Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին: Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը՝ հատկապես բարեփոխումների ոլորտում: Կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը հետաքրքրել են եվրոպացիներին, որոնք ողջունել են այն աշխատանքները, որ տարվում են տնտեսությունում առկա խնդիրների ախտորոշման ուղղությամբ:
«Կառավարությունն այսօր ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից: Փոփոխություններ պետք է արվեն կառավարման համակարգում, տնտեսության զարգացման ծրագրերում, տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա նաեւ քաղաքական մթնոլորտում: Վարչապետն ավելացրել է, որ կառավարության առաջնային խնդիրներից է լինելու մշակել եւ առաջարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների փաթեթ՝ ուղղված նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ առումով, Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ առկա միջավայրի փոփոխությունը, ինչը կնպաստի կոռուպցիոն դրսեւորումների ու ռիսկերի նվազեցմանը եւ ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք քայլեր:
Համազեկուցողները կարեւորել են նշված ուղղություններով կառավարության հետեւողական քաղաքականությունը, նշել, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում եւ հաջողություններ մաղթել բարեփոխումների զարգացման ճանապարհին առաջ գնալու համար: Համազեկուցողներն առանձնակի շնորհակալություն են հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Սիրիայի քաղաքացիներին ընդունելու եւ նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի թվում կարեւորվել են նաեւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ու ազատ եւ արդար անցկացումը:
Բացի կառավարության նախաձեռնած բարեփոխումներից, վարչապետը կարեւորել է նաեւ ՀՀԿ-ի՝ որպես իշխող քաղաքական կառույցի, բարեփոխման ուղին եւ վերափոխվելու ցանկությունը: Այս առումով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ «նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ուղերձ էր հասարակությանն այն մասին, որ բարեփոխումները շարունակվում են եւ սկիզբ են դրվում նոր մոտեցումների: Այդ մոտեցումներին որոշակի առումով ադապտացվելու, հարմավելու, ընկալելու խնդիր ունեն բոլորը»:
Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունների դերի բարձրացմանն ու կուսակցությունների ներքին ժողովրդավարությանը՝ նախարարը հայտնեց, որ քաղաքական դաշտն իր ներսում պետք է ներուժ գտնի փոփոխությունների համար: Հանրապետականների կարծիքով, դրա համար արտաքին ազդակներ կարող են ծառայել նոր իրողությունները, այդ թվում նաեւ իրավական փոփոխությունները, կուսակցություններին առաջադրվելիք օրենսդրական պահանջները: Արդարադատության նախարարը նշեց, որ խորհրդարանական համակարգի անցման թոհուբոհում կուսակցությունների մասին օրենքում եւս արվեցին փոփոխություններ. «Մեր խորին համոզմամբ, կուսակցության գնահատումը չպետք է տան պետական մարմինները: Դրանք պետք է լինեն ընտրությունների արդյունքում ընտրողի գնահատական թե համապետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»:
Բարեփոխումների հիմնական ուղղությունը պետք է դարձնել սոցիալական, քանի որ տարբեր հետազոտություններ հավաստում են, որ մեր երկում աղքատությունը անցել է վտանգավոր սահմանը: ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսումնասիրության արդյունքներով՝ Հայաստանն ու նախկին խորհրդային պետությունները մասնակի ժողովրդավար երկրներ են, որքան ազատ է պետությունը քաղաքականապես, այն առավել ժողովրդավարական է։ Բարձր ցուցանիշ ունեն Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան։ Հայաստանը 9 երկրների շարքում միջին տեղ է զբաղեցնում, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն ու Ադրբեջանը հետնապահներն են։ «Այն պետությունները, որոնք ստորագրել են Եվրաասոցացման համաձայնագիրը եւ հստակ կողմնորոշում ունեն դեպի Եվրաինտեգրման վեկտրով շարժվելու ուղղությամբ, արձանագրել են լավագույն ցուցանիշները»,- ասել է հետազոտական խմբի անդամ Արուսյակ Ալեքսանյանը։
Հայաստանը համեմատաբար բարձր ցուցանիշ ունի խոսքի ազատության, քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների ասպարեզում։ Մինչդեռ բավարար չէ վիճակը կրթության ոլորտում, նախորդ տարի կրճատվել են հատկացվող գումարները։ Հայաստանի արդյունքի վրա բացասաբար է ազդել նաեւ 2009թ. տնտեսական ճգնաժամից հետո այդպես էլ չբարելավվող սոցիալ-տնտեսական վիճակը։ Ըստ հետազոտման արդյունքների, «Հայաստանը չկարողացավ հաղթահարել աղքատության հիմնախնդիրը եւ, ըստ վիճակագրական տվյալների, բնակչության 90%-ը աղքատ է, իսկ 2,3%-ը՝ ծայրահեղ աղքատ»։
Հետազոտողների խումբն առանձին ուսումնասիրել է նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացումը՝ սկսած 1995թ.: Ըստ ուսումնասիրության՝ տարեցտարի որոշակի աճ արձանագրվել է, սակայն կտրուկ վատթարացում է եղել 2015թ.։ Ցածր կլինի նաեւ ժողովրդավարության 2016թ. ցուցանիշը՝ պայմանավորված «Սասնա ծռեր»-ի գործողության ու դրան հաջորդած իրադարձությունների հետ, ինչպես նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմով։
Հետազոտողների խումբը վեր է հանել այն գործոնները, որոնց ուղղությամբ աշխատելու պարագայում Հայաստանի կառավարությունը 2017-ին ժողովրդավարության բարձր մակարդակ կապահովի։
«Մենք ունենք նաեւ հասարակության բեւեռվածության խնդիր՝ ըստ եկամուտների, եւ դա այն գործոններից է, որն առավելապես ազդում է ժողովրդավարության մակարդակի ինդեքսի վրա։ Կրթության մակարդակի բարձրացումը եւս կբերի ժողովրդավարության մակարդակի ինդեքսի աճի, հաջորդ փոփոխականը օրենքի գերակայությունն էր»,- ասել է Արուսյակ Ալեքսանյանը։
Հետազոտությունը կատարելիս ԵՊՀ մասնագետների թիմը հիմնվել է ինչպես հայաստանյան պետական ու մասնավոր, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների տվյալների վրա։
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



