Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (1-ին մաս)… Մեծ Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, որից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը… 

Արարիչը Հայ ազգին եւ Հայաստան աշխարհին շռայլորեն պարգեւել է հարուստ մշակույթ, արվեստ, գրականություն, պատմություն, յուրահատուկ գեղեցիկ բնություն: Եվ պատահական չէ, որ Հայկական լեռնաշխարհն է բոլոր ազգերի բնօրրանը: Ըստ զրադաշտական Սուրբ գրքի՝ «Ավեստայ», «Աստվածաշունչ մատյան», հնդկական «Ռիգվեդայ», շումերական, աքքադական, ասորա-բաբելական, հունական, արաբական աղբյուրների՝ առաջին մարդը արարվել է Հայկական լեռնաշխարհում, երկրային դրախտը գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Դիտարկենք «Ավեստայու» նյութերը.

Ահուրա Մազդան, Սփիթամա Զրադաշտին Վի դաեւա դաթա-ի առաջին ֆարգարդում այսպես է ասում «Լավագույն եւ առաջին երկիրը, որ ես Ահուրա Մազդաս ստեղծեցի Վանգուհի Դաիթյա գետի հովիտում՝ Աիրիանա Վաեջան է, դրախտային երկիր»:

21-Արարիչ Ահուրա Մազդան Հրաշանուն՝ Աիրիանա Վաեջայում, բարի Վանգուհի Դաիթյա (Որոտանի գետափին), երկնային աստվածների ժողով գումարեց:

22- Արարիչ Ահուրա Մազդան երկնային աստվածների հետ մուտք գործեց հանրահռչակ Աիրիանա Վաեջայի բարի Վանգուհի Դաիթա (Որոտանի գետափի) այդ ժողովը:

Ապա Ահուրա Մազդան ասաց Յիմային (Հայամարդուն, ով ամբողջ մարդկության նախատիպն է եղել). «Ով Վիվանգհանի որդի Հրադեմք Յիմա (պարսկ՝. Ջամշիդ ) վատագույն ձմեռ է իջնելու երկրի վրա, լինելու է սարսափելի ցուրտ ու սառցակալում, լինելու է մահաբեր ձմեռ աշխարհի համար»: (Խոսքը վերաբերվում է Նոյյան ջրհեղեղից 20,500 տարի ետք երկիր մոլորակի սառցապատման, որ տեղի է ունեցել մեզանից մոտ 17,500 տարի առաջ):

25-Հետեւապես (ով Յիմա) մի Վարա (ապաստարան) շինիր եւ

27-Այնտեղ տար աշխարհիս վսեմագույն եւ ազնվագույն որակի կանանց ու արանց սերմը: Այնտեղ դու պետք է տանես աշխարհիս ամենաընտիր, լավագույն եւ ազնվագույն բոլոր տեսակի կենդանիների սերմը (Վիդաեւոդաթա,Վանդիդադ ֆարգարդ, 2 հատված, 21-28):  

Ահուրա Մազդան Զրադաշտին ասում է, որ (Յիմային այսպես ասացի. «Իմ արարածներին պահիր, պահպանիր, բազմացրու եւ նրանց թագավորը եղի»):

Հրադեմք Յիման այսպես պատասխանեց. «Ես քո արարածներին ու երկիրը կպահպանեմ ու կբազմացնեմ եւ ընդունում եմ, որ նրանց թագավորը լինեմ: Իմ թագավորությունում ոչ տաք քամի, ոչ սառն քամի, ոչ հիվանդություն եւ ոչ էլ մահ է լինելու»:

Այնժամ ես, որ Ահուրա Մազդան եմ, մի ոսկենշան թուր (սուվրա) եւ մի ոսկե օղ (աշթրա) նվիրեցի նրան: Դրա համար է, որ Յիման (Ջամշիդը, Հայամարդը) թագավորության հասավ:

Յիմայի թագավորության երեք հարյուրերորդ ձմեռն ավարտվեց եւ երկիրը լցվեց նախիրներով, հոտերով, մարդկանցով, շներով ու թռչուններով, կարմիր այրող կրակով եւ մարդիկ, նախիրներն ու կենդանիները երկրում տեղ չէին գտնում:

Այնժամ, ես Հրադեմք Յիմային տեղեկացրի եւ ասացի. «Ո՛վ Վիվանգհանի որդի, Հրադեմք Յիմա, երկիրը լցվեց նախիրներով, հոտերով, մարդկանցով, շներով ու թռչուններով, կարմիր այրող կրակով եւ մարդիկ, նախիրներն ու կենդանիները երկրում տեղ չեն գտնում»:

Այնժամ գեղադեմ Յիման արեւի լույսով դեպի հարավ գնաց եւ ոսկե օղակը (աշթրա «արո») մխրճեց գետնի մեջ [եւ գետինը ոսկե արորով ընդարձակեց] եւ գետինը թրով ճեղքեց եւ այսպես ասաց. «Ո՛վ Սփենթա Արմաիթի (գետնի պահապան եւ խնամատարը ամչասփանդը) խնդրում եմ բարեգթությամբ ընդարձակվիր, որպեսզի նախիրները, հոտերն ու մարդկանց տեղ տաս:

Այսպես է որ Յիման եղած երկիրը մեկ երրորդ էլ ավել ընդարձակե»:

Դրանից հետո, 600 տարի անց, նույնը կրկնվում է եւ Յիման գետինը դեպի հարավ երկու երրորդ անգամ ավել ընդարձակեց: Նորից այս անգամ 900 տարի անցնելուց հետո Յիման գետինը դեպի հարավ երեք երրորդ անգամ ընդարձակեց (Վիդաեվո դաթա, 2-րդ ֆարգարդի 1-20 բանդերը):

Ինչպես տեսնում ենք, Արարիչը Վանգուհի Դաիթա գետափին, այն է՝ ներկա Հայաստանի Որոտանի գետափին, իր արարած մահկանացուների ժողովին է մասնակցում եւ իր արարածների փրկության գործընթացը հանձնարարում Յիմաին (Հայամարդուն) եւ փրկում նրանց, որոնք հետագայում աճում եւ բազմանում են այդ տարածքում:

Բայց հետաքրքիրն այն է, որ ըստ ավեստայական առասպելի՝ ժողովուրդը, աճելով այդ տարածքից (Որոտան գետի հովիտից), սկսեց դեպի հարավ արեւելք տարածվել (գաղթել), որոնց մենք այսօր հնդա-իրանական ցեղախմբեր ենք կոչում:

Ինչպես տեսնում ենք, մարդկությունը՝ հնդա-իրանական ցեղերը, ներկա Հայաստանից (Որոտան գետի հովիտից) են չվել հարավ-արեւելք եւ, ըստ պահլավական կրոնական գրականության եւ ավեստայական ասույթների, Զրադաշտը Աիրիանա Վաեջայում, Դարեջա գետի կողքին, Վանգուհի Դաիթա (Որոտան) գետի ջրով սնվող երկրում է ծնվել:

Նույնիսկ Դարմսթեթերը (DARMESTETER: Zend Avesya. II p.5) ուղղակի Արցախն է նշում որպես Աիրիանա Վաեջա՝ Արարչակերտ դրախտային երկիր եւ այդ կապակցությամբ պատմում ու ներկայացնում է Արցախի յուրահատկությունները, որը ճշգրտորեն համընկնում է Ավեստայի Վանդեդադի Աիրիանա Վաեջայի նկարագրությանը:

Երկրորդ ընտիր եւ պատվական երկիրը, որ ես Ահուրա Մազդաս ստեղծեցի Գավան (Գաու) էր:

Այժմ տեսնենք, թե որտեղ է գտնվում այդ երկրորդ դրախտային երկիրը: Հուքաիրյա լեռը Բոնդահեշնի մեջ որպես մեծ եւ բարձր լեռ է հիշատակվում: Անունը ստուգաբանվում է հետեւյալ կերպ: Հու եւ  քաիրյա, հու՝ «լավ, բարի, գեղեցիկ, հասո» եւ քաիրյա՝ «գործ, արար, գործել, գործո», հետեւապես անվան մեկնությունը լինում է՝ բարերար, բարեգործ: Ըստ 5-րդ յաշթի՝ արեդվիսուրա Սուրբ գետը այդ բարձունքից է հոսում ցած եւ թափվում Վուրուքաչա ծովը: Այս լեռան բարձունքում է, որ Ջամշիդը (Հայամարդը) հարյուր ձի, հազար երինջ եւ տասը հազար ոչխար զոհ մատուցեց Անահիտին եւ աղերսեց, որ բոլոր երկրների մեծագույն թագավորությունը պարգեւի իրեն: Աստվածամայր Անահիտը նրան հաջողություն ընծայեց (5-րդ յաշթ 7/25): Նկատի ունենալով, որ «արեդվի սուրա անահիթ» գետը այս լեռան բարձունքից է ցած հոսում, իր անվան ստուգաբանությունը կարեւոր ենք համարում լեռան տեղադրության առումով:

Արեդա՝ «պարգեւ, ընծա, ողորմություն» բառարմատից՝ արեդվի: Սուրա՝ «քաջ, փահլեւան», նույնպես եւ սանսկրիտ «սուր» արմատից «կտրել, սրել», հայերենում՝ «սրարշավել, սուրալ» եւ անահիթա, որը ըստ ավեստագետների՝ նշանակում է «մաքրամաքուր, անարատ, անաղարտ, սուրբ»: Հետեւապես, մեր ստուգաբանությամբ՝ «անարատ սուրացող պարգեւ, ողորմություն», իսկ ավեստագետների շրջանում ընդունված մեկնությամբ՝ «անարատ հզոր գետ»: Մեր տեսակետը, «անահիթա (անարատ)՝ հզոր գետ» անվան ստուգաբանությունը, ոչ միայն լեզվաբանական տեսանկյունից է հիմնավորվում, այլ նաեւ զրադաշտականության մտայնությամբ, եւ կյանք պարգեւող ջրի սրբությունը նկատի առնելով: «Անահիթա (անարատ) սուրացող պարգեւ» մեկնությունը ավելի ճշգրիտ ենք համարում, հատկապես, երբ նկատի ենք առնում այն պարագան, որ պարսից Հախմանեշ հարստության արքայից արքա Արդեշիր Բ-ն, (մթա. 405-359) Անահիտի պաշտամունքը Հայաստանից ներմուծեց եւ մոգպետներին պարտադրեց, որ նրա պաշտամունքը կիրառեն զրադաշտականության մեջ: Եվ այսպես Արեդվի Սուրա Անահիթան, «անահիթա (անարատ) հզոր գետ» կամ «անահիթա (անարատ) սուրացող պարգեւը», որը այս լեռան բարձունքից է ցած հոսում, ըստ 5-րդ յաշթի, 23-րդ քերդեհի 101-102 բանդի. «ունի հազար լիճ եւ հազար գետ», ամեն մեկը քաջ հեծյալի 40 օրվա ճամփի երկայնքով: Այդ լճերի ամեն մեկի ափին մի չքնաղ ապարանք, հարյուր լուսաշող պատուհաններով եւ հազար գեղակոփ սյուներով մի մեծ ապարանք, որ հազար հիմնասյուների վրա է տեղադրված: Եվ այս տների ամեն մեկի մեջ՝ գահույքի վրա՝ անուշաբույր բարձերով մի գեղեցիկ անկողին:

Այս յաշթի եւ Ավեստայի նմանօրինակ արտահայտությունների նշումները բացահայտում են, որ այս լեռան վրա գոյություն ունի հազար լիճ ու գետ, որը հայերենում պետք է կոչվեր «Բյուր ակն» եւ ճիշտ հենց այդպես էլ այդ լեռը հայերենում կոչվում է «Բյուրակն», որը այսօր թարգմանելով թուրքերեն՝ կոչում են «Բինգյոլ»: Լեռան հյուսիսային սահմանը Հայկական պարն է, հարավը՝ Բյուրակն գետը: Բարձրությունը 3650 մ Է: Լեռան հնագույն սառցադաշտերով մասնատված հիմնական գագաթների միջեւ ընկած լճերից սկիզբ է առնում Արաքս գետը: Բազմաթիվ սառնորակ աղբյուրներից եւ ձնհալքի ջրերի կուտակումից գոյանում են մի շարք այլ գետեր: Այդ գետերից՝ լեռան անվամբ կոչվող Բյուրակն գետը Արածանիի աջակողմյան վտակն է:

Վոուրուքաշա (պհլ.՝ Ֆարախ քարթ) – Ավեստայի մեջ հաճախ այս լճի կամ ծովի անվանն ենք հանդիպում, որը նշանակում է «լայնածավալ»:

«Ֆարախքարթ ծովը, Հուք աիրյա լեռնաշղթայի հարավային ստորոտից սկսած երկրի մեկ երրորդ տարածքն է ընդգրկել» եւ այդ պատճառով է, որ Ֆարախքարթ (լայնածավալ) է կոչվում, քանզի ունի հազար լիճ եւ նույնպես այդտեղից է բխում Արեդվի Սուրա [Անահիթա] գետը [Փուր Դավուդ: Յաշթհա. մազդեական գրականություն, հ. Ա, էջ 135, Բոմբեյ 1307 (ըստ Հաշեմ Ռազու «ֆարհանգե Նամհայե ավեսթա») հ. Գ, էջ 1304]: (Այսինքն՝ Արեդվի Սուրբ գետի ակնաղբյուրն է այդ լիճը): Հետաքրքիր է, որ արեւմտյան Եփրատը հայկական աղբյուրներում «Եդեմաբուխ» անվամբ է հիշատակվում, այսինքն՝ դրախտից բխող գետ: Նրա ակունքները Ծաղկավետ կամ Կապույտ լեռնաշղթայի հարավային լեռնաբազուկներում են, ավելի ճիշտ՝ «Ոսկեանց» լեռան հարավարեւմտյան բազուկներում եւ որ «Բյուրակն-Մնձուրյան» լեռների շրջանում առաջացնում է ավելի քան 300 ջրվեժ:  Հուք աիրիան Բյուրակն լեռն ու լեռնաշղթան է՝ Սերմանց գագաթով, եւ նշյալ լիճն էլ այդ լեռան հարավում է գտնվում, որը կոչվում է Վանա լիճ: Հին պատմաբանները հաղորդում են, որ Տիգրիսը, բխելով Նպատ լեռան հարավային ստորոտներից, անցնում էր Վանա լճի միջով: Ահուրա Մազդայի ստեղծած երկրորդ դրախտային երկիրը, Վանի կայսրության տարածքն է, որը այստեղ բացահայտեցինք: Հնդեվրոպական ցեղերը այստեղից են գնացել արեւմուտք եւ հյուսիս՝ բնակեցնելով այդ վայրերը: Ավեստայում Ահուրա Մազդայի ստեղծած 16 դրախտային երկրները ընդհանրապես գտնվում են Հայկական լեռնաշխարհում:

Մովսէս Նաճարեանը «Լեզվաբանությո՞ւն թե իմաստասիրություն» աշխատությունում գրում է. «Հողածին առաջին մարդու՝ Ադամի արարման վայրը.-

Մեր գտածոներով ժխտուեց գիտնականների «աւանդաբար» թէ ենթադրաբար իմացած այն վարկածը՝ թէ Ադամը «Խոյ»-ի ժամանակ է արարուել:

Եւ ընդհակառակը, հասկանալի դարձաւ առասպելների այն տուեալը՝ թէ Խեցգետին/Խեչափառ կենդանակերպը -

1.հոգիների մարմնաւորման դարպասն է,

2.մարդկանց մահուան պարագայում՝ «նրանց հոգիների երկնային դարպասն է»:

Քանզի կենդանակերպի անուան «Խեչափառ» տարբերակը յուշում է՝ թէ այդ կենդանակերպի իշխանութեան ժամանակ է որ «խեցին՝ փառ» է ստացել, այսինքն «կաւը կամ մարմինը՝ կեանքի հուր» է ստացել, ուստի եւ առաջին մարդը կեանքի՛ է կոչուել:

Իսկ կենդանակերպի անուան «Խեցգետին» տարբերակը յուշում է՝ որ մահկանացու մարդու հոգին իր «խեցին կամ մարմինը յանձնել է հոսող գետին կամ միգուցէ գետնին»:

Իսկ կաւ-մարմինը կազմող-ձեւաւորողն ու նրան «փառ» տուողը եղել է Պրոմեթեւս-Հովիւ Դումուզին:

Խեցգետին/Խեչափառ կենդանակերպի երկրային պատկերը գծագրւում է Մեծ Հայքի Բիւրակնեան լեռներով, հիւսիս-արեւմուտքին սահմանակից ունենալով երկրային Առիւծը (Մնձուրեան լեռները), հարաւից Հայկական Տաւրոսը, եւ այլն:

Հետեւաբար կարելի է յայտարարել՝ որ  Պրոմեթեւսը առաջին մահկանացու մարդու արարչութիւնը իրականացրել է իր բնակավայրից մի քիչ հարաւ եւ արեւելք գտնուող Բիւրակնեան  լեռների վրա»:

Այստեղից երեւում է, որ առաջին դրախտավայրը եղել է Բյուրակնյա լեռների հարեւանությամբ (Բասենի այգում), որտեղ եւ Աստված բնակեցրել է Ադամին: Եվ դա եղել է մինչեւ Մեծ Ջրհեղեղը: Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում: Եվ սառցապատումից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը:

Շարունակելի

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։