին ընդառաջ, կամ գնդիկներ անել եւ վրաները լցնել թթվասեր՝ մանր կտրտած ընկույզով պատելով: Անու՛շ արեք:

Հայաստանը վիրուսների խոցելիությամբ երրորդն է

1988թ. նոյեմբերի 30-ը հռչակվել է «Տեղեկատվության պաշտպանության» միջազգային օր: Այն համակարգիչ օգտագործողներին հիշեցնելու է իրենց համակարգիչների եւ այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին:

Լավագույներն ու «լավագույները»

7-ամյա AAD.AM-ի մրցանակաբաշխությանը (նոյեմբերի 29-ին) «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ռոբերտ Աբաջյանը եւ ԼՂՀ մարտական ծառայության եւ ՀՀ արիության մեդալակիր, սերժանտ Ադամ Սահակյանը: Ինչպես նաեւ «Տարվա սխրանք» անվանակարգին արժանացան հրամանատարին օգնության հասած եւ վիրավորված զինվոր Արման Ավետիսյանն ու քառօրյա պատերազմում թշնամուն բազմաթիվ նյութական եւ մարդկային կորուստներ պատճառած ՀՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Հարություն Բադալյանը:  

AAD.AM-ի ամենաբարձր պարգեւին արժանացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար:

Հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի արժանացան ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, դերասանուհի Ժենյա Մկրտումյանը:

«Տարվա լավագույն կին պատգամավոր» անվանակարգին արժանացավ Մարգարիտ Եսայանը:

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգին արժանացավ 2016թ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզիչ, չեմպիոնի հայր Գեւորգ Ալեքսանյանը: Իսկ «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգին արժանացավ որդին՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Հայ սպորտում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Տարվա երիտասարդ քաղաքական գործիչ» անվանակարգին արժանացավ Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Հայ հեռուստատեսությունում եւ ռադիոյում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ հաղորդավարուհի Գայանե Փայտյանը:

Առաջնագծից օպերատիվ տեղեկատվության համար մրցանակի արժանացավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Այլ մրցանակակիրներ էլ կային: Շատերին մենք արժանավոր համարում ենք, շատերին՝ ոչ: Բայց մրցանակ տվողը մենք չենք եւ, հետեւաբար, բացատրությունն էլ մեր գործը չէ:

Բայց, անկեղծ ասած, մեզ շատ ծիծաղեցրեց մի մրցանակ՝ «օպերատիվ եւ անբասիր աշխատանքի համար», եւ մրցանակի արժանացավ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը: Մեկնաբանությունը թողնում եմ այն քաղաքացիներին, ովքեր երբեւէ գործ են ունեցել այս կառույցի հետ:

Շատ օպերատիվ են աշխատում հատկապես Երեւանից դուրս ՔԿԱԳ-ները՝ առավոտյան ժամը 12-ից հետո են գալիս աշխատանքի, ժամը 13-14-ը ընդմիջում են անում եւ ժամը 15-ին արդեն տուն են գնում՝ այդ ընթացքում ամեն ինչ հասցնելով: Իսկ ՔԿԱԳ գործակալությունն այնքան անբասիր է, որ մտքով անգամ չի անցնում այդ ամենը նկատել:

Անի Մարության

Զառա Մգոյանն արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը

Եզդի երգչուհի Զարիֆա Մգոյանը, ով  հանդես է գալիս Զառա բեմական անվամբ, արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արարողությունը  կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում դեկտեմբերի 5-ին, Զառան հանդես է գալու նաեւ  համերգային ծրագրով:  Զառա Մգոյանն արժանացել է պատվավոր կոչմանն՝ ի նշան սահմանափակ կարողություններով երեխաների եւ մեծահասակների կրթությանն ու կազմակերպության գաղափարներին իր նվիրվածության:
Հանուն խաղաղության ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստները համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործիչներ են, ովքեր իրենց ազդեցությունը, հեղինակությունը ծառայեցնում են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրականացմանը: Համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ նրանք օգնում են լայն հասարակության ուշադրությունը հրավիրել զարգացման տարբեր հարցերի վրա, նաև տեղեկացնում են հասարակությանը  կազմակերպության գործունեության մասին:

Վառելափայտը՝ անապահովներին

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Լուսանցք»-ին տեղեկացնում են, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող աշնանային սանիտարական էտից, ձեւավորումից, անկման վտանգ ներկայացնող ծառերի հատումից կամ ճյուղերի հեռացումից գոյացած վառելափայտը, որպես աջակցություն, տրամադրվում է անապահով, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Վառելափայտի բաշխումը կավարտվի ծառերի աշնանային էտի ավարտին զուգահեռ:

Հաշմանդամություն ունեցող անձինք ապացուցում են, որ չկան անհաղթահարելի խնդիրներ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ: Նախարարության տարածած ուղերձում ասված է. «Հարգելի հայրենակիցնե՛ր, դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այսօր յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր ամենօրյա աշխատանքով  պետք է ապահովենք այդ մարդկանց  իրավունքների իրացման հնարավորությունը:
Հաշմանդամություն ունեցող անձինք  այսօր արդեն ապացուցում են, որ չկան անհաղթահարելի խնդիրներ, եւ բարդություններն ընդամենը մարդկային էությունը կոփող գործոններ են, եւ չկա ոչ մի խոչընդոտ, որ կարող է հաշմանդամություն ունեցող անձին զրկել լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքից:
Սոցիալական ներառում եւ մատչելիության ապահովում, ահա այն բանաձևը, որն առաջին հերթին պետք է ներմուծել հաշմանդամության խնդիրներով զբաղվողների ամենօրյա աշխատանքում եւ հոգեբանության մեջ: Այս ուղղությամբ ՀՀ-ն՝ թեեւ երկար ճանապարհ է անցել, սակայն արդյունքները բավարար համարել չի կարելի: Այս պատճառով էլ ՀՀ կառավարությունը 2016թ. հայտարարել էր Հավասար հնարավորությունների տարի, եւ անհրաժեշտ է համարում երկրում մի շարք միջոցառումների ու ծրագրերի միջոցով մշտապես խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Միեւնույն ժամանակ պետք է գիտակցենք նաեւ, որ պետությունը միայնակ չի կարող լուծել նշված խնդիրը, քանզի այն պահանջում է արժևորում ու գիտակցում հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից: Դա է պատճառը, որ մեծապես կարևորվում է նաեւ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ այդ համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կխորանա, եւ մենք հնարավորություն կունենանք որոշումներ կայացնելիս առաջնորդվել շահառուների հստակ ձեւակերպված կարիքներով: Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ կոչ եմ անում յուրաքանչյուրին գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որոնք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը»:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։