Պատճառը թողած՝ հետեւանքից ենք սկսում – Խնդիր, որ մշտապես օրակարգում է – Ամենուժեղ վերահսկողը պիտի պետությունը լինի… Նախարարը խնդրում է հանք շահագործողին… Դեկտեմբերին Սեւանա լճում կարգելվի խեցգետնի եւ ձկան որսը…

Մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները 1998թ. ուսումնասիրում եմ: Զարգացած երկրների փորձին ծանոթ եմ: Դա ինձ թույլ է տվել ասելու, որ մենք մեր հանքավայրերը ոչ թե օգտագործում ենք, այլ՝ շահագործում՝ բառի բուն իմաստով: Շահագործում անխնա, այնքան անխնա, որ հետապնդվում է ոչ թե բիզնես, այլ՝ թշնամու շահ: Մենք ոչնչացնում ենք մեր հանքերը: Անկեղծ լինելու համար ասեմ, որ ոչ մի երկրում (զարգացած երկրների հետ համեմատվենք, քանզի այդ ստանդարտներին ենք ձգտում) պետությունը գործարարի բարոյականությանը չի հենվում: Կիրառում է հստակ լծակներ եւ խստորեն պատժում օրինազանցին: Ամեն ինչի համար ստանդարտ կա՝ հանքի բաց ու փակ շահագործումների, հանքաքարի կորզման ձեւերի, մաքրության աստիճանի, թույլատրելի շեղումների, բնապահպանական վնասների, մաքուր տեխնոլոգիաների կիրառման եւ ըստ դրա՝ հարկային արտոնությունների, հանքի պայթեցման ձեւի, նոր ուսումնասիրությունների, հանքի շահագործումից հետո՝ հանքի փակման ձեւի եւ այլն մասին: Մեզ մոտ էլ կա, դաշտը լրիվ բաց չէ՝ թերացումներով հանդերձ, բայց եղածն էլ չի կիրառվում: Ու դրա պատճառն այն չէ, որ դրսի գործարարն ավելի բարոյական է մեր գործարարից: Պարզապես մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը:

Ինչեւէ: Որոշել ենք նոր ստանդարտներ ներդնել, կառավարությունում արդեն կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի  առաջին նիստը, որի ժամանակ էլ տրվեց Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը:  

Եթե հակիրճ տեղեկացնելու լինենք, ապա ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայում հինգ տասնյակից ավելի երկրներ են անդամակցում: ՀՀ-ն պատրաստակամություն էր արտահայտել ԱՃԹՆ անդամ երկիր դառնալու մասով, եւ ԱՃԹՆ-ին անդամակցության աշխատանքների համակարգումը պատվիրակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Հավելենք, որ բազմաշահառու խումբը կազմված է 15 ներկայացուցիչներից, որոնցից 6-ը՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, 4-ը՝ հանքարդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, 5-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնցից մեկն, ի դեպ, գիտության ոլորտի ներկայացուցիչ: Մեր երկրում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը կառավարելու եւ վերահսկելու է հենց այս խումբը:

Նիստի բացման խոսքում Դավիթ Հարությունյանը նկատեց, որ  ԱՃԹՆ-ն հրաշալի գործիք է՝ անկախ երկրում քաղաքական փոփոխություններից, համագործակցային ձեւաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որն իր հերթին կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը, կբարձրացնի հանրային վստահությունը: «Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակում: ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման պատրաստակամության մասին 2015թ. հուլիսի 28-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմը Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպեց մի շարք հանրային իրազեկման հանդիպումներ Հայաստանի մարզերում եւ Երեւանում՝ հասարակությանը եւ հանքարդյունահանող կազմակերպություններին ԱՃԹՆ-ն -ի ստանդարտին ծանոթացնելու եւ բազմաշահառու խմբի ձեւավորման աշխատանքներն սկսելու համար: 2016թ. հունիսի կեսին կառավարությունը, հանքարդյունահանող կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ ներկայացրեցին Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամների թեկնածությունը»,-տեղեկացրեց Դ. Հարությունյանը:

Խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի՝ 2016թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ:

2017թ. ԱՃԹՆ-ի թեկնածության հայտի ներկայացումն ամրագրվել է նաեւ  կառավարության ծրագրում: ՀՀ-ում սկզբնական շրջանում ԱՃԹՆ-ն ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել՝ ընդլայնելու ԱՃԹՆ-ի ընդգրկման շրջանակները: Աշխատանքային ծրագիրը կազմելուց հետո ավելի հստակ կուրվագծվեն նաեւ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները:

Նիստում ելույթ են ունեցան նաեւ հանքարդյունաբերության կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, նիստին հրավիրված միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Բոլորն էլ շեշտադրեցին նախաձեռնության ներդրման կարեւորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի եւ հասարակության միջեւ երկխոսության խթանման հարցերում: Այս միտքը լրագրողների հետ զրույցում հաստատեցին ՀԲ-ում հանքարդյունաբերության ոլորտի խորհրդատու Նարինե Թադեւոսյանը, բազմաշահառու խմբի անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, թե սա մի ստանդարտ է, որ կիրառվում է շատ երկրներում, ու «սա ներդրումների ինդիկատոր է»:

Ներկայում բազմաշահառու խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու եւ 2017թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:

Նիստում ներկայացվեցին նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացման եւ հրապարակման աշխատանքները:

Մասնավորապես, գործարկվել է www.geo-fund.am կայքը, ընթացքի մեջ են Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թթ. սկսած պահպանվող շուրջ 2 մլն էջ տեղեկատվության՝ քարտեզագրական եւ գծագրական փաթեթների, երկրաբանական, ֆինանսական ու ոչ ֆինանսական հաշվետվությունների եւ այլ փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է թվայնացման աշխատանքների կեսից ավելին, եւ թվայնացված տեղեկատվությունը հասանելի է ֆոնդի կայքում:

ԱՃԹՆ ներդրման մասին լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը ոգեւորությամբ արտահայտվեց՝ շեշտելով, թե խոսքը նոր որակի մշակույթի է վերաբերում: «Երկրում ստեղծվում է եռակողմ միասնական հարթակ, որին մասնակցում է քաղհասարակությունը, բիզնեսը, կառավարման համակարգը եւ նպատակը հաշվետվողականությունն է, թափանցիկությանը: Խոսքը առաջին հերթին այս երկու կարեւոր հենասյուների մասին է: Բնականաբար, աշխատանքի ընթացքում կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնք լուծում կպահանջեն: Բայց կարեւորն այն է, որ մասնակցում են բոլոր կողմերը եւ մասնակցում են հավասար: Ցավոք, սա մեզանում շատ քիչ ձեւավորված մշակույթ է, երբ կարողանում ենք համատեղ աշխատել: Դա դժվար է, բայց հնարավոր: Երկրի զարգացման ուղին ես տեսնում եմ համագործակցության հարթակներ ստեղծելու ճանապարհով, եւ սա կարեւորագույն հարթակներից մեկն է: Պետությունը շահում է այն, որ աշխատում է պատվիրատուների հետ: Պատվիրատուն ժողովուրդն է, որ ներկայացված է եւ բիզնեսով եւ քաղհասարակությունով»:

Բազմաշահառու խմբի նախագահ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հայտնեց, որ այս ամենը լուրջ նախապատրաստական աշխատանք է անցել եւ երբեմն, ինչու ոչ, նաեւ սուր բանավեճեր են եղել:

Արդյո՞ք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ենթադրում են, որ բացահայտվելու են հանքարդյունաբերության ոլորտի իրական շահառուները: Ի պատասխան Դավիթ Հարությունյանը ասաց, որ այո, ստանդարտները պահանջում են իրական շահառուների բացահայտում:

Հարց է ծագում՝ ի՞նչ է, մենք իրական շահառուներին չգիտենք, ԱՃԹՆ-ն պիտի պարտադրի՞ ասել: Կամ՝ ՊԵԿ-ը չի կարողանում ֆինանսական թափանցիկություն պարտադրել, միջազգային այդ կառու՞յցը դա պիտի անի…

«Իսկ այդ ստանդարտներն առնչվելու՞ են, ասենք, հանքերի բացման ձեւերին, պայթեցման եղանակներին, շահագործման ուղիներին, կորզմանը եւ այն»:

Հարցիս ի պատասխան Դ. Հարությունյանը պարզաբանեց. «Ոչ, սա չի վերաբերում տեխնոլոգիական գործընթացներին, բայց վերաբերում է երկու կարեւոր հենասյուներին՝ թափանցիկությանը, հաշվետվողականությանը»:

Այն, որ տեխնոլոգիական ստանդարտների պահանջ դրված չէ, ինձ հետ զրույցում ասաց նաեւ «Լիդիան Արմենիան» (Ամուլսար) ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը: Բայց երբ այդ մասին նշեցի նիստում, նա ասաց, թե իր ասածը սխալ է ընկալվել: Հավանաբար տեղյակ չէր, որ մինչ այդ զրույցում Դավիթ Հարությունյանն էլ էր հաստատել դա: Չնայած չեմ հասկանում՝ այո-ի ու ոչ-ի սխալ հասկանալը ո՞րն է:

Որ տեխնոլոգիական ստանդարտ ներդրված չէ, զարմացա. չէ՞ որ զարգացած երկրների հանքարդյունաբերության ոլորտն ուսումնաիրելիս հստակ պարզ է դառնում, որ ֆինանսական ստանդարտների եւ այդ ստանդարտների թափանցիկության բարելավումն անհնար է առանց տեխնոլոգիական ստանդրատների բարելավման: Ինչու՞ դա մեր պարագայում հաշվի չի առնվել, բա՞ց է մնացել, թե՞ հետո է լրացվելու:

Հետո ավելի զարմացա, երբ բազմաշահառու խմբի անդամները այս հարցիս ի պատասխան հերթով իրենց պարտքը համարեցին ասել, որ այդպիսի (տեխնոլոգիական) ստանդարտ ըստ էության դրվել է, քանզի ընդերքօգտագործողն այսուհետ պետք է օգտվի բարձր ստանդրատներից:

Նրանց իմ հարցադրումներից զերծ պահեց ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը, ով նկատեց, թե սա երկարատեւ աշխատանք է, եւ «հենց այս հարթակն է, որ մեզ հնարավորություն տվեց եւս մեկ անգամ հաշվի առնել եւ հասկանալ շատ հարցեր՝ այդ թվում օրենսդրական, եւ հետագայում լրացնել այդ բացը՝ տեխնոլոգիական ստանդարտների միջազգային փորձի ներդրմամբ: Այդ բացը ապագայում կլրացնենք: Կառավարության ռազմավարական ծրագրում առաջնահերթություն է այդ ստանդարտները հաստատելը»:

Փաստորեն, միայն Դավիթ Հարությունյանն ու Կարապետ Վարդանյանն ընդունեցին, որ կա բաց, որ անպայման կլրացվի, մյուսները սկսեցին խոսել հայատառ, բայց ոչ հայերեն ու անընդհատ լսում էի, որ իրենց սխալ եմ հասկացել…

Այ, այսպես՝ ինչպես խոսում, այդպես էլ շահագործում են մեր հանքերը ու այ այսպես էլ այդ գործընթացը վերահսկվում է հանրային հատվածի կողմից՝ «բարձր ստանդարտներով»:

Իրականում ամենուժեղ վերահսկողը պիտի պետությունը լինի, քանզի դրանից իր ապագան է կախված: Մանավանդ Հայաստանի պարագայում, որ շատ հարուստ եւ որակով ընդերք ունի, ինչն արդեն քննարկման այլ թեմա է:

Արմենուհի Մելքոնյան

Նախարարը խնդրում է հանք շահագործողին

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ինչպե՞ս է վերաբերում Ամուլսարի հանքի շահագործմանը: Ի պատասխան Արծվիկ Մինասյանը կառավարությունում երեկ լրագրողներին նախ ասաց, որ ցանկացած բնապահպանական հետեւանք պետք է ապահովագրված լինի եւ ապա՝ որ այդպիսի համակարգ Ամուլսարի պարագայում կա. «Հիմա ես խնդրել եմ իրենց, որպեսզի ապահովագրական ամբողջական համակարգը մանրամասնություններով հրապարակվի»: Բանախոսը պարզաբանեց, որ ապահովագրվելու է երրորդ անձանց հասցված ցանկացած վնաս, ովքեր կարող են լինել քաղաքացիներ, իրավաբանական անձինք, համայնքը, պետությունը:

Նախարարը խնդրել է, որ Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունը այդ համակարգը հրապարակային ներկայացնի, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, համայնք, տնտեսվարող սուբյեկտ իմանա, որ եթե այս ծրագրի պայմաններում որեւէ անցանկալի երեւույթ լինի, ապա ինչ վնասի փոխհատուցում է լինելու եւ բնությանը պատճառված վնասն ինչպես է վերականգնվելու: Սխեման ամբողջական պետք է լինի:

Ասենք, որ սխեման ինչքան էլ ամբողջական լինի, թերի կմնա, քանզի լիքը բացեր ունի. թեկուզ հենց միայն այն պատճառով, որ բնապահպանական վնասի հատուցումը կոպեկներ արժե բնությանը տված վնասի դիմաց:

Բացի այդ՝ նախարարը, որպես կառավարության անդամ, պետության ներկայացուցիչ, ընդհանրապես հանք շահագործողին ոչ թե պետք է խնդրի, այլ՝ հանք շահագործողից պետք է պահանջի ներկայացնել այս կամ այն փաստաթուղթը, ծրագիրը, սխեման: Պետությունը ուժեղ ձեռք պետք է լինի գործարարի կողքին, բայց եւ՝ պատժիչ ձեռք այն գործարարի հանդեպ, ով անխնա վնասում է բնությանը: Ընդերքօգտագործումն այն ոլորտն է, որ հիմնովին պետք է փոփոխության ենթարկել: Մինչ այդ՝  անիմաստ է փոխհատուցումների մասին խոսելը…

Մեղք են ձկնիկները

Ձմռանը, բնականաբար, բնապահպանության նախարարի հետ լրագրողները չեն կարող չխոսել Սեւանա լճում ձկան որսի արգելքից: Նախարար Արծվիկ Մինասյանը երեկ գործադիրի նիստից հետո լրագրողներին ասաց, որ դեկտեմբերի 1-25-ը Սեւանա լճում կարգելվի խեցգետնի եւ ձկան որսը:

Արգելքը կբերի՞ արդյունագործական ձկնորսությանը մոտ վիճակի: «Սա այն արգելքի շրջանն է, երբ իսկապես կարեւոր է, որ ձկան բնականոն վերարտադրությունը ապահովի։ Եթե մեզ հաջողվի պահել այս արգելքը, մենք, ամենայն հավանականությամբ, կունենանք արդյունագործական ձկնորսությանը շատ մոտ վիճակ»,-ասաց նախարարը: Ի դեպ, նրա խոսքերով, սա նշանակում է, որ  Սեւանա լճում հաջորդ տարի արդեն կկարողանան ներդնել կառավարելի ձկնորսության նոր հայեցակարգ։

Արծվիկ Մինասյանը ուշադրություն սեւեռեց այն հանգամանքին, որ ձկնատեսակների պահպանումից բացի լիճը շատ այլ խնդիրներ էլ ունի՝ սկսած կառավարման արդյունավետ համակարգից, վերջացրած Սեւանը նաեւ որպես լուրջ տնտեսական գոտի դիտելու հնարավորության ստեղծմամբ։ Նախարարը վստահեցրեց, թե փորձելու են բնական քաղցրահամ ջրի խոշորագույն պաշարի պահպանումը զուգակցել արդյունավետ բնապահպանական տնտեսական զարգացման ծրագրերով:

Ձկան որսարգելքի շրջանը սկսված է, բայց Շենգավիթ համայնքում, օրինակ, երեկ առավոտյան Սեւանի սիգ վաճառվում էր, վաճառողներն էլ՝ Գավառից: Ու լավ, փարթամ, յուղալի, ախորժաբեր ձկներ էին: Ի՞նչ անենք, չուտե՞նք: Անկեղծ լինելու համար ասեմ, միեւնույնն է, եթե արդեն որսված է, ուրեմն՝ ուտել: Բա հո չենք մնալու սուպերմարկետներում վաճառվող թայվանական ձկնատեսակի հույսին, որ կոյուղում է բուծվում (ռուսական հեռուստալիքները նախորդ տարի ահազանգում էին այդ մասին), կամ՝ փաթեթավորված ճերմակամիս ձկների հույսին, որ չգիտես էլ ինչ ձկնատեսակ է ու որտեղ է արտադրվում ու բերվում կամ՝ ձու՞կ է, թե՞ ձկնանման ԳՁՕ-ացված «մսային» համակարգ: Ասել կուզի՝ եթե վաճառվում է սիգը, ուրեմն ուտել է պետք: Իսկ որսն իսկապես արգելելու ձեւերը կան: Մնում է կիրառել դրանք:

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։