Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ – Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է…

Այս թեմային օրեր առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում անդրադարձա: «Լուսանցք»-իս ընթերցողներից մեկը, ով իմ ամենախստապահանջ եւ ամենահավատարիմ ընթերցողներից է, նեղացել էր, թե ինչու այդ թեման «մեր թերթում» չեմ ներկայացնում: Ընթերցողիս պահանջին անսալով՝ թեման որոշ հավելումներով մանրամասնում եմ:

Երբ նախորդ տարի գյուղնախարարությունում խորհրդակցություն հրավիրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական կազմի մասնակցությամբ՝ քննարկելու այնպիսի ծրագրեր, որոնք կարող են էական տեղաշարժ բերել գյուղոլորտին, մասնագետները հանդես եկան տոհմային այծաբուծության զարգացման առաջարկով (ավելի ստույգ՝ 8 առաջարկներից մեկն էր սա): Խորհրդակցության մասնակիցները համոզված էին, որ այծաբուծությունը մեզ համար շատ կարեւոր ճյուղ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այծի կաթից արտադրված մթերքների նկատմամբ միջազգային շուկայում մեծ պահանջարկ կա:

Ընդհանրապես թե մեր եւ թե արտերկրի մասնագետները մեկ անգամ չէ որ ասել են, թե Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը հեռանկարային է: Եթե այս համապատկերում դիտարկենք այծաբուծության հարցը, ապա այն կարող է նաեւ եկամտաբեր լինել: Երբ ուսումնասիրում էի միջազգային փորձը, ռուսաստանյան մի ագարակատիրոջ (տարիներ առաջ ներառված է եղել ԱՄՆ գյուղդեպարտամետի մարկետինգի աջակցության ծրագրում), ով տարբեր ցեղատեսակի այծեր է բուծում, իբր միամտորեն հարցրեցի, թե հատկապես ինչու են կապում օրգանական գյուղատնտեսությունն ու Հայաստանի այծաբուծությունը: Նա անկեղծորեն զարմացավ. «Ի՞նչ է, չգիտե՞ք, հայկական այծերը հիվանդություների նկատմամբ դիմադրողականություն ունեն»: «Բայց, ասենք, անգլիական այծերի համեմատ պակաս կաթնատու են»,- ասացի: «Այո,- շարունակեց,- բայց երբ համարյա չեն հիվանդանում, հակաբիոտիկներ գրեթե չեն ստանում, իսկ սա խոսում է դասական օրգանական գյուղատնտեսության մասին»…  

Ինչեւէ, մինչ Հայաստանի այծաբուծության վիճակին ու հեռանկարներին անդրադառնալը, փորձենք հասկանալ պատկերը մի քանի երկրների օրինակով:

Փորձեցի ֆրանսիական ու գերմանական մասնագիտական կայքերում թափառել՝ հասկանալու համար, թե «ինչով են շնչում» այստեղ այծաբուծությամբ զբաղվողները: Ի դեպ, տվյալներ գլխաքանակի, մսատվության ու կաթնատվության մասին, չկային: Դրանք, լավագույն դեպքում, մոտավոր էին՝ մեծ միջակայքով: Որոշակի հարցադրումներիս անմիջապես պատասխանում էին. «Առեւտրային գաղտնիք է»: Եվ հետաքրքիր օրինաչափությամբ կրկնվում. «Գուցե դուք մրցակից ֆիրմայից եք կամ այդ ֆիրմայի համար եք աշխատում»: Ֆրանսիական մի ագարակատիրոջ (համագործակցում է «Սթար-ֆայըր»-ի հետ, որ անգլիական ցեղատեսակի այծաբուծությամբ է զբաղվում նաեւ) տվեցի երեւանյան իմ բջջային հեռախոսահամարը, որոշ կոոդինատներ, որպեսզի նա հենց այդ պահին համոզվի, որ ես ոչ մրցակից ֆիրմայից եմ, ոչ էլ այծաբույծ, պարզապես հայ լրագրող եմ ու այծաբուծության թեմայով հրապարակում եմ պատրաստում: Նա ստուգեց եւ հետո օնլայն վստահեցրեց, թե իմ անկեղծությանը կարող է փոխադարձել՝ ինձ անգամ այծաբուծության բիզնես-պլան տրամադրելով, միայն թե դա հազիվ ինձ պետք գա, քանզի հայկական այծերի հետ չեմ հանդիպի այն խնդիրներին, ինչ ոչ հայկական ցեղատեսակների պարագայում:

Չթաքցնեմ՝ սնապարծությունս (լավ իմաստով) խեղդում էր ինձ: «Դիմադրողականության համա՞ր եք ասում»,-հարցնում եմ: «Ինչու միայն դա՞, բա ցրտադիմացկունությունը»: Հետո պատմեց, որ այծաբուծությունը իրականում բարդ բան չէ, բայց, ինչպես ասում են, «սատանան մանրուքներում է», այսինքն՝ կերակրման ձմեռային եւ ամառային ձեւերից, պահման տեղերից զատ տաք հագուստ էլ է պետք: Հատկապես կաթնատու այծերին պետք է պահել +6-7՛C,  իսկ եթե ուլիկներ էլ կան, ապա +8-10 աստիճան տաքության պայմաններում: Եթե դրանից ցածր է, այծերին պետք է վերարկու կարել՝ կրծքավանդակը փակող: Ու պետք է նաեւ պահել ոչ խոնավ վայրում, որպեսզի կաթը չորակազրկվի: Երբ այծերի վերարկուների մասին զրուցակիցս ասաց, հիշեցի, թե ինչպես շվեդական Մունքվագեն գյուղ (ավելի ճիշտ կլինի ասել՝ մի քանի ագարակատերերի կալվածք) գնալիս ճանապարհին ձիերի տեսա՝ անձրեւանոցներ հագած:

Գերմանական մասնագիտական կայքերում այծաբուծության գործարար ծրագրեր կային՝ վճարովի եւ անվճար: Անվճարն ավելի շատ ընդհանուր խորհրդատվական բնույթի թերթիկ էր, քան բիզնես պլան: Բայց այդ թերթիկում հստակ նշված էին այն դրույթները, որոնք կիրառելու պարագայում սկսնակ այծաբուծությամբ զբաղվողը գոնե չէր տուժի: Օրինակ՝ այծերին երբեք չկերակրել ցինկապատ ամանից, քանզի դա կարող է քրոնիկ թունավորման հանգեցնել: Կամ՝ այծերին երբեք չխմացնել ճահճային կամ ջրականգ տարածքի ջուր, քանզի նրանք հաստատ կհիվանդանան զանազան հիվանդություններով: Եվ ամենակարեւորը (ըստ նրանց)՝ այծերին երբեք չպահել հավերի հետ, քանզի վերջիններից ոջիլ կվերցնեն:

Նկատեմ, որ իմ զրուցակից ֆրանսիացի ագարակատերը, ով ինձ ասաց, որ 1100 գլուխ այծ ունի եւ հենց իր ֆերմայում էլ 7 տեսակի պանիր է արտադրում, եւ հենց ինքն էլ զբաղվում իր ապրանքի իրացմամբ, ինձ իր բուծած այծերի տարբեր լուսանկարներ ուղարկեց՝ անգլո-նուբիական տեսակի, ալժիրյան ընտանի, ռուսական ձմեռային… հետն էլ՝ հայկական մուֆլոնի: «Նրանի՞ց էլ ունենք»,-մտքերս ինձ արդեն այլ ուղղությամբ են տանում: «Ոչ,- եղավ պատասխանը,-նրանով (լուսանկարը նկատի ուներ,- Ա.Մ.) հիանում եմ»:

Ի դեպ, «իմ» ագարակատիրոջ համար այծաբուծությունը ընտանեկան բիզնես է: Ամբողջական շրջափուլով են աշխատում. 90 հա տարածքի վրա եգիպտացորեն են մշակում, դրա մեկ չորրորդի չափով էլ՝ հացահատիկային մշակաբույսեր: Բացի նրանից, որ ապրանքը իրենք են տանում Ֆրանսիայի խանութներ, ագարակի տարածքում էլ մանրածախ վաճառք ունեն. ցանկացողները կարող են գնալ եւ համտեսել այծի կաթ, միս ու պանիր, ագարակի տարածքում զբոսնել, արտադրական ընթացքն անձամբ տեսնել եւ վճարել դրա դիմաց:

Զրուցակիցս նշում է նաեւ, որ այծաբուծությունը մեծ հեռանկար ունեցող ճյուղ է ամբողջ աշխարհում, մրցակցությունն այնքան էլ շատ չէ, բայց պահանջարկը մշտառկա է ու անընդհատ աճող:

Ռուսական մասնագիտական կայքերը մանրամասն բացատրում են, թե ինչպես պիտի զբաղվել այծաբուծությամբ, որ դեպքում է այծաբուծությունը տնային համարվում եւ որ դեպքում՝ բիզնես: Գրանցվելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ թղթեր պետք է ներկայացնել «Ռոսպոտրեբնադզոր» եւն: Ինչ ցեղատեսակի այծին ինչ խնամք, ինչ կեր է պետք, պարբերականությունը, կերակրման ձեւերը եւ այլն: Անգամ թե ինչ գնով եւ այծաբույծ որ ֆերմաներից կարող են այծեր գնել: Նշվում են գնային ցուցիչները նույնպես՝ կախված օրական կաթնատվության չափից եւ յուղայնությունից:

Հայաստանում այծաբուծությունը լայն տարածում չունի, բայց հաջողություն կարող է գրանցել…

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը եւ Վանա ու Սեւանա լճերի ափամերձ ժայռերի վրա ասորեստանյան աղբյուրների հիշատակումները, հնագույն ժայռապատկերները եւ բազմաթիվ վայրերից (Կարմիր բլուր, Ծովինար ամրոց, Արենի քարանձավային համալիր) պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչեւ օրս գործող հնագույն ջրանցքները, օտար գիտնականների (Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն) տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։ Օտար աղբյուրները վկայում են, որ, օրինակ, տավարը, խոզը, այծն ու ոչխարը 7-8 հազար տարի առաջ արդեն ընտելացված են եղել: Իսկ այծի մազից թելեր են պատրաստվել եւ օգտագործվել տնտեսությունում: Սա նշանակում է, որ Հայաստանում այծաբուծությունը զարգացած է եղել: Եվ քանի որ ներկայում մեր երկրում այծաբությունը լայն տարածում չունի, բայց հեռանկարային է, ուստի մեզ համար այծաբուծությունը անցյալի ու ապագայի գյուղատնտեսություն է դառնում: Ի դեպ, այս պահին էլ հաջողված օրինակներ կան: Ինչը հուշում է, որ հեռանկար այս ոլորտում հաստատ ունենք:

Փակագծերում ուզում եմ կարեւոր մի հավելում անել: Վայոց ձորում մի ընկեր ունեի, որ հոր հետ նոր-նոր սկսել էին այծաբուծությամբ զբաղվել եւ հենց սկզբնական շրջանում 5 այծ ունեին: Սկզբում գոհ էին, ասում էին ամեն այծը տարեկան մոտավորապես 350 լ կաթ է տալիս, իրենցից էլ ինչ-որ մեկը գալիս, կաթը տանում է այծի պանիր արտադրող մի ընկերության համար: Ոգեւորված էին, այծի կաթի լիտրի դիմաց կովի կաթի մթերման գնի եռակին, մեկ-մեկ էլ քառակին էին տալիս: Տարիներ անց արդեն 15 այծ ունեին, էլի ծախում էին կաթը, բայց արդեն դժգոհ էին: Պարզվեց, ոչ գինն են գցել, ոչ էլ այծերի կաթնատվությունն է պակասել: Պատճառը ճամփորդական տրամադրությունն էր, եւ դրա համար արդարացումներ էին փնտրում: Ասում էին՝ երկրում գործ չկա: Զարմանում եմ՝ այծաբուծությունը գործ չէ՞: Հետո հիշեցին «սովետի արդարությունն» ու բողոքեցին ներկայի անարդարությունից: Ես էլ որ ամեն գնացողի «արդարացումից» գազազում եմ, հիշեցրի իրենց ասած «սովետի արդարությունը»: Նույն այծաբույծի հայրը բազմիցս է պատմել, թե ինչպես էր խորհրդային տարիներին (60-ականներին) պետությունն իրենցից կովի կաթի 1 լ մթերել 25 կոպեկով եւ խանութում վաճառել 2 ռուբլի 60 կոպեկով, կամ՝ միսը մթերել 14 կոպեկով ու վաճառել 11 ռուբլի 45 կոպեկով… Ինչեւէ, այծերը, տունն ու տեղը վաճառեցին, գնացին «սովետական արդարությունը» փնտրելու եւ հաստատվեցին ԱՄՆ-ում: Անցավ 2 տարի: Երեկ «սկայպով» հետները խոսում եմ, այնքան էին զղջում, որ անգամ բոլոր այծերի անուններն էին հիշում: Իրենց առաջին ուլիկի՝ սեւ Զմրուխտի նկարն էլ տան պատին էր…

Գանք հեռանկարային ու եկամտաբեր ճյուղին եւ դրան հաստատուն հավատացողներին:

Այծաբուծության զարգացման ծրագիրը մեր երկրում մեկնարկել է 1999թ.՝ ՔԱՐԴ հիմնադրամի իրավանախորդ ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) կողմից՝ Հայաստանում կաթնատու այծերի բուծման, այծաբուծության զարգացման եւ այծաբուծական մթերքների իրացման համար անկախ եւ տնտեսապես կենսունակ միջոցների ստեղծմանն աջակցելու, կամ այլ խոսքերով, տեխնոլոգիայի փոխանցման նպատակով: Նպատակը նաեւ այն էր, որ գյուղացիական տնտեսությունների եկամուտներն ավելանան, աշխատատեղեր ստեղծվեն եւ այն:

Այծաբուծության զարգացման ծրագրի բաղադրիչներից մեկն այն էր, որ Եղեգնաձորում այծաբուծական կենտրոն ստեղծվի (ստեղծվեց եւ հաջողակ գործում է),վարձակալության հիմունքներով տոհմային այծեր տրամադրվեն տեղական ցեղատեսակների գենետիկական հատկանիշների բարելավման նպատակով, հետազոտական ծրագրեր արվեն, այծերի գենետիկական հատկանիշները բարելավեն, ֆերմերներին տեխնիկկան աջակցություն տրվի, այծերի հիվանդությունները կանխարգելվեն, պանրի ատադրության եւ կաթի մշակման տեխնոլոգիաները զարգանան:

Մասնագետներն ասում են, որ կախված այծերի ցեղատեսակից, դրանց կաթնատվությունը շատ տարբեր է, օրինակ՝ այծերի տեղական ցեղատեսակի քաշը 35-45 կգ է, արտադրողականությունը՝ 120-180 լ, իմունիտետը բարձր է: Խառնածին «եղեգ» տեսակի քաշը 40-50 կգ է, արտադրողականությունը՝ 280-400 լ եւ սրա դիմադրողականությունն էլ բարձր է: Իսկ զտարյուն նուբիական տեսակի քաշը 50-65 կգ է, արտադրողականությունը՝ 600-900 լ, բայց դիմադրողականությունն է շատ ցածր: Այծաբույծն ինքն արդեն պետք է որոշի, թե որ տեսակն է ընտրում՝ իր առջեւ դրված նպատակով պայմանավորված: Բայց որ այծաբուծությունը մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունի, մասնագետները չեն կասկածում:

Ասենք, մեր երկրում կա այծաբուծական սպառողական կոոպերատիվ, որ արդեն 16 տարի գործում է: Եվ այս կոոպերատիվն է համակարգում այծաբուծության ոլորտի խթանման գործը: Արդեն 2 տարի էլ կաթի վերամշամամբ է զբաղվում՝ կիրառելով նորարարական եղանակներ: Կամ՝ Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում արտադրված  այծի պանիրը (ընկերությունների անուններ չեմ նշում, քանզի խնդրո առարկան ոլորտային քննարկումն է եւ ոչ առանձին մասնակիցների) դեռ 2013թ. Իտալիայում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-մրցույթում 200 մասնակից երկրների մեջ արժանացավ հատուկ մրցանակի: Ընկերություն էլ կա, որ այծաբուծությամբ զբաղվում է՝ «ձեռքի հետ էլ տուրիզմի մասին չմոռանալով». յուրօրինակ փաթեթավորում է օգտագործում. այծի պանիր է արտադրում՝ կավե ամանների մեջ, եւ կավի վրա էլ՝ հայկական այծի, խոյի, քարայծի ժայռապատկերային վերարտադրումներ: Նշյալ կոոպերատիվը համոզված է, որ այծի պանրի եւ այլ մթերքների պատշաճ գովազդումը «զբոսաշրջիկների շրջանում տեղացի ֆերմերներին հնարավորություն կտա ստանալ հավելյալ եկամուտ»։ Օրինակ՝ Հայաստանում առաջին անգամ է արտադրվում «Գաուդա» տեսակի պանիր եւ այն անցյալ տարի արտադրել են համեմունքներով, իհարկե նաեւ առանց համեմունքների: Նախորդ (գրեթե) տարեվերջի դրությամբ ունեցել են 169 գլուխ այծ, սակայն ամբողջ այծաբուծական ծրագրին մասնակից տնտեսությունները, որոնք ավելի քան 28-ն են, բուծում են 4 հազար գլխից ավելի այծամայրեր միջինը 400 լ կաթնատվությամբ:

Մասնագետները համոզված են, որ հայկական այծի պանիրն ու կաթը իրենց համային հատկանիշներով (հասկանալի գործոններով պայմանավորված) կարող են գրավել ոչ միայն մեր սպառողի ուշադրությունը:

Տարբերությունների մասին կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Ի դեպ, երբ մասնագիտական կայքերում հայկական այծատեսակների փնտրտուք ես տալիս, հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի նկարներ է բերում միայն: Հայկական այծատեսակ գնել ցանկացողը հաստատ չի մտածի նրանց ընտելացնելու մասին…

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։