Ուժեղ պետությունը՝ ազգային գաղափար – Հայաստանում խորհրդարանական եւ ուղիղ նախագահական համակարգերի համեմատական… Նոր վտանգներ Թուրքիայում –  Հայազգի պատգամավորի հաարցապնդումը՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ – Հրանտ Դինքի սպանության մասին…

Ուժեղ պետությունը՝ ազգային գաղափար

Հայաստանի նախագահը հայտնել է, թե խորհրդարանական կառավարման պարագայում Հայաստանի անվտանգությունը հուսալիորեն ապահովված կլինի: «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ «ամեն դեպքում կառավարման նման ձեւը կհանգեցնի նրան, որ Հայաստանի անվտանգությունը ավելի լավ կապահովվի»:

Շատ երկրներում ձեւավորվել է այն կարծիքը, թե Հայաստանում գործում էր կառավարման նախագահական համակարգ, իսկ հիմա երկիրը անցում է կատարում խորհրդարանական կառավարման: «Դա այդպես չէ։ Մենք ունեինք կիսանախագահական կառավարման ձեւ, եւ ինչպես բոլոր կիսաձեւերը, այն իր թերություններն ունի։ Միայն այն բանի շնորհվ, որ գործող նախագահը խորհրդարանում մեծամասնություն ունի, հնարավոր է դառնում երկրի կայուն կառավարումը։ Ինչու՞։ Որովհետեւ կիսանախագահական համակարգում կառավարությունը ձեւավորում է խորհրդարանը։ Եվ եթե պատկերացնենք, որ նախագահը կարող է ներկայացնել մի քաղաքական ուժ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ այլ, ապա հասկանալի է, որ կառավարության եւ նախագահի միջեւ վատ հարաբերություններ կլինեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա  հիշեցրել է, որ նախագահը նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է ու կրում է երկրի անվտանգության եւ ամբողջականության համար պատասխանատվությունը. «Եվ բոլորիս էլ հասկանալի է, որ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ քարտեզի վրա սլաքներ նշի, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն զորքերը։ Նրա խնդիրն է ապահովել պետության ամբողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար։ Իսկ ինչպե՞ս նա կարող է դա անել, եթե իրավունք չունենա բյուջետային միջոցների մի մասը ծախսել այդ նպատակով։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդը՝ ինձ թվում է, որ ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ է, որ իրավունքը լինի այնտեղ, որտեղ պատասխանատվությունն է»:

ՀՀ նախագահը կարծում է, որ խորհրդարանական վերահսկողությունը շատ արդյունավետ կառավարման ձեւ է համակարգերի ու կառույցների համար, որոնք ունեն իրավունքներ եւ պատասխանատվություն:

Այստեղ պիտի հավելենք, որ «Լուսանցք»-ը մնում է իր նախկին դիրքորոշմանը, որ պատերազմող երկրում եւ մեր անկայուն տարածաշրջանում ամուր պետություն ստեղծելու համար պիտի ընտրել նախագահական կառավարման ձեւը: Այո, կիսանախագահականը կիսաձեւ է՝ կիսաիրավունքներով… բայց խորհրդարանականն էլ իր վտանգներն ունի, հատկապես, եթե որեւէ ուժի չի հաջողվում մեծամասնություն դառնալ խորհրդարանում եւ կառավարություն ձեւավորել: Իսկ դա հղի է նոր ընտրությունների անցկացման հեռանկարով ու գուցե նաեւ նոր մեծամասնության չձեւավորման վտանգով: Սա կարող է անկայուն իրավիճակ ստեղծել ու ներքաղաքական խնդիրներ առաջացնել, որից կօգտվեն դրսի ուժերը… Նախագահական համակարգը կենտրոնաձիգ է եւ ավելի կայուն, ինչը մեր անկայուն տարածաշրջանում կարող է ավելի դրական դիտարկվել:  

Իսկ Սերժ Սարգսյանը տեսակետ է հայտնել, որ Հայաստանի ազգային գաղափարն ամուր, ուժեղ պետության կառուցումն է. Ո՞րն է ազգային գաղափարը: Ուժեղ պետություն դառնալը: Ամուր պետությունը դառնալը: Խնդիրներ չունենալ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետե: Իսկ մեր կարծիքով՝ հենց ուղիղ նախագահական ամուր ու կենտրոնաձիգ պետությունը կարող է զսպել մեր արյունարբու հարեւաններին:

Նախագահի խոսքով՝ ինքը երազում է, որ Եվրոպայից մարդիկ ժամանեն Հայաստան ու տեսնեն, որ երկիրը զարգանում է: «Ես ուզում եմ (դա, թերեւս, իմ ամենաանհավանական երազանքն է), որպեսզի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ շատ կլինի։ Երբ նրանք բոլորն, իրականում հավաքվեն՝ նույն հարցի շուրջ չորս կարծիք կլինի։ Բայց, փոխարենը, հարմարավետ կլինի։ Մենք ուժեղ ենք միասին»,- հավելել է նախագահը՝ պատասխանելով ռուսական տեղեկատվական գործակալությանը:

Սեփ. լրատվությունՀարցապնդում՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից ընտրված  հայ պատգամավոր Գարո Փայլանը (Պալյանը) Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս: «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, պատգամավորը հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում կանխելու համար փոքրամասնություններին ուղղված ատելության դրսեւորումները:

Նա հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերրը, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ ազգայնամոլների կողմից սեւ «ծաղկեպսակներ» տեղադրելու դեպքն էր:

Հայ պատգամավորը շեշտել է, որ իրենց ֆեյսբուքյան էջում նշյալ գործողության լուսանկարները զետեղած եւ «Մի գիշեր անսպասելի կերպով կգանք» գրությունը թողած ,Ազգայնական Թուրքիաե կուսակցության Ստամբուլի գրասենյակի  նախագահ Բիլալ Գյոքչեյուրթի ու «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարի նկատմամբ դատական գործ էր հարուցվել, սակայն վերջիններս արդարացվել են դատարանի կողմից:

Գարո Փայլանը շեշտել է նաեւ վերջին 1 տարվա ընթացքում

3 անգամ հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններ են արվել:

Հայ օրենսդիրը չի մոռացել նաեւ այս տարի Հաթայ նահանգում հրեական գերազմանատան ու Ադըյամանում ասորական գերեզմանատան պղծումն ու ավերումը:

Այս թվարկածից հետո նա Թուրքիայի կառավարության ղեկավարին ուղղել է հետեւյալ 3 հարցերը.

  1. Ձեր կառավարությունը աշխատանք տանու՞մ է փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող ու անպատիժ մնացող հանցագործությունները կանխելու ուղղությամբ:
  2. Արդյո՞ք կառավարությունը վտանգի տակ գտնվող փոքրամասնությունների հիմնարկությունները կամ շինությունները պաշտպանելու նպատակով հատուկ միջոցներ է ձեռք առնում:
  3. Ազգային հետախուզական ծառայությունը փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրդապատճառներով կատարված հանցագործությունների վերաբերյալ որեւէ հետաքննություն իրականացնու՞մ է:

Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին

Պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության մասին գիրք է գրել: «Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «T24» լրատվական կայքին, գրում է, Թունջելը նշել է, որ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը եւ Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է լույս սփռել Դինքի սպանության անհայտ կողմերի վրա: Նա գրքում հերքել է իր մասնակցությունը սպանությանը՝ նշելով. «Մենք իրականում հանցագործ չէինք: Ես առաջին մարդն էի, որ դուրս եկավ Հրանտ Դինքի սպանության դեմ  եւ առաջին հստակ քայլը արեց: Սակայն ինչ-որ կենտրոնի կողմից ներկայացվեցինք որպես սպանությունն ուղղորդող: Այդ կենտրոնը այժմ «Ֆեթուլլահակն ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է կոչվում ամերիկաբնակ հայտնի իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքը) կոչվող կառույցն է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը 2013թ. տված ցուցմունքներով ողջ մեղքը բարդել էր այն ժամանակվա հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեքի եւ վերջինիս հանցավոր խմբի վրա: Թուրքական  «Հուրրիյեթ» թերթի ներկայացրել էր որոշ հատվածներ Թունջելի ցուցմունից, որտեղ նա նշել էր. «Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեքոն»-ից ավելի բարձր կազմակերպության կողմից»։

«Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա».- Ոստիկանը՝ Դինքին սպանողին

Թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը նոր կարդրեր է ցուցադրել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո արված սկանդալային տեսանյութից: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում նկարահանված տեսանյութում  երևում է, թե ինչպես են Սամասթի շուրջը հավաքված մարդիկ լուսանկարվում մարդասպանի հետ` նրան խնդրելով գեղեցիկ ժպտալ:

Իսկ երբ Սամասթին հարցնում են սպանությունից առաջ իր գործողությունների մասին, ոստիկաններից մեկը գովում է նրան՝ ասելով. «Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա»: Թուրքական «Diken» լրատվական կայքը հիշեցնում է, որ Դինքի  սպանությունից հետո մամուլում հայտնվել էին թուրքական դրոշներով Սամաստի եւ ոստիկանների լուսանկարներ, որոնք հասարակության մեջ քննարկումների տեղիք էին տվել:

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թափ է հաղորդվել Դինքի սպանության գործով ձերբակալություններին: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության եւ ժանդարմերիայի 10 նախկին եւ գործող ծառայակից, որոնցից մեկը կոչումով գնդապետ է: Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ  թուրքական «A Haber» հեռուստաալիքը եւս Դինքի սպանության վերաբերյալ 9 տարի առաջ նկարահանված տեսանյութ էր հրապարակել: Այդ տեսանյութում երեւում է, թե ինչպես է սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթը գնում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, իսկ այդ պահին ժանդարմերիայի 6 ծառայակից հետեւում են նրան: Այդ 6 սպաները ձերբակալվել էին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքի (FETÖ-Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպություն՝ թուրքական մամուլում այսպես է անվանվում գյուլենական համայանքը) գործով հետաքննության շրջանակներում: Նրանք կասկածվում են գյուլանական համայնքի հետ կապ ունենալու մեջ:

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։