Աշխարհի մարզական խաչմերուկներում.- 2016թ.-ին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ… Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. ազգային առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ.- նա խփեց իր 1-ին գոլը Անգլիայում եւ հավատում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին… Եվս մեկ մեդալազրկում.- հայազգի բռնցքամարտիկը մեղադրել է իր բժիշկներին… 2019թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում… Շախմատային խաչմերուկ եւ մարզական այլ լուրեր…

Եւս մեկ հայի մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո – Հայազգի բռնցքամարտիկը մեղադրել է իր բժիշկներին

Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտարարել է, որ օլիմպիական արծաթե մեդալից զրկվել է իր բժիշկների պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մարզիկին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, եւ բժիշկները մոռացել են ձեւակերպել թերապևտիկ բացառությունը։

«Ամեն դեպքում՝ այդ որոշումը կբողոքարկվի։ Այժմ հնարավորությունների մասին խոսելը բարդ է,- Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես արդեն, գիտե՞ք, այս իրավիճակում ոչնչի չեմ հավատում, իսկ գուցե ինչ-որ տեղ դեռ հուսալու հնարավորություն կա։ Թերապևտիկ բացառությունը չի օգտագործվել այն պատճառով, որ փաստաթղթերը չեն ձեւակերպվել։ Դա բժիշկների սխալն է, եւ խնդրի էությունը հենց դրա մեջ է։ Ես նրան ասացի, որպեսզի դա անի։ Նա ինձ ասաց, որ դա կարելի է ընդունել, եւ ես այդ դեղամիջոցն ընդունեցի հավաքների ժամանակ։ Այդ փաստաթուղթը ես չպետք է ձեւակերպեի, ոչ էլ մարզիչները։ Հավաքականի բժիշկ Կլյագինին խնդրեցի դա անել, նա չարեց, եւ ահա ծագել է այս մեծ խնդիրը»։

2016թ.-ին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ

2016թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Տարին ամփոփում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:

2016թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:

Հայաստանի լավագույն մարզիկի անունը շուտով հայտնի կդառնա

Դեկտեմբերի 20-ին կամփոփվի 2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցումը։ վեարկության սկիզբը դրվել է դեկտեմբերի 15-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

ՀՄԼՖ-ի նախագահը շեշտեց, որ այսօր կավարտվի քվեարկությունը, վաղը կամփոփվեն արդյունքները եւ օրվա 2-րդ կեսին հայտնի կդառնա Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Յուրա Ալեքսանյանի խոսքերով` լավագույններին ընտրելու բարի ավանդույթը եկել է հնուց: Այն նպատակ է հետապնդում ոգեշնչել մարզիկներին, որպեսզի նրանք հաջորդ տարիներին ավելացնեն մեդալների քանակը եւ ավելի շատ բարձրացնեն հայկական դրոշը՝ միջազգային մրցահարթակում:

Քվեարկությանը մասնակցել են 7 տարի աշխատանքային փորձ ունեցող և իսկապես գործող մարզական լրագրողները: Ըստ կանոնակարգի, ցանկում ընդգրկվել են 2016թ. Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրները, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողները, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների, պատանիների առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկները:

Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. ազգային առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ փուլը, դրա հետ միասին նաեւ մրցաշրջան-2016-ը: Տարվա վերջին պաշտոնական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Թիմերն  90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրգ ոչ-ոքի:

«Ալաշկերտ»-ը վաստակեց 30 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: Մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝«Փյունիկ»-ը 3 միավոր քիչ ունի, եւ «Գանձասար-Կապան»-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: 17 փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակ»-ը, որն ունի 34 միավոր: Հենց այս 4 թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս 2 երեւանյան թիմերը՝ «Բանանց»-ն ու «Արարատ»-ը, բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով:

Առաջնությունում այժմ երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ փուլը, կկայանա 2017թ. մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը:

Հենրիխը խփեց իր առաջին գոլը Անգլիայում եւ հավատում է«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար անգլիական Պրեմիեր լիգայում, չնայած առաջատարից՝ «Չելսի»-ից հետ է մնում 13 միավորով։ «Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ին գերազանցում էր 8 միավորով, սակայն, ի վերջո, զիջեց այդ արշավում։ Այնպես որ, ամեն բան հնարավոր է։ Մեր թիմը պետք է սկսի հաղթել։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից եւ շարժվենք առաջ։ Լավ արդյունքներ կունենանք։

Գիտեմ, թե ինչ ճնշում է գործադրվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վրա։ Բոլորը մեզանից հաղթանակ ու մրցանակներ են ակնկալում։ Եթե պատրաստ չլինեի դրան, այստեղ չէի գա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջապես խփեց երկար սպասված իր 1-ին գոլը անգլիական թիմի կազմում: Դա տեղի ուենցավ ուկրաինական «Զարյա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում:  

Մեր ֆուտբոլիստը հանդիպման 48-րդ րոպեին գեղեցիկ անհատական անցում ձեռնարկեց եւ հաշվենկատ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսի վերջում Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց հաշիվը եւ ամրապնդեց իր թիմի հաղթանակը վորոշիլովգրադցիների նկատմամբ՝ 2:0: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ մտավ 1/16 եզրափակիչ:

«Սանդերլենդի» դարպասը խփած գոլը լավագույնն է իմ կարիերայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Սանդերլենդի» հետ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում աչքի է ընկել գեղեցիկ գոլով, շեշտել է, որ դա իր կարիերայի լավագույն գոլն է։ Հայ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է մտել 62-րդ րոպեին, ընդամենը 23 րոպե անց կրնկով հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Դա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանի 3-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում ու 2-րդը՝ Պրեմիեր լիգայում։ «Դա լավագույն գոլն է, որը երբևէ խփել եմ,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հուզումնալից էր։ Նախ նայեցի մրցավարի օգնականին ու տեսա, որ խաղից դուրս վիճակ չկա, կարելի է նշել։ Այդ դրվագում սպասում էի գնդակը ստանալ առջևում, սակայն այլ կերպ ստացվեց։ Միակ բանը, որ կարող էի անել, կրնկով գնդակի ուղղությունը շեղելն էր, ինչն ինձ հաջողվեց»։

Հենրիխ Մխիթարյանը Eurosport.uk կողմից ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

Ստեփանակերտ, դեկտեմբերի 17, «Արցախպրես»«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը Eurosport.uk կողմից ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հավաքել է ամենաշատ ձայները` 1400: Հայ կիսապաշտպանին հաջորդում են «Լեսթեր»-ի ֆուտբոլիստ Ջիմի Վարդին, իսկ եռյակի վերջում Մեսութ Օզիլլն է: Հայաստանի ազգային թիմի ավագը «Տոտենհեմ»-ի դեմ խաղում դարձավ միակ եւ հաղթական գոլի հեղինակ, սակայն վնասվածք ստացավ:

«Մանչեսթեր Յունայթեդի» նվերների թվում է Մխիթարյանի խաղաշապիկը

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմն ամանորյա տոներին ընդառաջ տարբեր նվերներ է խաղարկում թիմի երկրպագուների միջեւ: Դրանց թվում է նաեւ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնագրով մարզաշապիկը: Խաղարկվում են գնդակներ, այլ ֆուտբոլիստների մարզաշապիկներ եւ հանդիպումների տոմսեր: Նվերները շահելու համար հարկավոր է պարզապես գրանցվել, որից հետո ակումբն արդեն պատահականության սկզբունքով ամեն օր կընտրի մեկ հաղթողի:

Պատգամավորը հիշեցրեց Հենրիխ Մխիթարյանի մասին

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես եկավ թեմայից դուրս հայտարարությամբ: Նա իր դժգոհությունը արտահայտեց Մարզական լրագրողների ակումբի կազմած ցանկից, ըստ որի՝ տարեվերջին հայտարարվում են տարվա լավագույն մարզիկների անունները. «Ամեն անգամ այդ ցանկից հետեւողականորեն դուրս են թողնում մեր հպարտություն հանդիսացող Հենրիխ Մխիթարյանին: Նա մեր դեսպանն է աշխարհում, երբ համացանցում նրա անունը փնտրում եք, բերում  է 9 միլիոն դիտում, նա անում է շատ ավելին ՀՀ ճանաչողության համար, քան 10 նախարարություն կամ սպորտի կոմիտե: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ չափանիշներով են կազմվում այդ ցանկերը. մեթոդոլոգիայի հիմքում ՀՀ բերած մեդալնե՞րն են: Վերջում ուզում եմ ասել՝ մենք հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով»:

Դահլիճը ակտիվ արձագանքեց նրան: Հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, որը սպասում էր իր ներկայացրած նախագծի վերաբերյալ հարցի, տարակուսած լսում էր, ապա՝ ծիծաղելով հարցրեց. «Ես բան ունե՞մ ասելու… Համաձայն եմ ձեզ հետ»:

Հ.Գ. - Ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանը, որ իրեն չեն ընդգրկել Հայաստանի լավագույն մարզիկների 2016թ. ցանկում – Այս մասին խսեցին նաեւ Աժ-ում: Բնականաբար այն չէր կարող չհասնել Հենրիխ Մխիթարյանին: Եվ, ըստ որոշ ըտեղեկություների՝ ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ իմանալով այն մասին, որ չկա վերոնշյալ ցանկում, նա ժպտացել եւ համեստորեն ասել է. «Ինչ եք խառնվել, չեն ընդգրկել, ուրեմն այդպես են ճիշտ գտել, փակեք թեման եւ վերջ»…

Մարկ Գրիգորյանը հանդես կգա Ավստրիայի Ռեգիոնալ լիգայում

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի դարպասապահ Մարկ Գրիգորյանը ելույթները կշարունակի Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայում:

Ինչպես տեղեկացնում է ligaportal.at կայքէջը, 18-ամյա հայազգի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել այդ լիգայում հանդես եկող «Շտադլաու» ակումբի հետ: Մինչ այդ Մարկ Գրիգորյանը խաղում էր Վիենայի առաջնությունում հանդես եկող «Դոնաուֆելդ» ակումբի պատանեկան թիմում:

2019թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչeu 19 տարեկանների 2019թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։ Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար: Անցկացման հստակ ժամկետները եւ մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

ՈՒԵՖԱ-ն որոշել է «Եվրո-2020»-ի տանտեր քաղաքների՝ զույգերիբաժանման չափորոշիչները

ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում, որը կայացել է Նիոնում, հաստատվել է «Եվրո-2020»-ի տանտեր քաղաքների՝ զույգերի բաժանման սխեման։ Մրցաշարը, հիշեցնենք, կանցկացվի ոչ ստանդարտ սխեմայով։ Այն ոչ թե կոնկրետ երկիր կընդունի, այլ 13 քաղաք՝ ամբողջ Եվրոպայից։

Զույգերի բաժանման ժամանակ կկազմվեն մի շարք տարբերակներ՝ ելնելով մարզական ուժից, այլ կերպ ասած՝ հաշվի կառնվեն եզրափակիչ մտած բոլոր թիմերը, քաղաքների միջև հեռավորությունը եւ, եթե պահանջվի, սահմանափակումները՝ կապված անվտանգության ու քաղաքական գործոնի հետ։ ՈՒԵՖԱ-ում կորոշեն քաղաքների 5-6 զույգ՝ հենվելով վերը նշված չափորոշիչների վրա, եւ տարբերակներից մեկը վիճակահանությամբ կհաստատվի 2017թ. նոյեմբեր-դեկտեմբերին։ Ավելացնենք, որ «Եվրո-2020»-ը կհյուրընկալեն Բաքուն, Բրյուսելը, Կոպենհագենը, Լոնդոնը, Մյունխենը, Բուդապեշտը, Դուբլինը, Հռոմը, Ամստերդամը, Բուխարեստը, Սանկտ-Պետերբուրգը, Գլազգոն, Բիլբաոն։:

ՖԻՖԱ-ն այդպես էլ ՈՒԵՖԱ-ին չի ուղարկել աշխարհի առաջնություններիբարեփոխումների բնութագիրը»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստովանել է, որ ՖԻՖԱ-ի կողմից կոնկրետ առաջարկ չի ստացել, թե այդ կազմակերպության ղեկավար Ջաննի Ինֆանտինոն ինչպիսի ձեւաչափով է ցանկանում անցկացնել աշխարհի առաջնությունները՝ սկսած 2026թ. մրցաշարից։ Ավելի վաղ Ջաննի Ինֆանտինոն մեկ անգամ չէ հայտարարել, որ մտադիր է ավելացնել Մունդիալի մասնակիցների քանակը՝ այն հասցնելով 48-ի։

«Ես չեմ ուզում խոսել այդ նոր ձեւաչափի մասին, որովհետեւ մենք տեղեկություն չունենք,- Ալեքսանդր Չեֆերինի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հիմա ունենք 32 թիմից բաղկացած համակարգ, եւ այն աշխատում է։ Հոկտեմբերին ՖԻՖԱ-ն խոստացավ ուղարկել մեզ առաջարկվող տարբեր ձեւաչափերի մանրամասն վերլուծությունը, սակայն մինչ օրս չի կատարել իր խոստումը։ Մենք միայն մամուլով ենք ծանոթանում նոր ձեւաչափերին»։

Ովքե՞ր կկարողանան պայքարել կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար

ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շախմատիստուհիների անունները, ովքեր կկարողանան պայքարել աշխարհի չեմպիոնուհու կոչման համար։ Մրցաշարը տեղի կունենա 2017թ. փետրվարի 10-ից մարտի 5-ը, Թեհրանում։ Բոլոր նրանք, ովքեր իրավունք են ստացել՝ մասնակցելու մրցաշարին, պետք է ստորագրեն պայմանագիրը և ուղարկեն ՖԻԴԵ հունվարի 4-ից ոչ ուշ։

Մասնակիցների թիվը 62-ն է, որոնց կավելանան միայն ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուները։ Նախնական ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոնուհի չինուհի Խոու Իֆանը։ Հայաստանից մասնակցելու իրավունք ունեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Մասնակիցների թվում են նաեւ Նատալյա Պոգոնինան, Վալենտինա Գունինան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Նինո Բացիաշվիլին եւ այլ հայտնի շախմատիստուհիներ։

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն աշխարհի արագ եւկայծակնային շախմատի առաջնություններին

Դեկտեմբերի 26-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենան աշխարհի արագ եւ կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը եւ մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ: Ընդհանուր առմամբ այս պահին մրցաշարին մասնակցելու համար գրանցվել է 118 շախմատիստ, որոնց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս:Ավելացնենք, որ կարեւորագույն այս ստուգատեսի գլխավոր մրցավարն է լինելու միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Լեւոն Արոնյանը պարտվեց զինվորների ճակատամարտում

Լոնդոնում ընթացող Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 6-րդ փուլում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն անհաջողության մատնվեց:

Ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լարգավի հետ պարտիայում սեւերով հանդես եկող մեր հայրենակիցը վատ չսկսեց եւ խաղասկզբում դիրքային առավելություն ստացավ: Սակայն Լեւոն Արոնյանն ոչ միայն չկարողացավ ավելացնել այն, այլեւ միջնախաղում կոպիտ սխալներ թույլ տվեց: Սպիտակները չնայած որակի պակաս ունեին, սակայն բավական գերազանցում էին զինվորներով՝ 7-ը 4-ի դեմ: Լեւոն Արոնյանն այդպես էլ չկարողացավ վերադարձնել զոհաբերած զինվորներին եւ 41-րդ քայլին պարտություն կրեց:

6 փուլից հետո մեր գրոսմայստերն ունի 3 միավոր եւ 4 շախմատիստների հետ բաժանում է 4-8-րդ տեղերը: Այսօր նախատեսված 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, ով նույնպես 3 միավոր ունի: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն, որը ընդամենը կես բալով է գերազանցում իր հայրենակից Ֆաբիանո Կարուանային:

Հ.Գ.-1 - Արոնյանն ու Անանդը գրոսմայստերական ոչ-ոքի կնքեցինՀայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրի պարտիան ավարտեց ոչ-ոքի: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ մրցավեճում սպիտակներով հանդես եկող մեր հայրենակիցը հենց սկզբից հասկացնել տվեց, որ դեմ չէ գրոսմայստերական ոչ-ոքի կնքել: Աշխարհի նախկին չեմպիոնը նույնպես նման մտադրություն դրսեւորեց եւ հենց սկզբից արագ փոխանակեց հիմնական խաղաքարերը: Արդյունքում, արդեն 30-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը վաստակեցին 3,5-ական միավոր եւ միասին պահպանեցին դիրքերը մրցաշարային աղյուսակի միջնամասում: Այն շարունակում է գլխավորել ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոն, ով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 5-ի: Նախավերջին՝ 8-րդ փուլի պարտիաները առջեւում են՝ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ, ով ունի 3 միավոր:

Հ.Գ.-2 – Ավարտվեց «London Chess Classic» շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ միանձնյա գրավեց 1-ին հորիզոնականը: Ֆաբիանո Կարուանան նույնպես իր խաղն ավարտեց հաշտությամբ եւ գրավեց 2-րդ տեղը: Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը եւ Հիկարու Նակամուրան վաստակեցին 5-ական միավոր եւ կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Մրցաշարում իր բոլոր 9 խաղերը ոչ-ոքի արդյունքով ավարտած Անիշ Գիրին գրավեց 6-րդ հորիզոնականը: Լեւոն Արոնյանը մրցաշարի վերջին տուրում ցավալի պարտություն կրեց Վեսելին Տոպալովից եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Մայքլ Ադամսի հետ միասին կիսեց 7-9-րդ հորիզոնականները, իսկ բուլղարացին եզրափակեց տասնյակը:

Հովհաննես Գաբուզյանը՝ Հռոմի բաց առաջնության բրոնզե մեդալակիր

Իտալիայում ավարտվեց այս տարի առաջին անգամ կազմակերպված շախմատի Հռոմի բաց առաջնությունը, որին, ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։ 6-րդ փուլից հետո նա 5,5 միավորով Վիտալի Կոզիակի հետ միասին կիսում էր 1-2-րդ հորիզոնականները։ Վերջինիս հետ էլ նա հանդիպեց 7-րդ փուլում։ Խաղացին ոչ ոքի։ 8-րդ փուլում մեր շախմատիստը պարտվեց Եվգենի Ռոմանովին, իսկ վերջին փուլում հաղթեց Սերգեյ Բեշուկովին։

Արդյունքում՝ 7,5 միավորով Եվգենի Ռոմանովը դարձավ 1-ինը, Վիտալի Կոզիակը 7 միավորով 2-րդը, Հովհաննես Գաբուզյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը։

Հայաստանի շախմատիստները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատիստները անհաջող հանդես եկան Տալինում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ գրավեց 26-րդ տեղը: Հանրապետության այս տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանը 7,5 միավորով առաջնությունն ավարտեց 38-րդ հորիզոնականում:

Եվրոպայի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 9,5 միավոր վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Ռյազանցեւը, որն իր հայրենակից Մաքսիմ Մատլակովից առաջ անցավ միայն լրացուցիչ գործակիցներով: Դեկտեմբերի 17-18-ին Տալինում արդեն տեղի կունենա Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը:

Ավարտվեց «ՖԻԴԵ Օփենը»

Ավարտվեց London Chess Classic շախմատային փառատոնի շրջանակներում կազմակերպված «ՖԻԴԵ Օփեն» միջազգային մրցաշարը։ Վերջին փուլում միջազգային վարպետ Դավիթ Միրզոյանը պարտվեց, իսկ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը  խաղացին ոչ-ոքի։ Վերջիններս իրենց ակտիվում գրանցեցին 6,5 միավոր՝ զբաղեցնելով համապատասխանաբար 10-րդ եւ 11-րդ տեղերը։ Ֆրանսիայի 2 ներկայացուցիչ ավարտեցին մրցաշարը 7,5 միավորով։ Լրացուցիչ ցուցանիշներով 1-ին տեղն զբաղեցրեց Էթյեն Բաքրոն, իսկ 2-րդը՝ Մազե Սեբաստիենը։ 7 մասնակից 7 միավորով կիսեցին 3-9-րդ տեղերը։ Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով մինչեւ նախավերջին տուրը միանձնյա առաջատար էր, պարտություն կրելով վերջին տուրերում՝ մրցաշարն ավարտեց 6,5 միավորով՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։ Մեր պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը գրանցեց 5 միավոր։

ԱԺ պատգամավորները պարգեւատրվել են շախմատային հաջողությունների համար

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւներ է հանձնել Մոսկվայում կայացած միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով 2-րդ տեղը գրաված ՀՀ ԱԺ հավաքականին, անհատական մրցաշարում 3-րդ եւ 2-րդ տեղերը գրաված ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանին եւ Արաիկ Հովհաննիսյանին:

Նշենք, որ միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով 2-րդ տեղը գրավելու համար ՀՀ ԱԺ հավաքականն արժանացել է պատվոգրի: Անհատական մրցաշարում 3-րդ տեղը գրավելու համար բրոնզե մեդալի է արժանացել ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, իսկ 2-րդ տեղը գրավելու համար արծաթե մեդալի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է պարգեւատրվածներին եւ մաղթել նորանոր հաջողություններ:

Մեկնարկային փուլը հաջող էր հայ շախմատիստուհիների համար

ԱՄԷ Շարժա քաղաքում մեկնարկել է շախմատի «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում են 40 շախմատիստուհի: Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մասնակիցների թվում են Հայաստանի 3 պատվիրակ` Մարիա Գեւորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը: Կայացել են մրցաշարի մեկնարկային տուրի հանդիպումները, որտեղ մեր 3 շախմատիստուհիներն էլ հաղթանակներ են տոնել:

– Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որտեղ տեղի են ունեցել 2-րդ փուլի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող Մարիա Գեւորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, ինչպես եւ առաջին փուլում, հաղթանակներ են տոնել: 2-րդ փուլից հետո 10 շախմատիստուհի, որոնց թվում են նաեւ մեր 3 պատվիրակները, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3-րդ փուլում Արմինե Բաբայանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովան, Սուսաննա Գաբոյանը կմրցի կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Մարիա Գեւորգյանն ուժերը կչափի Աիշա Ջեհադի հետ:

Կարեն Գրիգորյանն առաջատարների խմբում է

Իսպանիայում մեկնարկել է «Սիուդադ դե Լորկա» շախմատի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 169 շախմատիստ, այդ թվում` 17 գրոսմայստեր եւ 13 միջազգային վարպետ: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գեւորգ Հարությունյանը։ Կայացած 2 խաղափուլից հետո Կարենը 2 միավորով կիսում է 1-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա 2-րդն է։

«Սիուդադ դե Լորկան» կտևի մինչեւ դեկտեմբերի 30-ը եւ կխաղացվի 9 փուլ։

 «Նժդեհ» եւ ՖԻՄԱ թիմերը ՀՎՖ գավաթակիրներ

Ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված 2016թ. կանանց եւ տղամարդկանց գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները, որին մասնակցել են  տղամարդկանց 5 եւ կանանց 4 թիմեր։

Կանանց եզրափակիչ խաղում հանդիպել են ԽՄՕՄՄ եւ «Նժդեհ» թիմերը: Այստեղ 3:1 հաշվով առավելության է հասել «Նժդեհը»: Տղամարդկանց եզրափակիչ՝ ՖԻՄԱ-«Ստեփանակերտ» խաղն ավարտվել է ՖԻՄԱ թիմի հաղթանակով` 3։1 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով եւ գավաթներով:

ՀՎՖ 25 ամյակի նվիրված գավաթի խաղարկության լավագույն խաղացողներ են ճանաչվել ԽՄՕՄՄ թիմից Էդիտա Ղևոնդյանը եւ Վերոնիկա Կոշկարյանը, «Նժդեհ» թիմից` Մարի Բաղդասարյանը եւ Անի Հովսեփյանը։ Տղամարդկանց մոտ լավագույն խաղացողի կոչմանն արժանացել են «Ստեփանակերտ» թիմի վոլեյբոլիստ Երվանդ Զաքարյանը, ՖԻՄԱ թիմից` Աշոտ Բալաբեկյանը։ «Ստեփանակերտ» թիմին ՀՎՖ կողմից տրամադրվել են գնդակներ։

«Ուրարտու» բասկետբոլային թիմը միայն ֆինանսական խնդրի զոհ չէ

«Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից դուրս է եկել ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով: Առաջին խնդիրն այն էր, որ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ ունենանք ելույթների համար: Երկրորդ, մենք հնարավորություն չունեինք փոխարինել վնասվածք ստացած խաղացողներին: Այդ իսկ պատճառով իրար հետեւից 9 պարտություններ կրեցինք, որի հետեւանքով հոգեբանական խնդիրներ առաջ եկան բասկետբոլիստների մոտ: Մենք հասկացանք, որ պարտվելու ենք նաեւ մնացած խաղերում: Իսկ դրա համար գումարներ ծախսելն իմաստ չուներ»,- ասել է  «Ուրարտու»-ի նախագահ Արա Պողոսյանը:

Բայց ակումբը չի կազմալուծվել եւ շարունակելու է գործունեությունը, ինչը հույս է տալիս նորից մտածել, որ հայկական բասկետբոլը կվերականգնի իր լավ ավանդույթները, թե տղամարդկանց, թե կանանց մրցաշարերում: Ըստ ակումբի նախագահի՝ 2017թ. մտադիր են անցկացնել մի քանի ընկերական խաղ, որոնց ժամանակ կաշխատեն ընդգրկել հավաքականի բասկետբոլիստներին, որպեսզի նրանք միշտ լավ մարզավիճակում լինեն, քանի որ եկող տարի մեր ընտրանին առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Հետագայում կարող է նոր տարբերակներ գտնվեն պաշտոնական մրցաշարերին մասնակցելու համար: Թիմի նպատակը մնում է նույնը, ամեն ինչ անել բասկետբոլը հանրապետությունում զարգացնելու համար, որն այնքան էլ շատ գումարներ չի պահանջում, ինչպես, ասենք, ֆուտբոլը:

Այն, թե «Ուրարտու»-ն որքանով կնպաստի Հայաստանում բասկետբոլը զարգացնելու եւ մասսայականացնելու գործին, ցույց կտա ժամանակը, ափսոս, որ ռուսական կողմը անհարմար պայմաններ թելադրեց մեր թիմի մասնակցության համար:

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցան բասկետբոլի Եվրոպայի 2017թ. առաջնությունների, ինչպես նաև աշխարհի 2019թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Եվրոպայի 2017թ. առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքականներ: Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2019-ի ընտրական առաջին փուլում հայտնվեց A ենթախմբում, որն իր կազմով ամենաուժեղն է: Այստեղ մեր ընտրանու մրցակիցներն են Սլովակիայի, Շվեդիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականները:

Տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2017թ. «Բ» դիվիզիոնի առաջնությունում հայտնվեց A ենթախմբում, որտեղ կմրցի Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի, Բելառուսի եւ Մալթայի ընտրանիների հետ:

Մեր մինչեւ 16 եւ 18 տարեկանների տղամարդկանց հավաքականները նույնպես իմացան իրենց մրցակիցներին: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի 16 տարեկանների հավաքականը մրցելու է Մալթայի, Ջիբրալթարի, Մոլդովայի եւ Ուելսի հետ: 18 տարեկանների մրցակիցներն են լինելու Կոսովոյի, Նորվեգիայի եւ Կիպրոսի հավաքականները:

Կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնում կմրցի Ջիբրալթարի, Ուելսի եւ Մոնակոյի թիմերի հետ, իսկ 18 տարեկաններն ուժերը կչափեն Կոսովոյի, Մալթայի, Կիպրոսի եւ Ջիբրալթարի ընտրանիների հետ:

Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը

ՖԻԲԱ-ն հրապարակել է աշխարհի 2019թ. բասկետբոլի առաջնության ընտրական առաջին փուլի խաղացանկը: Հայաստանի հավաքականը ելույթները կսկսի 2017թ. օգոստոսի 2-ին` հյուրընկալվելով Սլովակիայի հավաքականին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը: Խմբում առաջին 2 հորիզոնականներում հայտված հավաքականները դուրս կգան ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսվելու են 2017թ. նոյեմբերին: Խմբից դուրս չեկած թիմերը ելույթները շարունակելու են B դիվիզիոնում:

A խնթախմբի խաղացանկը, 2017թ.

2 օգոստոսի` Սլովակիա-Հայաստան
Շվեդիա-Բոսնիա

5 օգոստոսի` Հայաստան-Շվեդիա
Բոսնիա-Սլովակիա

9 օգոստոսի` Բոսնիա-Հայաստան
Սլովակիա-Շվեդիա

12 օգոստոսի` Հայաստան-Սլովակիա
Բոսնիա-Շվեդիա

16 օգոստոսի` Շվեդիա-Հայաստան
Սլովակիա-Բոսնիա

19 օգոստոսի` Հայաստան-Բոսնիա
Շվեդիա-Սլովակիա

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը

Այն կայացել է «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի մարզադահլիճում: Հայաստանի առաջնությունն անցկացվել է բոլոր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ, պատանի) համար, որին մասնակցել են Երևան, Գյումրի, Կապան եւ Քաջարան քաղաքները ներկայացնող շուրջ 100 մարմնամարզուհիներ:

Մեծահասակների պայքարում բոլոր վարժություններում (օղակ, գնդակ, գուրզեր, ժապավեն) Հայաստանի Հանրապետության չեմպիոն է դարձել Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան):

Երիտասարդների պայքարում՝ պարանով վարժություն մրցաձևում հաղթող է դարձել Ռոզա Ադամյանը (անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան), իսկ օղակով, ժապավենով, գնդակով եւ գուրզերով վարժություններում՝ Յուլիա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան):

Պատանիների պայքարում առանց առարկաների վարժության հաղթող է դարձել Իլոնա Ղանդիլյանը (անձնական մարզիչ՝ Մայա Պետրոսյան), գուրզերով վարժության հաղթող՝ Ալինա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հասմիկ Մակարյան), իսկ պարանով, օղակով եւ գնդակով վարժություններում՝ Մերի Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Ջուլետա Ղազարյան):

Բոլոր հաղթողները, բացառությամբ Ալինա Պողոսյանի, «Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներ են, իսկ Ալինա Պողոսյանը մարզվում է «Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում։

Բաց քննարկում՝ ազատ ոճի ըմբշամարտի մասնագետների մասնակցությամբ

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բաց քննարկում՝ հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի շուրջ 50 մասնագետների մասնակցությամբ:
Ինչպես նշել է նախարարը հանդիպման նպատակն է քննարկումների, մտքերի փոխանակման եւ խնդիրների վերհանման միջոցով բացահայտել այն հարցերը եւ խոչընդոտները, որոնք խանգարում են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտով զբաղվող մարզիկներին բարձր մարզական արդյունքներ գրանցել:

«Սա այն մարզաձևն է, որում ավանդաբար մեր մարզիկները լավագույն արդյունքներ են գրանցել: Այսօր ազատ ոճի ըմբշամարտում ցավալի իրավիճակ է: Պատանի եւ երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում: Դրա վառ ապացույցն է նաև 2016թ. ամառային Օլիմպիական խաղերում մեր մարզիկների վատ մրցելույթները»,- նախարարի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Նրա խոսքերով` այսօրվա հավաքը նպատակ ունի հենց մարզիչներից լսել այն խնդիրների մասին, որոնց լուծումը հնարավորություն կտա մեր երկրում ազատ ոճի ըմբշամարտը հասցնել երբեմնի մակարդակին: «Պոտենցիալ կա, մարզիչներին մնում է ճիշտ աշխատանքի միջոցով պատրաստել եւ մարզել մարզիկներին»,- ավելացրել է նախարարը:

Մարզիչները նախարարին տեղեկացրել են իրենց աշխատանքի կազմակերպմանը, մարզումների արդյունավետությանը եւ մարզիկների պատրաստվածությանը խանգարող խնդիրների մասին: Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանն առաջարկել է մարզադպրոցների ղեկավարներին 10-օրյա ժամկետում պատրաստել ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի զարգացման ռազմավարության ծրագիր եւ ներկայացնել նախարարություն: Առաջարկություններն ուսումնասիրելուց եւ համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկելուց հետո կմշակվի համալիր ծրագիր՝ խնդիրներին հնարավոր լուծում տալու համար:

Դավիթ Խիթարյանը կնպաստի մարզիկ-ծառայողների հետագա սպորտային ձեռքբերումներին

Բանակի կենտրոնական մարզական ակումբի հրամանատար, փոխգնդապետ Գրիգորյանը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ, օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանին հանձնել է հավաստագիր:

Այսուհետ Խիթարյանը կհանդիսանա ԲԿՄԱ-ի մարզական խորհրդի պատվավոր անդամ՝ դրանով իսկ նպաստելով հայոց բանակում մարզիկ-ծառայողների հետագա սպորտային նորանոր ձեռքբերումներին:

Յանա Եգորյանը շարունակում է հաղթել

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն հայազգի Յանա Եգորյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը եւ օրերս ճանաչվել էր այդ երկրի լավագույն մարզուհի, Մեքսիկայի Կանկուն քաղաքում դարձել է թրասուսերի համաշխարհային Գրան Պրիի փուլի հաղթող: Եզրափակիչ մենամարտում մեր հայրենակցուհին 15:11 հաշվով պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Աննա Մարտոնին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։