ՀՀԿ համագումարում.- Փոփոխությունը հաստա՛տ տեղափոխությունը չէ – Կփոխվի՞ արդյոք խորհրդարանական երկրի խորհուրդն ու խորհրդապաշտությունը… ՀՀԿ-ն փորձում է թարմանալ… Նախագահին խորհրդականներ է՛լ պետք չեն… Սփյուռքի հարցում փոխելու են սլաքները… Մի «կոմկուս» է լինելու ու վերջ… Նեղ օրերի վարչապետը… Թղթաբանական աճը փոր չի կշտացնում…

ՀՀԿ-ն փորձում է թարմանալ

Անդրադարձը ՀՀԿ համագումարին՝ կարեւորում ենք բացառապես այն տեսանկյունից, որ նախ՝ իշխող կուսակցության գերագույն ժողովն է, ապաեւ՝ այն տեղի է ունենում սահմանադրական փոփոխություններից հետո, երբ մեր երկրի հաջորդ ղեկավարը լինելու է ՀՀ վարչապետը, իսկ պետությունն էլ գործելու է որպես խորհրդարանական երկիր՝ հրաժեշտ տալով կիսանախագահական պետական համակարգին: Չնայած երկրի ներկայիս նախագահը դեռ կպաշտոնավարի մինչեւ 2018թ. նախագահական հաջորդ ընտրությունները, բայց համակարգային փոփոխությունները կլինեն նրա ուշադրության կենտրոնում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում եւ, որպես կուսակցության առաջնորդ, կղեկավարի նաեւ խորհրդարանական երկրի անցումային ժամանակաշրջանը:

ՀՀԿ 16-րդ համագումարի աշխատանքներին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցեցին ընտրված 1790 պատվիրակ: Բացման խոսքն ասաց ՀՀ  Սերժ Սարգսյանը: Իսկ ՀՀԿ ԳՄ անդամ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան առաջադրեց որպես ՀՀԿ նախագահի թեկնածու. «Հաշվի առնելով ՀՀԿ տարբեր տարածքային կազմակերպությունների կողմից ստացված եւ համագումարի պատվիրակության անդամների կողմից ներկայացված առաջարկությունները, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը, մեր մեծ վստահությունը մեր կուսակցության նախագահի նկատմամբ՝ որպես համագումարի պատվիրակ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»:

Համագումարին ներկա մյուս պատվիրակների կողմից այլ առաջարկներ չներկայացվեցին: Քվեարկությունը կազմակերպվեց բաց եղանակով: Համագումարի բոլոր պատվիրակները կողմ քվեարկեցին:

Հիշեցնենք ՀՀԿ նախկին համագումարները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ստեղծվել է 1990թ. ապրիլի 2-ին, որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին: Գործունեության ընթացքում ՀՀԿ-ն գումարել է 11 հերթական (1992, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2005, 2007, 2009, 2012, 2014 թթ.) եւ 4 արտահերթ (1996, 2002, 2006, 2012 թթ.) համագումարներ:

Եթե 16-րդ համագումարում նախագահի ընտրության հարցում փոփոխություն չկար, ապա ՀՀԿ գործադիր մարմնում եղան փոփոխություններ: Ընտրվեց 21 հոգանոց գործադիր մարմին: «Առաջնորդվելով ՀՀԿ կանոնադրությամբ, մեր գործադիր մարմնի համար սահմանված լիազորությունների եւ պարտականությունների իրականացման, կուսակցության ղեկավարման արդյունավետության ապահովման սկզբունքով, նկատի ունենալով, որ համագումարի պատվիրակների կողմից ներկայացվել է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամության 21 թեկնածու, առաջարկում եմ գործադիր մարմնում ունենալ 21 անդամ»,- հայտնեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բաց քվեարկությամբ գործադիր մարմնի անդամներ ընտրվեցին Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն Վիլհելմի Կարապետյանը, Կարեն  Սարգսի Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Վիգեն Սարգսյանը:  

«Որոշակի փոփոխություններ կան մեր նախորդ գործադիր մարմնի համեմատ: Մենք լուծում ենք գործադիր մարմնի թարմացման խնդիր, ձեռնամուխ ենք լինում լուծելու որոշումներ կայացնելու գործում կանանց մասնակցության ավելացման հարցը, երիտասարդների ընդգրկմանը մեր գործադիր մարմնում: Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մենք աշխատելու ենք ավելի լավ, մենք այլ ճանապարհ չունենք»,- նշեց Սերժ Սարգսյանը, ապա հավելեց, որ մոտակա օրերին կկայանա նորընտիր գործադիր մարմնի առաջին նիստը, որի ընթացքում, կուսակցության կանոնադրության համաձայն, կձեւավորվի ՀՀԿ խորհրդի կազմը, այնուհետեւ կգումարեն խորհրդի անդրանիկ նիստը՝ ՀՀԿ նախագահի տեղակալներ ընտրելու, կուսակցության հանձնաժողովներ ձեւավորելու, հանձնաժողովի նախագահներ ընտրելու, ՀՀԿ ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ հաստատելու համար:

Փաստորեն, ՀՀԿ գործադիր մարմնի նախկին անդամներ Ռազմիկ Զոհրաբյանին եւ Դերենիկ Դումանյանին փոխարինել են Սամվել Ֆարմանյանն ու Վիգեն Սարգսյանը: Այսքանով էլ ավարտվել են «որոշակի փոփոխությունները», գուցե «որոշումներ կայացնելու գործում կանանց մասնակցության ավելացման հարցը եւ երիտասարդների ընդգրկմանը գործադիր մարմնում…» դեռ ընթացիկ հարցեր են, բայց այսօր այդ մասին խոսելը վաղ է: Թե ինչպես կընթանան ՀՀԿ խորհրդի կազմի, տեղակալներ ընտրելու, կուսակցության հանձնաժողովներ ձեւավորելու եւ այլ հարցերը, ժամանակը ցույց կտա:

Ամեն դեպքում շատերի մոտ հարց առաջացրեց Ռազմիկ Զոհրաբյանի դուրս մնալը գործադիր մարմնի կազմից, քանի որ նա երկար տարիների Հանրապետական է, իր անկախական գաղափարները տարածելու համար ազատազրկված է եղել որպես քաղբանտարկյալ: Բայց տեղեկատվությունն այնպիսին էր, որ Ռազմիկ Զոհրաբյանն ինքն իր ցանկությամբ դիմել է Սերժ Սարգսյանին եւ առողջական պատճառներից ելնելով, խնդրել է, որ չլինի ԳՄ անդամ:

Ի դեպ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա չէր ՀՀԿ համագումարին, սակայն մնաց ԳՄ կազմում: Ինչ վերաբերում է ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալի պաշտոնին, որը նորություն է կուսակցությունում, ապա պատասխան չտրվեց, թե ով է այդ թեկնածուն, միայն ակնարկ եղավ, որ դա կարող է Կարեն Կարապետյանը լինել: Իսկ ՀՀԿ փոխնախագահների հարցը որոշվում է ՀՀԿ խորհրդի նիստում:

ՀՀԿ ԳՄ անդամ, կուսկազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը եւս նշեց, որ ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա 1-ին տեղակալի կարգավիճակ. «Սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխության է ենթակա նաեւ «Կուսակցության մասին» օրենքը, որի նախագիծն այժմ ԱԺ-ում է, գտնվում է քննարկման փուլում եւ ՀՀԿ-ն չի կարող անտեսել ժամանակի, քաղաքական իրավիճակի, օրենսդրական դաշտի հրամայականները, չի կարող իր գործունեությունը եւ այն կարգավորող ներքին փաստաթուղթը՝ կուսակցության կանոնադրությունը, չհամապատասխանեցնել այդ ամենին»: Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել նաեւ խորհրդակցական մարմնի կարգավիճակ ունեցող ՀՀԿ ավագների խորհուրդ. «Վստահ եմ, որ այն կարող է դառնալ ոչ միայն փորձի յուրատեսակ շտեմարան, այլ կդառնա կուսակցական աշխատանքներն ակտիվացնելու ինքնատիպ մեխանիզմ»:

Ոմանց կարծիքով 1-ին տեղակալի հիմնական թեկնածուն Արմեն Աշոտյանն է, ում վրա էլ դրվեցին ներկուսակցական կազմակերպչական պարտավորությունները, երբ նա հեռացավ ԿԳ նախարարի պաշտոնից: Հետաքրքիր է, որ մինչեւ համագումարը՝ Համալիր շտապող Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք մտավախություն չունի, որ կզրկվի կուսակցության փոխնախագահի պաշտոնից, ինչին ի պատասխան նա նշեց. «Անհոգ եղեք, մի մտահոգվեք, ինձ հետ ոչինչ չի պատահի»:…

Սերժ Սարգսյանը բացման խոսքում մանրամասն անդրադարձավ արտաքին ու ներքին  բոլոր ոլորտներին ու հետագա քայլերին: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է եւ պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։ «Ուստի այսօր մենք պետք է ամփոփենք նաեւ, թե երկրի Մայր օրենքը բարեփոխելուց հետո որքան ենք կարողացել հասարակական-քաղաքական դաշտը պատրաստել խաղի նոր կանոններով գործելուն, որքան է ինքը՝ իշխող կուսակցությունը պատրաստ հարմարվել նորացված Սահմանադրության պահանջներին»,- նշեց նախագահը: Նա ամեն ինչի մասին խոսելուց առաջ նախ անդրադարձավ կուսակցական աշխատանքներին ու արդյունավետ գործունեությանը:

Ուշագրավ է, որ ՀՀԿ կազմում 18-40 տարեկանների տարիքային խումբն են ներկայացնում կուսակիցների 35%-ից ավելին: Միեւնույն ժամանակ, կանայք մեծամասնություն են կազմում եւ կուսակցականների շուրջ 54%-ն են: Չնայած շեշտվեց, որ Հանրապետականի մեխանիկական աճը երբեւէ նպատակ չի եղել, սակայն այսօր արդեն խոսում են ՀՀԿ անդամ դարձած վարչապետի շուրջ 7 հազարանոց «գազավիկների» անդամագրման մասին: ՀՀԿ-ական դարձան նաեւ խորհրդականները, օգնականները, որոնցից շատերն էլ «գազի» ոլորտից էին:

Նախագահը խոսեց նաեւ, թե ինչու է ՀՀԿ ԳՄ-ն նախաձեռնել «լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի» անունը կրող դպրոցի ստեղծումը, որի մեկնարկն արդեն տրվել է, դպրոցը բացել է իր դռները 100-ից ավելի երիտասարդների համար:

Համագումարի օրակարգում էր նաեւ ՀՀԿ-ի ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: Նախագահը կարեւորեց գաղափարների մրցակցությունն ու երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները: Առաջարկեց արդիականացնել կուսակցության ծրագիրը՝ ամրապնդելով ազգային պահպանողականության քաղաքական եւ գաղափարախոսական առանցքը: ՀՀԿ-ի պահպանողականությունն էլ ձեւակերպեց իբրեւ «ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատում»: Նախագահի իսկ խոսքերով՝ «պահպանողականությունն անցյալի պաշտամունք չէ: Մենք ապագայատենչ ենք եւ հակադրվում ենք հետադիմությանը: Պատմության ու ժամանակների անխզելի կապը ճանապարհ է հարթում մշտական արժեքների ու զարգացման համար: Մենք դա ենք պաշտպանում»:

ՀՀԿ-ի արտաքին կապերի մասով՝ դարձյալ ըստ Սերժ Սարգսյանի. ընդարձակվել են ՀՀԿ-ի կապերն արտաքին աշխարհում: Միջազգային շփումները թույլ են տալիս ծանոթանալ եւ հետեւել քաղաքական գործունեության լավագույն փորձին, տեխնոլոգիաներին ու առանձնահատկություններին: Շարունակվել է համագործակցությունը «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական միջկուսակցական շրջանակներում: Լինելով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ՝ ՀՀԿ-ն լիարժեքորեն ներգրավված է եղել այդ ամենախոշոր եւ ազդեցիկ եվրոպական քաղաքական ընտանիքի գործունեության մեջ: Այս ընթացքում երիտասարդական կառույցը եւս անդամակցել է երիտասարդ ԵԺԿ-ին եւ Եվրոպայի ժողովրդավար ուսանողների միությանը, իսկ կանանց խորհուրդը դարձել է ԵԺԿ կանանց կազմակերպության անդամ: Հանրապետականը միշտ ներկայացված է եղել ԵԺԿ համագումարներում, գագաթնաժողովներում եւ քաղաքական համաժողովներում: Անցյալ տարի ԵԺԿ քաղաքական համաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը նվիրված խիստ ու հստակ բանաձեւ, իսկ այս տարի ընդունված մեկ այլ քաղաքական բանաձեւով եվրոպացի գործընկերներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին՝ ապրիլյան պատերազմի օրերին: Շարունակվում են շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ, ինչն էլ միջկուսակցական կապերի տեսքով գալիս են ամրապնդելու հայ-չինական դարավոր բարեկամությունը:

ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները: «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձն ընթերցեց կուսակցության ԳԽ փոխքարտուղար, պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը: Վստահություն էր հայտնվել, որ ռուս-հայկական հարաբերությունները կընթանան զարգացման միտումով: Տեսաուղերձով դիմեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, ով նշեց, որ «հետագա համագործակցությունը ապահովելու է կայունություն տարածաշրջանում, ինչն էլ Հայաստանի եւ ԵՄ միջեւ հարաբերությունների խորացմանը կնպաստի»: Չինաստանի կոմկուսի ուղերձն ընթերցեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը. «ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական ասպարեզի ամենածանրակշիռ ուժն է եւ որպես իշխող կուսակցություն, ունեցել է կարեւոր դերակատարություն՝ հասելով ակնառու հաջողությունների տնտեսական զարգացման աջակցության եւ երկրի բնակչության սոցիալական աճի ու բարեկեցության բարելավման ուղղություններով»:

Համագումարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ ՀՀԿ ուշադրության կենտրոնում է տնտեսությունը,  բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու եւ երկարաժամկետ սոցիալ տնտեսական զարգացում ապահովելու գերակայությունը:

Նաեւ՝ Հայաստանի՝ միջազգային հարաբերություններում հանդես գալը որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի եւ վստահելի երկիր: Արցախի մասով էլ շեշտվեց, որ հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Այսօր Հայաստանի զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական եւ կադրային արդիականացման միջոցով մենք ձեւավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծն ու զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու: Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաեւ Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալտնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում»:

Նախագահին խորհրդականներ է՛լ պետք չեն

ՀՀԿ նախագահ վերընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը ներկայացրեց 7 սկզբունք, որոնցով առաջնորդվել է կուսակցական գործունեության ժամանակ, իսկ երիտասարդ կուսակցականներին խորհուրդ տվեց, որ այդ թեզերը ընկալեն որպես 7 խորհուրդ, որոնց պետք է հետեւել մշտապես: Ներկայացնում ենք մասնակի կրճատումներով (բոլոր արձանագրումները հետոյի համար են,-խմբ.):

«1-ին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։ Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են… 2-րդ խորհուրդը կարեւորում է, որ ինքներդ լինեք օրենքի հլու ծառան ու օրինականության մարմնավորումը։ Պետականակերտության մեր վերջին երկուսուկես տասնամյակները փաստում են՝ թերի օրենքները դրանք հետեւողական կիրարկողների ձեռքում ավելի մեծ օգուտ կարող են բերել, քան լավագույն օրենքները՝ վատ ձեռքերում։ Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի լինի։ Մեր ժողովրդի ազատությունն ու իրավունքներն արժանի են նույնքան պաշտպանված լինելու, որքան անպաշտպան են եղել դրանք դարեր շարունակ… 3-րդ խորհուրդը՝ խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս։ Եվ եթե սահմանի խաղաղության պահապանը մեր զինվորն է, ապա սահմանից ներս խաղաղությունը ձեր պատասխանատվությունն է։ Մի օտարացրեք ոչ մեկին եւ անդառնալիորեն մի խռովեք որեւէ հոգի։ Թշնամի մի փնտրեք ներսում, մի թշնամացրեք ու մի թշնամացեք։ Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չեք հասնի։ Եվ եթե ուժի անսպառ աղբյուրը ժողովուրդն է, ապա երկրորդը մեծապես կախված է առաջնորդներից եւ գործիչներից։ Երկրի սահմանին խաղաղության վերջին գրավականը զենքն է ու զինվորը։ Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի… 4-րդ խորհուրդ՝ միայն մարտահրավերներին հետեւող հայացքը բաց է թողնում հնարավորությունը հնարավորության հետեւից։ Ձեր ջանքն ուղղեք մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն։ Փնտրեք դրանք ամենուր։ Ձեր հայացքն ուղղեք դեպի աշխարհի անծայրածիր տափաստաններն ու օվկիանոսները, դեպի հսկայածավալ շուկաներն ու նոր տեխնոլոգիաները։ Մեր ժողովրդի արարչագործ ոգին ու պրպտուն միտքն արժանի են արարման նույնքան մեծ հնարավորությունների, որքան մեծ են եղել դրան խոչընդոտող արգելքներն ու սահմանափակումներն անցյալում… Ձեր 5-րդ ջանքը թող լինի հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումը։ Փոքրաթիվ, բայց եռանդուն մեր ժողովրդի համար առաջընթացը կարեւոր խորհուրդ ունի։ Մենք պիտի կարողանանք փոխվել՝ պահպանվելով ու շարունակ փոխակերպվելով։ Մենք պիտի կարողանանք խուսափել քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցնցումներից եւ սակայն շարժվել առաջ։ Մեր ժողովրդի առաջընթացն արժանի է նույնքան անխզելի ու անշրջելի ձեռքբերումների, որքան անդառնալի են եղել մեր կորուստները եւ ցավոտ՝ մեր ցնցումները… 6-րդ ջանքն ուղղեք մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։ Սա փոքրաթիվ ժողովրդի հարատեւության մեկ այլ խորհուրդն է։ Այո, մենք քիչ ենք, սակայն մեր ժողովրդի պատմությունը հասնում է քաղաքակրթության ակունքներին, արմատներին, եւ եթե մեր կողքին կանգնեն հազարամյա մեր պատմության կերտողները, մեր նախնիները, նրանց ստեղծածն ու նրանց թողած անսահման ժառանգությունը, ապա մեզնից ավելի մեծաթիվ, ավելի հզոր եւ ավելի հարուստ ժողովուրդ երկրագնդի վրա քիչ կլինի։ Նախնյաց մշակութային ժառանգությունը ճանապարհին թողած մեծաթիվ ժողովուրդն անհիշատակ կկորչի։ Մինչդեռ իր արժեքներին խնամքով ու հոգատար վերաբերվող ժողովրդի ապագայի ճանապարհներն իր նախնիներն են եւ իր անցյալը։ Ամեն անգամ նորը կերտելիս հիշեք, որ արարելու հնարավորություն ստացել եք հենց այն ամենի շնորհիվ, ինչը համարում եք հին կամ հնացած։ Ներկայի ձեր քարը դրեք անցյալի քարի վրա։ Միայն այս կերպ կկարողանաք ապագային շենք ու շինություն փոխանցել։ Անհոգաբար դեն նետած ձեր ժառանգությունն ուրիշին է հասնելու։ Օտարն է հավակնելու ձեր նախնիների ժառանգորդի պատվին ու անվանը… Եվ վերջապես՝ ձեր 7-րդ ջանքն ուղղեք վերաիմաստավորելու ձեզ բաժին հասած ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները։ Սահմանադրությունը, օրենքները երաշխավորում են երջանիկ ու ապահով լինելու իրավունքը, սակայն բոլորի երջանկության ու ապահովության համար յուրաքանչյուրն անելիք ունի։ Մի ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անմնացորդ ծառայելու։ Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ։ Ամենածանր փորձությունների պահին լավատեսությունը, հանգուցալուծման հույսը, սեփական ուժերի հանդեպ հավատը, հայրենակցի հանդեպ սերը երբեմն դառնալու են ձեր միակ զինակիցը։ Եղեք լավատես Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի հանդեպ։ Մեր ժողովուրդն ու մեր պետությունն արժանի են լավագույնին։ Մեր յուրաքանչյուր հայրենակից արժանի է Հայաստանում լինելու լավագույնը։ Աշխարհում լինելու առաջինը:

Սփյուռքի հարցում փոխելու են սլաքները

Անդրադառնալով անցած տարիներին Հայաստան-սփյուռք համագործակցության համար ստեղծված եւ իրացված նախադրյալներին՝ նախագահն ընդգծեց, որ եկել է մեկ էական լրացում կատարելու պահը՝ դա միասնականության եւ պատասխանատվության համատեղումն է: Պետք է բացառվեն չհասկացվածության սուր անկյունները եւ յուրաքանչյուր կարող ու ցանկություն ունեցող հայի համար պետք է գտնվի գործելու եւ պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը: Կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-սփյուռք փոխգործակցության շարժիչը:

Մի «կոմկուս» է լինելու ու վերջ

Ըստ ՀՀԿ-ի, նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձեւավորող եւ շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող եւ ընդդիմադիր բեւեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաեւ անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը:

Այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70%-ում ընտրողների վստահության քվեն ստացել է Հանրապետականը: «Հենց այս համոզմամբ մենք պետք է առաջ ընթանանք դեպի 2017թ. գարնանը կայանալիք՝ Հայաստանի խորհրդարանի եւ Երեւանի ավագանու ընտրությունները: Մենք արդեն շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Ըստ նրա, Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակությունում լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների ու բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։

Նեղ օրերի վարչապետը

Շատերին էր հետաքրքրում վարչապետ Կարեն Կարապետյանի հետագա ճակատագիրը՝ ընտրություններից հետո: Այս մասին Սերժ Սարգսյանն ավելի քան հստակ արտահայտվեց. գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:

Մինչ այդ, վարչապետն ու 4 նախարարներ արդեն համալրել էին ՀՀԿ շարքերը: Վարչապետ Կարեն Կարապետյանին հետեւեցին Էկոնոմիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության նախարարներ Սուրեն Կարայանը, Իգնատի Առաքելյանը, Վահան Մարտիրոսյանը, եւ Լեւոն Ալթունյանը: Հանրապետական դարձավ նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Թղթաբանական աճը փոր չի կշտացնում

Նկատենք, որ համագումարում երկրի ղեկավարը երկար խոսեց տնտեսական աճից, վերջին տարիների նվազագույն, միջին աշխատավարձի ավելացումից: Օրինակ՝ որ 2007-2015թթ. աշխատողների իրական աշխատավարձն աճեց 39,2%-ով: Կամ՝ եթե 2007թ. նվազագույն աշատավարձը կազմում էր 20 հազար դրամ, ապա ներկայումս այն 55 հազար դրամ է: Այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2,8 անգամ: Եթե 2007թ. պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60.985 դրամ, ապա 2016թ. 9 ամիսներին կազմել է 160.688 դրամ: Այսինքն՝ անցած 9 տարիների ընթացքում պետական հատվածում աշխատավարձը բարձրացել է 2,6 անգամ:

Այո, ավելացել է, բայց այդ 2.6 անգամ աճը մաքուր թիվը չէ, երբ հարկային պահումներն ու կուտակայինի 5 տոկոսը հանում ես, տակը բան չի մնում: Զուգահեռ՝ ամեն ինչ թանկացել է, ավելացել են կոմունալ ծախսերը: Ստացվում է՝ ավելանալը իսկապես ավելացել է, բայց ավել պատառը չի հասցնում բերան քաղցրացնել: Վերջնահաշվարկում՝ գրպանի պարունակությունն այդպես էլ չի ավելանում:

Այլ է ունեւորների պարագայում: Նրանք ավելի են հարստացել, քանզի շատացել են նրանց՝ վարձակալությունից, նվիրատվություններից, առուվաճառքից եկող գումարները (ինչպես ձեւակերպվում է հայտարարագրերում):

Իսկ բնակչությունը տնտեսական աճի թղթաբանությունից ոչինչ չի հասկանում: Նա ուզում է այդ աճը տեսնել շոշափելի, թղթաբանությունից դուրս՝ իր կյանքի ամենատարրական ոլորտներում:

Միայն այդ դեպքում նա կհավատա ու կսպասի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի:

Երկարաժամկետին սպասել կարողանալու համար կարճաժամկետ հավատ է պետք…

 Արամ Ավետյան

Երեւանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները կհամակարգի Տարոն Մարգարյանը

Երեւանի ՀՀԿ տարածքային  կազմակերպության  աշխատանքները  համակարգողի հիմնական  թեկնածուն  քաղաքապետ Տորոն Մարգարյանն է։  Հիշեցնենք, ՀՀԿ կանոնադրությունը  փոփոխվեց  անցյալ շաբաթ տեղի ունեցած  ՀՀԿ համագումարում եւ վերոնշյալ պոստը  նորամուծություն է։  ԳՄ 21 անդամներից  մեկը պետք է համակարգի ՀՀԿ՝ Երեւան քաղաքի ողջ կառույցների աշխատանքը։  Երևանում ունենք 12 տարածքային, 31 շրջանային և  բազմաթիվ սկզբնական  կառույցներ, որոնց աշխատանքը համակարգելու է ԳՄ անդամերից մեկը, եւ իհարկե շատ հնարավոր է,  որ համակարգողը  Տարոն Մարգարյանը լինի»,- ասել են ՀՀԿ աղբյուրչները։  Ըստ այդմա, Տարոն Մարգարյանի թեկնածության,  նաեւ ՀՀԿ  փոխնախագահների հարցը  կորոշվի ՀՀԿ-ի խորհրդի առաջիկա նիստի ժամանակ։

ՀՀԿ ցուցակի առաջին 3 անունները կարծես հայտնի են

Ըստ լուրերի՝ ՀՀԿ 1-ին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել։ Այդ քայլով Սերժ Սարգսյանը ժամանակավորապես հանգստացնում է  Կարեն Կարապետյանին, եւ ՀՀԿ-ում 2-րդ մարդ համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով ցույց տալիս իր իրական տեղը։ 

Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում  ԱԺ ընտրություններում առաջին  3 անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած  ցուցակի 2-րդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, 3-րդը կլինի, հավանաբար, Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է։ Չի բացառվում, սակայն, որ  ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա  իրավիճակի վրա ազդել եւ իր եղբորը՝  Կարեն Կարապետյանին դարձնել  ԱԺ նախագահի հավանական թեկնածու։ Այդ դեպքում՝ ցուցակում 3-րդ հորիզոնականը  կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիրի)։  Այս ամենի շուրջ դեռեւս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն…

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.