Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. Առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանն 1-ին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում… Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում… «Ուրարտու» բասկետբոլային թիմի ճակատագիրը… Շախմատային խաչմերուկ… Այլ մարզական լուրեր…

Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ փուլը, դրա հետ միասին նաեւ մրցաշրջան-2016-ը:

Տարվա վերջին պաշտոնական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը իր հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: 2 թիմերն էլ 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրգ ոչ-ոքի:

«Ալաշկերտ»-ը վաստակեց 30 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: «Փյունիկ»-ը 3 միավոր քիչ ունի եւ այժմ «Գանձասար-Կապան»-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Կայացած 17 փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակ»-ը, որն իր ակտիվում ունի 34 միավոր: Հենց այդ 4 թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս 2 մասնակիցները՝ Երեւանի «Բանանց»-ն ու «Արարատ»-ը, բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով:

Առաջնությունում այժմ երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ փուլը, կկայանա 2017թ. մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը:

Մխիթարյանը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է չեմպիոն դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար անգլիական Պրեմիեր լիգայում։ 14-րդ տուրից հետո «ՄՅու»-ն զբաղեցնում է 6-րդ տեղը եւ առաջատարից՝ «Չելսի»-ից հետ է մնում 13 միավորով։ «Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ «ՄՅու»-ն «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում էր 8 միավորով, սակայն, ի վերջո, զիջեց այդ արշավում։ Այնպես որ, ամեն բան հնարավոր է։ «ՄՅու»-ն պետք է սկսի հաղթել։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից եւ շարժվենք առաջ։ Լավ արդյունքներ կունենանք։ 

Յուրաքանչյուր խաղ կարեւոր նշանակություն ունի։ Դուք չեք կարող մեկ խաղով դատել թիմի մասին։ Կարելի է պարտվել հետնապահին, այնուհետեւ առավելության հասնել թոփ մրցակցի նկատմամբ ու, միեւնույն է, չհայտնվել լավագույն քառյակում։ Գիտեմ, թե ինչ ճնշում է գործադրվում «ՄՅու»-ի վրա։ Բոլորը մեզանից հաղթանակ ու մրցանակներ են ակնկալում։ Եթե պատրաստ չլինեի դրան, այստեղ չէի գա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը։

Հենրիխ Մխիթարյանն 1-ին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր 1-ին գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Դա տեղի ուենցավ այսօր՝ ուկրաինական «Զարյա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում: Մեր ֆուտբոլիստը հանդիպման 48-րդ րոպեին գեղեցիկ անհատական անցում ձեռնարկեց եւ հաշվենկատ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսի վերջում Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց հաշիվը եւ ամրապնդեց իր թիմի հաղթանակը՝ 2:0: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ մտավ 1/16 եզրափակիչ:

Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը ստորագրել են երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում եւ հարաբերությունների  խորացում:

«Մենք արդեն ունենք նման հուշագիր Հոլանդիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Հիմա էլ ստորագրեցինք Հայաստանի հետ: Մենք արձանագրել ենք, թե որ ոլորտներում ենք փոխադարձ օգտակար լինելու միմյանց: Ինքս շատ դրական եմ գնահատում այս հուշագիրը, քանի որ մեր երկրների միջև ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է: Մեր ազգային հավաքականն արդեն անցկացրել է մարզական հավաք այստեղ, և բոլորը շատ գոհ են մնացել: Որոշել ենք այս շփումներն ավելի զարգացնել: Հայկական եւ իրանական ֆուտբոլի համագործակցությունը շատ հին պատմություն ունի»,- ասել է ԻԻՀՖՖ նախագահ Մեհդի Թաջը:

«Մենք դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել: Արդեն ունեցել ենք ընկերական խաղեր անցկացնելու փորձ՝ ֆուտբոլի եւ ֆուտզալի ազգային հավաքականների մակարդակով: Ես գտնում եմ, որ ցանկացած նման շփում փորձի փոխանակման տեսանկյունից երկուստեք օգտակար կլինի ֆուտբոլի զարգացման համար, եւ դրական արդյունք կտա: Հայաստանը եւ Իրանը շատ մոտ են իրար: Առաջարկը եղել է իրենց կողմից, որի համար ես շատ շնորհակալ եմ»,- նշել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«ՖԻՖԱն այդպես էլ ՈՒԵՖԱին չի ուղարկել աշխարհի առաջնությունների բարեփոխումների բնութագիրը»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստովանել է, որ ՖԻՖԱ-ի կողմից կոնկրետ առաջարկ չի ստացել, թե այդ կազմակերպության ղեկավար Ջաննի Ինֆանտինոն ինչպիսի ձևաչափով է ցանկանում անցկացնել աշխարհի առաջնությունները՝ սկսած 2026թ. մրցաշարից։ Ավելի վաղ Ինֆանտինոն մեկ անգամ չէ հայտարարել, որ մտադիր է ավելացնել Մունդիալի մասնակիցների քանակը՝ այն հասցնելով 48-ի։

«Ես չեմ ուզում խոսել այդ նոր ձևաչափի մասին, որովհետեւ մենք տեղեկություն չունենք,- Չեֆերինի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հիմա ունենք 32 թիմից բաղկացած համակարգ, եւ այն աշխատում է։ Հոկտեմբերին ՖԻՖԱ-ն խոստացավ ուղարկել մեզ առաջարկվող տարբեր ձեւաչափերի մանրամասն վերլուծությունը, սակայն մինչ օրս չի կատարել իր խոստումը։ Մենք միայն մամուլով ենք ծանոթանում նոր ձեւաչափերին»։

2019թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչeu 19 տարեկանների 2019թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։ Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար: Անցկացման հստակ ժամկետները եւ մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

ՈՒԵՖԱն որոշել է «Եվրո-2020»-ի տանտեր քաղաքների՝ զույգերի բաժանման չափորոշիչները

ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում, որը կայացել է Նիոնում, հաստատվել է «Եվրո-2020»-ի տանտեր քաղաքների՝ զույգերի բաժանման սխեման։ Մրցաշարը, հիշեցնենք, կանցկացվի ոչ ստանդարտ սխեմայով։ Այն ոչ թե կոնկրետ երկիր կընդունի, այլ 13 քաղաք՝ ամբողջ Եվրոպայից։

Զույգերի բաժանման ժամանակ կկազմվեն մի շարք տարբերակներ՝ ելնելով մարզական ուժից, այլ կերպ ասած՝ հաշվի կառնվեն եզրափակիչ մտած բոլոր թիմերը, քաղաքների միջև հեռավորությունը եւ, եթե պահանջվի, սահմանափակումները՝ կապված անվտանգության ու քաղաքական գործոնի հետ։ ՈՒԵՖԱ-ում կորոշեն քաղաքների 5-6 զույգ՝ հենվելով վերը նշված չափորոշիչների վրա, եւ տարբերակներից մեկը վիճակահանությամբ կհաստատվի 2017 թ. նոյեմբեր-դեկտեմբերին։ Ավելացնենք, որ «Եվրո-2020»-ը կհյուրընկալեն Բաքուն, Բրյուսելը, Կոպենհագենը, Լոնդոնը, Մյունխենը, Բուդապեշտը, Դուբլինը, Հռոմը, Ամստերդամը, Բուխարեստը, Սանկտ-Պետերբուրգը, Գլազգոն, Բիլբաոն։:

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի ծանրորդներն առաջին մեդալը նվաճեց մինչեւ 20 տարեկանների մրցաշարում մեր 77 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը համառ պայքարում գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի: Նա երկամարտում ցույց տվեց 326 կգ (149+177) արդյունք՝ ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցնելով լատվիացի Ռիտվարս Սուխարեւսից եւ ռումինացի Դորու Ստոյանից, ովքեր զբաղեցրին, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ տեղերը:

Հ.Գ. – Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն: Մինչեւ 20 տարեկանների 75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող 18-ամյա Սոնա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ մարզուհին պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 96 կգ եւ հրել 122 կգ` երկամարտի 218 կգ արդյունքով նվաճելով արծաթե մեդալ։ Մինչեւ 20 տարեկանների 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը, պոկելով 150 կգ եւ հրելով 196 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել մինչեւ 20 տարեկանների պայքարում հանդես եկող, 77 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, մինչեւ 23 տարեկանների 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Օլթեցյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ, իսկ կանանց պայքարում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 20 տարեկանների պայքարին մասնակցող, 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:

Հ.Գ. – Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունումՄինչեւ 23 տարեկանների մրցումներում 85 կգ քաշային կարգում Տիգրանը Կարապետյանը երկամարտի 342 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ: Գերծանրքաշայինների (+105 կգ) պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր (412 կգ)։ Մինչեւ 20 տարեկան մարզիկ Գոռ Մինասյանը գերծանրքաշային կարգում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն – Իսրայելի Էլիաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդաների Եվրոպայի առաջնության մինչեւ 20 տարեկանների պայքարում Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը կրկին փայլել է: Գերծանր քաշայինների պայքարում Մարտիրոսյանը, պոկելով 180 կգ եւ հրելով 220 կգ, երկամարտի 400 կգ արդյունքով վստահ հաղթանակ է տոնել՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

Բռնցքամարտիկ Ալոյանը մեղադրել է իր բժիշկներին

Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտարարել է, որ օլիմպիական արծաթե մեդալից զրկվել է իր բժիշկների պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մարզիկին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, եւ բժիշկները մոռացել են ձեւակերպել թերապևտիկ բացառությունը։

«Ամեն դեպքում՝ այդ որոշումը կբողոքարկվի։ Այժմ հնարավորությունների մասին խոսելը բարդ է,- Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես արդեն, գիտե՞ք, այս իրավիճակում ոչնչի չեմ հավատում, իսկ գուցե ինչ-որ տեղ դեռ հուսալու հնարավորություն կա։ Թերապևտիկ բացառությունը չի օգտագործվել այն պատճառով, որ փաստաթղթերը չեն ձեւակերպվել։ Դա բժիշկների սխալն է, եւ խնդրի էությունը հենց դրա մեջ է։ Ես նրան ասացի, որպեսզի դա անի։ Նա ինձ ասաց, որ դա կարելի է ընդունել, եւ ես այդ դեղամիջոցն ընդունեցի հավաքների ժամանակ։ Այդ փաստաթուղթը ես չպետք է ձևակերպեի, ոչ էլ մարզիչները։ Հավաքականի բժիշկ Կլյագինին խնդրեցի դա անել, նա չարեց, եւ ահա ծագել է այս մեծ խնդիրը»։

Սամբոյի 2016թ. մարզական տարվա միջազգային մրցաշարերի վերջակետը դրվելու է Կիպրոսում – Այստեղ դեկտեմբերի 9-ից 11-ն անց է կացվում Ուսանողների աշխարհի առաջնությունը, իսկ դեկտեմբերի 12-ից 15-ը՝ դեռահասների /կադետների/: Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ կմտնեն նաեւ Հայաստանը ներկայացնող ուսանող ու դեռահաս սամբիստները:

Ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասել է մինչեւ եզրափակիչ, ուր հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի Դավիթ Հովհաննիսյանի հետ: Արդյունքում հաղթել է Դավիթը, իսկ Էդիկն արժանացել է արծաթե պարգեւի: Ի պատիվ հաղթողների՝ հնչել է «Գաուդեամուս» ուսանողական օրհներգը:

Լեւոն Արոնյանը հաղթեց Մայքլ Ադամսին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց Լոնդոնի Chess Classic մրցաշարը: Առաջին փուլում նա սպիտակներով մրցեց անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ: Սկզբնախաղում հավասար պայքար էր ընթանում, սակայն հետագայում սպիտակների թագուհին հաշվենկատ քայլերով մրցակցին ստիպեց սխալվել: Սեւերը շուտով որակ կորցրին եւ 41-րդ քայլին անձնատուր եղան:

Առաջին փուլում հաղթանակներ տարան նաեւ Վլադիմիր Կրամնիկն ու Ուեսլի Սոն: 2-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի շախմատիստի հետ:

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն աշխարհի արագ եւ կայծակնային շախմատի առաջնություններին

Դեկտեմբերի 26-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենան աշխարհի արագ եւ կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը եւ մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ: Ընդհանուր առմամբ այս պահին մրցաշարին մասնակցելու համար գրանցվել է 118 շախմատիստ, որոնց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս:Ավելացնենք, որ կարեւորագույն այս ստուգատեսի գլխավոր մրցավարն է լինելու միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Հովհաննես Գաբուզյանը՝ Հռոմի բաց առաջնության բրոնզե մեդալակիր

Իտալիայում ավարտվեց այս տարի առաջին անգամ կազմակերպված շախմատի Հռոմի բաց առաջնությունը, որին, ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։ 6-րդ փուլից հետո նա 5,5 միավորով Վիտալի Կոզիակի հետ միասին կիսում էր 1-2-րդ հորիզոնականները։ Վերջինիս հետ էլ նա հանդիպեց 7-րդ փուլում։ Խաղացին ոչ ոքի։ 8-րդ փուլում մեր շախմատիստը պարտվեց Եվգենի Ռոմանովին, իսկ վերջին փուլում հաղթեց Սերգեյ Բեշուկովին։

Արդյունքում՝ 7,5 միավորով Եվգենի Ռոմանովը դարձավ 1-ինը, Վիտալի Կոզիակը 7 միավորով 2-րդը, Հովհաննես Գաբուզյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը։

«Ուրարտու» բասկետբոլային թիմը միայն ֆինանսական խնդրի զոհ չէ

«Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից դուրս է եկել ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով: Առաջին խնդիրն այն էր, որ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ ունենանք ելույթների համար: Երկրորդ, մենք հնարավորություն չունեինք փոխարինել վնասվածք ստացած խաղացողներին: Այդ իսկ պատճառով իրար հետեւից 9 պարտություններ կրեցինք, որի հետեւանքով հոգեբանական խնդիրներ առաջ եկան բասկետբոլիստների մոտ: Մենք հասկացանք, որ պարտվելու ենք նաեւ մնացած խաղերում: Իսկ դրա համար գումարներ ծախսելն իմաստ չուներ»,- ասել է  «Ուրարտու»-ի նախագահ Արա Պողոսյանը:

Բայց ակումբը չի կազմալուծվել եւ շարունակելու է գործունեությունը, ինչը հույս է տալիս նորից մտածել, որ հայկական բասկետբոլը կվերականգնի իր լավ ավանդույթները, թե տղամարդկանց, թե կանանց մրցաշարերում: Ըստ ակումբի նախագահի՝ 2017թ. մտադիր են անցկացնել մի քանի ընկերական խաղ, որոնց ժամանակ կաշխատեն ընդգրկել հավաքականի բասկետբոլիստներին, որպեսզի նրանք միշտ լավ մարզավիճակում լինեն, քանի որ եկող տարի մեր ընտրանին առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Հետագայում կարող է նոր տարբերակներ գտնվեն պաշտոնական մրցաշարերին մասնակցելու համար: Թիմի նպատակը մնում է նույնը, ամեն ինչ անել բասկետբոլը հանրապետությունում զարգացնելու համար, որն այնքան էլ շատ գումարներ չի պահանջում, ինչպես, ասենք, ֆուտբոլը:

Այն, թե «Ուրարտու»-ն որքանով կնպաստի Հայաստանում բասկետբոլը զարգացնելու եւ մասսայականացնելու գործին, ցույց կտա ժամանակը, ափսոս, որ ռուսական կողմը անհարմար պայմաններ թելադրեց մեր թիմի մասնակցության համար:

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցան բասկետբոլի Եվրոպայի 2017թ. առաջնությունների, ինչպես նաև աշխարհի 2019թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Եվրոպայի 2017թ. առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքականներ: Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2019-ի ընտրական առաջին փուլում հայտնվեց A ենթախմբում, որն իր կազմով ամենաուժեղն է: Այստեղ մեր ընտրանու մրցակիցներն են Սլովակիայի, Շվեդիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականները:

Տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2017թ. «Բ» դիվիզիոնի առաջնությունում հայտնվեց A ենթախմբում, որտեղ կմրցի Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի, Բելառուսի եւ Մալթայի ընտրանիների հետ:

Մեր մինչև 16 եւ 18 տարեկանների տղամարդկանց հավաքականները նույնպես իմացան իրենց մրցակիցներին: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի 16 տարեկանների հավաքականը մրցելու է Մալթայի, Ջիբրալթարի, Մոլդովայի եւ Ուելսի հետ: 18 տարեկանների մրցակիցներն են լինելու Կոսովոյի, Նորվեգիայի եւ Կիպրոսի հավաքականները:

Կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնում կմրցի Ջիբրալթարի, Ուելսի եւ Մոնակոյի թիմերի հետ, իսկ 18 տարեկաններն ուժերը կչափեն Կոսովոյի, Մալթայի, Կիպրոսի եւ Ջիբրալթարի ընտրանիների հետ:

Էմմա Պողոսովան եւ Հայկ Բարսեղյանը Վրաստանում ճանաչվել են 1-ինը

Հայաստանի երիտասարդ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում:

Խոցասուսերի աղջիկների մրցումներում հաղթող է ճանաչվել Էմմա Պողոսովան: Նույն զենքաձեւի տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայկ Բարսեղյանը, 2-րդ՝ Էդուարդ Օվիկյանը, 3-րդ՝ Արման Գրիգորյանը: Ճկասուսեր մրցաձեւում բոլորից հաջող հանդես է եկել Արմեն Դալլաքյանը, որը տղաների պայքարում գրավել է 2-րդ տեղը: Աղջիկների ճկասուսերում մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել Արփինե Աթոյանը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Իրանի երիտասարդ սուսերամարտիկները:

Շարապովան 3 ժամանոց պարապմունք է անցկացրել

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 3 ժամանոց պարապմունք է անցկացրել կորտում։ Այդ մասին տեղեկատվությունը նա հրապարակել է «Instagram»-ի իր էջում։

Ավելացնենք, որ նա որակազրկվել է մելդոնիա օգտագործելու համար, պաշտոնական մրցումների կարող է մասնակցել 2017 թ. ապրիլի 26-ից։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։

Մարգարիտա Գասպարյանը բարելավել է դիրքերը

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է թենիսի համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը։ Մեկ աստիճանով բարձրացել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով այժմ 117-րդն է։
Աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը պահպանել է գերմանացի Անժելիկա Կերբերը։ Տասնյակում են նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսը, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ռումինացի Սիմոնա Հալեպը, սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան, չեխ Կարոլինա Պլիշկովան, իսպանացի Գարբինե Մուգուրուսան, ամերիկացի Մեդիսոն Քիզը, ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան եւ բրիտանացի Ջոանա Կոնտան։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org -ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.