Հավատ չներշնչող քայլերը – Մոսկվայի «ֆորպոստային» այս նոր խաղերը կրկին հուշում են, որ չի բացառվում, որ հայ-ռուսականից բացի, նաեւ ռուս-ադրբեջանական միացյալ զինված ուժեր եւս առաջանան…

Վերջերս հայ-ռուսական հետզհետե խորացող հակասություններին, որն առնչվում է տարբեր ոլորտներում ռուսական կողմի ոչ բարեկամական դրսեւորումների հետ (ինչպես՝ մեր թշնամի պետությանը՝ Ադրբեջանին զանգվածային զենքի վաճառքը, ռուսաց լեզվին՝ մեր միատարր երկրում պետական կարգավիճակ տալու հարցը, Արցախի խնդրում ոչ հայանպաստ քաղաքականությունը եւ ՀԱՊԿ անգործությունը, Թուրքիայի հետ ռուսական կողմի հայավնաս կապերի ամրապնդումը, նաեւ համաթուրքական դաշինքի ԱՊՀ-ական երկրների հետ հայկական շահերի անտեսումը, շատ հայերի նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը Ռուսաստանում եւ այլն), ավելացավ եւս մեկը՝ հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորումը:

Հայաստանում մեծամասամբ ու առավելապես ամրացավ այն միտքը, թե դեռ մեծ հարց է՝ մեր երկրի ավտանգության ամրապնդու՞մ է, թե՞ հերթական պարտադրված քայլ՝ մեր ինքնիշխանությունը զիջման տանող:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արդեն ներկայացրել է, թե ինչ նպատակներ է ունենալու հայ-ռուսական ԶՈւ-ի միացյալ խմբավորումը: «Այդ խմբավորումը, մեծ հաշվով, ստեղծվել է վաղուց։ Ամեն տարի, 2000թ. ի վեր, սեպտեմբերի 27-ին մենք նշում ենք այդ խմբավորման ստեղծման տարեդարձը։ Դրա հիմքը 16 տարի առաջ զինված ուժերի կիրառման համատեղ պլանավորման հարցերի վերաբերյալ Սոչիում ստորագրված համաձայնագիրն է, որը նախատեսում էր խմբավորման ստեղծում, ինչը եւ արվել էր երկու երկրների Գլխավոր շտաբերի պետերի համապատասխան հրամանագրերով»,- նոյեմբերի 26-ին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Վիգեն Սարգսյանը:  

Ըստ նախարարի, նոր ստորագրվող համաձայնագիրը միջպետական մակարդակում է ապահովելու համատեղ խմբավորման գործունեության իրավական եւ նորմատիվային հենքը։ Բացի այդ, համաձայնագիրը հաշվի է առնելու գոյություն ունեցող իրողությունները եւ շտկելու է դրա գործունեության նպատակները, խնդիրները, կազմը, հակագործակցության կազմակերպումը եւ կառավարման համակարգը, տեխնիկական ապահովման հարցերը, տեղակայման կարգը եւ շատ այլ հարցեր։ «Այս միացյալ խմբավորման հիմնական խնդիրն է Հայաստանի ու Ռուսաստանի դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական վտանգը ժամանակին բացահայտելը եւ դրան դիմակայելը ՀՀ եւ ՌԴ ԶՈւ-երի համագործակցության միջոցով»,- հայ-ռուսական միացյալ խմբավորման նպատակների մասին խոսելով ասել է մեր պաշտպանության նախարարը։

Նոյեմբերի 27-30-ը ծրագրված այցի ընթացքում նախարարն այցելել է Դոնի Ռոստովում գտնվող ՌԴ Հարավային ռազմական օկրուգ, ապա մեկնել Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների, որի արդյունքում ստորագրվել է «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը եւ 2017թ. երկու գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը։

Նոյեմբերի 30-ին նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ 71-րդ նիստին, որտեղ քննարկվել են ԱՊՀ երկրների ՊՆ-ների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2017թ. ծրագրված համատեղ աշխատանքային ուղղությունները:

Որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, ինչպես նաեւ հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության եւ դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական ու կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի եւ Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ:

Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում երկու երկրների միջեւ էլ ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմերը հաստատել են նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության

պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը»: Հայաստանի ու Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպմանը ստորագրվել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:

Եվ այսպես՝ նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին արտերկրյա այցը դեպի Ռուսաստան եղավ:

Այս բոլոր պայմանավորվածություններն ի չիք են դառնում, երբ Հայաստանը սահմանային խնդիրներ է ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Սիրիական իրադարձությունների ժամանակ ռուսական կողմը համոզվեց, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ չի դադարեցրել իր նկրտումները: Ուստի, Գյումրիի ռուսական ռազմաբազան վաղուց դադարել է մեզ համար լինել ապահովության եւ անվտանգության կետ: Եվ մի դատարկում անենք, թե առհասարակ Հայաստանի ո՞ր զորամասերն են ենթարկվում ռուսական կողմին:

Փաստորեն, Ռուսաստանն ու Հայաստանը միացյալ զորախումբ ստեղծելու ուղղությամբ ավելի լուրջ աշխատանքներ են սկսել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախագծին ու հանձնարարել Հայաստանի հետ բանակցել՝ պայմանագիր ստորագրելու համար։ Բայց ինչու ենք մենք հերթական անգամ ռուսներից իմանում նման պայմանագրի գոյության մասին։ Ինչու՞ ենք ռուսական կողմի հետ կապված ամեն բան ի հայտ բերում վերջին պահին: Այս ամենն արդեն անհանգստացնող բնույթ է ստանում, քանի որ պատմության էջերի պարզ ընթերցումն անգամ հուշում է, որ «հայ-ռուսական դարավոր բարեկամությունը» մեզ համար առավելապես բարեկամական ու դարավոր չի եղել… Այն գրեթե միշտ միակողմանի շահավետ է եղել եւ միայն՝ ռուսական կողմի համար: Անկախ այն հանգամանքից՝ Ռուսաստանը հակադրության մեջ է եղել Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, թե Վրաստանի հետ…

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն անհանգստացած է. «Տպավորություն է ստեղծվում, որ գոյություն ունի նման զորամիավորում կամ ունեցել է, ու նոր օրինականացվում է»: Չնայած ռուսական կողմը նոր է նման հայտարարություն անում, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է՝ զորախումբը նոր չէ, գործում է արդեն 10 տարի։ «Դա նույն զորախումբն է, որն իր խնդիրները կատարում է: Վերջին 2 տարիների ընթացքում որոշակի խնդիրների հստակեցման եւ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակը։

Հայկական կողմի համար կարող է հատկապես վտանգավոր լինել զորամիավորման կազմում Հայաստան-Նախիջեւան սահմանը պահող 4-րդ բանակային կորպուսի զորամասերի ընդգրկումը։ Քանզի Ադրբեջանի հետ սահմանի այդ հատվածի հսկողությունը հայտնվում է ռուսների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Նախիջեւանի կողմից նաեւ թուրքեր եւ ադրբեջանցիներ են հատել մեր երկրի սահմանը՝ հայտնվելով հայկական գյուղերում, հայ-թուրքական սահմանի կողմից նաեւ քրդեր են հայտնվել մեր տարածքում եւ այլն…

Իսկ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, չի կարող պատասխանել կա՞ն արդյոք միացյալ միավորներ, պարզվում է դա գաղտնի տեղեկություն է եւ չի հրապարակվում… բայց դա այն զորախումբն է, որի հրամանատարն է գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ «Ընդգրկված են որոշ զորամասեր, հիմա չեմ կարող թվարկել»,- եզրափակել է ՊՆ մամուլի խոսնակը: Իսկ գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել այս տարվա հուլիսի 7-ին՝ ազատվելով նույն՝ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

«Ռուս-հայկական պայմանագրում բարդություններ կան»,- նկատում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ զորամիավորումը ղեկավարելու է ռուսական բանակի Հարավային ռազմական օկրուգի գլխավոր շտաբը։ «Ամենաէականն այն է, թե իրավունքները ոնց են բաշխվում։ Պատերազմական վիճակում Հայաստանը զրկվում է որոշումներ կայացնելու իրավունքից»,- նշում է քաղաքագետը, ապա հավելում, որ չնայած թղթի վրա խոսվում է միացյալ զորամիավորման նկատմամբ Ռուսաստանի ու Հայաստանի հավասար իրավունքների մասին, բայց դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ հայկական կողմն ընդդիմանում է ռուսների որոշումներին։

Մենք եւս համաձայն ենք, որ որեւէ մեկն իրավունք չունի մարդուց խլել պաշտպանվելու իրավունքը։ Մենք դա պատերազմի ժամանակ տեսանք, ի՞նչ եղավ, որ հրաման չտրվեց, ո՞նց եղավ, որ օգնություն չուղարկվեց եւ այսպես շարունակ… Իրականությունն էլ այսպիսին է՝ հրամաններ տվողներ չեն եղել, քանի որ լիազորված չէին։ Նախկին շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովը (այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար) ասել է, թե տեղյակ չէր, իսկ գուցե շատ հարցեր դեռ «Մոսկվայու՞մ են ճշտվում… հետո նոր տեղյակ են լինում: Բայց գիտենք, թե ինչքան ուշ է լինում այդ ժամանակ: «Նախկին շտաբի պետը Ռուսաստան էր գնացել, որ էնտեղից հրաման բերի՞…»,- հարցնում է Մանվել Սարգսյանը։ Ապրիլյան պատերազմում առաջնագծի անորոշ վիճակը ցույց տվեց, թե ինչ կարող է սպասվել հայկական կողմին: Այժմ՝ առավել եւս անորոշություն կտիրի, եթե հայկական զորամասերից որոշներն անցնեն ռուսական հրամանատարության տակ. համոզված են բազմաթիվ հայ զինվորականներ ու ազատամարտիկներ:

«Երկու երկրների ուժերով ստեղծվելիք ռազմական միավորը գործելու է Ռուսաստանի բանակի Հարավային ռազմական օկրուգի կազմում եւ կոչված է լինելու պաշտպանել ՌԴ-ի հարավային սահմանները»,- այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքսը»։ Այսինքն՝ Հայաստանը նորից դիտարկվում է որպես «Ռուսաստանի ֆորպոստ», բայց հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական կողմի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք հայտարարում էին, թե «Ադրբեջանն է Ռուսաստանի ֆորպոստը Կովկասում»… Մենք, իհարկե, հակված չենք այս կամ այն երկրի զուտ հենարանը դառնալու, ճիշտը երկկողմանի փոխշահավետ պայմանավորվածությունն է, բայց Մոսկվայի «ֆորպոստային» այս նոր խաղերը կրկին հուշում են, որ չի բացառվում, որ ռուս-ադրբեջանական միացյալ զինված ուժեր եւս առաջանան, ինչը հաստատ կհայտնվի ՀՀ-ԼՂՀ սահմանագծին…

Դառնալով խնդրին՝ նշենք, որ այսօր հայտարարված է, թե ռուս-հայկական ռազմական զորախմբի ղեկավարումը գտնվելու է համատեղ հրամանատարության ձեռքում, որի հրամանատարը նշանակվելու է Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Այսինքն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Խաղաղ ժամանակ հրամանատարությունը գտնվելու է Հայաստանի ղեկավարման ներքո, իսկ պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի Հարավային ռազմական օկրուգի գլխավոր շտաբի պետի ղեկավարման ներքո։ Եվ փաստացի ստացվում է, որ պատերազմի կամ լուրջ բախումների ժամանակ անգամ մեր երկրի նախագահը չի կարող տիրապետել այդ միացյալ զինուժին:

Իսկ մեզ այսպես են ներկայացնում. գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ընդգծել է նաեւ, որ «Միացյալ զորախումբը սահմանված պատասխանատվության շրջանակում նախատեսված է հակազդելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը»: Այսքան բան:

«Լուսանցք»-ն ասել եւ ասում է՝ Հայաստանի ու հայության ամենավստահելի ուժը հայկական բանակն է, որին էլ պիտի վստահել երկրի սահմանները: Միայն այսպես կարելի է զգալ պաշտպանված եւ լինել անվտանգ՝ ամենօրյա վստահությամբ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 41 (431), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։