Հայ երեխային ընտանիքից օտարման պատվեր է դրված – Հայաստանում սա վտանգավոր հետեւանքների կհանգեցնի, եթե կյանքի կոչվի «Ընտանեկան բռնության դեմ օրենք»-ի նախագիծը… Համեմատություններ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում…

Կանանց իրավունքների կենտրոնն այս տարվա ընթացքում կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների վերաբերյալ ավելի շատ ահազանգեր է ստացել, քան նախորդ տարում. այս մասին ասել է կենտրոնի  հոգեբան Մարինե Եղիազարյանը՝ վկայակոչելով կազմակերպության Երեւանում ու 7 մարզերում գործող թեժ գծերով ստացված ահազանգերի վիճակագրությունը:

Կենտրոն դիմած կանանց 48%-ն ահազանգել են հոգեբանական, 50%-ը՝ ֆիզիկական, 2%-ը սեռական բռնությունների մասին:

«2010-2015 թթ. ընթացքում ընտանեկան բռնությունների զոհ է դարձել 35 կին»,- նշել է կենտրոնի հոգեբանը: Քննարկման մասնակիցներից «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն ասել է, որ այս տարվա ընթացքում գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության զոհ է դարձել 7 կին: «Սպանության դեպքերը հասարակության անտարբերության ու պետական համապատասխան ինստիտուտների պատշաճ կերպով չգործելու հետեւանք են: Խոսքը, մասնավորապես, ոստիկանության մասին է»,- նշել է կազմակերպության տնօրենը: Պարզաբանվել է, որ զոհ դարձած կանայք կենդանության օրոք դիմել ու ահազանգել են ոստիկանությանը բռնությունների մասին, սակայն ոստիկանությունը շատ դեպքերում անտարբեր է եղել:

Քննարկման համակարգողը հայտնեց, որ իրենք հրավիրել են նաեւ ոստիկանության ներկայացուցչի, սակայն քննարկմանը այդ կառույցից որեւէ մեկը չի ներկայացել: Panorama.am-ի՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ հարցմանը ոստիկանությունից պատասխանել են, որ տեղեկատվության հավաքագրման համար անհրաժեշտ է 30 օր:  

Հիշեցնենք, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան նշում է «Ըննդեմ գենդերային (ավելի նպատակահարմար եւ ճիշտ է՝ սեռային,-Գ.Վ.) բռնության 16-օրյակ»-ը։ Դա համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձեւերի վերացմանը: 16-օրյակի շրջանակներում ակտիվիստները, գիտնականները եւ քաղաքական գործիչները միավորվում են պայքարելու սեռային հիմքով բռնության դեմ եւ օժանդակելու բոլորին՝ ունենալ հավասար կրթության հնարավորություն, միաժամանակ զբաղվելով կանանց իրավունքների պաշտպանությամբ: Այս տարի կարեւորվում է կրթության հիմնախնդիրը, եւ թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ սեռային հիմքով բռնությունը՝ կրթության հավասար իրավունքի իրացման վրա:

Այսօրինակ ուսումնասիրություններն Ադրբեջանում առավել վատ իրավիճակ են ի հայտ բերում: Խնդիրը քննարկվում է Միլի մեջլիսում: Այստեղ լիագումար նիստերից մեկում պատգամավոր Էլմիրա Ահունդովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանում բռնությունների խիստ աճի վերաբերյալ:

Ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ, վիճակագրությունը փաստում է, որ ընտանիքներում կանանց նկատմամբ բռնություններն ավելացել են: Իսկ պետությունը լուրջ միջոցառումներ չի իրականացնում՝ բռնությունները կանխարգելելու համար:

Համեմատության մեջ թե դիտարկենք որոշ հայ տղամարդկանց բռիությունն ու բռնության հակումները, երբ ծեծի են ենթարկում իրենց կանանց, ապա այսօրինակ ադրբեջանցի տղամարդկանց որոշ մասի մոտ այն հասնում է անմարդկայնության: Ծեծը բավարար չնկատելով՝ ոմանք սպանում են, անգամ գլխատում իրենց կանանց…

«Նման մարդիկ պետք է մահապատժի ենթարկվեն: Ծանր հանցագործություն կատարած անձինք, ովքեր գլխատել են իրենց կանանց, բռնության ենթարկել իրենց մանկահասակ երեխաներին, ուրիշ երկրներում դատապարտվում են մահապատժի: Ինչո՞ւ մեզ մոտ նման պրակտիկա չկա»,- ասել է Միլի մեջլիսի պատգամավոր Էլմիրա Ահունդովան: Նա մահապատժի հարցը փորձել է բարձրացնել Ադրբեջանի խորհրդարանում, նշելով, որ պետությունը այս ամենին կարծես թե լուրջ չի վերաբերում, ինչին ի պատասխան՝ խորհրդարանի փոխխոսնակն ասել է, որ անցյալին վերադառնալու անհրաժեշտություն չկա:

Եվ Ադրբեջանում մահապատիժ իրականացնելու հարցը փակված է, անգամ՝ ընտանեկան բռնության համար չի կարող գործադրվել մահապատիժ:

Գոհար Վանեսյան

Հ.Գ. – Այստեղ պետք է կարեւորել մի խնդիր, որը ինչպես այլ դեպքերում, կարող են խառնել գենդերային այս կամ այն խառնափնթոր ձեւակերպման հետ: Դա, այսպես կոչված անապահով ընտանիքների հարցն է, որտեղ սեռային բռնության հետեւանքով կարող է առաջանալ (գուցեեւ՝ շահագրգիռ կողմերն առաջացնեն…) երեխայի անապահով կեցակարգի խնդիր եւ այն կարող է դառնալ երեխային ընտանիքից վերցնելու պատճառ:

Հայաստանում սա վտանգավոր հետեւանքների կհանգեցնի, եթե կյանքի կոչվի «Ընտանեկան բռնության դեմ օրենք»-ի նախագիծը:

Ի՞նչ կարիք կա առանձին օրենք ունենալու, եթե քրօր-ով այդ հարցը կարգավորված է: Այո, ընտանեկան բռնության դեպքեր կան, բայց դա համատարած բնույթ չի կրում, իսկ առանձին դեպքերի մասով, կրկնում ենք, կա քրեական օրենսգիրք: Մինչդեռ առանձին օրենքով «ենթադրացնելու են», որ խնդիրը համատարած է:

Իրականում փանջունիական պատկեր է՝ դասակարգ չկա, կստեղծենք, որ պայքարենք: Դրդապատճառներն ու վտանգավոր հետեւանքը հայտնի են. երեխային ընտանիքից ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ հոգեբանորեն օտարման խնդիր է դրված:

Ի դեպ, տեղեկատվությունում էլ Հայաստանը Ադրբեջանի հետ համեմատությամբ է: Սա հենց այնպես չէ:

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։