Հայոց պահաջատիրության միջազգայնացումը – Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի խնդրով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան… Պոլսի Հայոց պատրիարքարանը թուրքական ճնշման տակ…

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկացնում են, որ Արամ Ա. Կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը հասցրեց միջազգային մակարդակի եւ այդ հարցով դիմել է միջազգային դատարան՝ ՄԻԵԴ: Սա իսկապես Հայոց պահանջատիրության առաջընթացի համար կարեւորագույն քայլ է՝ անկախ դատարանի վճռից: Ի վերջո, անգամ հարցը չբավարարելու դեպքում այն կմնա օրակարգում եւ, կախված միջազգային իրավիճակի փոփոխություններից, վստահաբար կվերադառնա միջազգային ասպարեզ… Իսկ հարցի դրական արծարծումները այսօրվա դատական այս բարձր ատյանում հաստատ եւս մեկ հուժկու հարված կդառնան թուրքական պետության մասնատման գործընթացում:

Մինչ ՄԻԵԴ-ին դիմելը, Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում հանդիպել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Վստահաբար արծարծվել է նաեւ եվրադատարան դիմելու հարցը: Ի վերջո Հռոմի Պապը վերջին ժամանակներս իր հոգեւոր-քաղաքական քայլերով նպաստեց Հայոց ցեղասպանույան ճանաչմանն ուղղված քայլերին եւ Հայոց պահանջատիրության միջազգայնացմանը:

Իզուր չէ, որ Կիլիկո թեմի կաթողիկոսը շեշտել է, որ «Հռոմի Պապի՝ արդարության վերականգնմանն ուղղված քայլերն անելու համար քաջություն էր պետք, ինչը ունեցավ Վատիկանի առաջնորդը, եւ նրա հաջորդիվ բոլոր քայլերն ուղղված են ճշմարտության պաշտպանմանն ու 20-րդ դարի առաջին ցեղասպանութան ճանաչմանն ու դատապարտմանը:

Միջին Արեւելքի հարցերի քննարկման ընթացքում քիրստոնյա հոգեւոր առաջնորդները խոսել են բոլոր քրիստոնյաների պաշտպանության մասին, որոնք հայտնվել են ծայրահեղական մահմեդականների բռնությունների օղակում: Փաստորեն, միջկրոնական ու հատկապես քրիստոնեա-իսլամական հակադրությունները այլեւս տեղային բնույթից վերածվում են համաշխարհային հակադրության, ինչը կարող է մի նոր խաչակրաց արշավանքի առիթ դառնալ:  

Իսկ նման մոտեցումը հաստատ կնպաստի Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի լուծմանը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը լիովին թաթախված են իսլամական ծայրահեղականության խաղերի մեջ:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիս Պապն օրինակ բերելով Լիբանանը (որտեղ գործում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանը), հասկացնել տվեց, որ քրիստոնեա-իսլամական համերաշխ գոյակցության ու սերտ գործակցության իսկական օրինակը կա, եւ այս խոսքերն ուղղված էին ոչ միայն Մերձավոր Արեւելքի կրոնական առաջնորդներին:

Դառնալով Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջին՝ նշենք, որ այն ճանապարհ է անցել՝ մինչեւ ՄԻԵԴ հասնելը: Նախ Թուրքիայի արդարադատության նախարարությունը չի քննարկել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը: 2015թ. ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին շուրջ 100 էջանոց դատական հայցը՝ հիմնված պատմական, կրոնական, քաղաքական ու օրինական տվյալների վրա, հարակից փաստաթղթերով ու վկայություններով, ապացուցում էր Սիսի կաթողիկոսարանի հայապատկանությունը:

Ապացուցվում էր նաեւ կաթողիկոսարանի դերը Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ ժողովրդի կյանքում, ինչպես եւ՝ ներկայացված էր Սահակ Բ կաթողիկոսի ու միաբանության հարկադիր հեռացումը Սիսի կաթողիկոսարանից ու դրա բռնագրավումը թուրքական պետության կողմից:

Հաշվի առնելով դատի կարեւորությունը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը ցանկացել էր իմանալ երկրի արդարադատության նախարարության տեսակետը:  Եվ նախարարությունն, այս տարվա մայիսի 11-ին թվագրվող նամակով Սահմանադրական դատարանի իրավասություններին առնչվող մի շարք տվյալներ ու պատճառաբանություններ բերելով, մերժել էր իրեն ներկայացրած դատական հայցի քննարկումը: Հետո էլ Սահմանադրական դատարանը 15  օր ժամկետ էր տվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ պատասխանելու արդարադատության նախարարության մերժմանը:

Կիլիկիո կաթողիկոսարանի իրավական հանձնախմբի անդամները 15 օրվա ընթացքում անցկացրել էին խորհրդակցություններ, քննարկումներ, պատրաստել պատասխանն ու մայիսի 26-ին փոխանցել Սահմանադրական դատարան: Կաթողիկոսարանի պատասխանում պատմական ու իրավական հստակ  հիմնավորումներով ներկայացվել է Թուրքիայի արդարադատության նախարարության պատճառաբանությունների անհիմն ու հակասական լինելը, վերահաստատել Սիսի կաթողիկոսարանն իր իրավատիրոջը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը վերադարձնելու պահանջը:

Սակայն, Թուրքիայի արդարադատության նախարարության մերժմանն ավելացավ Սահմանադրական դատարանի անպատասխանատու եւ ոչ իրավական վերաբերմունքը եւ ինչպես որոշվել էր նախապես, մերժումների դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կիլիկիո կաթողիկոսության նոր դիմումով թուրքական բարձրագույն դատարանից խնդրվում էր Կիլիկիո կաթողիկոսության հայցը դիտարկել առաջնահերթությունների շարքում, քանի որ 10 ամիս առաջ ներկայացված հայցը դեռեւս քննության չէր առնվել:

Այդ դիմումը ներկայացվել էր Կիլիկիո կաթողիկոսարանի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուի կողմից: Փաստաբանն ասել էր, որ այս հայցը միտված է ընդամենը գույքի վերադարձին եւ անցյալի իրադարձությունները քննարկելու նպատակ չունի: «Եթե հաղթենք, կդիմենք առաջին ատյանի դատարան, որպեսզի ի կատար ածվի սահմանադրական դատարանի որոշումը: Իսկ մեր հայցի մերժման դեպքում կդիմենք ՄԻԵԴ»,- ասել էր Սոֆուօղլուն:

Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը նաեւ ուղերձ էր հղել, որում մասնավորապես ասվել է. «Այս թեմայով Թուրքիայի հետ սակարկություն չենք անելու: Չենք ընդունում ոչ վերականգնման, ոչ մեր այցելությունների համար տրամադրելու եւ ոչ էլ փոխհատուցման մեկ այլ տարբերակ: Միայն ցանկանում ենք, որ հետ վերադարձվի այն գույքը, որն ավելի քան 800 տարի մեզ է պատկանել: Եթե Թուրքիան ցանկանում է մտերմանալ հայ ժողովրդի հետ, ապա սա ամենահարմար պահն է»:

Հիշեցնենք, որ Կիլիկիո կաթողիկոսարանը հիմնավորում է, որ պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունն առգրավել է հոգեւոր նստավայրը՝ Հայոց ցեղասպանությունից հետո: 1921թ.  Օսմանյան կառավարությունը 2 օր ժամանակ էր տվել Սահակ Բ. Խաբայան կաթողիկոսին՝ կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական ու մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել էր գաղթի ճամփան: Ապա հաստատվել էր Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում եւ 1930-ին՝ Անթիլիասում։

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – Թուրքական զլմ-ներն անդրադարձել են ինչպես այս հարցին, այնպես էլ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին: Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել է Թուրքիայի հայ համայնքի օրակագում: «Ի՞նչ է կատարվում հայ համայնքում» վերնագրով եւ նման այլ նյութերում նշվում է, որ  պատրիարքության հոգեւոր խորհուրդը որոշել է անբուժելի հիվանդության պատճառով 8 տարի հիվանդանոցում գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնաթող անել: Եվ նոր պատրիարք ընտրելու համար կրկին դիմում  է ներկայացվել Թուրքիայի պատկան մարմիններին:

Պատրիարքի ընտրության հարցը նախկինում մի քանի անգամ օրակարգ է բերվել: Սակայն հնարավոր չի եղել նոր ընտրություններ անցակացնել կրոնական ավանդույթների պատճառով, համաձայն որոնց, քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել:

Մեսրոպ պատրիարքի հիվանդության պատճառով պատրիարքարանը ղեկավարել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որից համայնքի մի զգալի մասը դժգոհ է:

Իրականում դժգոհ է ամբողջ հայությունը՝ անկախ կրոնական պատկանելությունից ու գտնվելու վայրից, քանի որ այս հայանման հոգեւորականը պարզապես դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական տերտերը…

Հիշեցնենք,, որ երբ մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո, Թուրքիայի նախագահին նամակով դիմեց Արամ Աթեշյանը, ով քծնանքի ու դավաճանության տոպրակը բացել ու լցրել էր այդ նամակի մեջ:

Ինչեւէ, Պոլսի Հայոց Պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում է կայացրել պաշտոնաթող անել Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին, ով  2008թ. ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում:

Ըստ եկեղեցական օրենքների՝ պատրիարքի 8 տարի փաստացի չպաշտոնավարման դեպքում խորհուրդը իրավունք ունի նոր պատրիարքի ընտրություն անցկացնել: Եվ այժմ պատրիարքությունը ղեկավարում է պատրիարքական փոխանորդ ընտրված՝ Թուրքիայի նախագահի մեծ բարեկամ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը…

* * *

Քըրք Քրքորյանը տարիներ առաջ հետաքրքրվել էր, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար: Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» գրքում նշված է, որ մեծ բարերարը Հայաստան՝ իր առաջին այցի ժամանակ՝ Ծիծեռնակաբերդում այսպիսի հարցադրում է արել:

«…Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ, թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արեւմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջեւ, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց. «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք»»:

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։