Մի քանի խնդրանք՝ վարչապետի ժողովրդահաճ գործելակերպը հաշվի առնելով – Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի օլիմպիական ոսկե մեդալի եւ  հանրահայտ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակի առաջարկները …

Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ ուղղված այս բաց դիմումիս պատճենն ուղարկել եմ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

2016թ. սեպտեմբերի 19-ին էլ բաց դիմում եմ հղել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկու խնդրանքներով. առաջին եւ գլխավոր՝ 2016թ. օլիմպիադայում բազում անարդարությունների զոհ դարձած հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի եւ, ի դեմս նրա, մեր պետության արծաթե մեդալը փոխարինել տալ օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալով, երկրորդ՝ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակի եւ եզակիորեն միակ մրցախաղով օլիմպիական չեմպիոնության 60-ամյակի առթիվ, հայոց մեծ սպորտին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան արժանացնել  առանձնահատուկ շնորհների:

Այդ դիմումի 1-ական պատճենները ուղարկել եմ նշված մարզական գործիչներին, մասնավորապես՝ ԱՕԿ-ի նախագահին հասցեագրված ուղեկցական դիմումում խնդրելով հետամուտ լինել նաեւ, ՄՕԿ-ի միջոցով, լուսահոգի Հրանտ Շահինյանի ընտանիքին, Ալբերտ Ազարյանին, Արկադի Անդրեասյանին, կորուսյալ օլիմպիական մեդալների փոխարեն, դրանց կրկնօրինակները հատկացնելու հարցալուծմանը: Բաց դիմումի տեքստը տպագրվել է «Լուսանցք» շաբաթաթերթում: 

Վաղուց սպառվել է ՀՀ օրենքով սահմանված 1-ամսյա ժամկետը, սակայն բուն հասցեատերերից որեւէ (թեկուզ գեթ բանավոր) պատասխան չեմ ստացել:

Սույն պայմաններում ստիպված եմ խնդրել Ձեր անմիջական  օժանդակությունը:

Նախ շեշտեմ, որ ոչ միայն ազգակցական կապեր չունեմ Միհրան Հարությունյանի  հետ, այլեւ անձամբ ծանոթ իսկ չեմ: Իմ համառ հետեւողականության՝ ա) միակ դրդապատճառը բարձրագույն արդարության ու հայոց ընդհանուր շահերի վրա խարսխված նպատակն է՝ Միհրան Հարությունյանին, ուստիեւ մեր բովանդակ պետությանն ու ազգին  վերադարձնելու օրինավաստակ օլիմպիական ոսկին, բ) միակ դրդիչը՝ բազմահազար (ոչ միայն հայ ու ոչ միայն մարզասեր) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համապատասխան արդարահաղթ ակնկալիքներն ու հանրային սպասումները, գ) իրատեսական հիմքն էլ՝ օլիմպիական շարժման պատմության մեջ արդեն իսկ գրանցված, անհերքելի եւ հենց օգտագործելի իրավափաստական նախադեպերը, որոնք շարադրել եմ նույն «Լուսանցք» թերթի 2016թ. սեպտեմբերի 16-22-ի համարում հրապարակված հոդվածիս վերջին մասում: Այստեղ հավելեմ  միայն, որ եթե 1948թ. նախադեպի պարագայում, նախատեսված 1-ի փոխարեն, միանգամից 3 ոսկե մեդալներ էին շնորհվել, այն էլ՝ միեւնույն երկրի ներկայացուցիչներին, եւ՝ դեռ նույնիսկ, Օլիմպիական խարտիայի չվերացված խախտումներով, լրացուցիչ արծաթե, բրոնզե մեդալներ, եթե 2002թ. նախադեպի պարագայում, նախատեսված 2 ոսկիների փոխարեն, 1-ին եւ 2-րդ տեղագրավ զույգերի միավորների հետփաստյա զուտ «վարչահրամայական» համահավասարեցմամբ, ի վերջո 4 ոսկիներ էին շնորհվել, ապա մեր (2016թ.) դեպքում, առկա փաստացի հավասար վերջնամիավորների (1:1) հաշվառմամբ, 1 ոսկու փոխարեն միայն 2-ը կարող են տրվել, այն էլ՝ տարբեր երկրների պատվիրակների, եւ՝ ակնհայտորեն անհամեմատ արդար ու օրինական հիմունքներով, քանզի Միհրանը, դեյուրե չպարտվելով, դեֆակտո հաղթել է…

Ավելորդ չէ ընդհանրացնել, որ Միհրանի, մեր ողջ երկրի օլիմպիական ոսկեւորումն ավելի քան ծանրակշիռ ու պատմակշիռ «կապիտալ ներդրում» կնշանավորի, ընդսմին՝ ոչ սոսկ չոր նյութական մակրոտնտեսության մեջ. էապես կաճեցնի Հայաստանի եւ համայն հայության բարոյաքաղաքական վարկանիշը, իսկ հենց միայն 2016թ. օլիմպիադայի մեդալակիր երկրների աղյուսակում ՀՀ-ն կբարձրանա 37-րդ տեղը (2 ոսկի+ 2 արծաթ), ամբողջ մեգատարածաշրջանում էլ դուրս գալով 2-րդ տեղը (զիջելով միայն 80 միլիոնանոց Իրանին), ինչին Հայաստանը դեռ չի հասել միջազգայնորեն վարկանշավորվող որեւէ այլ փոքրիշատե նշանակալի հանրային ոլորտի՝ տնտեսաչափական կամ իրավաչափական համաթվերով (ինդեքս):

Մամուլից տեղյակ ենք, հարկավ, որ մեր մարզական իշխանությունները պաշտոնական բողոք են ներկայացրել Միհրանի գործով (հատկապես հենց՝ գորգի մրցավարի կողմից, հանցակիցների թողտվությամբ, Միհրանին միտումնավոր, անարդար տրված «պասիվությունների համար» նախազգուշացումների մահանայով 1 «ոսկեզրկիչ վերջնամիավորի դեմ»), բայց ինչո՞ւ որեւէ տեղեկույթ չեն հրապարակում բողոքարկման գործի ընթացքի եւ գոնե միջանկյալ արդյունքների մասին…

Իսկ թե, միով բանիվ, մեր պետությունը չի կարողանում կամ, առավել եւս, չի կամենում լույսի պես պարզ եւ փայլուն լուծելի  հիմնախնդիրը լուծել, ապա ինչպե՞ս է դիմադարձելու շատ ավելի բարդ ներքին ու արտաքին մարտահրավերներին: Թող չուզողն էլ, չարաչար մոլորվողն էլ խոնարհ ազգածառաս լինի…

1988թ. բազմավեր երկրաշարժի տարելիցի կապակցությամբ թույլ տվեք նաեւ անձամբ Ձեր ուշադրությանն արժանացնել նույն «Լուսանցքի» 2016թ. նոյեմբերի 4-10-ի համարում տպագրված ու տարածված հոդվածս, որպես սկզբնաղբյուր վկայաբերված՝ հոգելույս Սուրեն Միքայելի Այվազյանի հեղինակային ռուսերեն «Մեծամոր» թերթի «Երկրաֆիզիկական պատերազմ՝ ընդդեմ Հայաստանի» հոդվածի /հ.14, 2008թ./ հետ մեկտեղ:

Շարադրյալի հիման վրա, ելնելով վերոշեշտյալ գերագույն շահերից, խնդրում եմ Ձեզ ժամանակ, ջանքեր ու միջոցներ չխնայել՝

  1. Միհրան Հարությունյանի 2016թ. օլիմպիական արծաթը ոսկով փոխարինելու նպատակով. բազմանշյալ իրավափաստական նախադեպերի վկայակոչմամբ՝ վարչապետիդ պաշտոնական նամակը ՄՕԿ-ի նախագահ, օլիմպիական չեմպիոն Թոմաս Բախին, թերեւս, բավարար կլինի խնդրո առարկա օրինավաստակ հաղթապարգեւը ՄՕԿ-ի հենց պահոցների «մեռյալ կետից» դեպի մեզ շարժելու համար (եթե նպատակահարմար գտնեք, ամենայն սիրով պատրաստ եմ կազմելու եւ Ձեր ստորագրմանը տրամադրելու այդ «օլիմպիական» ու, բնավ ոչ փոքր հավանականությամբ, դափնեբեր նամակի հիմնատեքստը). հակառակ պարագայում, ի հարկին, տվյալ եւ այլ բազմաթիվ իրավամասնագիտական փաստարկների կիրառմամբ, փորձառու եւ հեղինակավոր մարզաիրավաբանների միջոցով, Մարզական իրավարար դատարան / CAS, Լոզան, Շվեյցարիա/ պաշտոնապես դիմելը կա ու կա.
  2. ՀՀ մարզական իշխանությունների կողմից արդեն իսկ նախաձեռնված՝ Միհրանի գործով պաշտոնական բողոքարկման ընթացքն ու արդյունքները հրապարակելու նպատակով.
  3. Առնվազն՝ համապատասխան մարզադպրոցներից եւ (կամ) փողոցներից մեկին, հենց վաստակաշատ կրկնահոբելյարի կենդանության օրոք, Նիկիտա Սիմոնյանի անունը շնորհելու նպատակով (առկա փաստական նախադեպերից են օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանի, Իրինա Ռոդնինայի, Արմեն Նազարյանի մարզադպրոցները, նաեւ Շառլ Ազնավուրի հրապարակը):
  4. 1988թ. բազմավեր երկրաշարժի իրական պատճառներն ու հետեւանքները պետական մակարդակով, ամբողջական ծավալով պարզելու, դրանց վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն պատրաստելու եւ ի լուր աշխարհի տարածելու նպատակներով:

Խնդրում եմ նաեւ Ձեր հատուկ ցուցումը՝ հրապարակավ իրազեկելու առ այն,  թե արգելված խթանիչներ օգտագործելու համար մեղադրված ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (2008թ.), Հռիփսիմե Խուրշուդյանը /2012թ./ վերադարձնելո՞ւ են իրենց օլիմպիական բրոնզե մեդալները եւ ի՞նչ ժամկետներով են որակազրկվել, ՀՀ-ում ինչպիսի՞ նյութական կամ այլ կարգի պատժամիջոցների կենթարկվեն իրենք ու մարզիչները եւ,համապատասխանաբար, ի՞նչ լրացուցիչ պարգեւների կարժանանան, 2-րդ տեղը հանիրավի գրաված մրցակցի համանման՝ արգելված խթանիչի բացահայտման հիմամբ, 2008թ. օլիմպիական բրոնզը արծաթով փոխարինած-ազնվացրած ծանրորդ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ իր մարզիչը:

Ներող լերուք, բայց ի գիտություն կընդունեմ բացառապես անձամբ վարչապետի ստորագրած պատասխանը, ո՛ւմ հենց եւ ինչպիսի՛ մակագրով որ դիմել եմ (ինչի հույսը եւս չեմ կարող չփայփայել՝ կարեւորելով Ձեր ժողովրդահաճ գործելակերպը):

Կանխահայտ հանրային երախտագիտությամբ՝ բաց դիմող՝ Գարեգին Ղազարյան

2016թ. նոյեմբեր

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Հ.Գ. – Եվս մեկ հայ – Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտարարել է, որ օլիմպիական արծաթե մեդալից զրկվել է իր բժիշկների պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մարզիկին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, եւ բժիշկները մոռացել են ձեւակերպել թերապևտիկ բացառությունը։

«Ամեն դեպքում՝ այդ որոշումը կբողոքարկվի։ Այժմ հնարավորությունների մասին խոսելը բարդ է,- Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես արդեն, գիտե՞ք, այս իրավիճակում ոչնչի չեմ հավատում, իսկ գուցե ինչ-որ տեղ դեռ հուսալու հնարավորություն կա։ Թերապևտիկ բացառությունը չի օգտագործվել այն պատճառով, որ փաստաթղթերը չեն ձեւակերպվել։ Դա բժիշկների սխալն է, եւ խնդրի էությունը հենց դրա մեջ է։ Ես նրան ասացի, որպեսզի դա անի։ Նա ինձ ասաց, որ դա կարելի է ընդունել, եւ ես այդ դեղամիջոցն ընդունեցի հավաքների ժամանակ։ Այդ փաստաթուղթը ես չպետք է ձեւակերպեի, ոչ էլ մարզիչները։ Հավաքականի բժիշկ Կլյագինին խնդրեցի դա անել, նա չարեց, եւ ահա ծագել է այս մեծ խնդիրը»։

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։